Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՊՐԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ

ԱՊՐԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ
03.11.2009 | 00:00

«Վերջին 110 տարին Երկիր մոլորակի բնակչության կենսակերպը մի բնորոշում ունի` տգիտության ժամանակաշրջան,- 2008-ին կատարված նախազգուշական արխիվային նկարահանումներից եզրակացնում է 2055-ի ամայացած աշխարհում ապրող Փիթ Փոսլթուեյը։- Ինչո՞ւ մենք չկասեցրինք կլիմայի փոփոխությունը, անխնա սպառեցինք ռեսուրսները։ Մեր ապրելակերպն ինքնասպանություն է»։ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի` «Բնապահպանական խնդրի լավագույն հետազոտություն» անվանակարգում հաղթող ճանաչված «Հիմարության դարը» (սցենարիստ-ռեժիսոր` Ֆրենի Արմսթրոնգ, Մեծ Բրիտանիա) ֆիլմի հերոսի տագնապները, հիմնված գիտական կանխատեսումների վրա, իրատեսական դրամատիզմով են վարակում, երբ փաստագրական կինոժապավենի պտույտով ականատեսն ես դառնում Երկիր մոլորակի գլոբալ ջերմացման, Նոր Օռլեանից մռնչացող «Կատրին» փոթորկի տարածման, գազի արտանետումների, նավթային բիզնեսի գերիշխանության և այլ էկոաղետների չգունազարդված հետևանքների աշխարհի տարբեր ծագերում։ Փաստագրական համամարդկային դրաման ողբերգական բովանդակությամբ են հագեցնում ուգրոֆիննական մշակույթով խիստ հետաքրքրված Էդգար Բարտենևի «Նյարման» (ՌԴ)` «Վայրի բնության մասին լավագույն ֆիլմը», «նավթային դիետայի» անհրաժեշտությունն արվարձանաբնակների կենսաձևի ակամա սխալների անկանխատեսելի հետևանքների հաղթահարման միակ փրկություն ներկայացնող Ջոն ՈՒեբսթերի «Աղետի բաղադրատոմսերը» (Ֆինլանդիա)։ «Արևորդու» հնգօրյա ծրագրում մայրաքաղաքի 6 կինոսրահներում 35 երկրներից ներկայացված 112 ֆիլմերից շատերը սրեցին մշտական հանդիսատեսի տագնապը` Երկիր մոլորակի կենսակործան ներկայիս իրավիճակի լրջմիտ, համապարփակ ցուցադրությամբ։
Հայնց Գրոյլինգի (Ավստրալիա) «Էկոհանցագործություններ. տիբեթյան հետք» ֆիլմը կոչ է անում փրկել 6 երկրների ազգային խորհրդանիշ արքայական կատուներին` հնդկական վերջին վագրերին։ Տիբեթյան հետագիծը շարունակություն է գտնում երեսունից ավելի միջազգային կինոմրցանակներ շահած սցենարիստ-ռեժիսոր-պրոդյուսեր Թոմաս Վայդենբախի (Գերմանիա) ֆիլմաշարում։ Քեթրին Մարկը (Կանադա) խոհարարական շոուի ծաղրանմանակմամբ («Կարկանդակի բաղադրիչները») ընդամենը 4,5 րոպեում գենետիկորեն ձևափոխված ուտելիքների իրական թերարժեքությունն է հավաստում։ Մարդիկ ու կենդանիները բարեկամներից թշնամիների են վերածվել` «Մեռյալները և ողջերը» (Բելառուս) իրենց կինոպատումում վկայում են Լարիսա Կաբերնիկն ու Պավել Բանձիչը։ Կլաուս Ֆայխթենբերգերը (Ավստրիա) չքնաղագեղ Ալպերում մարդու տիրական ներկայության վտանգներն է քնարաշունչ մատուցում «Ալպերի իշխան»-ում։ Հագեցած լինելով փաստագրական նյութի մատուցման ուշագրավ կինոհնարքներով` տարարվեստ ֆիլմերը միասնաբար անձանձիր փոխանցեցին քաղաքակրթության կատարելագործմամբ անասելի վտանգված բնաշխարհի համընդհանուր նկարագրի սահմռկեցուցիչ մետամորֆոզների աշխարհակործան ուժի գիտակցությունը։ «Ռեսուրսային անեծքին» ենթակա են ոչ միայն ցածր վճարունակության բերումով էկովտանգներով հղի սննդամթերքին ապավինած մարդիկ, այլև Երկիր մոլորակի ապագան վաճառելով հարստացող արդի օլիգարխները։ Այս նկատառումով էլ նախաձեռնվել էին «Արևորդու» շրջանակներում «Բիզնեսի զարգացումը` երկրի զարգացման գրավական» ԿՍՊ (կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն) դասընթացներ, որոնք վարում էին Աննա Փիթերսը (Գերմանիա), Վիկտոր Սկարշևսկին (ՈՒկրաինա), Թոյնիս Վիլեմ Հարդյոնոն (Հոլանդիա) և Ռալֆ Յիրիկյանը։ Վերջինիս գլխավորած «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության համագործակցությամբ (ոչ` պարզապես գլխավոր հովանավորությամբ) է ընդարձակել ընդգրկման սահմանները Հայաստանում 2001-ից գործող Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի 2007-ին նախաձեռնած «Արևորդի» բնապահպանական փառատոնը (տնօրեն` Ռուբեն Խաչատրյան)։ Եվ հնարավոր է դարձել Երևանում ու ՀՀ մարզերում գործունեությունը 11 էկոակումբների, որոնցում 10-16 տարեկան շուրջ հազար երեխաների ստացած բնապահպանական կրթության ձեռքբերումներով խելամիտ ապրելու մշակույթի առավելություններն անվերապահորեն ընդունեցին փառատոնի շրջանակներում կազմակերպված «Կանաչ այլընտրանք» եռօրյա ցուցահանդեսի այցելուները, Մատենադարանից «Մոսկվա» կինոթատրոն կատարված դիմակահանդես-քայլերթի հազարից ավելի մասնակիցները։ Կենսաբազմազանության առումով երկրագնդի ամենահարուստ և, միաժամանակ, առավել վտանգված 35 թեժ կետերից մեկը ճանաչված Հայաստանի վաղվա քաղաքացիները, հանդերձավորված Կարմիր գրքում գրանցված 99 կենդանատեսակներից հիսունին կերպավորող զգեստներով ու դիմակներով, ոչ միայն բնապահպանական քարոզարշավի արտասովոր տոնահանդեսով էին գրավում անցորդների ուշադրությունը, այլև օրավուր ահռելի չափերի հասնող չքայքայվող աղբի կուտակումների զարմանահրաշ կիրառություններով։ Իրենց զգեստները, ուղեկցող բեռնատարներում տեղակայված կենդանաքանդակներն էկոակումբների 500-ից ավելի սաները պատրաստել էին պոլիէթիլենային տոպրակներից, դեն նետված ստվարաթղթերից, պլաստմասսայե ու ալյումինե շշերից ու այլ թափոններից։ «Թափոնարվեստի» բազում նմուշներով էր ձևավորված էկո-էքսպոն, որի տաղավարներից մեկում բնապահպանական դաստիարակություն ստացած «արևորդիները» համակարգչային խաղի հնարքով փորձում էին կրթել այցելուներին` աննկատ ներգրավելով Խոսրովի անտառի փրկության հանապազոր պայքարի ոլորտում։ Այդպես հնարամտորեն նրանք թղթի վերամշակումն ու խնայողությունն էին կարևորում ձեռագործ բացիկներով, անտառահատման կասեցմանը փորձում նպաստավոր լինել էներգիայի ստացման այլընտրանքային «աղբահենք» սարքերի յուրահնար մոդելներով։ Օրինակ, գազավորված ըմպելիքների ալյումինե շշերն արևային էներգիայով աշխատող սարքի մաս էին դարձել, իսկ պոլիէթիլենային վնասակար տոպրակները` գեղեցիկ գույնզգույն վզկապներ ու գոգնոցներ։ Անսահման է մանկապատանեկան երևակայությունը, այն խելամտորեն բարեկրթելով գուցե թե կարելի լինի փրկել Երկիր մոլորակը մոտալուտ կործանումից` մարդկության անփույթ սպառողական գործելակերպով անխուսափելի։ Այս նպատակամղվածությամբ էլ «Արևորդու» բնապահպանական ֆիլմացանկում մեծ տեղ էր հատկացվել մանկապատանեկան ստեղծագործությանը։ «Մեր հանձնախումբը «Երեխաների կողմից` երեխաների համար» արված 22 ֆիլմերից բարձր գնահատեց նրանք, որոնցում բնաշխարհին հառված իրատեսական հայացքով սուր զգացողություններ էին հարուցվում,- ԶԼՄ-ների հետ ունեցած հրաժեշտի հանդիպման ժամանակ իր դիրքորոշումը պարզաբանեց մանկական ժյուրիի նախագահ Մաիկի Կանտոլան (Ֆինլանդիա)։- Հաղթեց երկրորդ կինոարվեստանոցի սաների և ուսուցիչների համատեղ աշխատանքը «16-ից ցածր տարիքի ռեժիսորի հեղինակած լավագույն բնապահպանական ֆիլմ» անվանակարգում` իտալական «Էկոքաղաքը և աղբի հրեշը»։ Անկարելի էր չխրախուսել Լուցիե Ստամֆեստովայի «Սառնարանը» (Չեխիա), որում դատապարտվում էր մարդ արարածի եսակենտրոն ընչաքաղցությամբ անխնա վատնումը բնական ռեսուրսների։ «Լավագույն բնապահպանական կրթական ֆիլմ» անվանակարգում մրցանակված Ջոն ՈՒեբսթերի «Աղետի բաղադրատոմսերը» բնաբարեփոխման խելամիտ ուղիներ էր նաև մատնանշում»։
Երկրորդ «Արևորդին», առաջացրած հետաքրքրության աննախադեպ մասսայականությամբ, անվերապահորեն հաստատեց արվեստի միջնորդությամբ փոխըմբռնման հասնելու ռեալականությունը։ Կինոյից, կիրառական արվեստից բացի, բնապահպանական գիտակցության սաղմնավորմանն իր նպաստավորությամբ հանդես եկավ երաժշտարվեստը։ «New arm-metal» ոճի «Որդան կարմիր», պրոգրեսիվ գործիքային` «Armenian Space Station» և էկլեկտիկ`«Road Movie» ռոք խմբերի բացօթյա համերգային ելույթները բնության հանդեպ մարդկության կարծրասիրտ անտարբերությանը հղված երաժշտական բողոքի յուրօրինակ ներգործության ուղերձներ էին։
Առնվազն տարօրինակ է, որ Հայաստանի վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի 8-ամյա ընդլայնվող բնապահպանական գործունեությունը ՀՀ բնապահպանության նախարարության (ի տարբերություն` մշակույթի) պատշաճ ուշադրությանը մինչև օրս չի արժանանում։ Համագործակցության հարյուրավոր առաջարկներն առայժմ մնում են օդից կախված։ Գուցե նոյեմբերի 18-ից 24-ը Փարիզում կայանալիք բնապահպանական ֆիլմերի փառատո՞նը կառուցողական երկխոսության հրատապության պաշտոնական գիտակցությունն արթնացնի։ «Արևորդու» ֆիլմերի հիմնական մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ, ֆիլմարտադրության գիտության ու պատմության բազմափորձ պրոֆեսոր Ռոնալդ Տոբիասի (ԱՄՆ) համոզմամբ` Տիգրան Պասկևիչյանի «Թեղուտ. զավակների հացը» ֆիլմում արծարծված թեման` ջրային ռեսուրսներին մերձ զարգացող հանքարդյունաբերության վնասակարությունը շրջակա բնաշխարհի կայուն պահպանությանը, հավասարապես վերաբերում է Միացյալ Նահանգներին։ ՈՒստի օրվա հրամայականը պետության ու հասարակության փոխկապակցված գործունեությունն է` Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանմանը, օդի, ջրի և ընդերքի խելամիտ «շահագործմանը» լրջորեն ուղղորդված։ Եթե ականջալուր չլինենք «արևորդիների» սթափության ահազանգերին, նոր էկոհանցագործությունների անուղղակի հրահրողները կդառնանք։ Նրանց կատարած պատկառելի աշխատանքը հանրության բնապահպանական իրազեկվածության բարձրացման ուղղությամբ ակնածալի դրվատանքի արժանացավ «Արևորդու» արձանիկներով (հեղինակ` քանդակագործ Վահագն Բաղդասարյան), դրամական խրախուսական պարգևներով. էկոակումբներին` 50-100 հազարական դրամ, 1-3-րդ անվանակարգերում հաղթած ֆիլմերին` 500 դոլարին համարժեք դրամ, ԵԱՀԿ սահմանած «Հանդիսատեսի համակրանք» իսրայելական «Մահվան պարը» ֆիլմին (ռեժիսոր` Յոսի Վայսլեր)` 1000 եվրո և այլն։ Այդուհանդերձ, այն «կանաչ» ապրելակերպի խթան կծառայի, եթե ամենքիս կողմից սատարվի գործնականում։ Եվ Երևանի ու Համբուրգի քաղաքապետարանների համագործակցությունը, որի հիմքը դրվել է անցյալ տարի մեր մայրաքաղաքում Խաղաղության զբոսայգու ստեղծմամբ, ոչ միայն կյանքի կկոչի ծրագրի տնօրեն Բարբարա Զիբերթի նոր նախագծերը, այլև իրականում կբարեփոխի մեր տարածաշրջանի վտանգված բնաշխարհը։ Հակառակ պարագայում, միջազգային փորձագետների վերջին հետազոտությունների կանխատեսումներով, գալիք սերունդներն այլևս չեն խմի Սևանա լճի զուլալ ջուրը, չեն շնչի բարձրաբերձ լեռնաշխարհի մաքուր օդն ու կմոռանան ծիրանի և նռան իսկական համը։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ