Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԽԵՑԵՊԱՏՅԱՆ ՆԱՐԵԿԱՑՈՒՆ

ԽԵՑԵՊԱՏՅԱՆ ՆԱՐԵԿԱՑՈՒՆ
28.02.2012 | 00:00

Առաջին անգամ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագիրքն աշխարհաբար թարգմանելուց հետո Երուսաղեմի Թորգոմ պատրիարքը երկյուղածաբար գրել է. «Սուրբ Գրիգոր Նարեկացի, ների՛ր, որ քո ադամանդյա մատյանին խեցե պատյան հագցրի»։ Սա ասել է անմահ սրբի անմահ գործը հասկացող մեկը, քանզի աշխարհաբարի չհղկված բառապաշարով անհնար է թեկուզ կիսով չափ ընթերցողին փոխանցել Նարեկի խորախորհուրդ նրբությունները, որոնց զորությունը միայն կարդալով ընկրկում են վախն ու դիվահարությունը և այլազան հիվանդություններ։ Ինչում մեր ազգը դարերով է համոզվել, իսկ հիմա էլ այլազգիներն են համոզվում, քանզի տարբեր երկրներում, տարբեր լեզուներով թարգմանված Նարեկի աղոթքներով բազում մարդիկ են բժշկվում, և արդեն որոշ երկրներում կան «Նարեկաբուժության» կենտրոններ։ Այս նախնական տեղեկությունները որպես առաջաբան բուն ասելիքին։
Մի քանի օր առաջ ծանոթ կինոօպերատորներից մեկն ինձ հրավիրեց «Հովիվը» ֆիլմի առաջին ցուցադրմանը։ Ճիշտն ասած, սկզբում հրաժարվեցի, քանի որ ուշ երեկոյան էր լինելու, օրն էլ ցուրտ էր, բայց երբ իմացա, որ ֆիլմը Գրիգոր Նարեկացու մասին է, և՛ ժամը հարմարվեց, և՛ օրը «տաքացավ», որովհետև այդ մեծ սրբի հանդեպ ես յուրահատուկ սեր ունեմ, ինչի մասին դեռ կկարդաք։
Լեփ-լեցուն դահլիճն անհամբերությամբ սպասում էր ֆիլմը հակիրճ ներկայացնողի վերջին խոսքերին, որպեսզի իր ազգի մեծագույն սրբերից մեկի մասին վերջապես մի կինո դիտի, բայց չանցած մի կես ժամ դահլիճում լսվող հիասթափության ռեպլիկներն ավելի հաճախացան, մինչև որ շատերս տեսանք, շատերին հայտնի, վերջերս ինտերնետային ցանցում աղմուկ հանած հայոց «սեքս-բոմբին»՝ Անժելա Սարգսյանին, հայուհի տիկնոջ, հայոց տարազի «համեստ» կերպարանքով։ Բայց այստեղ էլ նա իր «հալով չմնաց» ու աշխարհի ամենահին «արհեստը» ուզեց բանեցնել, փորձելով սուրբ վանականին՝ Գրիգորին գայթակղեցնել, իսկ վերջում ափսոսանք հայտնելով, թե ի՜նչ տղամարդ է «ձեռքից գնում» վանականի սև սքեմի տակ։ Համենայն դեպս, մեծ լկտիություն էր նման ֆիլմում նման հնարովի դիպված նկարելը։ Զավեշտ էին դիտվում նաև ֆիլմի դերասանները, մանավանդ Նարեկա գյուղի գյուղապետն իր «շուշաթրաշ» արտաքինով, նաև թույլիկ դերակատարումներով մնացածները։ Իսկ Նարեկացու մորուքն էլ, չգիտես ինչու, մեկ ամբողջովին սև էր, մեկ էլ սպիտակին տվող, չնայած, ըստ սցենարի, տարիներ չէին անցել։ Ինչևէ, մասնագիտությամբ ես կինոքննադատ չեմ, բայց մինչ այժմ որևէ մեկից դրական գնահատական չեմ լսել։ Քիչ թե շատ ծանոթ լինելով Նարեկացու կյանքին ու նրա հետ կատարված հրաշքներին, կարող եմ ասել, որ ոչ միայն այդ հասկացա, նաև այլ դրվագներ էլ են հնարովի։ Օրինակ, ըստ ավանդության, երբ նրա մոտ հավատաքննիչներ են գալիս, այդ ժամանակ Նարեկացին նրանց խորոված աղավնիներ է հյուրասիրում։ Իսկ երբ նրան ասում են, որ օրն ուրբաթ է, հարկ է, որ վանականը ծոմապահության մեջ լինի, Նարեկացին հրամայում է, և խորոված աղավնիները թև առած թռչում են խցից։ Իսկ ահա ֆիլմում դրա փոխարեն վանական Նարեկացին պոկում է աղավնու գլուխը և փորձում հյուրասիրել եկողներին, իսկ երբ նրան հանդիմանում են պահքը խախտելու համար, Նարեկացին ժամանակակից աճպարարի շարժումով աղավնու գլուխը դնում է տեղն ու մի շարժումով կենդանացնում «մեռած» թռչնին։ Իսկ ֆիլմի վերջում էլ պատասխանատուները հարկ են համարել հանգստացնել կենդանասեր դիտողներին, որ նկարահանումների ժամանակ ոչ մի կենդանու էլ չեն վնասել կամ սպանել, այլ դրանք ընդամենը ռեժիսորական հնարքներ են եղել։ Լավ կլիներ, եթե վերջում նաև խոստովանագիր գրեին. «Կներե՛ք, որ ֆիլմը չստացվեց»։ Ինչը, թերևս, ամենալավ ու հաջողված «օրիգինալ» կադրը կլիներ ամբողջ ֆիլմում։
Բայց ընթերցողը թող չզարմանա, որ այսչափ քննադատությունից հետո ասեմ, որ անձամբ ես ֆիլմից մեծ բավականություն ստացա, բայց ոչ ռեժիսորական խրթին «հրամցումներից», այլ օպերատորական կադրերից, որովհետև դրանք նկարահանվել էին հենց սրբի ապրած վայրերում, մանավանդ հիանալի էին Վանա լճի ափին կատարված տեսարանները։ Ըստ իս, եթե ոչ մի գեղարվեստական սյուժետային ֆիլմ էլ չնկարահանվեր, այլ ընդամենը փաստագրական ֆիլմ ստեղծվեր Նարեկավանքի ու նրա տեղանքի մասին, ավելի շահեկան ու ընդունելի կլիներ հասարակության կողմից։ Մի խոսքով, սուրբ Նարեկացու «Մատյան ողբերգության» ադամանդին հերթական անհաջող խեցեպատյանը հագցրինք։ Ների՜ր մեզ, սուրբդ Գրիգոր, և աղոթի՜ր մեզ` ամեն առումով տկարացած հայորդիներիս համար։ Ամեն։
Իսկ հիմա սկզբում խոստացածս վկայությունը կարդացեք Նարեկացի սրբի «հեռահար» զորության մասին։
Այն ցուրտ ու մութ տարիներին ծանոթներիցս մեկն ինձ Ղազախստանի նախկին մայրաքաղաք՝ Ալմա Աթա հրավիրեց։ Այդ դժնդակ ու սոված ժամանակներում մի քանի ամսով բացակայեցի Հայաստանից։ Ղազախները դեռ կոմունիստական տարիների «կուշտ ու կուռ» իներցիայով էին ապրում. լույս, գազ, սպիտակ հաց ու յուղալի կարագ։ Մի խոսքով, կեր, խմիր, քեֆ արա, քանի դեռ կոմունիզմի սև ուրվականը քեզ էլ չի հասել։ Բայց հասավ հենց իմ այնտեղ եղած ժամանակ։ Հանկարծ մի օր հայտարարեցին, որ սովետական թղթադրամները վերացնում են, ու տեղը թենգներ են շրջանառում, ըստ որում, կարծեմ, երկու հարյուր ռուբլի են փոխանակում ընդամենը, իսկ մնացածով կարող ես վառարան տաքացնել։ Տեսնել էր պետք, թե ինչ կատարվեց այդ արտաքնապես հանգիստ ազգի հետ։ Փաստորեն, մի քանի օրում ազգաբնակչությունն աղքատացավ։ Քաղաքում կտրուկ աճեցին գողություններն ու սպանությունները։ Մարդիկ վախենում էին երեկոյան տնից դուրս գալ։ Քաղաքը, բառիս բուն իմաստով, դատարկ էր երեկոյան մութն ընկնելուց հետո։
Ես այնտեղ եղած ժամանակ արդեն ծանոթներ ունեի, որոնցից մեկը նախկինում թույնի մասնագետ էր, ու նրա ստեղծած գաղտնի ու անհոտ թույնի մի քանի կաթիլը բավական էր մի ամբողջ քաղաք ոչնչացնելու։ Մի խոսքով, սատանայախորհուրդ մասնագիտություն էր՝ կապված քրեական ու ստվերային մութ ուժերի հետ, որոնք իրենց հակառակորդներին ոչնչացնելու համար պատրաստ էին հազարավոր դոլարներ տալու, որ այդ թույներից թեկուզ մի գրամ ձեռք բերեն։ Այդ խառն ու անհանգիստ օրերին միայն նա էր հանգիստ ու անվրդով իրեն պահում, ինչի պատճառը, ավելի շուտ` գաղտնիքը, ինքն անձամբ պատմեց ինձ, այն էլ հայորդի լինելս իմանալուց հետո։ Նրա վկայության պատմությունը հետևյալն է. «Ես էլ, անհավատ մարդ լինելով, արդեն ուզում էի մի բիզնեսմենի հետ գաղտնի համաձայնության գալ թույնի վաճառքի համար, երբ պատահաբար ձեռքս ընկավ մի բանաստեղծական գիրք։ ՈՒ քանի որ սիրում էի բանաստեղծություններ կարդալ, բացեցի և առաջին իսկ պատահած էջը կարդացի։ Այն, ինչ զգացի հենց առաջին տողերից, ապշեցրեց ինձ խոսքի անբացատրելի ուժգնությամբ, ներթափանցող զորությամբ, ինչը կարծես մինչև հոգուս շտեմարաններն էր հասնում։ ՈՒ ես հասկացա, որ սրանք բանաստեղծություններ չեն, այլ սրբարար աղոթքներ, որոնք կյանքի ճանապարհին լուսավորում, մաքրում և պայծառացնում են հոգիդ։ Միայն այդ ժամանակ ես անվանաթերթին ուշադրություն դարձրի, որ իմանայի, թե ում հետ գործ ունեմ։ Կարդացի բանաստեղծի անունը՝ Գրիգոր Նարեկացի, բայց դա ինձ ոչինչ չասաց նրա ազգային պատկանելության մասին։ Իսկ երբ կարդացի նախաբանը, որ նա պատկանում է հայոց ազգին, որը 301 թ. առաջինն է ընդունել քրիստոնեությունը, հասկացա, որ մինչ այդ շատերիս անհայտ, բայց զարմանալի անաղարտ ակունքի եմ հանդիպել։ Դրանից հետո այդ գիրքն ինձ համար ոչ թե սոսկ բանաստեղծություն էր, այլ մի հրաշալի աղոթագիրք։ Այն բացահայտում էր անտեսանելի, բայց իրական Աստծուն, որի մասին մինչ այդ լսել էի, բայց թերահավատությամբ մերժում էի Նրա լինելությունը՝ շարունակելով մնալ իմ մեղքերի գերին։
Մի խոսքով, ձեր հայրենակիցն ինձ ճշմարիտ ուղու վրա դրեց, ինչի առաջին պտուղը եղավ այն, որ հրաժարվեցի խիստ շահութաբեր այն մեղսալից գործարքից։ Իսկ երկրորդ պտուղը եղավ այն, որ ես ընդհանրապես հրաժարվեցի թունագետի մասնագիտությունից ու որոշեցի հասարակ վառարանագործ դառնալ և հմտանալ վառարան պատրաստելու մեջ։ Ահա այս ձևով իմ հանապազօրյա հացն եմ վաստակում։ Եվ ասեմ, որ իմ կերած ամեն մի կտոր ցամաք հացը, նախկինի հետ համեմատած, կարծես մանանայով հունցված լինի, այնքա՜ն քաղցր է քիմքիս. քանզի ազնիվ ճանապարհով է վաստակված և աղոթքով է օրհնված։ Այդ պատճառով ամբողջ սրտով խորին շնորհակալություն եմ հայտնում ձեր հայ ազգին Գրիգոր Նարեկացու նման զավակ ծնելու համար»։
Ես, որ լուռ ու զարմացած լսում էի այս վկայություն-խոստովանանքը, սրտումս փա՜ռք էի տալիս Աստծուն ու Իր ընտիր սրբերին, հանձին Գրիգոր Նարեկացու, որ դարերի խորքից թափանցելով՝ ճեղքել են կոմունիստական անաստվածության վարագույրը և չեն թողել, որ սատանայի թույնով մարի այս հոգու մեջ պլպլացող հավատքի պատրույգը և, դարձի բերելով նրան, դեպի փրկություն են առաջնորդել։
Ահա և դու, հայորդի ընթերցող, նույնպես օրհնվիր մեծ սրբի համար լսածդ շնորհակալական խոսքերի համար, և աշխատիր մեր մեծ նախնիների անունները չնսեմացնել ո՛չ խոսքով, ո՛չ կյանքով, ո՛չ էլ «թույլիկ» ֆիլմեր հնարելով։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3676

Մեկնաբանություններ