ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Հայաստան

Հայաստան
11.05.2012 | 00:00

Բենիկ ՎԱՐԴԱՊԵՏ

Երանի՜, բյո՜ւր երանի այն օրերին... Աչքիս առաջ փռված էր իմ հայրենիքը` գարնան օրերին իր զմրուխտ զգեստով զարդարված։

Հուժկու լեռներն իրենց սպիտակափառ գագաթներով երկնքի կապուտակ ծոցում էին հանգչում։

Նրանց ուսերի վրա հերարձակ կույսի վարսերի նման ազատ անտառներն էին տարածվում։

Նրանց լանջերին բյուրերանգ բուրումնավետ ծաղիկներով ցանված արոտների մեջ գառն ու մաքին էին կայտառում։

Նրանց սիրառատ ստինքներից դրախտային աղբյուրների զուլալ ջրերն էին ծափ տալով վազում ներքև` ցողելու ծաղիկները, ջրելու գառներին։

Գառան մայունի, աղբյուրի կարկաչի միջից բարձրանում էր հովվի սրնգի գեղգեղանքը։

ՈՒրախ էր հովիվը, ուրախ էին սարվորն ու բերվորը։

Բարդ-բարդ լեռների պատվանդանի մոտ, ուր գետերն են գալարվում, նրանց սրունքները քերում, շոյում, շաղոտ-ցողոտ հովիտներում երկրագործի եզն ու գութանը, մանգաղն ու գերանդին էին անդադրում գործում։

Գյուղերը` շեն, տները` շեն ու բարելից։

Քաղաքներում` կյանքը եռուն, առևտուրը` ճոխ, արհեստները` բազմազան։

Հայոց աշխարհը` շտեմարան բյուր բարիքի, հյուրընկալ հարկ` օտարների համար, նույնիսկ` կերակրիչ տիրող բռնավորների, ավազակաբարո հարևանների։

Համբերատար աշխատասիրության գրկում ծաղկող հայոց աշխարհ, իմ քաղցր հայրենիք։

Բայց... Վա՜յ ցնորամտությանս, դա վաղո՜ւց էր...

Նախանձոտ բախտին շատ երևաց հայի երջանկությունը։

Մի չարաբաստիկ օր դիվաբնակ այրերից մեգն ու մառախուղը հոսեցին, ծանր ու թանձր քողով ծածկեցին Հայաստանի սիրուն երեսը։

Լեռներն ամպերից ծածկոց առան, դաշտ ու անդաստան խավարի մեջ մտան։

Բարձրացան ահեղ մրրիկներ, հուժկու թափով անցան լեռներով ու հովիտներով ու փետեցին ծառ ու անտառ։

Նրանց ահռելի շնչից դարավոր կաղնիների մեջքը ծալվեց, ճյուղերը կոտորվեցին ու թոթափեցին։

Երկնքի սահանքները բացվեցին, հեղեղներ իջան երկրի վրա, կործանեցին գյուղ ու քաղաք, շեն ու ապարանք։

Երկնքի մի ծայրից մյուսը ճոռեցին հրեղեն գետեր, որոնց հոսանքով սարսռեցուցիչ որոտով անցավ երկնի կառքը` մահվան թագավորը մեջը կանգնած։

Ձիերը` կմախք, կառքը` կմախքներից շինված, տերը` կմախք։

Սա անցավ իմ հայրենիքի վրայով. նա մի ձեռքով մահ էր ցանում, իսկ մյուս ձեռքի գերանդիով կյանք էր հնձում։

Նրա գերանդու բերանից խոտի ծորերի նման թանձր ծորերով ընկան այր ու կին, ծեր ու երիտասարդ, մայր ու մանուկ, հարուստ ու աղքատ։

Մահը իմ հայրենիքի կյանքը հնձեց։

Հայաստանը` կյանքի օրրանը, այժմ միայն գերեզմանատուն է դարձել։

Ավեր Հայաստանը` այս անօրինակ ընդարձակ գերեզմանատունը, այժմ ծածկված է խաչերով։

Մեռելության խաչեր` մահվան թագավորության հաղթական նշաններ, որոնք զարդարում են Մահվան անցած ճանապարհը։

Տեղ-տեղ միայն մահամերձի հևքով խաչերի պատվանդանը գրկած սգավոր մայրեր` վայող բուերին ձայնակից։

Ահա այժմ իմ հայրենիքը։

ՈՒ մոլորված, քարացած աշխարհիս վրա քար կտրած հարցնում եմ` հայրենի՜ք, ո՞վ կործանեց քեզ, ո՞ր ձեռքը վայրագ։

«Տարազ», 1916 թ., թ. 1

Հրապարակման պատրաստեց

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆԸ

Դիտվել է՝ 1302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ