«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«ԻՆՉ ՑԱՆՈՒՄ ԵՆՔ, ԱՅՆ ԷԼ ՀՆՁԵԼՈՒ ԵՆՔ»

«ԻՆՉ ՑԱՆՈՒՄ ԵՆՔ, ԱՅՆ ԷԼ ՀՆՁԵԼՈՒ ԵՆՔ»
10.02.2012 | 00:00

Ամեն կենդանի արարած բաղկացած է բջիջներից, որոնք պահպանում են տվյալ օրգանիզմի կենսունակությունը։ Այդպես և գոյություն ունի ազգային բջիջ հասկացությունը, ինչը և տվյալ ազգի կենսունակության ու հարատևման միջոցն է։ Այդ ազգաբջջի անունն է ընտանիք։ Ընտանիքն առողջ է ու կենսունակ, նշանակում է` ազգն էլ է առողջ ու կենսունակ։
Քննարկենք նախ ընտանիքի հոգևոր խորհուրդը, քանզի այն նախ և առաջ հոգևոր է, հետո նոր մարմնավոր, քանզի մարդկության առաջին ընտանիքը՝ Ադամի ու Եվայի միասնությունը, նախ հոգևոր էր, քանզի Աստված Ադամին ստեղծելուց հետո ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար»։ Տեր Աստված թմրություն բերեց Ադամի վրա, և սա քնեց: Աստված հանեց նրա կողոսկրերից մեկը և այդ տեղը մաշկով ծածկեց: Տեր Աստված Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ: Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից: Թող սա կոչվի կին, որովհետև իր ամուսնուց ստեղծվեց»: Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հորն ու մորը՝ պետք է միանա իր կնոջը, և երկուսը պետք է լինեն մի մարմին (Ծննդոց 2. 18-24)։ Սա մարդկության առաջին ընտանիք-բջիջն էր, և ինչպես հասկացանք Աստվածաշնչի այս խոսքերից` Տերն Ադամի համար կին ստեղծեց հենց իր կողոսկրից, ինչը նախ հոգևոր խորհուրդ է նշանակում, քանզի ամեն բան տրոհվում է, բացի հոգուց, իսկ որդեծնության նպատակով նրանց մարմինները միանում են և դառնում նորից մեկ, մարդկային սերունդը շարունակելու համար, քանզի դա էլ է Տիրոջ հրամանը. «Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդոց 1.28): Ըստ անսուտն Աստծո այս խոսքի` մարդկային ցեղի բազմացումը ի սկզբանե օրհնված է Արարչի կողմից։ Բայց մեղքի պատճառով այդ ընտանիքն ապականվեց, և մահն իշխանություն բանեցրեց ադամորդիների վրա։ Արդյունքում, առաջին ծնված մարդկային արարածը՝ Կայենը, սպանեց իր եղբորը՝ Աբելին։
Հետագա սերունդներին Պողոս առաքյալը, սեփական կնոջից կամ ամուսնուց բացի, աջ ու ձախ նայող լրբահայացքներին զգուշացնում է. «Ամուսնությունն ըստ ամենայնի հարգելի է, և ամուսնական անկողինը՝ սուրբ: Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին» (Եբր. 13.4): ՈՒզում եմ ուշադրություն դարձնեք առաքյալի ասած վերջին խոսքերին. Աստված պիտի դատի շնացողներին ու պոռնիկներին, քանզի Տիրոջ ծառան ապագա ընտանիքի մաքրության, նույնիսկ ավելին՝ սրբության համար պայման է դնում. հեռու մնալ նախ շնությունից, որը նշանակում է անբան շան նման ում հետ ասես պղծվող կանանց ու տղամարդկանց միջամուսնական հարաբերությունները։ Իսկ պոռնկություն նշանակում է ամուսնացած զույգերի խառնակությունը այլոց հետ։ Եթե այս տեսանկյունից դիտարկենք ազգաբջիջ կոչվող այժմյան հայ ընտանիքները, ապա համարձակաբար կարող ենք ասել, որ մեր ազգն անկենսունակ է դարձել, քանզի շուրջբոլորն ընտանիքների սրբությունը ոտնակոխ է արվում կամ տղամարդկանց, կամ էլ կանանց միջոցով` սեղեխներ (սիրեկաններ բառի հնաոճ անունն է) ունենալով։ Նման մարդիկ եթե հավատային, որ այդ մարմնի «հաճելի» ժամանցը իրենց հոգիների համար հավիտենական դժոխքի տառապանքների դուռ է բացում, համոզված եմ, որ ամեն գնով կհրաժարվեին ամուսնական դավաճանությունից։ Քանզի նույն Պողոս առաքյալը շարունակում է. «Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են: Արդ, Քրիստոսի անդամներն առնելով՝ պոռնիկի անդամնե՞ր եք դարձնելու: Քա՛վ լիցի: Չգիտե՞ք, թե, ով մերձենում է պոռնիկին, նրա հետ մեկ մարմին է դառնում… Փախե՛ք պոռնկությունից: Ինչ մեղք էլ որ գործի մարդ, այդ իր մարմնից դուրս է. իսկ ով պոռնկանում է` իր մարմնի դեմ է մեղք գործում: Չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն ստացել եք Աստծուց. և դուք ձեր տերը չեք, քանզի մե՛ծ գնով գնվեցիք»: Իսկ այդ մեծ գինը, որ վճարված է մեր փրկության համար, Հիսուսի անգին Արյունն է, որ թափվեց մարդկության մեղքերին քավություն լինելու համար։
Այսչափ հոգևոր խորհուրդներն ընտանիքի վերաբերյալ գրվեցին, որպեսզի այսուհետ իմանանք, թե ինչու են մեր աչքի առաջ արագորեն դեգրադացվում և ուծացվում ազգերը, մանավանդ եվրոպական պետությունների, հանձինս Ֆրանսիայի ու Գերմանիայի։ Եվրամիության այս առաջատար ազգերն ազգապահպանման լուրջ խնդիրներ ունեն իրենց առջև, քանզի շուտով այլազգային արյունը կգերակշռի բուն ազգի արյան գենոֆոնդին, և աստիճանաբար այդ ազգերը կտարրալուծվեն մուսուլմանական ուժեղ, կայուն և կենսական պոտենցիալ ունեցող ազգերի հետ։
Ինչո՞ւ այդպես, ի՞նչն է պատճառը, որ հզոր տնտեսական ու մտավոր կարողություններ ունեցող ազգերն արդեն ընկճվում են առավել աղքատ այլազգիների առջև, այն էլ անհույս հեռանկարով։ Կարծում եմ, որ շատերին արդեն հասկանալի է դրա բուն պատճառը. եվրոպական երկրների ազգաբջիջ ընտանիքներն անբուժելի հիվանդությամբ են տառապում, այսինքն` Արարչական կամքին են հակառակվում և չեն բազմանում։ Իսկ մուսուլմանական ազգերն օր ու գիշեր հենց դրանով են զբաղված, նույնիսկ դրա համար մի քանի կանայք պահելով։ Այդ պատճառով արդեն հյուծված ազգերն իրենց մարմնավոր քանակն ապահովելու համար ստիպված «ներմուծում» են դոնոր ազգերի ընտանիքների, որոնք մեծ մասամբ հետամնաց են ու անկիրթ, բայց և միաժամանակ խիստ կուռ ու «նախրա-հոտային» բնազդով միասնական։ Նույնիսկ մի անգամ ինտերնետային տեսահոլովակով ցույց են տվել, թե ինչպես են Փարիզի մուսուլմաններն իրենց ցերեկային նամազը կատարելու համար փակել փողոցներից մեկի մայթերը, և բոլորը միասնաբար, ծնկաչոք երկրպագում էին ալլահին։ Եվ իրենց համար սուրբ համարվող այդ պահին հանկարծ մի ֆրանսուհի «համարձակվել է» անցնել այդ մայթով, ինչի համար ֆանատիկ մուսուլմանները դնգստել են «հանդուգն ու անկիրթ» ֆրանսուհուն։ Իսկ նմանաբնույթ ինտերնետային կայքում մի անգամ էլ տեսա, թե ինչպես Գերմանիայում մուսուլման թուրք տղաները, ինչ-որ հարցում իրենց արգելող կին-ոստիկանների առաջ կանգնած, լկտի սեռական հայհոյանք հիշեցնող շարժումներ էին անում, անպատիժ անարգելով համրացած, օրենքի կարգ ու կանոն պահպանողներին։ Եվրաազգերը, ինչպես ասում են, «դեռ տաք են» ու չգիտեն, թե ինչեր են տեսնելու բացիլների նման բազմացող այդ այլազգիներից։
Չկարծենք, թե այս արծարծվող հարցում աշխարհի մնացած առաջնակարգ պետությունները բարվոք վիճակում են, քանի որ ապրուստի շատությունը միշտ էլ հեշտասիրության մեղքի մեջ է գցում դրանցից անզգուշությամբ օգտվողներին, ինչպես որ կրակը լավ բան է, երբ դրանից զգուշաբար ես ջերմություն ու լույս վերցնում, իսկ հակառակ դեպքում այն կայրի ու կոչնչացնի քո ունեցածը, նաև քեզ։ Դրա ամենահայտնի օրինակը Աստվածաշնչային Սոդոմն ու Գոմորն են, որոնց մասին գրված է, որ նրանք հացի կշտություն ունեցան, ու կանանց ցանկությունը թողած, միմյանց դարձան։ Նույնիսկ աշխարհի շատ ազգերի համար հիացմունք դարձած երկիրը՝ Ճապոնիան, ընտանեկան հարցերում «կաղում» է, և դրանց միջի բարքերը, մեղմ ասած, հեթանոսականից չեն տարբերվում, ու այնտեղի ծերացած ծնողները բեռ ու ավելորդություն են դառնում, այդ պատճառով դրանց ինքնասպանությունը ցավալի թվերի է հասնում։ Այնպես որ կայուն ընտանիքի հիմնահարցերից մյուսը ծնողների հանդեպ ունեցած երիտասարդ ամուսինների դիրքն է։ Եթե Աստծո պատվիրաններից հինգերորդը` «Հարգիր, պատվիր քո ծնողներին, որպեսզի բարիք գտնես ու երկար օրեր տեսնես» պահեն, ապա Տերն էլ Իր խոստումը կպահի, ու այդ ընտանիքին չի թողնի քայքայվել։ Հակառակ դեպքում նման անառակ զավակներին այս խոսքի հետևանքն է սպասում. «Այն աչքը, որ արհամարհում է հորը և անարգում մոր ծերությունը, ձորի ագռավները պիտի հանեն, ու արծիվների ձագերը պիտի հոշոտեն նրանց» (Առակներ 30.17)։ Այստեղ ագռավներն ու արծվի ձագերը նաև հոգևոր իմաստ ունեն, որ նշանակում է, նման անառակ ու ամբարիշտ զավակների ընտանիքները Աստծո անեծքի տակ են մտնում և դևերն ու չարքերը պիտի նրանց հալածեն, չարչարեն, և նրանց հետագա սերունդներին նույնպես դժբախտությունների հասցնեն։ Այնպես որ, հարգելի ընթերցող, ընտանիքիդ բարօրության հարցերում նաև շատերից անտեսված այս կողմն էլ քննարկիր։
Ընտանիքի հարցերը դիտարկելով, քաղաքական և ազգային լուրջ հարցերի քննարկմանն ենք անցնում, քանզի, ինչպես հասկացանք, մեկը մյուսին սերտաճած խնդիրներ են։ Այլապես շատ եվրաազգերի նման (իհարկե, Աստված թող մեր պետական այրերին Իր սուրբ վախով սաստի գոնե այդ հարցում), արդեն միասեռականներին պետական հովանավորությամբ «կամուսնացնենք», դեռ մի բան էլ ավելի, դրանց թույլ կտանք որբացած երեխաներ որդեգրել, և մանկապարտեզներում ու դպրոցներում կարգելեն մամա, պապա բառերն արտասանել։
Եթե ուզում ենք այս խառնակ ու վտանգավոր ժամանակներում մեր ազգային դարավոր գենոֆոնդը հնարավորինս անաղարտությամբ պահպանել, ապա համապետական և լուրջ ծրագրեր մշակելու ժամանակն է եկել երբեմնի մեր ազգային հարստությունը՝ քրիստոնեական ընտանիքը, վերականգնելու, առողջացնելու և զորացնելու միջոցներ ձեռնարկել։ Քանի հիվանդությունը համաճարակի չի վերածվել, պետք է դրա դեմն առնող լրջախոհ ու կտրուկ քայլեր մտածել։ ՈՒ նմանատիպ ահազանգերը թող «ձայն բարբառո անապատի» չվերածվեն, այլ յուրաքանչյուր հայորդի իր հնարավորության ծիրում, սկսած իրենց իսկ ընտանիքներից, իր կարողացածը գործադրի։
Հայոց եկեղեցին այս հարցի վերաբերյալ արդեն իր քայլերը սկսել է, ստեղծելով հայորդաց տներ, բազմաթիվ խմբակներ, մանուկների հոգևոր դաստիարակության միջոցառումներ կազմակերպելով, ինչպես նաև երիտասարդական քրիստոնեական կրթության աշխատանքներ է իրագործում, և նույնիսկ այդ հարցով ազգի ամենասիրելի սրբերից մեկին՝ սուրբ Սարգսին «օգնության կանչեցին» և նրա անվան տոնակատարությունը Երիտասարդների օրհնության տոն հայտարարվեց։ Բայց, ինչպես տեսնում ենք, այդ ամենը դեռ քիչ է, քանզի, ըստ մեր իմացած տվյալների, մեր ազգի մեջ կատարվող ընտանիքների ամուսնական բաժանությունները տագնապալի թվերի են հասել։ ՈՒ հեռու չէ այն օրը (իհարկե, Աստված չանի), որ այդ հարցում էլ ընդօրինակենք «առաջնակարգ ու զարգացած» եվրաարժեքներին, և արդյունքում կունենանք այն, ինչ հիմա ունի վերը թվարկված երկրների տխուր պատկերը։ ՈՒրեմն, Հայոց եկեղեցու հոգևոր ջանքերին, կարծում եմ, պետք է միանան նաև ազգի առողջ մտավոր ուժերը, որոնք, եթե խոստովանելու լինենք, այժմ ոչ թե ազգապահպան ջանքեր են գործադրում, այլ ազգապղծության, մուսուլմաններից ու կոմունիստներից ավելի չարությամբ ու եռանդով։ Հարգելի մտավորական հայորդի, եթե ասածս խիստ ու անհիմն է թվում, ապա հենց հիմա միացրու տանդ հեռուստացույցը և ալեփոխիչով անցիր ցուցադրվող ծրագրերի բնույթից, որոշիր՝ ճի՞շտ եմ, թե՞ ոչ։ Այն, ինչ տեսար՝ սպանություններ, բռնություններ, այլասերվածություններ, անբարոյական ու գողական հարաբերություններ գովազդող ծամոն-սերիալներ, անճաշակ ու թրքաբույր երաժշտական հոլովակներ, դրանք բոլորը հոգևոր առումով ախտավոր բարքերի մի լայնահորդ կոյուղի է, որ մենք հոժարակամ բաց ենք թողնում մեր իսկ ընտանիքները «ոռոգելու», սկսած մանուկներից։ Իսկ թե ինչ պտուղներ ենք ստանալու այդ երեխաներից, երբ նրանց նման աղբաբույր հաղորդումներով ենք «պարարտացնում», արդեն հասկանալի է։ Այնպես որ, Տիրոջ խոսքերը` «Ինչ ցանում ենք, այն էլ հնձելու ենք», «Եվ քամի ցանողը փոթորիկ է հնձելու», դեռ չեն հնացել։ Իսկ ինչ որ տեսնում ենք այժմ մեր շրջապատում, արդեն այդ «պտուղներն են». օրը ցերեկով այգիներում ու փողոցներում, անցորդների աչքի առաջ, շատ ժամանակ էլ հենց եկեղեցիների պատերի տակ, մեր ազգի ապագա «անարատ ընտանիքի» զույգերն իրար գրկում նստած, երկարատև ու ինքնամոռաց համբուրվող «մինիսեքսով» են զբաղված։ Կամ էլ մինչ հարսանեկան առագաստ մտնելը, միմյանց «համտեսելը», կուսությունը որպես հետամնացության միավոր համարող և ֆիզիկական համապատասխանության «թեստի» անվան տակ խառնակ անկողիններով պղծվելը, ու դեռ չամուսնացած, բայց արդեն աբորտով իրենց ապագա երեխաներին սպանելը, ու վերջապես, ամենախայտառակ փաստը՝ միասեռական զույգերի ահագնալից թվով շատանալը եթե ոչինչ չեն ասում մեզ, ապա կամ քնած ենք մտագարի լեթարգիկ քնով, կամ էլ անտարբերության խցաններով ծեփել ենք մեր զգայարանները։ Եթե ինչ-որ մեկն այդքանից հետո սպասում է, որ նման զույգերից կազմված ապագա ընտանիքը կհաղթահարի սպասվող կենցաղային բնական դժվարությունները, կամ էլ մարդկության համար այդպես էլ անլուծելի համարվող՝ հարս ու սկեսուր, փեսա ու զոքանչ հարաբերությունները, ապա նման ձևով մտածողը կամ մեծ լավատես է (ու շատ կուզենայի իմանալ դրա պատճառը), կամ էլ մուգ վարդագույն ակնոցով է դիտում շրջապատը։
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1162

Մեկնաբանություններ