Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հեքիաթի երեք խնձորներից մեկը միշտ կպահեն իրենց գրպանում

Հեքիաթի երեք խնձորներից մեկը միշտ կպահեն իրենց գրպանում
08.05.2012 | 00:00

Հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների նախնական (համարյա թե վերջնական) արդյունքներն իրենց հիմքում ոչ մի անակնկալ չունեցան, ամեն ինչ ի սկզբանե հայտնի էր, իսկ հիմա ակնհայտ է:

Մարգարե լինել կամ աստրալ կապեր ունենալ պետք չէր, հասկանալու համար, որ ՀՀԿ-ն իրեն թույլ չի տալու թույլ լինել կամ համարվել և շարունակելու է մեծամասնություն մնալու սովորույթը: Իսկ մի՞թե ՀՀԿ-ն այլ ելք ուներ: 44 տոկոս համամասնական և 28 տեղ մեծամասնական արդյունքը (համեմատության համար նշենք` չորրորդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունն ուներ 62 պատգամավոր) այն ցուցանիշն է, որ ՀՀԿ-ին հնարավորություն է տալու սեփական կառավարությունը կազմել և չգնալ կոալիցիոն համաձայնությունների: Դա նրան տալու է գործողությունների ազատություն և բերելու է լիակատար ու բոլորեքյան պատասխանատվություն ամեն ինչի համար: Բայց եթե հաշվի առնենք նոր ավարտված ընտրարշավը, գործնականում ՀՀԿ-ն այդ պատասխանատվությունն էլ կրում է` կոալիցիոն ու ոչ կոալիցիոն քաղաքական ուժերն ամեն ինչի մեղավոր համարում են հենց իշխող կուսակցությանը` հիմնավորելով, որ նրա ձեռքում են կուտակված բոլոր լծակները: ՈՒստի ՀՀԿ-ն լիովին կարող է ձերբազատվել նման գործընկերներից: Համենայն դեպս, ո՞ւմ հետ պիտի կոալիցիա կազմի ՀՀԿ-ն: ԲՀԿ-ի՞: Իր ստացած 30 տոկոս ձայներով +6 մեծամասնական տեղերով (համեմատեք` չորրորդ գումարման ԱԺ-ում ԲՀԿ խմբակցությունն ուներ 26 պատգամավոր, ևս 3 ԲՀԿ-ական համարվում էր անկախ պատգամավոր) ԲՀԿ-ն իր հայտարարած 50+1-ին ո՛չ այս, ո՛չ «հաջորդ դասին» հազիվ թե հավակնի: ԲՀԿ-ն հիմա իր պատմության առաջին ու հիմնական ճամփաբաժանին է հայտնվել` կա՛մ մնում է իշխանական դաշտում և մնում է հավիտենական երկրորդ (ինչը, ի դեպ, քիչ չէ), կա՛մ կտրուկ անցնում է ընդդիմադիր դաշտ և այստեղ, ամենայն հավանականությամբ, դառնում է առաջին: Դատելով ԲՀԿ-ի իրական ու ստվերային ղեկավարությունից` այս որոշումը ԲՀԿ-ին տրվելու է շատ դժվար, որովհետև ի սկզբանե մտահղացված ու մարմնավորված լինելով իբրև իշխանական կուսակցություն, ԲՀԿ-ի համար ընդդիմադիր խրամատները շատ կոշտ ու անհարմար են լինելու, և չի բացառվում այդ պարագայում ոչ միայն կուսակցության անդամների նվազում, այլև, իշխանական լծակների կորստից հետո, իսկապես անհասկանալի վիճակ, երբ երկրի թիվ 1 օլիգարխը (Գագիկ Ծառուկյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ այդ կարգավիճակն ունեն) գործնականում ինքն իր դեմ է պայքարում: ՈՒստի առավել հավանականը ԲՀԿ-ի «կառուցողական» դիրքորոշումն է դառնում. նրանք փողոց դուրս չեն գա, նրանք բարեփոխումների կուրս կվերցնեն ու հեքիաթի երեք խնձորներից մեկը միշտ կպահեն իրենց գրպանում: Առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահական հավակնությունները, եթե 2013-ին էլ նա շարունակի համարել իրեն երկրի հնարավոր փրկիչ (մեկը պիտի Արտաշես Գեղամյանին փոխարինի՞), շատ ավելի ռեալ կլինեն, եթե ԲՀԿ-ն շարունակի մնալ իր ներկա մաշկի մեջ, քան դառնա ընդդիմադիր, ուրեմն` հարվածի տակ դնի նաև իր ֆինանսական ու վարչական ռեսուրսները: Այլ հարց է, թե ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք հիմա ԲՀԿ-ն: Նկատի ունենալով ԲՀԿ-ի խիստ տարտղնված դիրքորոշումը` համարյա թե «Երբեք ու ոչ մեկի հետ» չբարձրաձայնված բանաձևով, որը շատ տեղին ու արդարացի կլիներ, եթե ԲՀԿ-ն ինքն իր համար գոնե, ի վերջո, պարզեր, թե որն էր իր նպատակը օրվա մեջ ու հեռանկարում:

Մի կողմից` ՀՀԿ-ն հանգիստ կարող է և առանց գործընկերոջ իր գործն անել, մյուս կողմից` հին հռոմեական իմաստությունը թելադրում է` հակառակորդին աչքիդ առաջ ու վերահսկելիության դաշտում պահիր, ուրեմն և քաղաքականապես ավելի հուսալի է նրան կոալիցիոն կապերով գոնե իրավականորեն «կանոնակարգելը»: Որքան էլ դաշինքներն ու կոալիցիաները պայմանականություն են, և «իրավիճակի փոփոխությունն» ամենահարմար պարագան է դրանցից հրաժարվելու համար, պայմանականությունների վրա է կառուցվում քաղաքականությունն ընդհանրապես:

Այս ընտրություններում ամենածանրը ստացվեց ՀԱԿ-ի վիճակը: Քաղաքականությունը քաղաքական ուղեգիծ բերելու, իշխանության հետ երկխոսելու ազնիվ ջանքերի համար ՀԱԿ-ը գործնականում պատժեց ինքն իրեն` կորցնելով իր ընտրազանգվածի էական մասը: Երկրորդ մոլորությունը ԲՀԿ-ի հետ կապված հույսերն էին: Գործնականում Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական պրագմատիզմը, որից դեռ Վազգեն Սարգսյանն էր զգուշացնում, գործեց ի վնաս իրեն, որովհետև առաջին նախագահը գործառնում է տրամաբանական հաշվարկներով, իսկ հայաստանյան իրականությունը միշտ էլ չի տեղավորվել որևէ տրամաբանության մեջ, ուստի տրամաբանությունն ու real politik-ը իրար չեն հանդիպել: Հետևանքը` ՀԱԿ-ը կորցրեց ընդդիմադիր դաշտի տիրոջ կարգավիճակը և հիմա, ինչպես ԲՀԿ-ն, կանգնած է ճամփաբաժանին: Տարբերակ 1. Այն ՀԱԿ-ականները, որ մանկուց երազել են պատգամավոր լինել, մտնում են խորհրդարան և արդյունավետ ու ժողովրդանվեր աշխատում են: Իհարկե, մի քանի օրենքների նախագծերում մի քանի լրացումներ ու փոփոխություններ են անում, իհարկե, հայտարարությունների ժամին հոգեցունց խոսքեր են հնչեցնում (համարյա` Ծաղիկ Ռուբոյի պես), իհարկե, կառավարության հետ հարցուպատասխանի ժամին վարպետորեն վերհանում են ՀՀ կառավարության ապաշնորհությունը: Հետո՞: Այդքանի համար ԱԺ -ի պատերը պարտադիր չեն: Ավելին անել իր 7,10 տոկոսով և մեծամասնական ոչ մի տեղով ՀԱԿ-ը չի կարող: ՀԱԿ-ը չլուծեց Ազգային ժողովում իր ներկայացուցչական խմբակցությունն ունենալու և այնտեղ եղանակ ստեղծելու խնդիրը: Չլուծեց իր մեղքով (իհարկե, ընտրակեղծիքները իրենց դերն ունեցան, բայց ո՛չ որոշիչ): Տարբերակ 2. ՀԱԿ-ը վայր է դնում մանդատները, և նրա նստավայրը շարունակում է մնալ Ազատության հրապարակը: ՀԱԿ-ը չի հեռանում իր հանրահավաքային քաղաքականությունից ու փորձում է վերականգնել 2008-ի դիրքերը: Հնարավորություններ կան, 2013-ի նախագահական ընտրությունները թույլ չեն տալու, որ քաղաքական գործիչները ստացած կամ կորցրած դափնիների վրա նիրհեն, ժողովուրդն էլ, չստանալով իր հարցերի պատասխանները, օրավուր ավելացնելու է բողոքական զանգվածի իր չափն ու կշիռը: ՈՒ եթե նույնիսկ ՀԱԿ-ի ներսում արշալույսները խաղաղ չեն, դա այն առողջ ընդդիմությունն է, որ անհրաժեշտ է նույնիսկ ընդդիմությանը:

Շատ ավելի պարզ ու պայծառ են մյուս կուսակցությունների առավոտները:

ՀՅԴ-ն իր 5,73 տոկոսով (չորրորդ գումարման խորհրդարանում խմբակցությունն ուներ 16 պատգամավոր) և մեծամասնականի ոչ մի տեղով փառք ու պատվով կարող է շարունակել քննադատել իշխանությանն ու համակարգային փոփոխություններ ակնկալել` մնալով հույժ կառուցողական ընդդիմություն, որ գիտի իշխանության տեղն ու գինը: ՀՅԴ-ն հազար պատճառաբանություն (և բոլորն էլ ազգային ու համազգային) կգտնի փողոց դուրս չգալու և ունեցած ոչ քիչ ձեռքբերումները պահպանելու համար: Եվ դա ճիշտ է, և դա ավանդույթ է:

Օրենքի երկիր կառուցելու և անամպ երկնքի տակ ապրելու իր լիուլի հնարավորությունները ստանալով` ՕԵԿ-ը իր 5,49 տոկոսով և 1 մեծամասնական տեղով (չորրորդ գումարման խորհրդարանում ՕԵԿ խմբակցությունն ուներ 8 պատգամավոր) առաջիկա 5 տարում շարունակելու է օրենքներ գրել ու կիսաբաց աչքերով նայել դրանց կատարման-չկատարմանը: Իմաստ ունի՞ կոալիցիա կազմել ՕԵԿ-ի հետ: Իսկ ինչո՞ւ: Առանց այդ էլ ունեցածը քոնն է, բոլորն էլ գիտեն, ինքն էլ գիտի, դու էլ գիտես:

Գալիս ենք` ասում էր «Ժառանգությունը», ում, ակներևաբար, սարեր շարժելու բարի մտադրությունն իրագործել չհաջողվեց իր պատկերացրած չափերով: Իր 5,79 տոկոսով (չորրորդ գումարման խորհրդարանում խմբակցությունն ուներ 7-1 պատգամավոր) ո՞ր սարերն է շարժելու «Ժառանգությունը», գուցե ինչ-որ բլուրներ միայն: «Ժառանգությունը» կմնա ակտիվ իրավապաշտպանի իր գտնված երազի մեջ, իսկ 2013-ին, հավուր պատշաճի, գուցե և մտնի նախագահական ընտրությունների երգուպարի մեջ, որպեսզի սարերի քամին վերադառնա երկիր:

Այս ընտրություններում ամենամեծ անակնկալը ՀԿԿ-ի 1 տոկոս ձայներն էին, որովհետև այն հակաքարոզչությունը, որ ՀԿԿ-ն ծավալում էր ինքն իր դեմ, մրցակից չուներ: Ափսոս, որքան էլ ինքնախորտակվող, այս կուսակցությունն անելիք ու ասելիք կարող էր ունենալ Հայաստանում, եթե, իհարկե, ինքն իր մասին մտածելու և իր որոշումներն ինքնուրույն ընդունելու կարողություն ունենար, համենայն դեպս, Գենադի Զյուգանովով ընտրության գնալու ելքը լավագույնը չես համարի:

ՀԴԿ-ն իր 0,37 տոկոսով և «Միավորված հայերն» իրենց 0,20 տոկոսով գեղեցիկ ապացույցն են այն իրողության, թե ինչպես հասարակությունը համառորեն չի հասկանում նրանց, ովքեր իրեն երջանկացնել են ուզում, իսկ չի հասկանում, որովհետև լավ էլ հասկանում է, որ այդ երջանկությունը պատրանք է, որ լավ է թղթի վրա, բայց թուղթը կյանքում ամենաչդիմացկուն նյութն է:

Իսկ հիմա սկսվում է առօրյան` ընտրական տոներն ավարտվեցին, ընտրողները գնում են տուն, ուզում են աշխատանք, հագուստ, սնունդ, բուժօգնություն, հանգստի պայմաններ: Երկիրը շարունակում է ապրել իր սովորական կյանքով, և այդ սովորականի մեջ ՀՀԿ-ն բախվում է ինքն իրեն, որովհետև, ըստ ընտրության արդյունքների, իրեն հավատացել են, ու ինքը հիմա պիտի փոխի: Իսկ որպեսզի փոխես, ինքդ պիտի փոխվես: Եթե ՀՀԿ-ն շարունակելու է մնալ իր այս դիրքերում ու այս քաղաքականության մեջ, Մոնոմախի գլխարկը ծանրանալու է անտանելի: Խորհրդարանականից հետո ու նախագահականից առաջ հատկացված ժամանակը պատմական շանս է իշխող կուսակցության մեջ հստակեցնելու` ով ով է, ով ինչ է ուզում և ով ինչի է արժանի: Ավանդաբար ուժեղի, ուրեմն բարիի, ուրեմն ներողամիտի, ուրեմն հանդուրժողի իր իմիջի մեջ ՀՀԿ-ն այսուհետ կարող է ինքն իր համար վտանգավոր դառնալ: Եթե նորմալ սայլը շարժվում է չորս անիվով, ՀՀԿ-ն ունի բազում անիվներ, որոնց սռնիներն ուղղակի ծռված են, և ճիշտ ժամանակն է սայլը ոչ միայն տեղից շարժելու, այլև անիվները անիվ դարձնելու: Ցավոտ կարող է լինել, կարող է աղմկոտ լինել, բայց մեր ժամանակներում հաղթողներին ոչ միայն դատում են, այլև երբեմն դատապարտում:

Այս ամենը` հընթացս և ընթացքի մեջ:

Ինչպես և ոչ ոք չէր կասկածում` մայիսի 5-ին Սահմանադրական դատարանը մերժեց 29 պատգամավորների հայցադիմումը` հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի` ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակելն արգելող նորմերը: ԿԸՀ-ն հղում արեց Վենետիկի հանձնաժողովին. ահա ինչքան ենք ժողովրդավար մեր իրավական նորմերում:

Հիմա հավարտ և իբրև մտածելու նյութ. մայիսի 6-ին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթեց սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը: 17 տարի հետո սոցիալիստները վերադարձան Ելիսեյան պալատ: Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության նոր նախագահի կարգախոսն էր` «Փոփոխությունները` հիմա»: Հեռացող նախագահ Նիկոլա Սարկոզին ասաց, որ ցավում է: Բայց նա ֆրանսիացի է, և հավելեց` Ֆրանսիայի ժողովուրդը կատարեց ժողովրդավարական ընտրություն, հարգենք այդ ընտրությունը: Սա մեր երկիրն է, մենք պիտի մտածենք նրա երջանկության մասին, շնորհակալություն ձեր նախագահը լինելու պատվի համար: Նա շնորհավորեց Ֆրանսուա Օլանդին և հաջողություններ մաղթեց` կատարելու այն, ինչ իրեն չհաջողվեց, թեպետ իր մեկնարկային խոստումների հետևանքով շատ արագ Օլանդը կարող է 180 աստիճանի հակառակ իրավիճակ ստանալ: Նիկոլա Սարկոզիի պարտությամբ Եվրոպայից հեռացավ 11-րդ նախագահը` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում:

Մայիսի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ընդդիմությունը: ԻԻՀ մեջլիսի 290 պատգամավորներից ընտրվում էին 65-ը, գործող նախագահի կողմնակիցները ստացել են 8 տեղ, ընդդիմությունը` 20, 11-ը անկախ պատգամավորներ են:

Մայիսի 7-ից Ռուսաստանի Դաշնության հին-նոր նախագահ Վլադիմիր Պուտինը սկսեց իր երրորդ նախագահական շրջանը: Կրեմլից հեռացող Դմիտրի Մեդվեդևն արդեն համաձայնել է ստանձնելու ՌԴ կառավարության նախագահի պաշտոնը: «Տանդեմին» մնում է պարզել` քաղաքականության մեջ գումարելիների փոխատեղությունից գումարը փոխվո՞ւմ է, թե՞ մնում է նույնը:

Մայիսի 6-ին` նոյեմբերի 6-ի ընտրություններից ուղիղ 6 ամիս առաջ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սկսեց իր նախընտրական քարոզարշավը: Եվս 6 ամիս անց ԱՄՆ-ը ո՞ւմ կունենա նախագահ` հանրապետականի՞, թե՞ դեմոկրատի:

Այսինքն, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Ֆրանսիայում ու Ռուսաստանում նախագահ փոխվեց, ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են կես տարուց, հարևան Իրանում, որ պակաս շահագրգռված չէ ԼՂ հարցի լուծմամբ, թուլանում է նախագահի իշխանությունը:

Աշխարհը շարունակվում է, և այդ շարունակության մեջ եթե ուզում ես Աստծուն ծիծաղեցնել, պատմիր քո ծրագրերի մասին: Բայց դա, իհարկե, չի վերաբերում կուսակցությունների ծրագրերին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ


Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ