Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ես ինձ համարում եմ խղճի կալանավոր»

«Ես ինձ համարում եմ խղճի կալանավոր»
10.07.2009 | 00:00

«Հայաստանում այսօր կան տասնյակ այլ խղճի կալանավորներ»,- երեկ հայտարարեց Հայաստանի նախկին արտգործնախարար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ, ով տասնհինգամսյա բանտարկությունից հետո առաջին անգամ էր հանդիպում լրագրողների հետ։ Ընդ որում, բավականին ներկայացուցչական «ֆորմատով»։ Նրա համոզմամբ` վերջին մեկուկես տարում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները մի քանի տասնամյակով հետ են շպրտել մեր երկիրը, ու թեև շատ է խոսվում այն մասին, որ մարտի 1-ից հետո ՀՀ-ն հայտնվել է քաղաքական ճգնաժամի մեջ, սակայն առկա իրավիճակում խոսքն արդեն ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական ճգնաժամի մասին է։
«Այսօր մեր հասարակության առջև ծառացած թիվ մեկ խնդիրն այն չէ, թե ո՛ր քաղաքական ուժն ինչ չափաբաժնով ներկայացված կլինի իշխանությունում, լինի դա Ազգային ժողով, թե կառավարություն, այլ այն, թե ո՞ր ուղին ենք ընտրում, ըստ այդմ էլ, ինչպիսի՞ ապագա է սպասվում Հայաստանին։ ՈՒզում ենք վերադառնալ քաղաքակիրթ երկրների ընտանիք և առաջնորդվել այն համամարդկային արժեքներով, որոնք որդեգրվել են Հայաստանի անկախությունը հռչակելուն զուգընթա՞ց, թե՞ ուզում ենք երկիրը տանել դեպի ասիական դիկտատուրա, ուզում ենք լինել պետություն, որի ճակատին քաղբանտարկյալ ունեցողի հայտնի խարանն է։ Ամոթ է 21-րդ դարում քաղբանտարկյալ ունենալը»,- ասաց ընդդիմադիր գործիչը, ցավով արձանագրելով, որ վերջին մեկուկես տարում Հայաստանի Հանրապետությունն արտաքին ասպարեզում մեկ խնդիր է ունեցել ընդամենը. այնպես անել, որ խուսափի միջազգային պատժամիջոցներից։ «Ես ամաչում եմ, որ տասնութամյա անկախ Հայաստանի Հանրապետությունը ԵԽԽՎ նստաշրջանից նստաշրջան ընդամենը քննարկել է մեկ հարց` արդյո՞ք հասել է ժողովրդավարության այն մակարդակին, որ եվրոպական այդ կառույցը պատժամիջոցներ չկիրառի իր նկատմամբ կամ չզրկի խորհրդարանական իր պատվիրակությանը մանդատներից։ Սա ամոթալի վիճակ է»,- եզրահանգեց նախկին դիվանագետը։
Անդրադառնալով լրագրողի հարցին` ի՞նչ կփոխվի Հայ ազգային կոնգրեսի ամառային մարտավարության մեջ` կալանավորված քաղաքական գործիչների ազատ արձակումից հետո, Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Նոր լիցք հաղորդվեց շարժմանը։ Մի շարք ակտիվիստներ, ովքեր կանգնած են այս շարժման ակունքներում, եկել են համալրելու ընդդիմադիր դաշտի գործունեությունը։ Եվ էական չէ, թե ադմինիստրատիվ բնույթի ինչ աշխատանք կվստահվի այս կամ այն գործչին, մենք շարժման մարտիկներ ենք և պատրաստ ենք ծառայելու այնտեղ, որտեղ ավելի օգտակար ու նպատակահարմար կդիտվի մեր մասնակցությունը։ Այսօր, այո՛, Հայ ազգային կոնգրեսի շուրջ է համախմբվել իրական ընդդիմադիր դաշտը։ Ես չեմ ուզում խոսել գրպանային ընդդիմության կամ այն անհատների մասին, ովքեր ընդդիմադիր լինելը դարձրել են փեշակ»։
Համաներման թեման, փոքր-ինչ այլ շեշտադրմամբ, արծարծեց մեկ այլ լրագրող, հղում անելով Հայկ Բաբուխանյանի «Իրավունք» թերթին, որն օրերս գրել էր, թե համաներմամբ ազատ արձակվածներն իրենց «սուրբ» գործն են համարում իշխանություններին աջ ու ձախ հայհոյելը, ինչը շատ է հիշեցնում ժողովրդական հայտնի ասացվածքը. «Երբ մալի գլուխը քոր ա գալիս, գնում-քսում ա չոբանի փետին»։ Ի՞նչ ենթատեքստ կա այս տողերի տակ, կամ ի՞նչ մեսիջ է հղում «վերևներին» երբեմնի ընդդիմադիր, իսկ վերջին երկու տարում իշխանությունների բարեհաճ ձեռքից սնվող այս պարբերականը։
«Ես այդպիսի մամուլ չեմ ընթերցում,- հակադարձեց նախկին արտգործնախարարը։- Աղբ չեմ կարդում։ Շատ ցավալի է, որ մեր մամուլում կան մարդիկ, որոնք հիվանդ, լկտի, անբարոյական, կեղտոտ, սուտ լուրեր կարող են տարածել։ Ես չեմ պատրաստվում իջնել դրանց մակարդակին ու մեկնաբանել»։
Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ նաև ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող Զարուհի Փոստանջյանի հայտնի նախաձեռնությանը, ինչը սվիններով ընդունվեց իշխանությունների, այդ թվում` նույն «Իրավունքի» կողմից։
«Նախ ասեմ, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում և` ես, պետք է հպարտ լինի, որ Զարուհի Փոստանջյանի նման գործիչ ունենք, ով իր ողջ հասուն կյանքը նվիրել է մարդու իրավունքների համար պայքարին և ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում օր առաջ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները,- իր համոզմունքն այսպես ձևակերպեց ընդդիմադիր քաղաքական գործիչը։- Հայրենասիրությունը որպես մահակ օգտագործողները նախ պետք է իրենց կենսագրությամբ, իրենց քայլերով ապացուցեն, որ մտածում են Հայաստանի, ոչ թե ինչ-որ մեկի շահերը սպասարկելու մասին»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 1540

Մեկնաբանություններ