Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ԱՍՏՎԱ՛Ծ ԻՄ, ԱՍՏՎԱ՛Ծ ԻՄ, ԻՆՉՈ՞Ւ ԹՈՂԵՑԻՐ ԻՆՁ»

«ԱՍՏՎԱ՛Ծ ԻՄ, ԱՍՏՎԱ՛Ծ ԻՄ, ԻՆՉՈ՞Ւ ԹՈՂԵՑԻՐ ԻՆՁ»
26.03.2010 | 00:00

Միտրոպոլիտ Անտոնի ՍՈՒՐՈԺՍԿԻ

ՀԱՆՈՒՆ ՀՈՐ ԵՎ ՈՐԴՈՒ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ
Կիրակիից մինչև Զատիկ ընկած օրերը կոչվում են Ավագ շաբաթ, և շաբաթվա յուրաքանչյուր օրն էլ «ավագ» անունն է կրում։ Այս օրը Քրիստոսը, հանդիսությամբ մտնելով Երուսաղեմ, մուտք է գործում ոչ միայն Իր չարչարանքների, այլև այն սարսափելի մենության մեջ, որը Նրան կպատի Ավագ շաբաթվա բոլոր օրերին։ Այն սկսվում է թյուրիմացությամբ։ Մարդիկ սպասում են, որ Տիրոջ մուտքը Երուսաղեմ կլինի քաղաքական, ժողովրդական առաջնորդի հանդիսավոր շքերթ, որը կազատի սեփական ժողովրդին լծից, ստրկությունից, այն բաներից, ինչն իրենք համարում էին անաստվածություն, քանի որ հեթանոսական, կռապաշտական ամեն բան Կենդանի Աստծո մերժումն է։ Այդ մենակությունն այնուհետև կմեծանա նույնիսկ Իր աշակերտների ահավոր անըմբռնողությունից։ Վերջին Ընթրիքի ժամանակ, երբ Փրկիչը կխոսի նրանց հետ մի վերջին անգամ, վերջիններս անընդհատ կտարակուսեն` Նրա խոսքերի իմաստը չըմբռնելով։ Եվ, այնուհետև, երբ Նա կմտնի Գեթսեմանի այգին աղոթելու Իրեն սպասող սարսափելի մահից առաջ, Նրա ամենամտերիմ աշակերտները` Պետրոսը, Հովհաննեսն ու Հակոբը, կքնեն տրտմությունից, հոգնածությունից և հուսահատությունից։ Եվ, վերջապես, դեպի այդ մենություն տանող վերջին քայլը կլինի Քրիստոսի աղաղակը. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մկ. 15, 34)։ Ժողովրդից լքված, մերժված` Նա մուտք է գործում սաստիկ լքվածության մեջ ու մեռնում ասես առանց Աստծո, առանց մարդկանց, միայնակ, միայն Աստծո և մարդկանց հանդեպ Իր սիրո հետ, մեռնելով նրանց համար և հանուն Աստծո փառքի։ Տիրոջ չարչարանքների սկիզբը այս օրվա Նրա հանդիսավոր շքերթն է։ Մարդիկ սպասում էին թագավորին, առաջնորդին, և գտան իրենց հոգիների Փրկչին։ Ոչինչ այնպես չի դաժանացնում մարդուն, ինչպես կորցրած հույսը, հատած հույսը։ Եվ դրանով է բացատրվում, որ մարդիկ, ովքեր Նրան այդպե՛ս էին դիմավորում, ովքեր վկա էին եղել Ղազարոսի վերակենդանացմանը, Նրա գործած հրաշքներին, լսել էին Նրա ուսմունքը, հիացել Նրա յուրաքանչյուր խոսքով, պատրաստ էին դառնալու Նրա աշակերտները, միայն թե այդ ամենն ավարտվեր հաղթանակով, հեռացան Նրանից, շուռ եկան ու մի քանի օր հետո սկսեցին գոռալ` «խա՛չ հանիր նրան» (Ղուկ. 23, 21)։ Եվ Քրիստոսն այդ բոլոր օրերին անցկացրեց մենության մեջ, իմանալով, թե ուր է գնում` լքված բոլորից, բացի Աստվածամորից։ Նա լուռ, ինչպես և Իր ամբողջ կյանքում, կանգնած էր քիչ հեռու, մասնակցելով Նրա ողբերգական վերելքին դեպի Խաչը` Աստվածամայրը, Ով ընդունեց Բարի լուրը, բայց նաև ընդունեց` առանց որևէ խոսքի, Սիմեոնի մարգարեական խոսքն առ այն, որ Իր հոգու միջով էլ սուր պիտի անցնի (համ. Ղուկ. 2, 35)։ Այդ օրերի ընթացքում ոչ միայն կհիշենք, այլև ներկա կլինենք Տիրոջ չարչարանքներին։ Մենք կլինենք ամբոխի մի մասը, որ շրջապատում էր Քրիստոսին, Նրա աշակերտներին և Աստվածամորը։ Երբ մենք կլսենք Ավետարանի ընթերցումը, Եկեղեցու աղոթքները, երբ պատկեր առ պատկեր կանցնեն այդ Չարչարանաց օրերի տեսարանները, ամեն օր կսկսենք ինքներս մեզ հարց տալ` իսկ որտե՞ղ եմ ես, ո՞վ եմ ես այդ ամբոխում` փարիսեցի՞, գրքագե՞տ, դավաճա՞ն, վախկո՞տ։ Կամ կանգնած եմ առաքյալների մեջ, բայց նրանք էլ էին վախեցած։ Պետրոսը երեք անգամ ուրացավ, Հուդան դավաճանեց, Հովհաննեսը, Հակոբը և Պետրոսը քնեցին, երբ Քրիստոսին ամենից շատ հարկավոր էր մարդկային սեր, իսկ մնացած աշակերտները փախան։ Խաչի մոտ ոչ ոք չմնաց, բացի Հովհաննեսից և Աստվածամորից, ովքեր կապված էին Քրիստոսի հետ այնպիսի սիրով, որը չի վախենում, այնպիսի սիրով, որը պատրաստ է ամեն ինչ կրելու։ Եվ նորից կդնենք մեր առաջ հարց` ո՞վ ենք մենք, որտե՞ղ են մենք։ Որտե՞ղ ենք գտնվում այդ ամբոխում։ Ինչո՞վ ենք կանգնած` ապավինելով կամ հուսահատվելով։ Իսկ եթե մենք անսրտությամբ ենք կանգնած, ապա մենք նույնպես այն ահավոր ամբոխի մասն ենք, որը շրջապատում էր Քրիստոսին, որը շարժվում էր, լսում ու հեռանում, ինչպես և մենք կհեռանանք եկեղեցուց։ Հինգշաբթի օրն այստեղ կանգնած կլինի Խաչը, մենք ավետարան կկարդանք Խաչի, խաչելության, մահվան մասին, իսկ ի՞նչ կլինի հետո։ Խաչը կմնա կանգնած, իսկ մենք կգնանք տուն հանգստանալու, կգնանք քնելու, պատրաստվելու հաջորդ օրվան։ Իսկ Քրիստոսն այդ ժամանակ Խաչի վրա է, Քրիստոսը դագաղի մեջ է։ Ի՛նչ սարսափելի է, որ մենք չենք կարող, ինչպես աշակերտներն իրենց ժամանակին, անցկացնել Նրա հետ գոնե մի ժամ, գոնե մի գիշեր։ Մտածենք այդ մասին, և եթե ոչինչ ընդունակ չենք անելու, ապա գոնե հասկանանք, թե ով ենք մենք, որտեղ ենք մենք, ու շուռ գանք դեպ Քրիստոսը, գոնե վերջին պահին բացականչելով ավազակի աղոթքով. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո արքայությամբ։ Ամե՛ն»։
ԱՎԱԳ ՇԱԲԱԹԱՎԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Ավագ շաբաթվա երկուշաբթին տալիս է մեզ ավետարանական ընթերցումներում Դատաստանի տեսարանը և տեսարանն այն բանի, ինչի վրա հիմնված է Աստծո Դատաստանը։ Գալիս է ոչ միայն հավատացյալ, այլև անհավատ յուրաքանչյուր մարդու դատաստանը. կյանքում կան պահեր, երբ մենք անսպասելիորեն հայտնվում ենք սեփական խոսքերի կամ սեփական արարքների հետևանքների առջև ու տեսնում, թե ինչ կերպարանք ստացան պարապ խոսքը, չկշռադատված արարքը, ինչպիսի ահավոր հետևանքներ են լինում դրանից։ Կան պահեր, որոնցից ոչ մեկը չի խուսափի։ Դա մահվան ժամն է։ Եվ ամեն մարդ` հավատացյալ, թե անհավատ, այդ ժամանակ հետ է նայում սեփական կյանքին ու հարց է տալիս ինքն իրեն. «Ինչի՞ համար եմ ապրել։ Արդյոք իզուր չե՞մ ապրել։ Մեծ գումար եմ կուտակել, ստացել ինչ-որ գիտելիքներ, հասարակության մեջ հասել բարձր դիրքի, կամ, գուցե, պարզապես ազնիվ աշխատել եմ ու մեկ էլ պարզվում է, որ այդ ամբողջը պղծված է սնափառությամբ, կարիերա անելու ցանկությամբ, և բացի այդ, ուրիշի և սեփական խղճի հաշվին պատրաստակամությամբ հասնելու նպատակին»։ ՈՒ երբ մարդուն էլ ոչինչ չի մնում, բացի գալիք մահվանից, այդ ժամանակ ամեն ինչ իր տեղն է դրվում, այդ ժամանակ մարդն ասում է ինքն իրեն` արժե՞ր, արդյոք, կեղծավորել, խաբել, խորամանկել, դավաճանել, սողալ, ինքն իր հանդեպ անարժան լինել։ Թաքցնել սեփական անազնվությունը կնոջից, մորից, ընկերներից, որ նրանք տեսնեն միայն հաջողությունը, երբ հիմա այդ ամենը մոտենում է ավարտին։ Դատաստանի այդ թեման պետք է ծառանա յուրաքանչյուր մարդու առաջ։ Խղճով մարդը, ազնիվ մարդը պետք է այդ հարցն ինքն իրեն տար ամեն օր ու երբեք թույլ չտար, որ օրն անցներ առանց այդ դատն անելու, և եթե այդ դատը կշտամբում է մեզ, ապա հարկավոր է ամեն ինչ ուղղել կամ, գոնե, չկրկնել այն, ինչի համար մեր խիղճն ասում է. «Դու ճիշտ չե՛ս։ Ամեն»։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1225

Մեկնաբանություններ