Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հինգ տարի Սաակաշվիլու իշխանությունը կանգնած էր Ռուսաստանի կոկորդին»

«Հինգ տարի Սաակաշվիլու իշխանությունը կանգնած էր Ռուսաստանի կոկորդին»
15.08.2008 | 00:00

«ՆԵՐԿԱՅԻՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ»
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ (ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ)
-Պարոն Աշոտյան, վրաստանյան «դեպքերից» հետո կարո՞ղ ենք խոսել տարածաշրջանում փոփոխված ստատուս-քվոյի մասին:
-Չկա նոր ստատուս-քվո: Կա բեկված ստատուս-քվո, ինչն էլ արձանագրում է, որ Հարավային Կովկասի չլուծված հակամարտությունները հայտնվում են նոր տրամաբանության մեջ: Ընդ որում, վրաց-օսական այս խմորը դեռ շատ ջուր կքաշի` դառնալով ինչպես միջազգային քաղաքական օրակարգին, այնպես էլ մեր` Հայաստանի կենսական շահերին առնչվող քաղաքական թնջուկ:
-Իսկ նախադեպ տեսնո՞ւմ եք այդ «փոփոխված տրամաբանության» մեջ:
-Ո՛չ, մեզ համար նախադեպ էր Կոսովոն: Այս դեպքում նախադեպ կարող էր լինել, եթե վրացական կողմին հաջողվեր ուժային տարբերակով արյան մեջ խեղդամահ անել Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունը: Ինչը շատ վտանգավոր էր:
-Իսկ որքանո՞վ է Ձեզ համար ընդունելի ռուսական վարկածը, թե իրենք վարվեցին այնպես, ինչպես ԱՄՆ-ը` Կոսովոյի դեպքում, երբ միակողմանի, առանց միջազգային հանրության հավանության, ռմբակոծեց Բելգրադը:
-Ռուսաստանը երկար տարիներ բանավոր դատապարտում էր Միացյալ Նահանգների միահեծան քաղաքականությունը: Վրաստանի և Օսիայի դեպքերը վերջապես առիթ էին Ռուսաստանի համար` խոսքից գործի անցնելու, ցույց տալու, որ եթե ներկայիս աշխարհում ուժն է ծնում իրավունք, ապա Ռուսաստանի համար ևս այդ աքսիոմը պետք է գործի:
-Եվ, այնուհանդերձ, ոմանք պնդում են, թե անչափ խուլ-լուռ պայմանավորվածություն կար երկու գերտերությունների միջև` ազատել Վրաստանը բալաստից. այն է` Օսիան ու Աբխազիան «մնում» են Ռուսաստանի ազդեցության դաշտում, Վրաստանը միայնակ մուտք է գործում ՆԱՏՕ:
-Չեմ կարծում, որ կատարվածը նախապես համաձայնեցված խորքային սցենար էր: Բայց որ Վրաստանը վաղ թե ուշ ազատվելու էր այդ «ճամպրուկներից»` Աբխազիայից ու Օսիայից, և փորձելու էր նստել ՆԱՏՕ-ի գնացքը, խիստ ակնհայտ էր: Ակնհայտ էր նաև, որ Ռուսաստանն առիթից օգտվեց և հինգ տարվա իր մաղձը թափեց Վրաստանի վրա. հինգ տարի շարունակ Սաակաշվիլու իշխանությունը կանգնած էր Ռուսաստանի կոկորդին, որովհետև Վրաստանն աշխարհում հակառուսական պիոներներից մեկն էր:
-Իսկ հավատո՞ւմ եք ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Չուրկովի այն մտքին, թե Ռուսաստանի «ստիլի» մեջ չէ իշխանական «չենջն» այլ երկրներում:
-Ցանկացած դիվանագետի, այդ թվում և` Ձեր մատնանշածի, խոսքը երբեք չեմ կարող հալած յուղի տեղ ընդունել: Բնականաբար, Ռուսաստանն անում է այն, ինչի առիթը որոնում էր տարիներ շարունակ` հընթացս մեծ հարցականի տակ դնելով Հարավային Կովկասի և Վրաստանի տրանզիտ-կոմունիկատիվ ֆունկցիաները, ինչն էլ, կարծես թե, աշխարհաքաղաքական ռևանշի վերածվեց:
-Արևմուտքը դա կուլ կտա՞, թե՞ կսկսի սողացող, իրեն հատուկ տեխնոլոգիաներով քայքայել «մայր Ռուսաստանը»:
-19-րդ դարում, երբ ԱՄՆ-ը սանձազերծեց պատերազմ Մեքսիկայի դեմ, այն օրերի Մեքսիկայի նախագահն ասաց. «Խեղճ Մեքսիկա, այդքան հեռու Աստծուց և այդքան մոտ Միացյալ Նահանգներին»: Հիմա նույնն է` «խեղճ Վրաստան. այդքան հեռու Աստծուց և այդքան մոտ Ռուսաստանին»: Փաստը սա է:
-Իսկ ԱՄՆ-ը «կտա՞» Սաակաշվիլուն, որպես «լքված թավջութակի ձգված մի լար»:
-Ի դեպ, խոսակցությունները, որ Սաակաշվիլուց դժգոհ են նաև Արևմուտքում, վաղուց են շրջանառվում: Ուստի, պետք չէ բացառել, որ Միացյալ Նահանգները նույնպես կփորձի օգտվել առիթից և Վրաստանում իշխանության բերել արևմտամետ, սակայն ավելի ընկալելի ֆիգուր:
-Օքրուաշվիլո՞ւն, Զուրաբիշվիլո՞ւն, Բուրջանաձեի՞ն...
-Օքրուաշվիլու աշխարհայացքային մոտեցումները նույնքան ագրեսիվ են, որքան Սաակաշվիլունը: Կարծում եմ, ԱՄՆ-ը կարող է Ձեր մատնանշած վերջին երկուսի միջև ընտրություն կատարել:
-Եվ վերջապես, Ջավախքը. ռուսական իդեա-ֆիքսն անցնող տարիներին եղել է վրաստանյան ազգային փոքրամասնություններին քաղաքացիական պատերազմի հանողը Վրաստանի դեմ: Ռուսաստանը կբավարարվի՞ «այս ամառը Ցխինվալում դիմավորելով», թե՞...
-Ներկա պահի արձանագրումը հետևյալն է. Աբխազիան ու Օսիան փաստացի անջատվեցին Վրաստանից: Թե հետո ինչ կլինի, չեմ կարող ասել: Ներկայացնեմ լոկ ցանկությունս. շատ պիտի ուզեմ, որ Ջավախքն ու ջավախահայությունն այս բարդ աշխարհում առաջնորդվեն միմիայն Հայաստանի շահերով, որքան էլ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է:
-Կարծում եք` «մայր Ռուսաստանին» դա դուր կգա՞: Չմոռանանք, որ հենց պատերազմի առաջին օրը ռուսական լրատվամիջոցները լուր տարածեցին, թե Ցխինվալը ռուսները ռմբակոծում են Գյումրիի ռուսական ռազմաբազայում եղած ինքնաթիռներով` Հայաստանի կողմից:
-Այո, ցավալիորեն, ռուսական որոշ լրատվամիջոցներ փորձեցին իրենց մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով ոչ միայն նման «ակտիվներ» գրանցել, այլև հայերի ներսում հակավրացական տրամադրություններ առաջացնել։ Օրինակ` «Ռեգնում» գործակալության լուրերից մեկն այսպես էր վերնագրված. «Խժդժություն Ջավախքում. երիտասարդ հայերը հրաժարվում են կռվել օսերի դեմ»։ Բացում ես լուրը, գրված տեքստը բացարձակ կապ չունի վերնագրի հետ: Կարծում եմ` այս ողջ ընթացքում Հայաստանն իրեն շատ ճիշտ պահեց: Աներկբա է՝ հայ-վրացական հարաբերությունները չպետք է կախված լինեն երրորդ երկրից: Վստահ եմ, որ մեր ռազմավարական գործընկերներն անպայմանորեն դա կընկալեն:
-Տարածաշրջանային վերջին զարգացումների առնչությամբ Հայ ազգային կոնգրեսի ընդունած հայտարարությունում հնչում են նաև դատապարտության խոսքեր` Պեկինում գտնվող Սերժ Սարգսյանի հասցեին, առ այն, որ այն պահին, երբ պատերազմում են Հայաստանի երկու հարևանները, երբ կենսական կարևորության հայաստանյան բեռներն արգելափակված են Փոթիում, վերջինս օլիմպիական հանգստությամբ վայելում է օլիմպիադան և չի վերադառնում հայրենիք` այդ հարցերը լուծելու համար։
-Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը հերթական անգամ ժամանակավրեպ էր. Հայաստանի պետական համակարգն աշխատում է անխափան` ապահովելով պետության ու նրա քաղաքացու թե՛ քաղաքական պաշտպանությունը, թե՛ անվտանգությունը և թե՛ Հայաստանի համար կարևոր բեռների փոխադրումը Վրաստանի տարածքով: Եվ պետական համակարգը, անկախ ամիսներ տևող կազմաքանդման փորձերից, աշխատում է կայացած պետությանը և վստահելի իշխանությանը վայել մակարդակով: Ի տարբերություն վրացական ընդդիմության, որն իր պետության համար դժվարին պահին, անկախ քաղաքական տարաձայնություններից, կանգնեց իր նախագահի կողքին, մեր ընդդիմախոսները փորձում են օգտագործել պետության առջև կանգնած նոր մարտահրավերը՝ իրենց փոքրիկ, քաղաքական, անգամ նեղ անձնական նպատակներին հասնելու համար։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վերադառնալ-չվերադառնալու խնդրին, ապա, կարծում եմ, եթե իրավիճակն ավելի չսրվի, ապա նախագահը կշարունակի առաջնորդվել նախապես հայտարարված իր աշխատակարգով:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 3272

Մեկնաբանություններ