ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Պետրոս Դուրյանի գանգը սպասում է վերաթաղման

Պետրոս Դուրյանի գանգը սպասում է վերաթաղման
16.09.2008 | 00:00

«ՈՉ ՈՔ ԸՍԱՎ՝ ՍԱ ՏՂԻՆ...»
Քիչ գրողներ կան, որոնք այնպիսի տխուր ճակատագրի են արժանացել, ինչպես՝ Պետրոս Դուրյանը։ Նա հեռացավ կյանքից քսանմեկը չբոլորած, հեռացավ նույնիսկ առանց դիմանկար ունենալու, հեռացավ՝ մեզ թողնելով գրական մեծ ժառանգություն՝ տաղեր, թատերգություններ, հրապարակախոսական հոդվածներ, նամակներ։ Հսկայական մի ժառանգություն, ինչն անհավատալի է Դուրյանի տարիքի գրողի համար, մանավանդ եթե նկատի ունենանք երկերի բովանդակային խորությունը և այն, որ ստեղծագործել է դաժան պայմաններում։ Թվում է՝ պետք է որ մեծ հարգանքով վերաբերվեինք այս հանճարի ամեն մի մասունքին։ Բա՞յց...
1960-ականներին Թուրքիայի Սկյուտարի ազգային գերեզմանատնից Հայաստան է տեղափոխվում Պետրոս Դուրյանի գանգը՝ բանաստեղծի դիմագծերը վերականգնելու և դիմանկարը կերտելու նպատակով։ Այդ շնորհակալ գործը գլուխ է բերում ակադեմիկոս Անդրանիկ Ճաղարյանը, որի շնորհիվ էլ այսօր ունենք բանաստեղծի ճշգրիտ դիմանկարը։ Սակայն դրանից հետո գանգը դրվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի պահոցներից մեկում, ուր և պահվում է առայսօր։ Գրեթե կես դար տարբեր մտավորականներ տարբեր պաշտոնյաների առջև բարձրացրել են բանաստեղծի գանգը վերաթաղելու հարցը, սակայն ապարդյուն։ Նրանց թվին է պատկանում «Մխիթարիչ» բարեգործական միության նախագահ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ։ «Մեր ազգին պատիվ չի բերում 21-ամյա հանճարի հետ նման կերպ վարվելը։ Մենք ունենք ազգային պանթեոն, և Դուրյանի պես մեծությունը միայն կզարդարեր պանթեոնը։ Բազմաթիվ անգամներ թե՛ թանգարանի տնօրենը, թե՛ տարբեր արվեստագետներ դիմել են զանազան ատյաններ՝ բանաստեղծի գանգը հողին հանձնելու խնդրանքով, սակայն առՕայսօր հարցը լուծված չէ։ 2007-ի օգոստոսից ես ձեռնամուխ եղա այդ գործին։ 2007-ի վերջին հանդիպեցի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ։ Խոսք եղավ արվեստի, մշակույթի այսօրվա անկումային վիճակի, Դուրյանի հիշատակը ոգեկոչելու մասին։ Եվ այս անկումային վիճակի համատեքստում ես առաջարկեցի կազմակերպել նաև Պետրոս Դուրյանին նվիրված տասնօրյակ։ Համաձայնության եկանք, սակայն մեր հանդիպումը շուտով մոռացվեց։ Իմ բազմաթիվ զանգերից հետո մշակույթի նախարարը գործին կցեց իր աշխատակիցներից մեկին՝ Կարո Վարդանյանին»,- պատմում է Խաչիկ Ստամբոլցյանը։ Ինչպես միշտ՝ սկսվում է ամիսների քաշքշուկը, նամակագրություններ այս գերատեսչությունից այն գերատեսչություն։ Հավաքվում են կարծիքներ՝ արժե՞, արդյոք, հողին հանձնել Դուրյանի գանգը։ Հարց, որի պատասխանը կարծես թե միանշանակ պետք է լիներ։
«Ի սկզբանե որոշվել էր, որ թաղումը պետք է կատարվեր մայիսին,- շարունակում է Խաչիկ Ստամբոլցյանը,- սակայն, չգիտես ինչ պատճառներով, այն հետաձգվեց, այնուհետ առաջարկվեց, որ արարողությունը կատարվի սեպտեմբերին, և դարձյալ գործին ընթացք չտրվեց։ Աշխարհում քիչ կան Դուրյաններ։ 21-ամյա հանճար բոլոր ազգերը չունեն։ Մենք այսօր քիչ բան գիտենք Դուրյանի մասին, մինչդեռ նա հսկայական գրական ժառանգություն է թողել։ Մեզ պատիվ չի բերում, որ ավելի քան կես դար մեծ բանաստեղծի գանգը հողին չի հանձնվել։ Դա քրիստոնեավայել չէ»։
Հարցի առնչությամբ դիմեցինք ՀՀ մշակույթի նախարարություն՝ պարզելու, թե ինչ ընթացքի մեջ է Պետրոս Դուրյանի գանգի վերաթաղման «սառեցված գործընթացը»։ Գուցե խնդրին առնչվող փաստաթղթերը կրկի՞ն մոռացվել են նախարարության գզրոցներում։ Մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Նաիրա Եղիազարյանը տեղեկացրեց, որ կառավարությունը հավանություն է տվել Պետրոս Դուրյանի վերաթաղման ձեռնարկին՝ այն իրականացնելու գործը հանձնարարելով մշակույթի նախարարությանն ու Երևանի քաղաքապետարանին՝ պանթեոնի տարածքի բարեկարգման, հուշարձանի տեղափոխման խնդիրները հոգալու նպատակով։ Հուշարձանի համար կհայտարարվի մրցույթ, իսկ վերաթաղումը կիրականացվի մինչև տարվա վերջ։ Այժմ քաղաքապետարանի հետ համատեղ քննարկվում են նախահաշիվները։ Հուշարձանի պատրաստման և տարածքի բարեկարգման աշխատանքները կտևեն ևս կես տարի։ Ասել է՝ եթե հավաստիացումներին հավատալու լինենք՝ 2009-ի կեսերին վաղամեռիկ հանճարի աճյունի մի մասունքը վերջապես հանգիստ կգտնի հայրենի հողում։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6397

Մեկնաբանություններ