«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Տեր-Պետրոսյանի խոսքը Դեմիրճյանի գերեզմանի մոտ

Տեր-Պետրոսյանի խոսքը  Դեմիրճյանի գերեզմանի մոտ
20.04.2012 | 00:00

Ասեմ, Տեր-Պետրոսյանը սպառված քաղաքական գործիչ է: Նշեմ նաև, որ նա էն գլխից էլ որևէ փիլիսոփայական, վերլուծական միտք չի արտահայտել, որպես հեղափոխական` հետագա սերունդներին հետաքրքրող որևէ գաղափար չի ավանդել, իսկ այն, ինչ թողել է (հիշենք նրա` որպես քաղաքական ասպարեզը լքողի, գրած «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը), անգամ այսօր որևէ էական նշանակություն չունի: Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը, գուցե հարցնի ընթերցողը: Ի դժբախտություն նրա երկրպագուների, նշեմ, որ նրա անցած ամբողջ քաղաքական ճանապարհը եղել է շանտաժի, ժողովրդի հայրենասիրության (հիշենք ղարաբաղյան շարժումը) և այսօր` ժողովրդի սոցիալական վիճակի վրա (կարծես այդ վիճակի ստեղծման մեծ ջատագովը հենց ինքը չի եղել) խաղալու արահետ:

Հիշենք ղարաբաղյան շարժման ժամանակ նրա բացահայտ շանտաժը կուսակցական նոմենկլատուրշչիկների, խորհրդային աշխատողների, մեծ ու փոքր բոլոր պաշտոնյաների նկատմամբ: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէր, որ Խորհրդային Հայաստանում, ինչպես և ողջ երկրում, կար կաշառակերություն (էն ժամանակ «կոռուպցիա» բառը դեռ շրջանառության մեջ չէր), և Գորբաչովի ժամանակ շրջանառության մեջ մտավ «անաշխատ եկամուտներ» հասկացությունը: Խորհրդային Հայաստանում ոչ միայն կար կաշառակերություն, այլև 1974 թվականից սկսած այն ավելի մեծ թափ էր առել, և ութսունական թվականների վերջում կուսակցական տոմսերն էին անգամ վաճառվում: Թող ոչ ոք չմտածի, թե դրանով փորձում եմ նսեմացնել հանգուցյալ Կարեն Դեմիրճյանի հիշատակը: Դեմիրճյանն իր ժամանակի ծնունդն էր և, բնականաբար, կրում էր հասարակարգի դրական ու բացասական բոլոր հատկանիշները: Այդ քաղաքական գործչին կարելի էր ուղղել Բուալոյի հայտնի խոսքերը. «Ժպտա, քանզի ճակատդ Աստված է համբուրել»: Բայց, ցավոք, նա փախավ Աստծո համբույրից: Բացատրեմ և հիմնավորեմ: Դեմիրճյանը քաղաքական մեծ դեմք էր, բայց, ցավոք, ո՛չ Երեմիա: Դեմիրճյանը հիրավի Աստծո կամքով (բայց նա դեմ գնաց այդ կամքին) կարող էր դառնալ հայ իրականության Երեմիան: Դա կարող էր լինել 1988-ի ղարաբաղյան շարժման ժամանակ, ավա՜ղ։ Հիշենք նրա խոսքերը.

-Ղարաբաղը ջեբս է՞...

Էլ չշարունակեմ, բայց նշեմ, որ ճակատագրական զգուշավորությամբ նա ճանապարհ հարթեց երկիրը գալիքում կործանող ավանտյուրիստների համար: Երկրորդ անգամ Աստված նորից նրան ձեռք մեկնեց 1992-ին, երբ ժողովուրդը կքում էր ՀՀՇ-ի լծի, իշխող «Ղարաբաղ կոմիտեի» անդամների կամայականությունների տակ. ժողովուրդը պարզապես աղաչում էր նրա վերադարձը, նա Պիղատոսի պես լվաց ձեռքերը, ասելով.

-Ես այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվում:

Որքան էլ ցավոտ լինի, չեմ կարող չասել` Դեմիրճյանը Երեմիա չէր: Ինչո՞ւ եմ այդպես մանրամասն նկարագրում այդ ամենը. միայն մեկ նպատակով. որոշեցի ցույց տալ, որ Լևոնի խոսքերն առ Դեմիրճյան կեղծ են: Նա չի կարող սիրել Դեմիրճյանին, չի կարող ընդունել, որ նա, իր բոլոր թերություններով հանդերձ, երկիրը կառուցել է, իսկ ինքը` իր բոլոր «առավելություններով», այն ավերել է: Եվս մեկ դրվագ, որպեսզի հիմնավորեմ, որ Լևոնը ոչ մի հարցում ազնիվ չէ: Ընդունենք, որ Դեմիրճյանը չի ենթարկվել վերևի ճնշումներին և արյուն չի թափել: Թող թույլ տրվի հարցնել, 1965-ին, երբ ԽՍՀՄ-ն ավելի կայուն էր, արյուն թափվե՞ց: 1956-ին Վրաստանում արյուն թափվեց, ինչպես նաև 1989-ին: Ինչո՞ւ այնտեղ երկու անգամ` այո, իսկ մեզ մոտ` ո՛չ: Որովհետև երկու անգամ էլ, կրիտիկական պահերին, մեր ժողովուրդը ցուցաբերել է համա-խմբվածության և զսպվածության գերագույն օրինակ: Ինչ վերաբերում է վերևների (Մոսկվայի) ճնշումներին, ասեմ, որ դա բացահայտ սուտ է և կեղծիք, որովհետև վերևները շահագրգռված էին երկրի կործանմամբ: Ահա թե ինչ է պատմել տողերիս հեղինակին ՀԿԿ Աշտարակի շրջկոմի 1-ին քարտուղար Արտո Իկիլիկյանը (նա կենտկոմի առևտրի բաժնի վարիչ Իկիլիկյանի փեսան էր, նրան բոլորն աներոջ ազգանունով էին կոչում): «Մեզ ցուցում էին տալիս կենտկոմից, ասելով, որ Մոսկվան հովանավորում է «Ղարաբաղ կոմիտեի» անդամներին, որպես նոր ուժի, թողեք թող գործեն ինչպես ուզում են»: Եվ որ կոմիտեի տղաները գործում էին ըստ ուզածի, կյանքը, իրոք, ցույց տվեց դա: Գուցե մի օր Մովսիսյանն ազնվանա և խոստովանի, որ Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունների ժամանակ ինքն իր դեմ է քվեարկել:

Այժմ անդրադառնամ բուն նյութին: Դեմիրճյանի գերեզմանին ասած իր խոսքով Տեր-Պետրոսյանը ոչ այնքան ցանկացել էր մեծարել Դեմիրճյանին, որքան մեկ անգամ ևս ցույց տալու... Բայց ավելի լավ է վկայակոչենք նրա խոսքերը.

-Կոմկուսի ղեկավարությունը երկու մասից էր բաղկացած. մեկը` կոմսոմոլից, հոկտեմբերիկներից, մյուսը` արդյունաբերությունից, տնտեսությունից, գյուղատնտեսությունից:

Հասկացա՞ր, հարգելի ընթերցող, թե կոմսոմոլին, հոկտեմբերիկներին հիշելով ինչ է ուզում ասել Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսինքն` դա Սերժ Սարգսյանն է: Հենց այստեղ տեղին է հարցնելը` Սերժը կոմսոմոլից է, նա էլի ինչ-որ կառավարման դպրոց անցել է, այսօր նրա կառավարումը քոնի հետ համեմատել չի կարելի, իսկ դու ի՞նչ դպրոց ես անցել: Քո կառավարման ողբալի տարիները քո կառավարման որևէ դպրոց չանցած լինելու մասին չե՞ն վկայում: Ավելին ասեմ` ղուլիներ են եղել, որ երկիր են շենացրել, իսկ դու շեն երկիրն ես քանդել: Խոսում ես հաստավզերի հեռացումից: Ես էլ եմ համաձայն, բայց մի խորհուրդ. դիր 1988-ի Լևոնի նկարը և համեմատիր այսօրվա քո կեցվածքի հետ: Անկեղծ ասած` վիզդ շատ է հաստացել: Մեկ անգամ բացատրել ես, թե դա տարիքի հետ է կապված: Ասեմ, որ ստում ես: 70 տարեկան եմ: Ճիշտ և ճիշտ ինչպես 18 տարեկանում էի: Պատճառն այլ է, միայն հատուկենտներն են հաստավիզ դառնում, ոչ թե տարիքն է հաստավիզ դարձնում: Դեմիրճյանը 68 տարեկանում հաստավիզ չդարձավ: Համարյա նույնն էր, ինչ 44-ում: Այդ ընտրարշավի ողջ ընթացքում Լևոնը, շանտաժից, վախեցնելուց, վիրավորելուց բացի, ուրիշ ոչ մի արգումենտ չունի: Լևոնը պետք է օրինակ վերցնի կոմսոմոլի ճանապարհ անցած Սերժ Սարգսյանից: Որևէ մեկին վիրավորո՞ւմ է ընտրարշավի ժամանակ: Ո՛չ: Սովորի՛ր, Լևոն, քանզի սովորելը երբեք ուշ չէ: Բայց չեմ ցանկանում դրանով վերջացնել: ՈՒզում եմ ասել, որ ոչ թե իշխանության գալով, այլ ԱԺ-ում ՀԱԿ-ի հինգ պատգամավոր ունենալու դեպքում այս երկիրը կործանվելու է: Հիշենք, քանի պատգամավոր ուներ ՀՀՇ-ն Գերագույն խորհրդում: Եվ հիշեք, թե այդ մի քանի ավանտյուրիստներն ինչպես էին ահաբեկում բոլոր ազնիվ մարդկանց: Այդպիսի մի ազնվագույն մարդ էր Հրանտ Ոսկանյանը, որը երբեք չհրաժարվեց իր քաղաքական հայացքներից: Տեղին է հիշեցնել նրա խոսքերը Դեմիրճյանի հասցեին. «Ինչպե՞ս կարող եմ հարգել մեկին, որ կաթողիկոս է եղել և վերջում ասում է, թե չեմ հավատում Աստծուն»: Այդ խոսքերը Ոսկանյանն արտաբերել էր, երբ Դեմիրճյանն ասել էր, թե ես ի՞նչ կոմունիստ եմ եղել, որ: Այսինքն` կոմունիստ չեմ եղել (ընդգծումն իմն է):

Հոդվածը վերջացնելուց առաջ, կուզեի մեկ հիմնավոր օրինակով ցույց տալ, որ կերպարանափոխված ՀՀՇ-ականներն իրենց էությունը չեն փոխել, նույն խաբեբաներն են: Նրանք խաղում են ժողովրդի հիշողության կորստի վրա: ՀԱԿ-ի ապրիլյան թռուցիկի առաջին էջում կարդում եմ. «Թիվ 17 ընտրատարածքում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը պաշտպանում է Գագիկ Ներսիսյանի թեկնածությունը»: Շարադրված է նրա կենսագրությունը, անցած ճանապարհը: 1996 թ. ընտրվել է «Նաիրիտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն: 2001-2003 թթ. եղել է «Օրրան» օրաթերթի պատասխանատու քարտուղար: Իսկ թե 1996-ից մինչև 2001 թիվը որտեղ է եղել պարոն Գագիկ Ներսիսյանը, պետք չէ՞ նշել: Ինչո՞ւ, որովհետև հինգ տարի եղել է ուղղիչ աշխատանքային գաղութո՞ւմ: Ինչո՞ւ։ Պետական ունեցվածքի հափշտակման համար: Սա Լևոն-Տեր Պետրոսյանն է իր ստախոսների խմբով: Մի ստախոսության մեջ էլ Լևոնին բռնեմ և նոր դնեմ վերջակետ: Մարդ Աստծո, ինչո՞ւ ինձ, դատախազիս (չեմ ասում մնացած 105-ին ևս), հեռացրիր դատախազությունից: Գուցե ասես` ես ի՞նչ գործ ունեմ, «Արդարադատության խորհուրդն» է քեզ անպիտան ճանաչել: Այդ խորհուրդը, ինչպես նշել եմ ժամանակին, քո ստալինյան տրոյկան էր, անցանկալի մարդկանցից պրծնելու համար: Երբ որ քեզ քո թայֆայով քշեցին, ես վերականգնվեցի նախկին աշխատանքում: Կարճ ժամանակում դարձա գնդապետ, գլխավոր դատախազի ավագ օգնականի պաշտոնից անցա թոշակի: Այժմ գյուղապետ եմ: Քո բանդայի կողմից ավերված մի գյուղ երեք տարում հիմնովին փոխել եմ: Փոխել եմ մարդկանց հոգեբանությունը: Եվ մայիսի 6-ին իմ ուզած թիմն ակնհայտորեն կհաղթի գյուղում, կհաղթի առանց կաշառքի, որովհետև երեք տարի է` իմ աշխատանքով ես կաշառում եմ ժողովրդին: Իսկ դու ընտրակաշառքի մշակույթը հիմնեցիր երկրում: Երեք տարի է, իմ վիզը չի հաստացել, ինչպես քոնը, այլ մնացել է ինչպես Դեմիրճյանինը մահից առաջ: Որպեսզի ինձ չչափես քո ստերի արշինով, մայիսի 1-ին կատարում եմ գյուղի հիմնավերանորոգված մանկապարտեզի բացումը: Գիտե՞ս ինչ ծավալի աշխատանք եմ կատարել չնչին գումարով: Հրավիրում եմ քեզ, որպեսզի տեսնես (նաև սովորես), թե կոմսոմոլի ճանապարհ անցածը ոնց է քո ավերած գյուղը վերականգնել երեք տարում: Այն էլ ասեմ, որ իմ քրտինքով ստեղծած սեղանն առատ է լինելու:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. -Ազնիվ չէ, պարոն Լևոն, երբ հանգուցյալի դագաղը կամ գերեզմանն օգտագործում են անազնիվ քարոզչության համար:

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ