Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Վո՞ւր մե կրակին դուք դիմանաք»

«Վո՞ւր մե կրակին դուք դիմանաք»
08.08.2008 | 00:00

ՀՅԴ գլուխն այլևս խառն է: Ընկերները պատրաստվում են Գյուլի «դիմավորմանը»: Մի կողմ թողած կոալիցիոն նետահարումները, մոռացած Քոչարյանին և նույնիսկ «մի քանի թիզ հողի»` ղարաբաղյան յոթ շրջանների վերադարձի մասին Բրայզայի վերջին հայտարարությունը, ՀՅԴ-ն խիստ խորասուզված` «պրոյեկտավորում» է իր պահվածքը Թուրքիո հանդեպ: Համ էլ` Սերժ Սարգսյանի: Եզակիորեն, հաճելին համընկել է օգտակարի հետ, ու ՀՅԴ-ն տարերքի մեջ է. առջևում է սեփական կշռի և գնի բարձրացման հերթական ակցիան: Մանավանդ վերջին «անկումներից»` Կոշի-ՈՒջանի կառույցների քայքայումից հետո:
Դաշնակցությունը, որի «հացի մեջ աղ չկա» (հենց այդպես բառացի ասաց մեզ հետ զրուցող բարձրաստիճան ՀՅԴ պաշտոնյան), ու «ով տեղից վեր կենում` նեղանում է մեզնից. ասես պիտի հազար կտոր լինենք բոլորի մեջ», մի խոսքով` ՀՅԴ-ն մտածում է խիստ քաղաքակիրթ, եվրոպաբար ցույցի դուրս գալ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության օրերին:
Կայրվի՞ Թուրքիայի դրոշը։ «Տեսնենք, տեսնենք»: Բա Սերժ Սարգսյանը չի՞ նեղանա, որ կոալիցիոն իր գործընկերները ցույց են անում, իր հյուրի դրոշն են այրում: «Չհասկացա` բա հո խելոք չե՞նք նստելու-սպասենք, որ Գյուլը գա-Հայաստանով քայլի, ու մեկը ձեն չհանի. չի կարելի, չէ՞»:
Չի կարելի:
Խրտվիլակ եք սարքելու և վառելո՞ւ: «Տեսնենք, տեսնենք. բայց չէ, երևի` չէ. քաղաքակիրթ պետք է լինի մեր ցույցը, ինչպես եվրոպաներում է»: Բա Քոչարյանը չի՞ նեղանա. չէ՞ որ ՀՅԴ-ից նա մեծ սպասումներ ունի: Չէ՞ որ ազգային ուժերին նա մեսիջ հղեց. եթե ինքը իշխանության լիներ, Գյուլը ոտ չէր դնի Հայաստան։ «Ինչի՞, մտածում ես` Քոչարյանը մեզնից լա՞վ դաշնակ է: Թող վաստակած հանգիստը վայելի, շարունակի ասուլիսներ տալ»,- եղավ բարձրաստիճան պաշտոնյայի արձագանքը:
Ջահերով երթ կանեք` Ռուսաստանի դեսպանատնից մինչև ԱՄՆ դեսպանատո՞ւն: «ԳՄ-ն բոլոր տարբերակներն էլ քննարկում է»: Բա Ռուսաստանը չի նեղանա՞, որ չանեք. տարածաշրջանը ՆԱՏՕ-ացվում է, Հայաստանն ամեն անգամ զսպում է Ջավախքում գլուխ բարձրացող «անջատողականությունը», «ռազմավարական ֆորպոստում» էլ` խնդրեմ, ՆԱՏՕ-ի տարածաշրջանային «կուրատոր» Թուրքիայի նախագահը հանգիստ նստել-ֆուտբոլ է նայում: ՈՒ դա դեռ սկիզբն է, վերջն ավելի «ահավոր» կլինի. կբացվի հայ-թուրքական սահմանը, և Ռուսաստանն այստեղ անելիք չի ունենա, ԱՄՆ-ը տարածաշրջանում գերան հարցերից մեկը լուծած կլինի. «Հո մենակ Ռուսաստանով չէ՞. նույն կերպ կարող եք հարցնել` բա Կանադան չի՞ նեղանա, բա Լիբանանը չի՞ նեղանա, բա Իրա՞նը... չէ՞ որ դաշնակցությունը կառույցներ ունի ողջ աշխարհով մեկ»,- եղավ պատասխանը:
Հա, իսկապես, բա Իրա՞նը: Չի՞ նեղանա: «Իրանը հասկանում է` ֆուտբոլ նայելը մի եսիմ ինչ չէ, և հնարավոր չէ նման մի քայլով արմատապես ստատուս-քվո փոխել տարածաշրջանում: Իրանը հիմնականում չի խառնվում, այնուհանդերձ, հիշենք, որ ժամանակներ առաջ Իրանը հանդես եկավ առաջարկով` դառնալ միջնորդ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասաց ՀՅԴ մեր հավատավոր ընկերը:
ՀՅԴ բարձրաստիճան ներկայացուցիչը կարծում է նաև, որ Գյուլի` Հայաստան գալն ամենից շատ դուր չի գա Ադրբեջանին. վերջինս անչափ դժվար կհասկանա Գյուլին, թե ինչպե՞ս կարելի է գնալ մի երկիր, որն «օկուպացրել» է Ադրբեջանի «ծանրակշիռ» մասը, և Բաքվից (ուր կմասնակցի թյուրքալեզու ժողովուրդների խորհրդաժողովին) Երևան եկող Աբդուլլահը` Գյուլ, «մոտիկից» բացատրած կլինի Ալիև-կրտսերին, թե ինչու է «պետք» լինել Երևանում: Կոնկրետ դեպքում մեր զրուցակիցը նկատի ուներ թուրքական դատարանի կողմից իշխող կուսակցության չփակումը, ինչի ենթատեքստում նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հնարավոր կարգավորման պայմանը կար:
Եվ, այնուհանդերձ, կգա՞ Գյուլը Հայաստան: ՀՅԴ մեր զրուցակիցն ասաց. «Ըստ ամենայնի` այո. եթե Գյուլն առաջիկայում սկսեց սուր հայտարարություններ անել Ղարաբաղի, 1915-ի դեպքերն ուսումնասիրելու առնչությամբ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և «հարակից» հարցերի շուրջ, այնպիսի հայտարարություններ, որոնցից հրավիրող կողմը փոշման կմնա: Այսպիսով, եթե արվեցին նման հայտարարություններ, ուրեմն` Գյուլը գալիս է, իսկ հայտարարություններն արվում են` գալու էֆեկտը մեղմելու համար»:
Դաշնակցությունը կարծում է նաև, որ կախված այդ հայտարարություններից, չի բացառվում, որ «ուրիշները ևս մեզ միանան` նայած թե ինչ իրադրություն կլինի այդ ժամանակ»: Նկատառվում են հայաստանյան ազգային քաղաքական ուժերը, իհարկե, իշխանությունների գիտությամբ:
Մնում է հավելել, որ Գյուլի ցույցային դիմավորմամբ զբաղվում է ՀՅԴ Գերագույն մարմինը: Իսկ բյուրո՞ն: «Բյուրոն ընդամենը համակարգում է»:
Ոնց տեսնում եք` բյուրոյին խնայում են: Վերջինս փորձում է մաքուր դուրս գալ այս խաղից: Բանն այն է, որ ՀՅԴ կառույցները` ի սփյուռս աշխարհի, իսկապես ծանր են տանում Գյուլի այցը Հայաստան: Էլ ավելի ծանր` այդ այցի նկատմամբ ՀՅԴ քաղաքակիրթ-եվրոպաբար տրամադրվածությունը, ինչը, ի դեպ, անչափ ողջունելի է, որովհետև ներկայիս աշխարհում ազգայնական մոտեցումներն ուղղակի նոնսենս են, և դաշնակցությունն ատրճանակի վրա երդվելու իր խասիաթը պետք է իսկապես փոխի` նրբացող դիվանագիտությամբ, բարձրակարգ տեխնոլոգիաներով առաջնորդվող աշխարհում:
Իսկ կմասնակցե՞ն ՀՅԴ լիդերները` ԳՄ անդամները սպասվող քաղաքակիրթ ցույցին. «Տեսնենք, տեսնենք. կերևա»:
Ի դեպ, մեր զրույցի ընթացքում բարձրաստիճան ՀՅԴ պաշտոնյան անդրադարձավ նաև ներքաղաքական հարցերին, կարծիք հայտնելով, որ սեպտեմբերին արդեն իսկ ազատ կարձակվեն քաղաքական մոտիվներով ձերբակալված ընդդիմադիրները: Բոլորը: Համաներմամբ. «Անձամբ ես այդ ուղղությամբ լուրջ աշխատում եմ և քանիցս խնդրո առնչությամբ հանդիպել եմ նախագահի` Սերժ Սարգսյանի հետ»:
Սակայն ողջ խնդիրն այն է, որ համաներումն ընդունելի չէ քաղբանտարկյալների համար. օրերս այդ մասին մարտի մեկի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ներկայացուցիչներին է ասել ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, որովհետև «իրենք հանցագործություն չեն կատարել, որպեսզի համաներվեն»:
Դաշնակցականներն ուզում են՝ տղերքը համաներվեն, որովհետև իրենք էլ իրադրության փոփոխությա՞մբ են ազատվել ու ողջ կյանքները կախված են այդ որոշումի՞ց:
Եսի՞մ: Բայց ահա այսպիսի «չար-թունավոր» լրագրություն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3432

Մեկնաբանություններ