Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՓԱՂԱՔՇԵՔ ԱՄԵՆ ՄԵԿԻՆ, ՈՎ ԿԳԱ ՁԵԶ ՄՈՏ

ՓԱՂԱՔՇԵՔ ԱՄԵՆ ՄԵԿԻՆ, ՈՎ ԿԳԱ ՁԵԶ ՄՈՏ
17.02.2012 | 00:00

Կոնկորդիա ԱՆՏԱՐՈՎԱ
(1886-1959), ռուս հոգևոր գրող


(սկիզբը` թիվ 9-ում)

Ըստ հունձքի գնահատեք սեփական ցանքի ուժն ու մաքրությունը։
Խաղաղության և սիրո խոսքը տարածեք ոչ թե որպես դոգմա, սովորեցրեք մարդկանց առանց դոգմայի։ Փորձեք բացատրել ծանրագույն մոլորությունը` ապրել հոգևոր կյանքով ուրիշի թելադրանքով։ Քայլեք` հեշտությամբ կատարելով սեփական խնդիրները, և մի սպասեք ձեր աշխատանքի իսկույն հասունացող պտուղներին։ Դուք նոր մաճկալներ եք` հասկերը կհասնեն։ Հոգ տարեք ոչ թե աշխատանքի պտուղների, այլ այն մասին, որ ձեր մեջ երբեք չհայտնվի ձեր աշխատանքի դիմաց պարգևներ կամ գովեստներ ստանալու ցանկություն։
Մի՛ սպասեք, թե ձեզ կդիմավորեն ողջույնի խոսքերով, կգնահատեն ու կընդունեն։ Դուք կենթարկվեք անարգանքի և դառնության, ձեզ վրա կծիծաղեն, ձեզ բազմիցս կզրպարտեն, սակայն բոլոր այդ պարագաներում քայլեք որպես խուլ և կույր։ Դրանց համար ձեր սրտերում չկա արձագանք։ Այնտեղ ապրում է միայն ՈՒրախությունը։ Նա դիմավորում է յուրաքանչյուրին և ինքն էլ հրաժեշտ է տալիս նրան։
Պիտի քո մեջ մեծ չարություն լինի, որ օտարի կամքը կարողանա օգտվել դրանից։ Չարը մարդուն քաշում է իր հետևից ոչ թե այն բանի համար, ինչը նրան շրջապատում է դրսից, այլ այն պատճառով, որ մարդու սրտում արդեն պատրաստ է եռացող խառնարանը, ուր չարը միայն թափում է իր յուղը` զորացնելով այն։
Ոչ միշտ է կարելի օգնել մարդուն, որովհետև հենց նրա մեջ է առաջին արգելքը։ Մարդն այնպես է ստրկացված սեփական նախապաշարմունքներով, որ սեփական, իր ձևով ընկալված նվիրվածությունը որևէ բարեկամությանը, սիրուն կամ հավատքին համարում է անսասան ճշմարտություն, մեծագույն լույս և սեփական կյանքի միակ նպատակ։ Այդպիսի մարդուն մնացած ամբողջ տիեզերքը թվում է մի մեռած քաոս, որտեղ իրեն բաժին են ընկել անարդարացի դառնություններ ու տանջանքներ։ Մարդու համար որևէ բան անելու համար միայն քո ուժը բավարար չէ։ Պետք է այդ մարդն էլ ցանկանա ընդունել իրեն տրվող օգնությունը։ Չի կարելի նույնիսկ մտածել այն մարդկանց օգնելու մասին, որոնք չգիտեն, թե ինչ է ուրախությունը, չեն ըմբռնում սեփական կյանքի արժեքը որպես հոգևոր ստեղծագործման իմաստ, այլ կյանքն ընդունում են որպես կենցաղային հարմարություններ, վեհություն կամ փող։
Բոլոր, այսպես կոչված, մութ ուժերը ոչ այլ ինչ են, եթե ոչ անգիտություն։ Մարդիկ, ովքեր ձգտում են թաքուն դիտել բնության ուժերը, կամքի ներգործության միջոցով հեշտությամբ գտնում են դրանք։ Սովորաբար դրանք մարդիկ են, ովքեր օժտված են այլոց համեմատ ավելի մեծ հոգեկան ընդունակություններով։ Սակայն որովհետև նրանց նպատակը գիտելիքն է, որը ծառայում է միայն իրենց սեփական էգոիզմին, կրքերին և հարստացմանը, ի վնաս ընդհանուր բարօրության, նրանք առանձնանում են խմբերի մեջ, կոչելով իրենք իրենց տարբեր «իմաստուն» անուններով։ Նրանք ընտրում են ընկերակիցներ, որոնք անպայման տիրապետում են մեծ ու համառ կամքի և ունեն հիպնոսի ձիրք։
Մութ ուժը բոլորին հասցնում է աններդաշնակության և գրգռվածության։ Նրա նշանաբանն է. «Տիրելով հաղթի՛ր», մինչդեռ լույսի զավակների նշանաբանն է. «Սիրելո՛վ հաղթիր»։
Ինչպե՞ս կարող եք կռահել, որ ձեր առաջ մութ անձնավորություն է։ Արդյո՞ք նրանք բոլորը նողկալի տեսք ունեն։ Նրանց մեջ շատ են գեղեցիկ մարդիկ, որոնք նույնիսկ չափազանց հմայիչ են։ Հիշե՛ք առասպելներն ընկած հրեշտակի մասին. չէ՞ որ նրանք բնավ չեն նկարագրում այդ հրեշտակին որպես տգեղ մի հրեշի։
Այդ մարդկանց արտաքինում ձևերի նույնպիսի բազմազանություն է, ինչպես և մնացած մարդկության մեջ։ Սակայն ի՞նչն է անփոփոխ այդ բոլոր մարդկանց մեջ, որոնք այս կամ այն կերպ ընկել են մութերի ճամբար։ Նրանցից յուրաքանչյուրի համար առաջին տեղում հանդիպած մարդու կամքին տիրանալու էգոիստական ձգտումն է։ Նախքան հանդիպման իմաստի ըմբռնումը մութ անձնավորությունն արձակում է հիպնոսի իր ամբողջ զորությունը, ինչ չափով էլ զարգացած լինի այն իր մեջ. նա ձգտում է այդ մարդուն դնել ստորադաս վիճակում։
Նա շատ լավ գիտի, որ մարդուն ճանկել կարող է միայն այս կամ այն կրքի միջոցով, ինչն ընկալելը դժվար չէ ուշադիր մարդու համար։ Իսկ մութ անձնավորությունները սովորում են հենց առաջին քայլերից կարդալ մարդկային կրքերի նշանները և ըմբռնել մարդու դյուրագրգռության աստիճանը։ Դյուրագրգռությունը նրանց առաջին և գլխավոր հաղթաթուղթն է մարդկանց տիրելու համակարգում։ Ցանկացած եղանակով նրանք փորձում են խախտել մարդու հավասարակշռությունը, հետո արթնացնում են նրա մեջ վախն ու ագահությունը, բուլդոգի պես բռնում են մարդուն և աստիճանաբար` երկաթե սառնասրտությամբ ու համբերությամբ, ներս են քաշում նրա կամքը սեփական գիտակցության ոլորտի մեջ։ Դա նրանց առաջին վարքականոնն է, որը համընդհանուր է բոլոր մութերի համար, նրանց մութ ու խավար օրվա կանոնը։
Երկրորդ անփոփոխ վարքականոնն է` ամեն մի հանդիպման մեջ մտցնել սուտը, կեղծավորությունը և դրանով խճճել հանդիպած մարդու գիտակցությունն ու ուշադրությունը, որպեսզի այդ մարդը մտածի, թե հանդիպել է մի մեծ, բարյացակամ զորության, որը նրան օգնություն և աջակցություն ցույց կտա։
Որքան լուսավոր զորությունը սովորեցնում է յուրաքանչյուր մարդու հասկանալ, որ նա ինքն է սեփական կյանքի անկախ և կատարյալ ստեղծողը, այնքան խավարները ձգտում են ներշնչել ամեն մեկին, որ նա անզոր է և տկար առանց օգնության և խնամակալության, որոնք միայն կարող են բացել դռները դեպի հաջողություն, հարստություն, փառք և պատիվ։
Լուսավոր զորությունն ասում է յուրաքանչյուր մարդու, որ նա երբեք միայնակ չէ, որ նրա հզորությունը սահման չունի, քանզի նա անսահմանության մասնիկն է։ Իսկ խավարի խոսքի մեջ միշտ բաժանման կոչ կա։ Խոստանալով լիակատար հնազանդության փոխարեն բոլոր նյութական բարիքները, որոնք գոյություն ունեն աշխարհում, մութ անձնավորությունն ասում է հանդիպածին. «Մի՛ փորձիր կիսել սեփական բարիքներդ որևէ մեկի հետ։ Այն ամենը, ինչ կտամ քեզ, դիր պահեստներիդ մեջ ու պահիր քեզ համար։ Եթե դրանք նյութական բարիքներ են, դիզի՛ր դրանք, քանի որ դրանք զորություն են, և նրանցով նվաճվում է աշխարհը։ Եթե դրանք գիտելիքներ են, հիշի՛ր, որ նրանց միջոցով ձեռք է բերվում մարդկանց կամքին տիրելու ունակությունը։ Ոչ մեկի հետ դրանք մի՛ կիսիր, ձգտիր միշտ լինել պայքարի և ուժի դիրքերում։ Բարեկամներ քեզ պետք չեն, իսկ թշնամիներին պետք է հաղթել` նրանց կռվեցնելով։ Հաղթելու համար ոչ մի այլ հնարավորություն գոյություն չունի։ Եվ ինչքան կոշտ ես վերաբերվում մարդկանց, այնքան բարձր ես ընթանում` որպես կյանքի տիրակալ»։
Այդ խրատները խավարների ուսմունքի երրորդ կանոնն են։ Գործելով ըստ այդ երեք կանոնների` խավարներն իրենց են ենթարկում ահռելի քանակությամբ մարդկանց, որոնք անտարբեր են ու թուլակամ, նախանձ և ագահ, գրգռված և ամեն ինչ ժխտող, որոնք երազում են արտաքին բարիքների` կարիերայի ու փառքի մասին։
Մարդու ժխտման վիճակը, նրա ինքնագոհությունը, նրա ձգտումը` միշտ «պարել սեփական ես-ից» և ամենուրեք առաջ քաշել այդ «ես»-ը, գրեթե միշտ բերում է խավարների հետ հանդիպման։ Մարդը կարող է ըստ էության լինել շատ բարի և ազնիվ, նրա սիրտը կարող է լցված լինել սիրով և ազնվությամբ։ ՈՒ այնուամենայնիվ, նրա ուղեղում կարող է եռալ բողոքն ընդդեմ սեփական այժմեական կյանքի, ընդդեմ նեղ շրջանակների, որոնք տրամադրված են իրենց ինչ-որ գործի համար, կամ նա կարող է բողոքել, որ իր աշխատանքին մասնակցում են ինչ-որ տհաճ մարդիկ. կամ նա ըմբոստանում է այն մարդկանց դեմ, որոնցից լուրեր է ստանում լույսից։ Եվ խավար զորության համար արդեն պատրաստ է նոր ստրուկը, որը նույնիսկ չի էլ նկատել, թե երբ ու ինչպես է ընկել խավարների երկաթե ճանկը։
Սակայն մի մտածեք, թե մարդու բարձրագույն ազնվությունը կայանում է անջրպետվելու մեջ նրանցից, ում մենք չար ենք համարում կամ թշնամի։ Թշնամուն հարկավոր է հաղթել, բայց հաղթում են ոչ թե պասիվորեն հետ քաշվելով նրանից, այլ ակտիվ պայքարի, զգացմունքների և մտքերի հերոսական լարման միջոցով։ Հնարավոր չէ օժտված մարդուն, ով հենց կյանքի կողմից նշանակված է սեփական ստեղծագործ աշխատանքի, գոնե մի կաթիլ ներդնել ամբողջ մարդկության աշխատանքի մեջ, հնարավոր չէ, որ նա ապրի երջանիկ անգործության մեջ, առանց փոթորիկների, առանց տառապանքների և պայքարի։ Բոլոր մարդիկ բաժանվում են իմացողների, որոնք ազատագրված են նախապաշարումներից և իրենց ճնշող կրքերից ու այդ պատճառով բարի են և ուրախ, և չիմացողների, որոնք շղթայված են նախապաշարմունքներով և կրքերով, և դրա համար էլ մռայլ են ու չար։
Սովորի՛ր։ Կյանքում միայն մի ճանապարհ կա` գիտելիք։ Գիտելիքն ազատագրում է մարդուն։ Եվ ինչքան ավելի ազատ է նա դառնում, այնքան ավելի մեծ է նրա նշանակությունը Տիեզերքի գործունեության մեջ, այնքան ավելի խոր է նրա աշխատանքը հանուն համընդհանուր բարօրության և ավելի լայն աշխարհի այն մթնոլորտի շրջանը, որը նա բերում է իր հետ։
Առաջինը, ինչի մասին պետք է մտածել ամենից շատ, ուշադրությունն է յուրաքանչյուր մարդու նկատմամբ, ում հետ խոսում եք, ամեն մի գործի, որը կատարում եք։ Մարդու ամբողջ կյանքը միայն ուշադրություն է։ Դա առաջին անհրաժեշտությունն է կյանքում։ Ով չզարգացնի սեփական ուշադրությունը կյանքի ամեն օրվա ընթացքում, նա ոչ մի բնագավառում չի կարողանա հասնել ինչ-որ մեծ բանի։
Քո սենյակում հայելին դրված է ոչ թե այն բանի համար, որ դու նրա կողքով անցնես, այլ որ դուրս գաս քո սենյակից մարդկանց մոտ` միայն կարգի բերելով քո արտաքինը։ Դա առաջինն է այն պայմանականություններից, ինչից քեզ ոչ ոք չի ազատել։ Ոչ թե քո մասին պիտի մտածես` ուղղելով զգեստդ, այլ մարդկանց, որոնց համար քո արտաքին տեսքը կարող է դառնալ ջղայնության առարկա։ Հիշի՛ր, որ աղքատության մեջ ընկնում են ավելի հաճախ հենց փնթիները։ ՈՒ նույնիսկ հոգևոր իմաստով բարձր զարգացածներին իրենց անփութությունը խանգարում է առաջադիմելու։ Ամեն մի անմաքուր սենյակ զզվանք է ներշնչում զարգացած և մաքուր մարդուն։
Երկրորդ պայմանականությունը «բարևն» է, որ մարդիկ ասում են իրար։ Դու շատ ավելի խոր պետք է ըմբռնես այդ բառը, որպես սիրո ողջույն, որպես երկրպագության Կրակի և Լույսի առջև, որոնք թաքնված են մարդու ներսում։ Դա ոչ միայն արտաքին քաղաքականության հասարակ պայմանականություն է, այլ քո սեփական բարյացակամության հենքն է մարդու հետ հանդիպման պահին։
Հետևե՛ք ձեզ, սակայն կատարեք դա թեթև։ Մի ներկայացրեք ձեզ որպես չափազանց չար ու խիստ դաստիարակի` ոչ ձեզ համար, ոչ էլ ուրիշների։ Յուրաքանչյուրիս հոգին նման է նուրբ ծաղկի, որը կարիք ունի փաղաքշանքի ու հոգատարության։ Սակայն հարկավոր է հասկանալ, որ սեփական հոգին աճում ու մաքրվում է միայն այն բարության ուժով, որն արձակում է նա հանդիպած մարդու սրտին, այլ ոչ թե կամքի հրամանով, ինչին ենթարկվելը առանց դյուրինության և բարության հենց չարերի ճանապարհն է։
Տիեզերքում չկա ոչինչ, ինչը կարողանար կատարել միայնակ մարդը։ Ամեն ինչ աշխարհում կապված է սիրո թելերով։ ՈՒշադիր եղիր քեզ շրջապատող մարդկանց հանդեպ և կտեսնես քեզնից շատ հեռու, թե որտեղ և ինչպես է անհրաժեշտ քո օգնությունը։ Մարդու ուշադրությունը հոգնում է ու նեղանում այն պատճառով, որ այն շատ ու երկար է ուղղված իր վրա։ Երբ նա դադարում է կենտրոնանալուց ինքն իր վրա, այլևս հոգնածություն չի զգում։ Դա շատերի համար երկարատև ու ծանր աշխատանք է։ Մարդուն սկսում է թվալ, թե ինքը զբաղված է միայն ուրիշների մասին մտածելով։ Իսկ իրականում նա միայն ունի ավելի տաղանդավոր բնություն ու փնտրում է սեփական տաղանդների ավելի լայն կիրառում։ Եվ այստեղ կա երկու ճանապարհ` խելքի և սրտի։
Սրտի ճանապարհով քայլողները չեն հարցնում իրենք իրենց` լա՞վ, թե՞ վատ է այն, ինչը նրանք անում են։ Նրանք առաջանում են և գործում։ Նրանց առաջ է մղում հասարակ բարությունը։
Յուրաքանչյուր մարդ, ով մուտք է գործում իմացության ուղու վրա, պետք է ձգտի խոսել այնպես, որ նրա ոչ մի բառը չվիրավորի ու չխոցի։ Եթե սրտումդ կրես բարություն, անտակտ բան չես անի։ Ընդունիր վարքի մի նոր կանոն` մի՛ ասա երբեք ու ոչինչ քո եղբայրների ու քույրերի մասին, երբ նրանք քո կողքին չեն։ Եվ ասա միայն այն, ինչին չի մասնակցում գրգռվածությունդ։ Ամեն անգամ, երբ կշտամբանքի խոսքը պատրաստ է թռչելու քո լեզվից, հիշիր, թե ինչքան քիչ է մնացել քեզ ապրելու այդ մարմնում, և ինչպես ամեն մի բաց թողած վայրկյան դատարկության մեջ քայքայում է ոչ միայն քո ոգին, այլև յուրաքանչյուրի, ում դու հանդիպեցիր այդ պահին։
Կրեք ձեր մեջ որպես պատգամ արիությունը և տակտը։ Երբեք մի արտասանեք բառը, մինչև լիակատար ինքնատիրապետումը չբերի ձեզ այն մտքին, որ այս մարդը, որը գանգատվում է ու տրտնջում, կանգնած է սեփական էվոլյուցիայի այն կետում, որտեղ նրան դեռ չի բացահայտվել, որ այն ամենը իր մեջ, ինչ նա ստեղծել է իր կյանքի ընթացքում, նա ստեղծում է և այսօր։ Եվ այդ ժամանակ փնտրեք ձեր մեջ խիզախություն` տալու ամենաազնիվ պատասխանը ամենաստոր հարցին, ամենաանարժան գանգատին։
Միշտ, հանդիպելով մարդկանց, օգնելով նրանց կամ փոխանցելով նրանց ձեր գիտելիքները, կարողացեք հող պատրաստել նրանց հոգիներում, ինչի վրա կարող է ընկալվել ձեր փոխանցածը։
Առաջին հոգատարությունը մարդու մասին, եթե դա հանձնարարված է ձեզ, կարողանալ մտնել նրա վիճակի մեջ ու չգերազանցել նրա հնարավորություններն իրեն առաջարկվող գործում։ Հաստատապես հիշեք ոչ թե որպես տեսություն, այլ որպես ամենօրյա աշխատանքի ուղեցույց. «Կարող է` չի նշանակում կլինի»։ Ամեն անգամ, երբ դուք հենց սկզբից մտածեցիք միայն ձեր մասին, այսինքն` ասացիք ձեզ. «Ինչ դժվար է անցկացնել զանգվածների մեջ այս հասկացությունները», դուք արդեն ճեղք բացեցիք սեփական պաշտպանության ցանցում և կիսով չափ քչացրիք ձեռնարկված գործի հաջողությունը։
Չի կարելի դիպչել միասնական կյանքի ջրաղացաքարերին, եթե չես տանելու մարդկանց ճշմարտության բոլոր պարգևները միայն աղալուց հետո։ Եթե տաս անհասկացողին ամենանվիրական գանձը, նա կարող է մեռնել նրա հետ վարվելու անփորձությունից` օգուտ չտալով ո՛չ իր շրջապատին, ո՛չ էլ ինքն իրեն։
Ոչ մեկի աչքերը չի կարելի բացել բռնությամբ։ Այս երկրի վրա յուրաքանչյուրի աչքերը բացվում են այն ժամանակ, երբ նա երկար ու շատ է աշխատում դրան հասնելու համար։
Անձնական բարությունը հոգևոր հարաբերություններում, սխալ ըմբռնված կարեկցանքը, այսինքն` անպատրաստ մարդուն նոր գաղափարների աշխարհ ներքաշելու ցանկությունը, դեպի այն բարձունքները, որտեղ արդեն պահանջվում են օրգանիզմի ամբողջ հզորությունն ու ներդաշնակությունը, միշտ աղետ են բերում։ Ինչպես չորանում է ծաղիկի կոկոնը, երբ այն տեղափոխվում է չափազանց վառ արևի տակ, այնպես էլ մարդու ոգին, որը տեղափոխում են ավելի բարձր տեղ ավելի վաղ, քան նրա ամբողջ ներդաշնակորեն զարգացած ուժերը կկարողանան կանչել և ձգել այդ ալիքների վիբրացիան և հաճախականությունը, դա ոչ միայն չի տա հրեղեն ստեղծագործման պտուղները, այլև կհանգեցնի խեղաթյուրման։ Մտնելով ստեղծագործական ուժերի շարժման նոր ոլորտ, պահպանեք հիշողության մեջ սեփական ճանապարհի սկիզբը, սեփական որոնումների սկիզբը։ Հիշե՛ք, որ դուք ոչ միշտ եք ուժեղ եղել։ Ոչ միշտ է ձեր մեջ հաղթել սերն առանց գրգռվածության ու դառնության։ Եվ ձեզ համար հեշտ կլինի ծածկել սեփական սիրով, սեփական ողորմածությամբ այն հոգևոր անդունդը, որը տարածվում է ձեր և այն մարդկանց միջև, ում դուք բերում եք նոր գիտելիքներ։
Թարգմանչի կողմից. փորձենք ավարտել Անտարովայի այս ոչ այնքան հասկանալի և քրիստոնյայի համար ընդունելի` շատ անսովոր, սակայն անհրաժեշտ խոսքը հենց իր բառերով, որոնք վերցված են նրա «Երկու կյանք» գրքից. «...խոսել մեր լեզվով նշանակում է բերել զորություն, հաստատել գործով այն, ինչը հանդգնել ես ասել։ Յուրաքանչյուր բառ պետք է բացի լսողի առաջ նրա ուղին դեպի գործունեություն` նոր գիտելիքներ ձեռք բերելու համար։ Խոսելիս գնահատեք ոչ միայն գիտելիքը, այլև փնտրեք նոր սկզբունքներ ձեր մեջ»։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1114

Մեկնաբանություններ