Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԵՍՏ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ Է ԾՐԱԳՐՈՒՄ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԵՍՏ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ Է ԾՐԱԳՐՈՒՄ
11.11.2011 | 00:00

Ցանկացած երկրի ֆինանսական համակարգը հիմնված է տնտեսության իրական հատվածի վրա, միաժամանակ ծառայելով և սպասարկելով արտադրության և ծառայությունների ոլորտները: Այլ խոսքով, ֆինանսական համակարգի համար հույժ կարևոր նշանակություն ունեն տնտեսության զարգացման առաջնահերթությունները, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կառուցվածքն ու աճի ակնկալվող տեմպերը:
Համաձայն կառավարության կանխատեսումների, 2012 թվականի համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 4,2 %: Ընդ որում, արդյունաբերությունը կաճի 7,5, գյուղատնտեսությունը` 4,0, շինարարությունը` 2,5, ծառայությունները` 3,5, և արտադրանքի հարկերը (հանած սուբսիդիաներ)` 4,0 %-ով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է վերականգնման փուլում, բնական է ակնկալել հիշատակված տնտեսական ցուցանիշների ավելի բարձր աճի տեմպեր: Ակնհայտորեն հայրենի կառավարությունը համեստ ցուցանիշներ է ծրագրում` դրանք հընթացս գերակատարելու անթաքույց միտումով:
Հատկանշական է, որ այս տարվա տնտեսական ակտիվության աճին զուգընթաց արդեն ակնկալվում է գործազրկության մակարդակի աստիճանական նվազում, որը կարող է պահպանվել նաև 2012 թվականին` հասնելով 6,3 %-ի: Բացի այդ, մինչև տարեվերջ միջին ամսական անվանական աշխատավարձը 2010 թվականին գրանցված ցուցանիշի նկատմամբ աճել է 6,1 %-ով, իսկ պաշտոնական տվյալներով` ընթացիկ տարվա անցած յոթ ամիսներին տնտեսության պետական և ոչ պետական հատվածներում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է համապատասխանաբար` 90212 և 138379 դրամ, միջին աշխատավարձը` 112180 դրամ:
Գաղտնիք չէ, որ տնտեսության աշխուժացման հարցում կարևոր նշանակություն ունի համախառն պահանջարկի ցուցանիշը: Հիշեցնենք, որ 2006-2008 թվականների ընթացքում սպառումը միջին հաշվով աճել է 8,6 %-ով, իսկ իրական ՀՆԱ-ն` 11,3 %-ով: Ճգնաժամային` 2009 թվականին վերջնական սպառումն իրական արտահայտությամբ նվազել է 4 %-ով: Ինչ վերաբերում է 2010 թվականին, ապա վերջնական սպառումն իրական արտահայտությամբ աճել է 4 %-ով, իսկ այս տարվա ինն ամիսներին վերջնական սպառումն իրական արտահայտությամբ աճել է 1,2 %-ով: Միաժամանակ, 2006-2008 թվականներին կապիտալ ներդրումները միջին հաշվով աճել են 21,5 %-ով: Ինչ վերաբերում է ճգնաժամային` 2009 թվականի տվյալներին, ապա տնտեսության ընդհանուր անկման պայմաններում իրական կապիտալ ներդրումները կրճատվեցին 30,9 %-ով` ի հաշիվ մասնավոր ներդրումների 37,4 % իրական նվազման: Սակայն հետաքրքրական է, որ նույն ժամանակահատվածում պետական կապիտալ ներդրումներն աճել են շուրջ 11,5 %-ով, ինչը հիմնականում պայմանավորված է կառավարության կողմից իրականացվող ընդլայնող տնտեսական քաղաքականությամբ: 2010 թվականին իրական կապիտալ ներդրումներն աճել են 2,9 %-ով, իսկ 2011 թվականի ինն ամիսներին իրական արտահայտությամբ դրանք աճել են մոտ 0,3 %-ով:
Ինչպես համախառն պահանջարկը, այնպես էլ կապիտալ ներդրումներն ու հարակից այլ ցուցանիշները չեն կարող իրենց ազդեցությունը չթողնել ապրանքների գների մակարդակի վրա: Բացառությամբ 2007, 2009 և 2010 թվականների, երբ գրանցվեցին գնաճային աննախադեպ տատանումներ, գնային փոփոխականների առումով վերջին տարիներին սպառողական գները հիմնականում կայուն են եղել` չգերազանցելով 4+_1,5 % նպատակային միջակայքը: Հիշեցնենք, որ 2007 թվականին սպառողական գների մակարդակը տարեվերջին կազմել է 6,6, 2009 թվականին` 6,5, 2010 թվականին` 9,4 %: 2011 թվականի որոշ ամիսներին արձանագրվել է անգամ գնանկում, ինչը հիմնականում պայմանավորված է եղել պարենային ապրանքների (ներառյալ` ոգելից խմիչք և ծխախոտ) գների 2,1 % նվազմամբ, ոչ պարենային ապրանքների գների 1,9 և ծառայությունների սակագների 2,2 % աճով: Նշված զարգացումները թույլ են տալիս 2011 թվականի համար ակնկալել սպասվածից ցածր գնաճ: Հավելենք նաև, որ, գյուղմթերքի անցյալ տարվա թանկացման ֆոնի վրա, այս տարի դրանց մի մասի գները զգալի անկում ապրեցին:
Ֆինանսական շուկայի զարգացումները ևս իրենց որոշակի ազդեցությունն են թողել տնտեսության ընդհանուր վիճակի վրա: Այսպես, եթե 2010 թվականին փողի զանգվածի աճը կազմել է 11,8 %, ապա 2011 թվականի միայն առաջին կեսին այն աճել է 25,3 %-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Ինչ վերաբերում է փողի բազային, ապա 2010 թվականին այն նվազել է 0,8 %-ով, իսկ 2011 թվականի հուլիսին աճել է 21,9 %-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Այս ամենն իր անդրադարձն ունեցավ նաև բանկային համակարգի և առևտրային բանկերի գործունեության վրա: Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին տրված վարկերը, համաձայն պաշտոնական վիճակագրության, 2010 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ նախորդ տարվա համեմատ ավելացել են 214,6 մլրդ դրամով կամ 29,2 %-ով: 2011 թվականի հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ վարկերն ավելացել են 310,7 մլրդ դրամով (38,2 %): Ըստ այդմ, 2010 թվականի վերջի դրությամբ 2006-ի թվականի համեմատ արդյունաբերության ոլորտին տրված վարկերի կշիռն ընդհանուր վարկերի մեջ աճեց 5,8 %-ային կետով, սպառողական վարկերինը նվազեց 11,5 %ային կետով, շինարարությանը` աճեց 3,4 %-ով: Տնտեսության մյուս ոլորտներում զգալի փոփոխություններ չեն արձանագրվել:
Կարևոր է հաշվի առնել նաև վարկավորման տոկոսադրույքի տատանումների ազդեցությունը: 2011 թվականի հուլիսին առևտրային բանկերի դրամով տրամադրված վարկերի տոկոսադրույքները կազմել են 17,24 %` 2010-ի հուլիսի 18,32 %-ի համեմատ, իսկ 2011 թվականի համար փողի բազայի և զանգվածի աճն ակնկալվում է համապատասխանաբար 16,2 և 15,1 %:
Ի վերջո, կարևոր է անդրադառնալ նաև արտաքին աշխարհի հետ առևտրատնտեսական կապերին, ինչն արտացոլվում է երկրի վճարային հաշվեկշռում: Հատկանշական է, օրինակ, որ մինչճգնաժամային տարիներին իրականացված տնտեսական և արժութային քաղաքականությունների արդյունքում ընթացիկ հաշվի պակասուրդը զգալիորեն կրճատվեց: Սակայն պետք է հաշվի առնել, որ 2009 թվականին, ճգնաժամի խորացմանը զուգահեռ, ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ կրճատվեց 26,5, արտահանումը նվազեց 32,7, իսկ ներմուծումը` 25,0 %-ով: Արդյունքում, 2009 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդը խորացավ` կազմելով ՀՆԱ-ի 15,8 %-ը: Ինչպես հետխորհրդային մի շարք երկրներում, Հայաստանում ևս, 2010 թվականից սկսած, համաշխարհային, ինչպես նաև ՀՀ տնտեսության վերականգնմանը զուգընթաց, արտաքին առևտրի ցուցանիշները փոքր-ինչ բարելավվեցին, և գրանցվեցին աշխուժացման որոշ միտումներ: Այսպես, 2010 թվականին տեղի է ունեցել արտահանման և ներմուծման դոլարային ծավալների աճ: Ըստ որում, արտահանումն աճել է 57, ներմուծումը` 13,4 %-ով:

Ապրանքների և ծառայությունների արտահանման և ներմուծման ծավալների տատանումները ներկայացված են ստորև բերված գրաֆիկներում


Արտաքին հատվածին առնչվող մնացած կարևորագույն ցուցանիշները ներկայացված են աղյուսակում
Արտաքին հատված (մլն ԱՄՆ դոլար) 2008 2009 2010 2011 2012
կանխատեսում
Ապրանքների — ծառայությունների
արտահանում 1757 1338 1937 2342 2629
Ապրանքների — ծառայությունների
ներմուծում -4748 -3688 -4212 -4580 -4802
Ապրանքների արտահանում 1112 749 1175 1505 1708
Ապրանքների ներմուծում -3776 -2830 -3208 -3529 -3712
Ապրանքների արտահանման աճ, % -7,1 -32,7 57,0 28,0 13,5
Ապրանքների ներմուծման աճ, % 35,0 -25,0 13,4 10,0 5,2
Բերված ցուցանիշները վկայում են, որ վերջին չորս տարիներին նկատվում է արտահանման տեմպերի որոշակի աճ, մասնավորապես, դրանք ավելին են, քան ներմուծման աճի տեմպերը: Այսպիսով, ակնհայտորեն ուրվագծվում են այն նախադրյալները, որոնք կարող են իրացվել ներմուծման փոխարինման քաղաքականության միջոցով և տնտեսությանը հաղորդել ավելի դինամիկ աճի տեմպեր:
Հավելենք նաև, որ 2011 թվականի հունվար-հուլիսին ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 13,5 %-ով, ընդ որում, արտահանումն աճել է 31,4 %-ով` կազմելով 709,5 մլն դոլար, իսկ ներմուծումը` 8,7 %-ով` կազմելով 2196,3 մլն դոլար: 2011 թվականի հունվար-հուլիսին ապրանքների գծով արտաքին առևտրի բացասական մնացորդը կազմել է 1148,5 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ նվազելով 61,4 մլն ԱՄՆ դոլարով կամ 5,1 %-ով:
Կարևոր է նկատել, որ 2011 թվականի հունվար-հուլիսին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 26,7 %-ը բաժին է ընկել ԱՊՀ և 33,8 %-ը` ԵՄ երկրներին։ 2010 թվականի համապատասխան ժամանակահատվածում նշված երկրների տեսակարար կշիռները կազմել են 27,6 և 31,7 %: Մեր կանխատեսմամբ` այս ցուցանիշները, ընդհանուր առմամբ, կարող են պահպանվել, իսկ ԱՊՀ տեսակարար կշիռը կարող է աճել այս տարվա հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում ստորագրված համաձայնագրով հետխորհրդային տարածքում ստեղծվելիք ազատ առևտրի գոտու ձևավորմանը զուգահեռ:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2003

Մեկնաբանություններ