Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԿՈՂՄԵՐԻՑ Ո՞ՐՆ Է ԹԱՓԵԼՈՒ ՓԵՇԻ ՔԱՐԸ

ԿՈՂՄԵՐԻՑ Ո՞ՐՆ Է ԹԱՓԵԼՈՒ ՓԵՇԻ ՔԱՐԸ
29.04.2011 | 00:00

Մենք բոլորս, երևի, վաղուց արդեն սովոր ենք, թե Վրաստանն իր նորագույն պատմության ընթացքում ինչպիսի ակնհայտ խանդավառությամբ ու հմտորեն է կարողանում հայտնվել աղմկոտ իրադարձությունների և, համապատասխանաբար, համաշխարհային լրատվամիջոցների ու փորձագետների ուշադրության կենտրոնում։ Իսկ նրանք էլ քանի՜-քանի անգամ են փորձել կանխագուշակել, թե ուր է տանելու խաղարկվող հերթական քաղաքական-ռազմական ճղճղան դետեկտիվը։ Ընդ որում, շատ հաճախ անհնար է գլուխ հանել այդ «Ջեյմս Բոնդի պատմություններից»։ Թեև մեկ բան ակնհայտ է անգամ առաջին հայացքից. Վրաստանում տեղի ունեցող բոլոր դեպքերը փոխկապակցված իրադարձությունների ընդհանուր և ծանոթ շղթայի օղակներն են։ Իսկ աշխարհաքաղաքական լայն համատեքստում` Վրաստանում նկատվող ցանկացած ցնցում վաղուց արդեն անպայման իր վրա է հրավիրում Ռուսաստանի ուշադրությունը։ ՈՒ թեև հյուսիսային հարևանի լայնարձակ տարածություններից միշտ հնչում են ամենևին էլ ոչ կոռեկտ քաղաքական բնորոշումներ, ինչպես` «թատրոն է», «խելացնորի զառանցանք», «բժշկի է հարկավոր դիմել» և այլն, և այլն, հերթական դրվագը, ըստ էության, երաշխավորում է տարածաշրջանում Մոսկվայի վարքագծի հանդեպ քննադատական վերաբերմունքի հերթական մակընթացությունն ու պարսավանքը, ընդ որում, ոչ Թբիլիսիի հասցեին։
Բայց անցնենք հարցի բուն էությանը։ Եվ այսպես, օրերս վրացական ոստիկանությունը հայտարարեց, թե վնասազերծել է Քութայիսի կառավարական շենքերի առջև տեղադրված երեք պայթուցիկ սարք և դրանց տեղադրման գործում մեղադրել է, ինչպես և ենթադրվում է, Ռուսաստանին։ Ներքին գործերի նախարարը հայտարարեց, թե երեք մարդ է կալանավորվել Քութայիսում պայթյունների կազմակերպման կասկածանքով (Քութայիսը Թբիլիսիից 240 կմ արևմուտք է)։ Կալանավորվածները Աբխազիայի Գալիի շրջանում ապրող Ձաձուա եղբայրներն են։ Կալանավորման ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել է հեքսոգեն` պայթուցիկ նյութ, որի մեջ տեղադրված էր կատարելագործված պայթուցիչով մեխանիզմ։ Կասկածյալների ցուցմունքներից պարզվել է, որ հիշյալ պայթուցիկ սարքը նրանց տրամադրել է Ռուսաստանի ԶՈՒ մի սպա։ Նրանց հանձնարարված էր սարքը պայթեցնել երկրամասային վարչակազմի նստավայրի, արդարադատության նախարարության և լեյբորիստական կուսակցության գրասենյակի մոտ, ասվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ։ Այդ գործով կալանավորվել է նաև ոմն Մալանիա, որը, հետաքննության տվյալներով, նպաստել է պայթուցիկ սարքի անցկացմանը վրացական վերահսկողության տակ գտնվող տարածք (հաճելի է, որ այս անգամ կարողացել են «յոլա գնալ» առանց հայկական ազգանունների)։ Կալանավորվածները լուսանկարով ճանաչել են այն ռուս սպային, որի հանձնարարությամբ իրենք գործել են։ Վրաստանի ՆԳՆ-ին հաջողվել է պարզել, թե ով է այդ ռուս սպան։ Դա Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ավագ լեյտենանտ Ալեքսեյ ՈՒշակովն է (ավելի վաղ մի ինչ-որ Վոլոդյայի մասին էին խոսում), որը ծառայում է Աբխազիայում տեղաբաշխված ռուսական սահմանապահ զորքերում։ Ձաձուա եղբայրները պատմել են, թե ահաբեկության իրականացման համար իրենց առաջարկվել է երեք հազար դոլար, իսկ ռուս սպան սպառնացել է, որ եթե հանկարծ իր անունը տան, ապա Աբխազիայում ապրող իրենց հարազատները ողջ չեն մնա։ Վրացի փորձագետների գնահատմամբ, Ռուսաստանի այդ քաղաքականության նպատակն ապակայունացումն է, խուճապի բորբոքումն ու անվստահության սերմանումն իշխանությունների հանդեպ, և որ, ի վերջո, Մոսկվան ուզում է թուլացնել տնտեսական ներդրումային կլիման Վրաստանում։
Նկատենք, որ թեև առանձնակի հիմքեր չունենք ռուսական հատուկ ծառայություններին կասկածելու նրբանկատության մեջ, այդուամենայնիվ, դիվերսիաների, մահափորձերի մասին վրացիների հաճախակի հայտարարությունների և, որքան էլ տարօրինակ հնչի, ռուսների մշտական ձախողումների կապակցությամբ ակամա հիշում ես հայտնի առակը տղայի ու գայլի մասին։ Բայց, ինչևէ, շատ հավանական է, որ մենք ստիպված պիտի լինենք նորից խոսելու Ռուսաստանի և Վրաստանի հարաբերություններում «գարնանային ցրտերի» մասին։ Ընդ որում, իրավիճակն առանձնապես զավեշտալի է այն կապակցությամբ, որ հենց Կրեմլին այժմ ամենևին ձեռնտու չէ վրաց-ռուսական լարվածության հերթական սրումը։ Չէ՞ որ Վրաստանն իրական հնարավորություն ունի շրջափակելու Ռուսաստանի մուտքը ԱՀԿ, ինչն ամերիկա-ռուսական հարաբերությունների «փոխաբեռնման» գլխավոր նպատակներից մեկն է։ Այդ կազմակերպության կանոնադրության համաձայն, եթե մի երկիր ուզում է միանալ նրան, ապա, բացի ԱՀԿ-ի հիմնական սկզբունքների պահպանման պարտականություններն ստանձնելուց, պետք է անդամակցության վերաբերյալ բանակցություններ վարի մասնակից բոլոր երկրների հետ և ստանա նրանց բոլորի համաձայնությունը։ Ասենք, որ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության գործընթացը եղել է երկար, դժվարին ու անմիարժեք։ Այն սկսվել է դեռևս Ելցինի օրոք, ընթացել է շատ ծանր, մի քանի անգամ աղմուկով ընդհատվել է։ Եվ վերջապես, 18 տարի անց, այդ կազմակերպության բոլոր անդամները տվել են իրենց համաձայնությունը Ռուսաստանին։ Բոլորը, բացի Վրաստանից։
Ասենք, այդ հարցում Թբիլիսիի նման դիրքորոշումը լիովին համապատասխանում է գործունեության բոլոր ոլորտներում Մոսկվայի առջև առավելագույն խոչընդոտներ հարուցելու Վրաստանի պաշտոնական քաղաքականությանը։ Հասկանալի է, նպատակ ունենալով նրան ստիպել զիջումներ անելու Աբխազիայի և Հարավային Օսիայի առնչությամբ։ Ահա հիմա էլ, որպես ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությանն իր համաձայնությունը տալու միակ պայման, Վրաստանը պահանջում է իր մաքսային անցակետերը տեղակայել Պսոու գետի և Ռոկի թունելի մոտ։ Տնտեսական տեսակետից այս պայմանները եթե չնչին էլ չեն, ապա, ամեն դեպքում, սակավարժեք են։ Բայց քաղաքական տեսակետից իրավիճակը միանգամայն այլ է։ Վրացական պայմանների կատարումը, փաստորեն, կնշանակի ոչ ավելի-ոչ պակաս տարածքային հակամարտություններին մոտեցման գործում Թբիլիսիի հիմնարար տեսակետի ընդունում, այն է` «Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստան են»։ Այսպես, օրերս նախագահ Սաակաշվիլին հարցազրույց է տվել այս թեմայով։ «Առաջ ռուսական կողմն ամերիկացիներին ասում էր. «Ձեզ հետ մենք համաձայնության կգանք, իսկ Վրաստանը ծրագրի մի մասն է»։ Որոշ ռուսներից ես լսել եմ, թե բավական է Բայդենի մեկ զանգը` Սաակաշվիլուն համոզելու և նրան ստիպելու սսկվել»,- նկատել է Վրաստանի նախագահը։ «Բայց դա այդպես չէ, ամերիկացիներն էլ գիտեն, որ դա այդպես չէ, և բոլոր ջանքերը գործադրել են ռուսներին այդ բանը հասկացնելու համար»,- ասել է Սաակաշվիլին և լրացրել` «Վրաստանն իր սկզբունքները չի զիջի»։ Նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել բանակցություններում սահմանափակվել տնտեսական հարցերով։ «Բայց, ցավոք, ռուսներն ամեն տնտեսական հարց վերածում են քաղաքականի»,- ավելացրել է նա։
Միանգամայն բնական է, որ առայժմ Ռուսաստանը համառորեն մերժում է այդ բոլոր պահանջները։ Ավելին, եթե ԱՀԿ-ին անդամակցության հարցում Մոսկվան համաձայնի Թբիլիսիի պայմաններին, ապա նա, իր հերթին, կկարողանա պնդել, որ Ռուսաստանը, փաստորեն, ճանաչում է երկրի տարածքային ամբողջականությունը։ Դժվար չէ կանխագուշակել, որ դա լրջորեն կթուլացնի ռուսական իշխանության դիրքերը ոչ միայն երկրից դուրս, այլև երկրի ներսում։ Ակնհայտ է, որ նրան նաև կվարկաբեկի Սուխումի և Ցխինվալի աչքում։ Այնպես որ, լիովին հասկանալի է, որ և՛ այժմ, և՛, ամենայն հավանականությամբ, հետագայում Կրեմլի համար չկան այնպիսի տարբերակներ, որոնց դեպքում նա կարողանար կատարել վրացական պայմանները։ ՈՒստի, համապատասխանաբար, փակուղի է ստացվում. կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումներ անելու, ասենք, փոխզիջման հնարավորություն այստեղ չի էլ երևում։ Ճիշտ այդպիսի փակուղային վիճակ է այդ հարցում եղել տարիներ ի վեր, սակայն վերջին ժամանակներս, կարծես, որոշ փոփոխություններ նկատվել են։
Այդ փոփոխությունները կապված են եղել այն բանի հետ, որ, ի տարբերություն անցած ժամանակների, 2010 թ. վերջին Ռուսաստանն ավարտեց բանակցությունները ԱՀԿ անդամ բոլոր երկրների հետ և ստացավ նրանց համաձայնությունը։ Համաձայնություն տված պետությունների ցանկում են նաև ԱՄՆ-ը, Չինաստանը և եվրոպական որոշ երկրներ, որոնց հետ քննարկումը ԱՀԿ գծով ընթացել է շատ ծանր, և որոնց համաձայնությունն ստանալու համար Մոսկվան ստիպված է եղել որոշակի զիջումներ անելու։ Շեշտադրումների այդ փոփոխությունը, ռուս փորձագետների կարծիքով, շատ բան է փոխում, և հիմա, ինչպես նրանք են համարում, «Թբիլիսին այդ առումով հայտնվում է միջազգային մեկուսացման մեջ և մնում է դեմ առ դեմ ԱՀԿ մնացած բոլոր անդամների առջև, որոնք արդեն իրենց համաձայնությունը տվել են և ուզում են Ռուսաստանին այդ կազմակերպության անդամ տեսնել որքան կարելի է շուտ»։ Ինչպես միշտ, ռուսները ենթադրում էին, որ «գործնական առումով Արևմուտքը, ավելի շուտ, ցանկանում է ստանալ Ռուսաստանի հետ համագործակցության ձեռնտու պայմաններ, դրանով իսկ շարունակելով պաշտպանել մի վարչակազմ, որն ավելի ու ավելի է բուն Արևմուտքի երկրներում անմիարժեք ընկալվում»։ Մոսկվայում բառացիորեն մինչև վերջին ժամանակներս համարում էին, թե «շատ շուտով, անկասկած, կգտնվի և կհրապարակվի մի միջոց, որը Վրաստանին հնարավորություն կտա սկզբունքայնություն դրսևորելու և չհրաժարվելու իր պահանջներից, բայց միաժամանակ ապահովելու նաև Ռուսաստանի անդամակցությունն ԱՀԿ-ին»։ Ենթադրվում էր, որ ավելի շուտ կողմերը կհրաժարվեն կոնսենսուսի սկզբունքից և Ռուսաստանի անդամակցությունը կապահովեն քվեարկության միջոցով` առանց բոլոր մասնակից երկրների պարտադիր համաձայնության։ Ավելին, Թբիլիսիի պաշտոնատար անձինք էլ էին սկսել խոսել, թե ԱՀԿ-ին անդամակցության հարցի առնչությամբ Ռուսաստանի ու Վրաստանի միջև բանակցություններն «ընթանում են դրական հունով», բայց «անհրաժեշտ է քննության առնել բազմաթիվ տեխնիկական հարցեր»։
Հիմա էլ նոր ու անսպասելի վիճակ` ահաբեկությունների հետ կապված։ Ո՞Ւմ է դա ձեռնտու։ Հավանաբար շատերին, ընդ որում, ինչպես Մոսկվայում, այնպես էլ Թբիլիսիում։ Հնարավոր է` ճիշտ դուրս գա նաև Վրաստանի նախագահը, որը հայտարարել է, թե հետքերը տանում են «Ռուսաստանի օկուպացրած Աբխազիա», թե ահաբեկության փորձը «մեկ սխեմայի մի մասն է», և կան ռուսական հատուկ ծառայությունների ու դրանց ներկայացուցիչների մասնակցության ապացույցներ։ Միխեիլ Սաակաշվիլին Մոսկվային վերստին առաջարկել է մասնակցել երկրի տարածքում տեղի ունեցած մի շարք ահաբեկությունների հետաքննությանը։ Շատ հետաքրքիր է նաև այն, որ հիմա ամերիկացիները համառորեն ընդգծում են, որ ԱՀԿ-ն բացառապես ռուս-վրացական երկկողմ հարաբերությունների թեմա է, և իրենք դրան չեն միջամտի։ Իսկ Սաակաշվիլին վերջերս տված հարցազրույցում ընդգծել է, որ ԱՄՆ-ի բանակն ընդլայնում է ներկայությունը Վրաստանի տարբեր մասերում։ Թբիլիսիում Նաննա-Լուգարա նախաձեռնության շրջանակներում բացվել է ԱՄՆ-ի բանակի բժշկագիտական լաբորատորիա, որի համար 100 մլն դոլար է հատկացվել։
Կպնդի՞, արդյոք, Մոսկվան, որ բացարձակ անհեռանկարայնության պատճառով դադարեցվեն ԱՀԿ-ի վերաբերյալ բանակցությունները Թբիլիսիի հետ։ Կկարողանա՞ն, իսկ գլխավորը` կցանկանա՞ն, արդյոք, Եվրոպայի երկրները ճնշում գործադրել Վրաստանի վրա` առանց նրա դեմքը վտանգելու։ Այս ամենը մենք կիմանանք շատ շուտով, հենց ապրիլին, քանի որ հենց այս ամսին է տեղի ունենալու Ռուսաստանի և Վրաստանի պատվիրակությունների հերթական հանդիպումը։ Պարզ է մեկ բան` մինչև 2011 թ. ամառ (սա այն ժամկետն է, որ թե՛ Մոսկվան, թե՛ Ժնևը նախնական կարգով նշել են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության համար) քիչ ժամանակ է մնացել, ուրեմն և պետք է սպասել շահագրգիռ կողմերի դիրքերի ակտիվացում։ Եվ, ո՞վ գիտե, գուցե և հարցի վերջնական լուծում։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 857

Մեկնաբանություններ