Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀԱՎՍԱ՜Ր-ԶԳԱ՛ՍՏ

ՀԱՎՍԱ՜Ր-ԶԳԱ՛ՍՏ
31.01.2012 | 00:00

«ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ, ՈՐ ՊԱՐՈՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՆՄԱՆ ԲԱՆ ԱՍԵՐ»
ՆԵՐՍԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ (Երևանի ոստիկանապետ, գեներալ-մայոր)
-Պարոն Նազարյան, էս ի՜նչ սիրուն շորեր եք հագել: Համ էլ` շնորհավոր: Բանակի քսանամյակի առթիվ:
-Օրն է պարտադրում դա սիրով անել:
-Ճիշտ կանեք էդպես նկարվեք ու էդ նկարը կախել տաք պատից: Իսկ ճի՞շտ է, որ հայրեն-յայց ոստիկանապետ Վովա Գասպարյանը Ձեր նկարը տեսել է վարչության օպեր-լիազորներից մեկի պատից կախ (հարցը չէինք ավարտել, երբ գեներալի և իմ շուրջն աննկատ ու շատ արագ «կոլցո» առաջացավ` ոստիկաններից ու անվտանգության աշխատակիցներից կազմված, որոնք ուզում էին հասկանալ` պարոն գեներալի տեղը նե՞ղ է, «կարող ա՞, պետք ա խառնվեն», ազատեն «շեֆին» «չար-թունավոր» լրագրողի ձեռից, թե՞…-հեղ.)
-Բարի ծառայություն, տղաներ, շնորհավորում եմ բոլորիդ բանակի օրվա կապակցությամբ,- ասաց գեներալը, հասկացնելով` «պետք չի խառնվել», ապա շրջվեց դեպ մեզ` չկա՛ նման բան:
-Ձեր նկարները ոչ մի տեղ կախված չե՞ն:
-Բացարձա՛կ:
-Մեկ է` այսօր Դուք շատ սիրուն շորեր եք հագել. «ի՞նչ էնենք, օր էս շորերը Ձեզ շատ կսազեն». չկա՛, ասում եք, նկար: Ապատեղեկատվություն է:
-Իմ նկարը միայն տղայիս ու աղջկաս սենյակում է կախված: ՈՒրիշ ո՛չ մի տեղ:
-Դատի՞ եք տալու թերթին:
-Բացարձակ: Բա՜-ցար-ձա՛կ:
-Բայց դե կարո՞ղ էր հենց այնպես պարոն Գասպարյանը նման բան ասել, թե` բա «մույս» նկա՞րն ուր է` համասեփականատիրոջ: Նա բավականին ինքնատիպ մարդ է, ի՞նչ գիտեք, կարող է և ասել է:
(«Գասպարյան» բառի վրա կրկին մենք շրջապատվեցինք նույն անվտանգության և ոստիկանական «կոնտինգենտով», պարոն Նազար-յանը ևս մեկ անգամ ստիպված եղավ նրանց բարի ծառայություն մաղթել և շնորհավորել բանակի օրվա առթիվ - հեղ.):
-Ո՛չ, երբեք հնարավոր չէ, որ պարոն Գասպարյանը նման բան ասեր. ինքն այնքան բարձր մարդ է, որ տեսներ էլ, նման բան իրեն թույլ չէր տա:
-ՈՒրեմն` տեսել է: Կախված եղել է: Նկարը: Իսկ Ձեր սենյակո՞ւմ ում նկարն կախված` Վովա Գասպարյանի՞` «այդ բարձր մարդո՞ւ», թե՞…
-Նախագահի:
-Չե՞ք հարգում Վովա Գասպարյանին:
-Շա՜տ ենք հարգում, բայց ես Սահմանադրությամբ եմ առաջնորդվում` գերբը, դրոշը, նախագահի նկարը:
-Իսկ ի՞նչ եք կարծում, պարոն Նազարյան, ե՞րբ պատիվ կունենաք, ըստ Սահմանադրության, կախել Ձեր լուսանկարը, երբ ոչ ոք, ոչ մի բարձր մարդ ոչինչ չկարողանա՞ ասել:
-Իմ նկա՞րը:
-Այո:
-Միայն և մշտապես իմ ընտանիքի անդամների համար այն կարող է կախված լինել:
-Վերջին հարցն եմ տալիս (որովհետև ոստիկանների ու անվտանգության աշխատողների «կոլցոն» մանրից կրկին մեզ էր մոտենում - հեղ.)` ինչպե՞ս են Ձեր և նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հարաբերությունները:
-Նորմալ: Ինչպե՞ս պետք է լինեն:
-Հիմա որ հանդիպեք, կողջագուրվե՞ք:
-Արդեն հանդիպել ենք, բարևել ենք, զրուցել ենք:
-«Ողջագուրումն» է հետաքրքիր:
-Պարտադիր չէ:
-Ի՞նչ եք զրուցել:
-Ինչպես ես, ինչպես չես:
-«Ինչպե՞ս չես»:
-Նա էլ էր շատ լավ, ես էլ եմ շատ լավ:
-«Так держать, господин генерал»:

(Հաղթականորեն ճեղքելով անվտանգության աշխատակիցների ու ոստիկանների հոծ բանակը, հասա՜նք… ո՞ւմ: Ճի՛շտ եք: Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին - հեղ.)։

«ԴՄԲՈ» ԲԱՆԵՐ ԵՆ ԱՍՈՒՄ
ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ (ՀՀ ոստիկանապետ)
-Պարո՛ն գեներալ, ինչպիսի՞ օր է այսօր Ձեզ համար:
-Էսօր հպարտության օր է յուրաքանչյուր հայ մարդու, հայ սպայի համար: Մի սպայի համար, որը նաև բանակի ծնունդ է:
-«Սպա», բայց գրեթե միֆի վերածվող Վովա Գասպարյանն ավելի շատ բանակի ծնո՞ւնդ, թե՞ ոստիկանապետ է:
-Ե՛վ ոստիկանապետ է, և՛ զինվորական:
-Էդպես չի՛ լինում:
-Դե, ոստիկանացած զինվորական է:
-Փաստորեն և ուրեմն, Ձեր չակրաների գաղտնի մի տեղում ապրել է ոստիկան դառնալու գաղտնի «հուշը»: Անցանք առաջ. ի՞նչ զգացումներով եք եկել այսօր:
-Մասնակիցը լինելու իմ, ձեր, բոլորիս տոնին` բանակի ծնունդին, բանակի քսանամյակին:
-Հիշո՞ւմ եք` 99-ի մեծ շքերթից հետո Վազգենն իջել տրիբունայից, երկար շոյում էր տանկը. ասում էր` հատ-հատ գիտեմ սրանց բոլորին: (Լուսավոր-ցավոտ ժպտում է - հեղ.): Կա՞ էդ սիրո, գուրգուրանքի զգացողությունն այսօր Ձեր, մնացածի, բոլորիս մեջ:
-Կա՛: Վազգենով էլ, Վազգենից հետո էլ:
-Հիմա սպասում եք, որ հիշեմ, թե Դուք էլ Ձեր հերթին ո՞նց էիք ամեն հոկտեմբերի 27-ին ճերմակ մեխակները հատ-հատ պոկում ու շարում, գորգ անում Վազգենի շիրմին: Հիմա, որ ոստիկանապետ եք, էլի՞ Վազգենի ծննդյան օրը, 27-ի վաղ առավոտյան ծնկած էդ գործի՞ն եք լինելու:
-Որպես կանոն:
-Նկատո՞ւմ եք` հարց չեմ տալիս 27-ի, գաղտնալսման ու «մնացածի» մասին, կյանքիս մեջ մի՜ անգամ չեմ ուզում «համը հանել», օրը չի թողնում. ես այսօր բարի եմ, պարոն Գասպարյա՜ն։ Հա, ի դեպ, լսե՞լ եք Ձեր մասին վերջին անեկդոտը:
-Չէ՛:
-Պատմե՜մ: ՈՒրեմն, Վովա Գասպարյանն Արարատի մարզում տեղի ունեցած դեպքերից հետո (ԲՀԿ կառույցից չորս հարյուր հոգու դուրս գալու «պահով» - հեղ.) գնում է Կոտայքի մարզ ու ասում. «Եվ ուրեմն, հարգելիներս, քիչ առաջ Արարատի մարզը միացրինք Հայաստանին, հիմա Կոտայքի հերթն է»:
-Նորմա՜լ է:
-Կարո՞ղ է` անեկդոտ չի:
-Իմ դուրը գալիս է այդ անեկդոտը:
-Ասում են` ամեն անեկդոտի մեջ ճշմարտության հատիկ կա:
-Էս պարագայում` գուցե և ավելի մեծ:
-Ե՞վ։ Ե՞րբ ենք «միացնում» Կոտայքը Հայաստանին:
-Արդե՛ն:
-Կեցցե՛նք: ՈՒստի վերադառնանք օրվա խորհրդին. ասում են` ապագա պաշտպանության նախարարը Դուք եք լինելու, Սեյրան Օհանյանին տանելու են ավելի մեծ պաշտոնի:
-«Դմբո» բաներ են ասում:
-Չե՛ք դառնալու Պնախարար:
-Չե՛մ:
-ՈՒռա՜, ուռա՜, ուռա՜:

«ԿՅԱՆՔՈՒՄՍ ՄԻ ԱՆԳԱՄ ԷԻ ԳՆԱՑԵԼ ՀՀԿ ՇՏԱԲ, ԽԱԲԵԻ, ԱՍԵԻ` ՇԱ՞Տ ԵՄ ԳՆՈՒՄ»
ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ (նախկին ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ)
-Պարոն Սարգսյան, հո քեֆսըզ չե՞ք:
-Ընդհակառակը, տրամադրությունս շատ արտակարգ է, օրն էլ ավելի արտակարգ է:
-Բա ինչի՞ չեք գնում ՀՀԿ շտաբ:
-Ես չեմ գտնում, որ շտաբում այսօր իմ կարիքը կա, կլինի` կգնամ:
-Է՜, ասում եք, է՛լի, պարոն Սարգսյան, Ձեր մարզից ահագին «ԲՀԿ» է տարհանվում, մի մասնակցեի՜ք, մի երևայի՜ք:
-Դե հիմա, որ կյանքումս մի անգամ էի գնացել ՀՀԿ շտաբ, խաբեի, ասեի` շա՞տ եմ գնում:
-Պարզ է: Էդ մի անգա՞մն ինչի էիք գնացել:
-Կուսակցականությունս էի վերականգնում:
-Վերականգնված եք, փաստորեն, դրա համար էլ Ձեզ լավ եք զգում: Իսկ Վովա Գասպար-յանի աշխատա՞նքը ոնց եք գնահատում:
-Նորմալ, ոստիկանությունը, ինչպես միշտ, իր ֆունկցիան պատվով կատարում է:
-Արարատի մարզում հանրապետակա՞նն է ուժեղ, թե՞ «Բարգավաճը»։
-Ես հավատում եմ ՀՀԿ-ին և գիտեմ, որ մարզում ՀՀԿ-ն է հաղթելու:
-Կեցցե՛ք, պարոն գեներալ, շա՛տ կեցցեք:

«ԵՍ ՀԻՄԱ ԳՅՈՒՂԵԳՅՈՒՂ ԵՄ ԱՆՑՆՈՒՄ, ԲԱՅՑ ԴԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ»
ԱՇՈՏ ԳԻԶԻՐՅԱՆ (Գյումրու մարզպետ, գեներալ-մայոր)
-Պարոն Գիզիրյան (ինչ էլ ազգանուն է- հեղ.), ասում են` դռնեդուռ, հատ-հատ ձայներ եք հավաքում, չէ, կուլտուրական ձևակերպեմ. օգտագործում եք վարչական ռեսուրսը:
-Ստո՛ւմ են: Ճիշտ չեն ասում:
-Պարոն գեներալ, «դրանք մարդ էլ կուտեն», «չար-թունավոր» լեզուներ են:
-Անշուշտ:
-Մեծամասնականի՞ց ինչ կա: Ի՞նչ մեծամասնական թեկնածուներ ունեք արդեն:
-Առայժմ` ոչ մի:
-Մարզում ԲՀԿ՞-ն է ուժեղ, թե՞ ՀՀԿ-ն:
-Ընտրությունները ցույց կտան։ Իհարկե` ՀՀԿ-ն:
-Բա ասում են` Սամվել Բալասանյանը «նե՜նց» գործեր է անում Գյումրիում ԲՀԿ-ի համար. իր արձանը կանգնեցնելուց հետո ձեռնամուխ է եղել ԲՀԿ-ի անձեռակերտ արձանի կառուցմանը` Գյումրվա ֆոնին:
-Մի՛ հավատացեք: Չկա՛ նման բան:
-Չէ, ասում են` ԲՀԿ-ն շա՜տ, անսահմա՜ն, անբովանդա՜կ է ուժեղ էդ կողմերում:
-Յա՜, ինձնից էլ ե՞ն ուժեղ։ Ասելով հո չի՞:
-Ասում են` ՀՀԿ-ից հիասթափված են, Դուք էլ` էդպես դռնեդուռ…
-Դե չէ՛, էլի: Չէ՛: Այո, ես հիմա գյուղեգյուղ եմ անցնում, բայց դա ընտրությունների հետ կապ չունի. բա էսքան ծրագրեր ենք իրականացնում, գնում եմ-նայում-տեսնում` տեղում ինչպես են իրականացրել, արձանագրում եմ` տեղում ինչ հոգսեր ունի գյուղացին, ինչ պահանջներ, որ չկարողանան խաբել գյուղացուն` էս ծրագիրն անենք կամ չանենք: Աչքովս եմ տեսնում, հասկանում` գյուղացին ինչ է ուզում, ինչ առաջնահերթությամբ, ինչ գրաֆիկով:
-Գյումրին ու նրա գեներալն ապրած կենան:

«ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՄ ԱՍՈՒՄ` ԵՍ ԱՅՆՏԵՂ ՉԵ՛Մ ԵՂԵԼ»
ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ (քաղաքաշինության նախարար, չգեներալ` «պարտիզանո»)
-Պարոն Վարդանյան, արդեն ղեկավարո՞ւմ եք ԲՀԿ շտաբը: Դուք եք, չէ՞, որի «կոշիկի քուղերը պետք է կապվի», որպես շտաբի ղեկավարի:
-Դեռ վերջնականապես որոշված չէ:
-Բա ինչի՞ էիք նախորդ օրը գնացել նախագահի դուռը` կոալիցիոն ղեկավարների և շտաբի պետերի հանդիպմանը:
-Ես չեմ գնացել:
-Մի՞թե:
-Այո՛:
-Ի՞նչ էիք խոսում ԲՀԿ-ի համար այդ «նշանակալից» օրը նախագահի մոտ. ավելի ստույգ` ի՞նչ էր «ասում», մեղմ ձևակերպած, նախագահը Ձեզ:
-Չե՛մ գնացել:
-Վախենում եք մանրամասներից հարցնե՞մ։ Չե՛մ հարցնելու: Գիտե՛մ:
-Վերջին անգամ եմ ասում` ես այնտեղ չե՛մ եղել:
-Չե՜ք եղել. «հավատո՛ւմ» եմ, բա ե՞րբ եք լինելու: Չէ, ե՞րբ են որոշելու, որ Դուք եք շտաբի պետը:
-Չգիտեմ:
-Է՛դ էլ չգիտեք: Իսկ ի՞նչ եք կարծում, կա՞ հակամարտություն ԲՀԿ-ՀՀԿ տանդեմում:
-Ես չեմ նկատում, չգիտեմ:
-«Չգիտեմ, չեմ տեսել, չեմ ասի» («շտաբի պետո, պարտիզանո»- հեղ.)։ Իսկ ԲՀԿ-ն 41 ընտրատարածքներում էլ թեկնածուներ դնելո՞ւ է:
-Հարցը քննարկման վերջնական փուլ դեռ չի հասել: Որոշում կայացված չէ:
-Շնորհակալություն` գետնախոնարհ, հարցին սպառիչ պատասխան տալու համար: Բանակի այս տոնակատարությանը ԲՀԿ-ից միայն Դո՞ւք եք եկել, թե՞ էլի կան:
-Ոչ, մենակ ես չեմ, պատգամավորներն էլ են այստեղ, նախարարներն էլ:
-Իսկ Գագիկ Ծառուկյա՞նը:
-Գալու է անպայման:
-Պարոն Վարդանյան, հիշո՞ւմ եք, որ նա չէ՜ր եկել Անկախության 20-ամյակի տոնական շքերթին:
-Չե՛մ հիշում:
Ճեպազրուցեց «գեներալ»-ժուռնալիստ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1654

Մեկնաբանություններ