«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

ԻՍԿ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎՈՂ ՉԿԱ

ԻՍԿ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎՈՂ ՉԿԱ
22.10.2010 | 00:00

Խանտի Մանսիյսկում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադան սառը ցնցուղ էր իմաստուն խաղի մեր երկրի սիրահարների համար: Ի դեպ, այդ ստուգատեսի շեմին շախմատային այլ իրադարձություններ էին տեղի ունեցել, որոնք նույնպես մտահոգվելու առիթներ են տալիս: Խոսքը Ցյուրիխում կայացած շախմատի աշխարհի ուսանողների առաջնության և Երևանում անցկացված շախմատի համահայկական օլիմպիադայի մասին է:
ԵՐԲ ԱՄԵՆ ԲԱՆ ԲԱՐՁԻԹՈՂԻ Է
Նախ անդրադառնանք Շվեյցարիայում կատարվածին: Հետաքրքիրն այն է, որ մեզ շախմատային երկիր ենք համարում, սակայն ոչ մի մասնակից այդպես էլ Հայաստանից չէր գործուղվել Ցյուրիխ` մասնակցելու շախմատի ուսանողների աշխարհի առաջնությանը: Դա այն դեպքում, երբ Հայաստանում ուսանողական մարզական խաղերի ծրագրով շախմատի երկու մրցաշար է անցկացվում: Բուհերի սովորողները գարնանն ու աշնանն ուժերն են չափում անհատական և թիմային մրցումներում, սակայն տարօրինակն այն է, որ Հայաստանի ոչ մի բուհ չի ցանկանում շախմատիստներ ուղարկել այդ մարզաձևի աշխարհի ուսանողական առաջնությանը: Ի դեպ, այս ստուգատեսի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, այն մասնակիցների ուժեղ կազմ է հավաքում, խաղում են բարձրակարգ գրոսմայստերներ, որոնց անհատական գործակիցն անցնում է 2600-ի սահմանը: Ընդ որում, առաջնությունն անհատական-թիմային է: Այսինքն, շախմատիստներն անհատական պայքար են մղում, սակայն զուգահեռ կատարվում է նաև թիմային հաշվարկ: Ահա այս ստուգատեսին է, որ Հայաստանի ներկայացուցիչները հարկ չեն համարում մասնակցել, այսինքն` ինքնակամ հրաժարվում են խաղալուց: Կատարվածին միանշանակ գնահատական տալ հնարավոր չէ: Բանն այն է, որ Հայաստանի բուհերում սովորում են բարձրակարգ շախմատիստներ, մասնավորապես, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում շատ են տիտղոսակիր շախմատիստները: Այդ բուհում կա շախմատի բաժին, որտեղ ուսանում են մեր երիտասարդ գրոսմայստերներից շատերը: Բացի այդ, բարձրակարգ շախմատիստներ կան նաև Հայաստանի մյուս ուսումնական հաստատություններում: Այնպես որ, աշխարհի ուսանողական առաջնությունում Հայաստանը կարող է խաղալ մի քանի ուժեղ թիմերով, սակայն անհասկանալի պատճառով ընտրվում է ամենահեշտ տարբերակը` չմասնակցելու: Մինչդեռ պատվիրակներ ուղարկելու դեպքում կարելի էր մերոնցից լուրջ սպասելիքներ ունենալ: Բացի այդ, դա ևս մեկ հնարավորություն էր, որ մեր մարզիկները փորձեին իրենց կարողությունները միջազգային ասպարեզում, մրցափորձ կուտակեին: Սակայն ինչպես երևում է, Հայաստանի բուհերում խնայում են փողերը, չեն ցանկանում ավելորդ ծախսեր անել: Ընդ որում, բարձրագույն ուսումնական հաստատությունները մեծ փողեր են հավաքում որպես ուսման վարձ, սակայն դրանք ափսոսում են տրամադրել շախմատիստներին։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ ուսանողական շախմատային շարժումը Հայաստանում բարձիթողի է, անկազմակերպ: Դա է պատճառը, որ բաց ենք թողնում այդ ստուգատեսը: Ավելի ցավալի է, որ կատարվածը տագնապ չի առաջացնում, կարծես, այդպես էլ պետք է լիներ: Ինքնին հարց կարող է առաջանալ` ովքե՞ր են այս ամենի մեղավորները, ինչո՞ւ բուհերի ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկողներ չկան:
Կատարվածում մեղքի ամենամեծ բաժինը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայինն է, որի նախագահը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է: Եվ ահա, սովորական է դարձել, որ Հայաստանը պետք է բաց թողնի շախմատի ուսանողների աշխարհի առաջնությունը: Ընդ որում, այդ ստուգատեսը պատահական միջոցառում չէ: Այն իր ուրույն տեղն ունի Շախմատի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում: Եվ իզուր չէ, որ բոլոր երկրներն ակտիվորեն են արձագանքում և պատվիրակներ են գործուղում այդ ստուգատեսին, դրանց թվում` մեր սահմանակից երկրները։ Այս հարցում կա մեկ վերապահում: Երբ 1998-ին ուսանող շախմատիստների աշխարհի առաջնությունն անցկացվում էր Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում, գլխավոր մրցավարի տեղակալի պարտականությունը կատարում էր երևանցի միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը, սակայն մեր երկրից խաղացողներ չկային: Մեղավոր է նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Թեև տվյալ կազմակերպության գործկոմի նիստերի ժամանակ քանիցս այդ հարցը բարձրացվել է, սակայն սահմանափակվել են այն բանով, որ դիմել են ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչներին և գործը դրանով ավարտված են համարել: Իսկ թե ինչ է եղել այդ ամենի արդյունքը, ակնհայտ է: Փաստորեն, չմասնակցելու պատճառն այն է, որ ֆինանսներ չկան: Մինչդեռ անդրադառնանք շախմատային մեկ այլ իրադարձության, որտեղ պարզապես քամուն են տրվել պետության հատկացրած միջոցները:
ԻՆՉԻ՞ ՎՐԱ ԵՆ ԾԱԽՍՎԵԼ ՓՈՂԵՐԸ
Խոսքն այս տարի Երևանում անցկացված շախմատի համահայկական օլիմպիադայում կատարվածի մասին է: Ստուգատեսն առաջին անգամ էր կազմակերպվում, և կասկած լինել չի կարող, որ մտահղացումը լավն է: Այլ հարց է, թե այն ինչպես իրականացվեց:
Ընդ որում, մտահղացումը նոր չէ` շախմատի այնպիսի մրցաշար կազմակերպել, որին մասնակցեն աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ շախմատիստները: Ճիշտ է, համահայկական խաղերի ծրագրով կազմակերպվող մրցումներում այդ հնարավորությունը կա, սակայն կիրառվում է նաև վարկանիշի սահմանափակում: Բանն այն է, որ Հայաստանում ուժեղ շախմատիստները շատ են, և արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները նրանց հետ հավասար պայքարել չեն կարող: Մինչդեռ տվյալ դեպքում խոսքն այնպիսի ստուգատեսի մասին է, որին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի բոլոր ուժեղագույն շախմատիստները` Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա), Վարուժան Հակոբյանը (ԱՄՆ), Յուրի Դոխոյանը (Ռուսաստան) և ուրիշներ, նաև Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, մեր մյուս առաջատարները: Մրցաշարը Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգմամբ բարձր կարգ կունենար, և շախմատիստները կկարողանային տարբեր նորմաներ լրացնել: Սակայն այդպիսի բան չարվեց: Փոխարենը կազմակերպվեց անշուք մի մրցաշար, ընդ որում` քաղաքի ծայրամասում` Հայաստանի շախմատային ակադեմիայում: Իրականում այդ ստուգատեսով հետաքրքրվողներ չկային, և ցանկալի ոգևորությունն էլ բացակայում էր: Խաղում էին շվեյցարական մրցակարգով, պայքարն անհատական-թիմային էր: Սակայն մրցակարգն այնպիսին էր, որ թիմակիցներն իրար կարող էին խանգարել: Այդպես էլ եղավ. վերջին տուրում Երևանի թիմը զրկվեց առաջին տեղից, քանի որ միմյանց հետ մրցում էին այդ թիմի երկու խաղացողներ: Այսինքն, սխալ մրցակարգ էր ընտրվել, թիմային ոգի չկար, ասես ամեն շախմատիստ իր համար էր խաղում:
Ավելի տխուր պատկեր էր զուգահեռ կազմակերպված շախմատի համահայկական բաց մրցաշարում, որին մասնակցեց126 շախմատիստ: Այն ձախողված էր, քանի որ գրեթե ոչ մի արտասահմանցի չէր խաղում: Ճիշտ է, ԱՄՆ-ից երեք շախմատիստ կար, սակայն բոլորն էլ պատահականորեն էին հայտնվել Երևանում, քանի որ եկել էին հանգիստն իրենց բարեկամների շրջապատում անցկացնելու: Փաստորեն, նույն բանն ամեն տարի արվում է Ջերմուկում կազմակերպվող, այսպես կոչված, միջազգային մրցաշարում: Ընդ որում, ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկով կազմակերպված և Հայաստանի շախմատային ակադեմիայի (տնօրեն` Սմբատ Լպուտյան) անցկացրած այս մրցաշարերի համար մեծ փողեր էին առանձնացվել: Շախմատի համահայկական օլիմպիադայի պարգևատրման հիմնադրամը 21700 դոլար էր, իսկ բաց մրցաշարի պարգևատրման հիմնադրամը` 8 հազար դոլար: Ի դեպ, նախատեսված էր, որ պետք է լինեն բաց A և B մրցաշարեր, սակայն մասնակիցների թվաքանակի պակասի պատճառով A մրցաշարը չանցկացվեց, և այն շախմատիստները, ովքեր պետք է խաղային այդ մրցաշարում, խառնվեցին B մրցաշարի մասնակիցներին: Իսկ տապալված միջոցառումների համար այդպես էլ պատասխանատվություն կրող չեղավ:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1791

Մեկնաբանություններ