Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ՄԵՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է` ՄԵՐ ԸՆԿԵՐ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ՀԱՂԹԻ»

«ՄԵՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է` ՄԵՐ ԸՆԿԵՐ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ՀԱՂԹԻ»
05.02.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԲՀԿ առաջնորդ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ
-Պարոն Ծառուկյան, սկսենք աշխարհաքաղաքական խնդիրներից: Այսպիսով, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում ՈՒկրաինայում կիրակի օրը. ո՞վ կդառնա նախագահ: Ինչու եմ հարցնո՞ւմ։ Դե, որովհետև Դուք այս հարցում «շահագրգիռ» կողմ եք:
-Բացի «շահագրգիռ» լինելուց, Վիկտոր Յանուկովիչը նաև իմ ընկերն է: Իսկ «շահագրգիռ» ենք, որովհետև «Ռեգիոնների կուսակցության» և ԲՀԿ-ի միջև համագործակցության պայմանագիր կա: Բացի այդ էլ, երկար տարիներ լինելով վարչապետ, Յանուկովիչի աշխատանքի արդյունքները ՈՒկրաինայում ակնհայտ են. նա ունի լուրջ թիմ, մարդիկ, ովքեր իր կողքը կանգնած են ու, Ձեր ասած` խիստ «շահագրգիռ» են:
-Ձեր կանխատեսումը:
-Կանխատեսո՞ւմը. Յանուկովիչը կհաղթի:
-Բա որ Յուլյա Տիմոշենկոն հաղթե՞ց:
-Դե հիմա, եթե Յուլյան հաղթեց, կպայքարենք` մյուս անգամ Յանուկովիչը հաղթի: Մեր ցանկությունն է` մեր ընկեր Յանուկովիչը հաղթի:
-Այս ընթացքում կապի մեջ եղե՞լ եք Ձեր ընկեր Յանուկովիչի հետ:
-Այո՛:
-Ամեն օ՞ր:
-Ո՛չ: Ինքը շատ զբաղված մարդ է, ամեն օր` ո՛չ, բայց մեկ ամիս առաջ` եղել ենք:
-Էդ ե՜րբ էր: Ի դեպ, Դուք վերջերս եղել եք ԱՄՆ-ում, այո՞:
-Այո՛:
-Բավականին ժամանակ ԱՄՆ-ի դեսպանատունը վիզա, կուլտուրական ասած` ելքի արտոնագիր չէր տալիս Ձեզ, մի քանի անգամ մերժել էր, այս անգամ տվեց։ Ճի՞շտ է իմ տեղեկությունը:
-Իհարկե, ճիշտ չէ: ԱՄՆ-ի դեսպանատունն ամեն տարի նորացնում է իմ վիզան, «կուլտուրական ասած»` ելքի արտոնագիրը:
-Այնպիսի տպավորություն է, որ գեոպոլիտիկ կողմնորոշումները փոփոխություններ են կրում առանձին վերցրած` Ձեր և ընդհանուր վերցրած` ԲՀԿ «դեմքում». Չինաստա՜նն էր, իսկ հիմա` 360 աստիճան թեքումով` ուղիղ դեպ ԱՄՆ:
-Ո՜չ, ո՜չ. ԱՄՆ իմ այցը կրում էր բարեկամական, ընկերական բնույթ. Ամերիկայում ապրող ընկերս երազանք ուներ, որ իր երկու տղաների կնքահայրը ես լինեմ: Այսպես ասած` իրականացրեց իր երազանքը: Ես գնացել եմ, իմ բարեկամական, քավորական պարտքը կատարել եմ ամերիկյան հայ համայնքում` մոտ հինգ հարյուր հայերի մասնակցությամբ, նրանց հետ կատարել ենք այդ արարողությունը` հայկական ավանդույթներով ու ադաթներով, ու հետ եմ եկել:
-Մի խոսքով, «մասնավոր» այցով էիք Միացյալ Նահանգներում։ Հիմա այդպիսի այցեր շատ են կատարվում` Իրան, Բրիտանիա:
-Չգիտեմ ինչ նկատի ունեք, համենայն դեպս, Ձեր աղբյուրներով փորձեք ճշտել, թե Ծառուկյանն ինչու էր գնացել Ամերիկա:
-Փաստորեն, քաղաքական և այլ նպատակներ, որոնց մասին խոսվում է, չեք հետապնդել:
-Իհարկե ո՛չ: ՈՒրի՞շ:
-«ՈՒրիշ» այն, որ Դուք արդեն և դեֆակտո Բուլղարիայում բիզնես ունեք: Էլի գեոպոլիտիկ նպատակներով եմ հարցնում: Փաստորեն, ոնց նայում ենք` Արևելքից վեկտորը տեղափոխվում է դեպ Եվրոպա:
-Չի տեղափոխվում: Բոլոր տեղերում էլ աշխատում ու համագործակցում ենք: Մարդ պետք է կարողանա հիմնականում ճիշտ կողմնորոշվել ու հասկանալ ապագան: Ասել և ասում եմ, որ առաջիկա տասը տարում ավելի մեծ զարգացում է ունենալու ջրի բիզնեսը` ողջ աշխարհի համար: ՈՒ թե կար հնարավորություն Բուլղարիայում վաճառվող այդ կայացած բիզնեսը գնելու, որն էլ շատ լավ շուկա էր մեզ համար, ինչո՞ւ չգնեի, գումարած դրան, որ դա հնարավորություն էր տալիս Հայաստանից այլ արտադրանք արտահանել Եվրոպա։ Այսօր, երբ քայլն արդեն կատարել եմ, կոնյակ էլ ենք արտահանում հենց Բուլղարիա, ուր արդեն ունենք մեծ ցանց, խանութներ։ Ջրի հետ ուղարկում ենք մեր հայկական կոնյակը, այլ ապրանքներ:
-Փաստորեն, Եվրոպայում կոնյակի բիզնես է՞լ եք զարգացնում:
-Մեր հայկական` Երևանի տեղական ա՜ր-տա՜-դրա՛նքը արտահանում ենք Եվրոպա, այո՛: Հիմնական խնդիրը Եվրոպայում այն է, որ ունենաս սպառման կետ: Այսինքն` կարողանաս հասնել նրան, որ էդ ապրանքը վերցնեն, իրացնեն, իսկ դրա համար մեծ գումարներ են պետք, բայց քանի որ այդ ցանցը կա, մոտ հինգ հարյուր մեքենա ունենք, եսիմ` 5-6 հազար խանութ ունենք, կոնյակ էլ ենք արտահանում:
-Փաստորեն, ջուրն արդեն արտադրում եք, վաճառում եք:
-Օրական մեկ միլիոն շիշ ջուր ենք վաճառում. դա աշխատող գործարան է եղել, ոչ թե նոր ենք կառուցում:
-Վա՜տ չի՛, վա՜տ չի՛, և հարկերն էլ մուծում եք Բուլղարիային:
-Իհարկե: Եթե այնտեղ ենք աշխատում, հասկանալի է, չէ՞, որ այնտեղ էլ պետք է հարկ վճարենք:
-Բա էդ դեպքում մեր երկիրը չի տուժո՞ւմ, որ մեր կապիտալը ելել-գնացել է Եվրոպա, հարկերն էլ տալիս ենք իրենց:
-Չէ՛, էդպես չի, մենք այնտեղ փող ենք աշխատում և այդ փողերը բերում ենք Հայաստան:
-Իսկ եթե այդ գումարը մնար Հայաստանո՞ւմ, պարոն Ծառուկյան:
-ՈՒրեմն` իմացի, հիմա էլ Հայաստանում մենք ջուր ենք արտադրում, որ պետք է արտահանենք: Ծառուկյանը հիմա կառուցում է ջրերի գործարան, ուր պետք է արտադրվի 500 հազարից 1 մլն շիշ ջուր, և մարտ ամսին գործարանը կբացվի, արտադրանքը կիրացվի դրսում: Հիմնականում մենք պետք է կարողանանք ինչ հումք ունենք օգտագործել և արտահանել. հիմնական խնդիրը էն չի, որ գումար չկա, այլ այնպիսի ծրագիր ու բիզնես պետք է դնել, որ կարողանանք տվյալ ապրանքի իրացման խնդիրը լուծել, որպեսզի...
-Օքե՜յ, օքե՜յ, իսկ որ...
-Տեսնո՞ւմ ես, որը քեզ պետք չէ, որ հարցը որ երկրի համար կարևոր է, քեզ համար կարևոր չէ, արդեն` «օքե՜յ», չես ուզում «սենց» բաներ գրես, միայն վտանգավոր բաներ գրես:
-Չէ, սիրում եմ գրել, որովհետև երկու բան շատ լավ հասկացա։ Փաստորեն, ճիշտ էր միտքը, որ քաղաքականության համար, չգիտեմ` ոնց, բայց գործարարության համար խելք իսկապես պետք է։ Հաստա՛տ: Դա էլ հասկացա այն պատճառով, որ ջուրը, իսկապես և փաստորեն, շատ կարևոր և ապագա ունեցող ապրանք է: Ես ջրին ուրիշ կողմից էի «մոտենում», այն ինձ համար մկրտության խորհուրդ ուներ, որ աշխարհը երբևէ մաքրեց ջրհեղեղով, ոգեղենացրեց... Բայց արի ու տես, որ ջուրն արդեն նավթից առաջ է ընկնում, որպես խողովակաշար։ Չվերցնե՞մ` ջրի բիզնես դնեմ... Բայց ավելի լավ ու հետաքրքիր է «վտանգավորորեն» վերադառնանք դեպ ԱՄՆ: Այսպիսով, պարոն Ծառուկյան, դուք ԱՄՆ էիք մեկնում այն պահին, երբ Հայաստանում բավականին «հետաքրքիր» իրադարձություններ պետք է տեղի ունենային:
-Ի՞նչ իրադարձությունների մասին է խոսքը:
-Դե, իհարկե, ՀՀԿ 12-րդ համագումարի, ուր վարչապետն ու «այլք» անդա՜մ էին դառնում:
-ՈՒրեմն` իմացի, ամերիկյան հրավերքը և մեր ընկերոջ հետ պայմանավորվածությունը տեղի էր ունեցել երեք ամիս առաջ։ ԱՄՆ-ում ընդունված է այդպես և ոչ թե Հայաստանի պես, երբ կարող են երկու օր առաջ հրավերք անել, ու դու մի օրում պետք է կարենաս մասնակցել հարսանիքի կամ կնունքի արարողության: Էնտեղ էդպես չի, ԱՄՆ-ում ավելի կուլտուրական, ցիվիլ ձևով մարդուն երկու-երեք ամիս առաջ տեղյակ են պահում, որ դու բոլոր քո գործերը կարգավորես: Ինքը` ընկերս, այդ բոլոր հրավերքները բաժանել էր երեք ամիս առաջ և արարողությունը հետաձգել չէր կարող:
-Իսկ «ինքը»` նախագահը, տեղյա՞կ էր, որ Դուք մեկնում եք:
-Ա՜-յո՜:
-Ե՞վ:
-Եվ այն, որ բոլոր հարցերից նախագահը միշտ տեղյակ է:
-Չէ, բայց ասում են...
-Ասողները գլուխները պատովն են տալիս։ Ասում եմ` նախագահը բոլոր իմ շարժերից տե՛ղ-յա՛կ է՛:
-Բայց էս էլ ՀՀԿ որերորդ համագումարն է` Դուք չեք մասնակցում:
-Դրանք լոկ պատահականություններ են:
-Չէ, պարոն Ծառուկյան, պատահականությունները նույն օրինաչափություններն են, իսկ է՜ն անգամ` 2006-ի համագումարին, երբ Սերժ Սարգսյանն էր անդամագրվում ՀՀԿ-ին, Դուք էլի չկայիք. էս անգամ, երբ վարչապետն էր, Դուք էլի չկայիք։ Իսկ ո՞ւր է «տարվա Ձե՛ր եղանակը», պարոն Ծառուկյան, մի՞թե չի գալու:
-ՈՒրեմն կրկնում եմ ու նորից ասում` դրանք ընդամենը զուգադիպություններ են: ՈՒրիշ ոչինչ: ՈՒրի՞շ:
-ՈՒրիշ այն, որ, բոլոր դեպքերում, ասում են` խուլ հակամարտություն կար էդ ժամանակ «զմիմյանս»:
-Չկա՛ր: Չէ՛ր էլ կարող լինել:
-Խուլ հակամարտությունը, որպես «պրեամբուլա», նույնիսկ քաղաքապետարանում էր դրսևորվում, ԲՀԿ ներկայացուցիչներն ուզում էին մանդատները վայր դնել:
-Ո՞վ է նման բան ասել:
-Ավագանիում ձեր ֆրակցիայի ղեկավար Արման Վարդանյանը:
-Էդպես չի եղել, մանդատները վայր դնելու խնդիր չի եղել, նրանք հիմնական աշխատանքային ռեժիմով աշխատել են, ու նորից եմ ասում, և ընդհանրապես բոլորը պետք է հասկանան ու պատկերացնեն, որ կոալիցիայում համատեղ աշխատանքը չի նշանակում, թե մեկն ասում է, ու բոլորը սուսուփուս կատարում են էդ ասածը։ Քննարկումներ են ընթանում, բանավիճում են իրար հետ, և ով որ ճիշտ է` հօգուտ քաղաքի, ժողովրդի, դա էլ անում են:
-Իսկ ճի՞շտ են լուրերը, որ Ամանորի տոնակատարությունների շեմին շատ հետաքրքիր մի միջավայրում Սերժ Սարգսյանի հետ «համագործակցաբար» Դուք շեշտադրել եք, որ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև քաղաքական ամուսնությունը խիստ ամուր է, և Ձեր ու հանրապետության նախագահի միջև չկան ու չեն կարող լինել որևէ կարգի խնդիրներ, և որ այդ դաշնությունը «կուռ է, սուր է` թուր է»:
-Ես քիչ առաջ էլ այդ մասին շեշտեցի, կարծես:
-Չէ, դիտարժանն այս ամենում այն է, որ նախորդ տարի այս նույն ժամանակ ևս «խոսակցություններ» կային, որ ինչ-որ բան ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի, իմա` Ձեր և նախագահի միջև «էն չէ» (խնդիրն այն ժամանակ կապված էր հարկային տեսուչի` գործարարների «օբյեկտներում» մշտական ներկայության հետ, համ էլ` ԲՀԿ-ն այդ օրերին դեմ քվեարկեց կառավարության ներկայացրած հարկային փաթեթին), ու Նոր տարվա շեմին, ինչպես այս անգամ, կրկին բուռն կոնտակտ առաջացավ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի, այն է` Ձեր և նախագահի միջև` նույն կարգի հայտարարությունների տեսքով:
-Մերը միայն բուռն կոնտակտն է, ուրիշ ձև չի լինում:
-Էդ քաղաքական կոնտակտի դրսևորումների՞ց էր, որ վարչապետի հետ վերջերս գնացել էիք ԲՀԿ-ական Արմեն Մելիքյանի առողջապահական «հիմնարկի» բացմանը:
-Չէ, առանձին հրավերք էր, պայմանավորվածություն, որպես այդպիսին, չկար:
-Ինչպե՞ս են հարաբերությունները վարչապետի հետ:
-Բոլորի հետ` աշխատանքային:
-Քիչ առաջ բուռն էին, կոնտակտային: Լա՛վ, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Արմեն Գևորգյանի` ՀՀԿ անդամ դառնալու հայտին: Չեք տխրո՞ւմ, որ ՀՀԿ-ն այդքան ուժեղանում է, հրեն, բոլորը գնացին ՀՀԿ:
-Ո՞վ է գնացել ՀՀԿ:
-ՀՀԿ են գնացել Սերժ Սարգսյանը, վարչապետը, նախարարները, Արմեն Գևորգյանն է գնում արդեն:
-Ամեն ինչ իր տեղում է:
-Տեսակետ կար, որ ինչ -որ փուլում, եթե ներքաղաքական «բում» լիներ, Ռոբերտ Քոչարյանը կանգնելու էր Սերժ Սարգսյանի կողքին:
-Իրենք ընկերներ են, երկար տարիներ միմյանց հետ աշխատել են, իրար հավատարիմ են, և ով ինչ խոսում է, բոլորը հերյուրանքներ են:
-Հանդիպո՞ւմ եք Քոչարյանի հետ:
-Խիստ հաճախ:
-Ինչի՞ց եք խոսում այդքան:
-Որսից:
-Դո՞ւք էլ եք գնում Աֆրիկա, սաֆարիներում արջ որսալու:
-Նամիբիայում եղել եմ…
-Արջ չե՞ք որսացել:
-Չեմ որսացել:
-Բա դե, տեսնո՞ւմ եք։
Ասում-խոսում էր Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ