«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԶՐՈՒՅՑ «ՌԱԴ ԵՆ ԱՆԵԼՈՒ» ԹԵՄԱՅՈՎ

ԶՐՈՒՅՑ «ՌԱԴ ԵՆ ԱՆԵԼՈՒ» ԹԵՄԱՅՈՎ
01.05.2012 | 00:00

Երբ լսում ես ընտրական այս մարաթոնում մեր պարտայգենոսեների ելույթները, ակամայից հարց է առաջանում. ինչո՞ւ ԱԺ-ի ընտրությունները չանցկացնել ամեն տարի, որպեսզի թույնի ամենամյա արտանետում կատարվի, թե չէ այն այնքան է կուտակվում չորս տարի շարունակ, որ ոմանց բերանից հնչած խոսքը ոչ թե տանելի (յուրաքանչյուրս այս կամ այն չափով թույնի չափաբաժին ունի), այլ ուղղակի նման է այնպիսի արտանետման, երբ նշտարով բացում եմ հասունացած թարախի պալարը:

Նկատել եմ, որ նման չարությամբ խոսում են նրանք, ովքեր կորցրել են կուշտ ստամոքս կերակրող երանելի պաշտոնը, կամ էլ, որպես քաղաքական գործիչ, սպառել են իրենց և գնում են վաբանկ:

Այդպես սկսեցի մտածել, երբ Արտաշատ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ լսեցի ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի ելույթը: Ելույթում մասնավորապես կոչ արեց իրենց (այսինքն` ընտրողներին) տղամարդու պես պահել, չվախենալ մարզպետից (կարծես մարզպետը բոբո է, որ կարող է հարմար պահին փոր թափել- Ս. Հ.), որովհետև եթե մարզպետը չկարողանա ձայներ տանել իր կուսակցության համար, հենց այդ կուսակցության պարագլուխները նրան «ռադ են անելու»: Անկեղծ ասած, մի պահ չհավատացի լսածիս, բայց երբ հաջորդ օրը «Առավոտում» կարդացի վերոհիշյալ տողերը, սկսեցի ինքս ինձ հարցեր տալ:

-Ընկեր Աղվան, որտեղի՞ց այդքան չարություն և կոպտություն բանասերիդ մեջ:

Ինչո՞ւ ես այդքան ատելություն ցանում շրջապատում մեկի նկատմամբ, որը ծառայություններ ունի, և այն էլ անձնուրաց, երկրին մատուցած: Ասեմ, Աղվա՛ն, որ Արարատի մարզպետ Էդ. Բարսեղյանին ավելի վաղ գիտեմ, քան քեզ: Որպեսզի չմտածես, թե վախկոտություն եմ ցուցաբերում (հազիվ թե, որովհետև ինձ լավ գիտես, և այդ մասին փոքր-ինչ հետո), ասեմ, որ ես որպես զոնալ դատախազ երկար տարիներ շփվել եմ Բարսեղյանի հետ, գործի բերումով հաճախ եմ ստուգել նրա կատարած աշխատանքները և կարող եմ ասել, որ փայլուն աշխատող է: Սակայն Բարսեղյանի տիպը մնացել է իմ մեջ ոչ թե որպես փայլուն աշխատողի, այլ որպես հայի, պատերազմի ծանր տարիներին որակներ ցուցաբերած ղեկավարի: Երբ ազերիների ինքնաթիռը ռմբակոծեց Կապանը, և միլիցիայի շենքից փոքր-ինչ հեռու շենքի բակի «բեսեդկայում» միանգամից տասնվեց մարդ զոհվեց, և հաջորդ օրը (ես արդեն գործուղման էի մեկնել Կապան) խուճապի մատնված Կապանը դատարկվում էր, տողերիս հեղինակը նրա, դատախազի հետ շրջում էր քաղաքում միայն մեկ բանի համար, որ ժողովուրդը տեսներ` կյանքը շարունակվում է, որ Կապանը չի հանձնվելու, որ պետք չէ խուճապի մատնվել: Եվ հետո թե այդ մարդը ինչպես, որտեղից և ինչ միջոցներով և ում միջոցով զենք էր հայթայթում քաղաքի պաշտպանության համար, դու չգիտես: Աղվա՛ն, երբ Էդ. Բարսեղյանն առաջին գծում կռիվ էր տալիս այս երկրի հողի համար, դու Երևանում թերթ էիր խմբագրում, որի էջերում տպագրվում էին դատախազիս հոդվածներն Օքյուզի, Լիսկայի, Անդրանիկ Քոչարյանի և այլոց անբարո վարքագծի մասին: Այսինքն` բոլորս այս կամ այն չափով կռիվ էինք տալիս երկրի ամրապնդման համար: Եթե այսօր մենք տարբեր կուսակցական տոմսեր ունենք, ապա դա չի նշանակում, որ վաստակ ունեցող մարդուն կարելի է «ռադ անել»: Այսօր էլ Բարսեղյանն Արարատի մարզում իր աշխատանքով, կարող եմ հաստատ ասել, վայելում է ժողովրդի հարգանքն ու սերը: Ասեմ, նա այն վաստակել է իր անբասիր աշխատանքով:

Աղվա՛ն, մենք ընդհանուր թշնամի ունենք, և մեզնից ոչ մեկն իրավունք չունի անբարո մթնոլորտ ստեղծել ու երկրում: Աղվա՛ն, դու գիտես, թե ես որքան եմ կռիվ տվել քո կուսակցությունը փակողի դեմ, որքան եմ օգնել` տարբեր թերթերում ձաղկելով Լևոնին, որքան եմ օգնել այն ծանր օրերին, երբ կուսակցությունը վարկաբեկելու համար սարքեցին (լավ գիտես, թե ով) Համբարձում Գալստյանի սպանությունը և ձերբակալեցին բոլորովին անմեղ մի դաշնակցականի` Միքայել Մանուկյանին: Թե որքան եմ օգնել նրա հորը, հարցրու Միքայելին: Երբ դուք նեղն էիք, ես ձեր կողքին էի (թեպետ երբեք դաշնակցական կուսակցության անդամ չեմ եղել), բայց երբ եկաք իշխանության, հեռացա ձեզնից, իսկ մինչ այդ հեռացվել էի դատախազությունից: Իմ հանդեպ քո վարքագծի մասին չեմ ուզում խոսել: Միայն մի խոսքով կասեմ` անազնիվ գտնվեցիր, անազնիվ գտնվեց նաև Վահան Հովհաննիսյանը: Երբ նա ճաղերի հետևում էր, դատախազս իր գրչով ազատում էր նրան, հանում ճաղերի վանդակից և տեղը նստեցնում գլխավոր դատախազին, Լևոնի կամակատար Արտավազդ Գևորգյանին: Ինձ հեռացրին աշխատանքից: Դուք եկաք գործի, մոռացաք ամեն ինչ:

Հիմա դառնամ ձեր` իշխանությունում եղած տարիներին, հիշելով մի մարզպետի: Անունը չեմ ուզում տալ: Երբ նրա նկատմամբ քրեական գործ էին հարուցել, քո պարտայգենոսեներից մեկը Քոչարյանի կաբինետից դուրս չէր գալիս, մինչև օրինական հարուցված քրեական գործը անօրինական կարճվեց:

Ասեմ, Աղվա՛ն, Բարսեղյանը երբեք քրեական գործ չի շալակի, որովհետև նրա մեջ առաջին գծում պետական մտածողությունն է: Այն էլ ասեմ, Աղվա՛ն, Արարատի մարզպետարանում կոռուպցիա չկա: Չհավատալը քո իրավունքն է: Հանուն ճշմարտության պիտի ասեմ, Աղվա՛ն, որ ես գյուղապետ եմ ընտրվել ազնիվ դաշնակցականների աջակցությամբ: Այսինքն` նրանք պայքարել են մեկ անգամ թույլ տված ընտրակեղծիքների դեմ: Ես այսօր էլ հարգում եմ այդ կուսակցության լավագույն տղաներին: Դրանցից մեկն էլ Բերքանուշի գյուղապետն է: Բայց պայքարը պայքար է:

Երբ լսում էի Աղվան Վարդանյանի խոսքը մտավորականների հետ հանդիպման ժամանակ, նորից մեջս հարցեր էին առաջանում: Պարզվում է, ըստ նրա, ազգի մեջ 5 %-ն էլիտա է, 5 %-ը` սրիկա: Բնականաբար, նա իրեն առաջին հինգ տոկոսում է դնում: Սակայն ուզում եմ հարցնել, բանասեր ընկեր, դու քեզ անտիկ աշխարհի գրականության ո՞ր հերոսի հետ կհամեմատեիր: Ըստ իս, հավանաբար, ոչ մեկի, որովհետև մեր երկրում չկա որևէ էլիտար գործիչ, որ ընդունակ լինի գնալու անձնազոհության հանուն երկրի փրկության:

Կուզենայի խոսքս վերջացնել` հիշելով մեծն Թումանյանին, սակայն նրա խոսքերը փոքր-ինչ փոխելով.

-Շա՜տ է հեռու դեպի էլիտարը մեր ճամփեն:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Հ. Գ. -Աղվա՛ն, Էդ. Բարսեղյանն անպայման կհաղթի այս պայքարում: Որ չշահի էլ, նրան «ռադ չեն անելու», իր կուսակցության հետ կգնա ընդդիմադիր դաշտ: Բայց մտածում եմ քո մասին, եթե դու չշահես...

Դիտվել է՝ 1575

Մեկնաբանություններ