Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՄԻՆՉ ՕՐՍ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՐՈՒԹՅԱՄԲ ՉԵՆՔ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿԻՐԸ ԵՎ ՀԱԶՎԱԴԵՊ ԵՆՔ ՓՈՐՁՈՒՄ ՄԵՐ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՐՍԽԵԼ ԻՐԱԿԱՆ ԹՎԵՐԻ ՈՒ ՓԱՍՏԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ՄԻՆՉ ՕՐՍ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՐՈՒԹՅԱՄԲ ՉԵՆՔ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿԻՐԸ ԵՎ ՀԱԶՎԱԴԵՊ ԵՆՔ ՓՈՐՁՈՒՄ ՄԵՐ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՐՍԽԵԼ ԻՐԱԿԱՆ ԹՎԵՐԻ ՈՒ ՓԱՍՏԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ
16.03.2012 | 00:00

Թեև հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացն առանձնահատուկ լավատեսության առիթ չի տալիս, այնուամենայնիվ, հարկ է խոստովանել, որ մինչ օրս առանձնապես խորությամբ չենք ճանաչում հարևան երկիրը և նրա մասին խոսելիս հազվադեպ ենք փորձում մեր դատողությունները խարսխել իրական թվերի ու փաստերի վերլուծության վրա: Մինչդեռ այսօրվա Թուրքիայի տնտեսությունը ոչ միայն տարբերվում է ընդամենը մեկ-երկու տասնամյակ առաջվա տնտեսությունից, այլև աչքի է ընկնում իր դինամիկ փոփոխություններով և նպատակադրված զարգացմամբ: Թեև շատերին թվում է, թե լինելով հարևաններ, հավանաբար կգտնվեն նաև ընդհանրություններ տնտեսության տարբեր հատվածներում, այնուամենայնիվ, իրականությունը հուշում է, որ տարբերություններն ավելին են:
Եվ այսպես, մինչ մի շարք հետխորհրդային երկրներում, այդ թվում` Հայաստանում, ՀՆԱ-ի կազմում արդյունաբերության տեսակարար կշիռն իննսունականների սկզբից անկում է ապրել և միայն վերջին տարիներին թափ է հավաքում` հիմնականում ի հաշիվ հանքարդյունաբերության, Թուրքիայի ՀՆԱ-ում այն կազմում է մոտ մեկ երրորդը: Հաջորդ կարևոր ճյուղը, իհարկե, գյուղատնտեսական մթերքների արտադրությունն է: Մշակովի հողատարածքները, զբաղեցնելով երկրի տարածքից 26,8 մլն հեկտար և աշխատունակ բնակչության 43,4 %-ը, թույլ են տալիս ոչ միայն ամբողջությամբ լուծել պարենային անվտանգության խնդիրը երկրում, այլև տարեցտարի ավելացող ծավալներով գյուղմթերքներ արտահանել Եվրամիության անդամ երկրներ, ինչպես նաև Սևծովյան ավազանի գրեթե բոլոր պետություններ: Մասնավորապես, օգտագործվող մշակովի հողատարածքների 82 %-ը ներկայումս զբաղեցնում են հացահատիկային կուլտուրաները, մնացածը` բանջարաբոստանային և բույսերի բազմաթիվ տեխնիկական տեսակներ, ինչպես նաև պտղաբուծությունը: Համաշխարհային շուկայում հատկապես մեծ պահանջարկ ունեն թուրքական մրգերը (ներառյալ` ցիտրուսային), ձիթապտուղները, ծխախոտը: Զարգացած ոլորտ է համարվում նաև անասնապահությունը (ընդհանուրը` մոտ 60 մլն գլուխ անասուն)` կովերի, ոչխարների և այծերի տարբեր տեսակներով: Գյուղատնտեսության տեսակարար կշիռն այսօր կազմում է Թուրքիայի ՀՆԱ-ի մոտ մեկ հինգերորդ մասը:
Արագորեն զարգանում է ծառայությունների ոլորտը` այսօր արդեն կազմելով ՀՆԱ-ի կեսից ավելին: Բուռն վերելք է ապրում հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը, ի տարբերություն Հայաստանի, գերակա ոլորտ չի հռչակվել, սակայն մեր երկրին անգամ առաջարկում է իր ծառայությունները: Արդեն այս տարվա սեպտեմբերին նշանավոր «ԹուրքՍել» ընկերությունն իր պատրաստակամությունն է հայտնել մտնելու հայաստանյան շուկա:
Յոթ ազատ տնտեսական գոտիների հաջող փորձի հիման վրա մինչև 2015 թվականը ծրագրվում է ձևավորել ևս երեքը: Ծառայությունների մեկ այլ ոլորտ` տրանսպորտը, ևս վերընթաց զարգացում է ապրում: Օդանավակայանների թիվը մոտ ապագայում տասնհինգից նախատեսվում է հասցնել քսանի: Ամեն տարի ընդլայնվում է արագընթաց և գերժամանակակից մայրուղիների ցանցը, որն իր հերթին կարևորագույն ազդակ է հանդիսանում տնտեսության զարգացման ընդհանուր գործընթացի վրա: Ինչն էլ հանգեցրել է ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների գծով երկաթուղու և օդային հաղորդակցությունների համեմատ ավտոմոբիլային տրանսպորտի էականորեն ավելի արագ և ինտենսիվ զարգացմանը, ինչն առաջատար դիրքեր է գրավում երկրում: Այս ամենը, իհարկե, դրական զգալի ազդեցություն է թողնում զբոսաշրջության ոլորտի մրցունակության բարձրացման վրա: Զբոսաշրջության բնագավառում առկա ցածր գներն ու բարձր որակը գրավիչ են ոչ միայն աշխարհի տարբեր երկրների, այլև հենց հայաստանցի զբոսաշրջիկների համար։
Վերադառնալով արդյունաբերությանը, մասնավորապես վերամշակող արդյունաբերությանը, կարևոր է հաշվի առնել, որ այս ճյուղում ստեղծվում է ողջ արդյունաբերական արտադրանքի 83 %-ը և կենտրոնացված է արդյունաբերության մեջ զբաղված աշխատուժի 90 %-ից ավելին: Այն Թուրքիայի արտարժութային հասույթի աղբյուրների 84 %-ն է կազմում: Մյուս ճյուղերից Թուրքիայում ստեղծվող հավելյալ արժեքի մեջ կարևոր տեսակարար կշիռներ ունեն քիմիական արդյունաբերությունը` 29 %, մետաղամշակումն ու մեքենաշինությունը` 20,7 %, տեքստիլը (ներառյալ կաշեգործությունը)` 17,1 %, սննդի` 15 %, կերամիկականը` 7,1 %, մետալուրգիականը` 6,2 %, ցելյուլոզի և փայտամշակմանը` 4,6 %:
Արդյունահանող ճյուղերն իրենց տարբեր հատվածներով (քարածուխ, լիգնիտ, երկաթի, քրոմի, պղնձի հանքանյութ) համեմատաբար ավելի համեստ տեղ են գրավում ինչպես ՀՆԱ-ում ունեցած տեսակարար կշռով` մոտ 1 %, այնպես էլ մոտ կես % կազմող տարեկան աճի տեմպերով: Նավթի պաշարները, ինչպես հայտնի է, գրեթե խորհրդանշական ծավալներ են կազմում` համեմատած մյուս հարևանների` Իրանի և Ադրբեջանի պաշարների հետ:
Ինչ վերաբերում է էներգետիկային, ապա այս ասպարեզում Թուրքիայի կառավարությունը որդեգրել է իրապես հավակնոտ քաղաքականություն: Մի կողմից, տարիներ շարունակ քարոզչական պայքար ծավալելով Մեծամորի ատոմակայանի փակման շուրջ, Թուրքիան ինքը շուտով կգործարկի իր սեփական ատոմակայանը: Վերջինս, այնուամենայնիվ, ի վիճակի չէ ծածկելու էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում օրեցօր աճող դեֆիցիտը, ինչը ծրագրվում է լրացնել նաև նոր հիդրոէլեկտրակայաններից ստացվող էլեկտրաէներգիայի հաշվին: Առավել ակնառու ծրագրերից արժե հիշատակել հարավ-արևելյան Անատոլիայի խոշորամասշտաբ էներգետիկ նախագիծը, որն ամբողջությամբ կյանքի կոչելու պարագայում կգործեն ևս 22 ջրամբար և 19 հիդրոէլեկտրակայան: Ընդհանուր առմամբ, Թուրքիայի էներգետիկան հավակնում է աճելու երկնիշ թվերով, իսկ արտաքին քաղաքական արգելքների վերացման պարագայում խիստ իրատեսական են հայ էներգետիկների հետ համագործակցաբար նոր հէկերի կառուցման ծրագրերը, ինչպես նաև Հայաստանից էլեկտրաէներգիայի խոշորամասշտաբ ներմուծումները:
Պակաս տեմպերով չի զարգանում նաև Հայաստանի հարևանի բանկային համակարգը: Թեև համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ներկա փուլում այն դիմագրավում է բազմաթիվ լուրջ հիմնահարցերի, այնուհանդերձ, առկա են նաև բազմաթիվ դրական տեղաշարժեր: Վերջին տարիներին բարձր տեմպերով աճում են սպառողական վարկավորման տեմպերը: Լայն տարածում է ստացել վարկային պլաստիկ քարտերի կիրառումը, ընդլայնվել է բանկոմատների ցանցը, գրեթե ամբողջովին ավտոմատացվել է վճարումների համակարգը: Զուգահեռաբար շարունակում են զարգանալ կոնսալտինգային և լիզինգային գործառնությունները: Բանկերի խոշորագույն տասնյակի մեջ կա երկու պետական առևտրային բանկ` «Զիրաատ բանկասին» (Գյուղատնտեսական բանկ) և «Խալկ բանկը» (Ժողովրդական բանկ), ինչպես նաև խառը մասնաբաժնով` «Իշ բանկասին» (Գործարար բանկ), և երեք մասնավոր բանկեր` «Յապի վե կրեդի բանկասին» (Շինարարական բանկ), «Գարանտի բանկասին» (Երաշխիքային բանկը) և «Ակբանկը» (Միջերկրածովային բանկը): Դժվարություններին դիմագրավող բանկերի նկատմամբ Թուրքիայի Կենտրոնական դրամատունը վարում է ապամասնավորեցման և միաձուլումների քաղաքականություն, որը կհանգեցնի բանկային կապիտալի հետագա համակենտրոնացման: Ներկայումս թուրքական հինգ խոշորագույն բանկերին բաժին է ընկնում երկրի բանկային կապիտալի մոտ 43 %-ը:
Այսպիսով, Թուրքիայի տնտեսությունն այսօր զարգանում է բավականին դինամիկ, երբեմն` հակասական միտումներով: Ավելի արագընթաց զարգացում է սպասվում առաջիկա տարիներին` հաշվի առնելով Թուրքիայի անթաքույց հավակնությունը` դառնալու Եվրամիության լիիրավ անդամ: Իսկ թե ի՛նչ կարող է տալ այդ ամենը Հայաստանին` սահմանը բացելու պարագայում և ի՛նչ տեղաշարժերի կարող է հանգեցնել տարածաշրջանում, բնականաբար, առանձին քաղաքատնտեսական վերլուծության կարիք ունի:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2001

Մեկնաբանություններ