Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աշխարհին, այո, մաքրություն է պետք

Աշխարհին, այո, մաքրություն է պետք
23.12.2008 | 00:00

ՄԵՐ ՏԱՆ ԱՂԲԸ
Վերջին օրերին շատ է խոսվում մաքրությունից ու անաղարտությունից, ընդ որում, այնպիսի ամբիոններից, ինչպիսին է, օրինակ, Ազգային ժողովը։ Դե, իհարկե, խոսքն այնքան ստորադասված հայոց լեզվի մասին է` մասնավորապես, եթերային, բայց, որպեսզի մաքրություն ասվածի «աննպատակահարմարությունը» մեզանում ամբողջացնելու լինենք, ապա եթերայինի մասին ստորև։ Իսկ մինչ այդ խոսենք շատ ավելի կենցաղային մաքրությունից, որի արդիականության մասին վկայում են տարբեր հեռուստաընկերություններում թեժ գծերի չնահանջող թեժ զանգերը։ Եվ, ուրեմն, դուրս գանք փողոց, ոչ այն միտումով, որ աղբ ու «կեղտ» գտնենք (դա «մասնագետների» գործն է), այլ պարզապես տեսնենք մեր «վարդագույն» Երևանի իրական գույնն ու տեսքը։
Ինչո՞ւ չէ, նաև երևանցիների վերաբերմունքն անչափ գովերգվող հարազատ քաղաքի նկատմամբ, ու քանի որ օրերը նախատոնական են, կարծես, նյութիս բախտը բերել է, որովհետև որքան բնակչությունը շարժուն է, այնքան կեղտոտ է քաղաքը։ Էլ չեմ խոսում աղբակենտրոն այն վայրերի մասին, որտեղ աղբահանություն կա՛մ չի կատարվում, կա՛մ էլ՜ առիթից առիթ։ Այնուհանդերձ, եկեք մի պահ (դժվարությամբ) պատկերացնենք, թե շուրջբոլորը մաքուր է ու կոկիկ։ Որքա՞ն կտևի դա։ Կասկածում եմ, թե երկար, քանի որ մենք մեր ձեռքի տակ եղած ավելորդություններից ձերբազատվում ենք ցանկացած պահի, ցանկացած տեղում` ծխախոտի մնացորդ, տուփ, կեղտոտ անձեռոցիկ, արևածաղիկ, մաստակ և այսպես շարունակ։ Իսկ հաճախ մի ողջ տան կենցաղային աղբ հայտնվում է դռանդ առաջ, մուտքի մոտ, մայթերին, կենտրոնական փողոցների կենտրոնում, անցումներում և էլի հազար ու մի անհավանական վայրերում։ Եվ այս ամբողջի մեջ ամենազավեշտալին այն է, երբ քայլելիս անցնող մեքենայի կիսաբաց պատուհանից մի ինչ-որ բան գալիս է վրադ, և, որպես կանոն, ո՛չ մեքենան ես հասցնում տեսնել, ո՛չ էլ, առավել ևս, վարորդին, որ մի քանի «խորհուրդ» տաս։ Մնում է` ինքդ ընդունես մեկ ուրիշի խորհուրդն ու «ինչ-որ բան»-ը վերցնես ու գցես մոտակա աղբարկղը, եթե կա, իհարկե (սա էլ մի այլ խնդիր է)։ Այսքանը, թերևս, այս տեսակ մաքրության մասին։ Հիմա «մտնենք եթեր» և ակնարկի տեսքով խոսենք մեկ այլ մաքրությունից` կենտրոնանալով հիմնականում վիճահարույց սերիալային լեզվի վրա։
Այ, այս խնդիրն էր մի որոշ ժամանակ զբաղեցրել մեր երեսփոխաններին, լեզվի պետական տեսչությանը` հատկապես հարգելի Լավրենտի Միրզոյանին ու մեկ-երկու շահագրգիռ այլ անձանց։ Բայց հենց բորբոքված տեղում էլ, ասես, բոցը մարեց և տարածում չգտավ այն շրջանակներում, որոնց հասցեագրված էր։ Դեռ մի բան էլ նրանք են պաշտպանողական ռեակցիա դրսևորում` ասելով, թե` բա հո լեզուն չպե՞տք է մեռած լինի։ Տարբեր «աշխարհի» մարդիկ են կերպարները` էլ հանցագործ, էլ ոստիկան, էլ գեղացի, էլ քաղքցի, էլ բժիշկ ու դասախոս։ Ամեն մեկն իր բառապաշարն ունի, չէ՞։ Ասել է թե` մեզնից հասնում է առաջարկելը, ձեզնից` հրաժարվելը, թե չեք հրաժարվում` մեղքը ձեր վիզը։ Ես էլ ասում եմ, որ մի կերպ համաձայնվում ենք և՛ տափակ սյուժեների, և՛ նույնքան տափակ բովանդակությունների հետ, լեզվի կենդանության մասին էլ չենք վիճում, սակայն զայրանում ու բողոքում ենք եթերից հնչող հայհոյանքի ու գռեհկաբանության դեմ։ Մեզ չեք խնայում (ջհանդամը), ձեր երեխաներին խնայեք գոնե։ (Ազգիս մասին էլ չեմ խոսում, այնքան զգացմունքային ենք, որ մեր դարդն ու ցավը իբր քիչ է, մի բան էլ յարալու ենք լինում «Ջեյդի», «Բլեյդի», «Մարոյի» ու «Սարոյի» համար)... Է՜հ, էս մի հոգոցն էլ «ձեզի բաշխենք» ու անցնենք առաջ։
Մեկ էլ ասենք` մաքրության ու անաղարտության և փորձենք կապը գտնել ստորև խոսվելիք նյութի մեջ։ Չնայած, ի՞նչ մի տարօրինակ բան է, երբ համատարած այս ճղճիմության ու խաժամուժի մեջ մի լավ բան ուզում ես ստեղծագործական միություններում գտնել, որոնք, կարծես, կոչված են առաքինի ու անարատ լինել։ Բայց, արի ու տես, որ ամբիոնակռիվն այստեղ էլ է խեղաթյուրել գրեթե ամեն բան։ Երեկ գրողների միությունը, այսօր` նկարիչների, վեճ ու կռվից աչք չեն բացում հերիք չէ, հետն էլ հնարավոր ամեն առիթով նկարում և ի ցույց են դնում հանրությանը տապալված համագումարներ, բանից բեխաբար - ընտրություններ... Իրենք անում ու իրենք էլ «պաշտոնապես» որոշում են` արդյոք պե՞տք են ստեղծագործական միությունները, թե՞ ոչ։ Ես չեմ փորձում մանրամասների մեջ մտնել, որովհետև, կարծում եմ, ստեղծված շփոթն անձնական, լավագույն դեպքում նեղ շրջանակների շահն է հետապնդում, բայց որ մոլորության զոհը ժողովուրդն է դառնում, ինչպես չմտահոգվես, չվշտանաս։ Մարդ չգիտի ճշմարիտ բանաստեղծության հանգի, չափի, առհասարակ, բանաստեղծականության մասին ումից մի բան հարցնի։ Մի տեսակ ապրել-մեռնելու դար է, ասես ամենքս «առևտուր» ենք անում։ Իսկ տեղի-անտեղի վրաներս հոխորտացող 21-րդ դարում վեհն ու առաքինին, մաքրամաքուր սերն ու ճշմարիտ գեղեցիկը թվում և ընկալվում են նախորդ դարերից ավելցուկ դարձած ուտոպիաներ...
Դե, ամենավերջում, որպեսզի հոռի մտքերին տուրք չտանք, եկեք անկեղծորեն հուսանք, որ մոտ ապագայում անպատճառ կունենանք մաքուր փողոց ու բակ, մաքուր եթեր ու լեզու, մաքուր Երևան ու Հայաստան, և ոչ մի գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, կինոգործիչների և այլ ստեղծագործական միություն չի լուծարվի, իսկ թվացյալ անիրական երազանքներն էլ անպայման կկատարվեն գալիք տարում։
Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 4457

Մեկնաբանություններ