Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ո՞Վ ԵՍ ԴՈՒ ԵՎ ՈՐՏԵՂԻ՞Ց»

«Ո՞Վ ԵՍ ԴՈՒ ԵՎ ՈՐՏԵՂԻ՞Ց»
03.06.2011 | 00:00

ՄԵՐ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ


Նախ մի փոքր իմացություն հրեշտակների մասին։
«Հրեշտակ» նշանակում է պատգամավոր կամ պատգամաբեր։ «Հրեշտակ» բառը Աստվածաշնչում օգտագործվել է մոտ հինգհարյուր անգամ, որից շատ քիչ մասն է վերաբերում մարդկանց առնչվող պատգամավորությանը։ Հրեշտակների քանակը անհաշվելի է, այդ պատճառով Դանիել մարգարեն ասում է. «Հազարք հազարաց և բյուր բյուրոց»։
Աստծո ստեղծած հրեշտակները ծառայության և սպասավորության համար են։ Պողոս առաքյալն այս մասին գրում է. «Չէ՞ որ հրեշտակները սպասավորող հոգիներ են, որոնք սպասավորության են ուղարկված նրանց համար, ովքեր փրկությունը պետք է ժառանգեն» (Եբր. 1.14)։
Սուրբ Բարսեղ Մեծը երկնային հրեշտակների մասին գրում է. «Երկնային զորքերի տեսքը օդային է, եթե կարելի է այդպես արտահայտվել, այսպես ասած, հրեղեն, ու երևում են սրբերին իրենց տեսքով»։ Իսկ Հովհաննես Դամասկացին, ի մի բերելով եկեղեցու հայրերի մինչև ութերորդ դարը եղած տեսությունները հրեշտակների մասին, գրում է. «Հրեշտակը էություն է, օժտված մտքով, ազատ կամք ունեցող, անմարմին, ծառայող Աստծուն, իրեն տրված անմահության բնության շնորհի համեմատ, որի էության տեսակն ու նշանակությունը միայն Արարիչը գիտի։
Անմարմին է անվանվում նաև աննյութական լինելով, մեզ հետ համեմատած, լինում է և կոշտ ու նյութական, որովհետև միայն Աստվածությունն է ճշմարտապես աննյութական ու անմարմին։
Հրեշտակները նկարագրելի են, քանզի երբ գտնվում են երկնքում, նրանք չկան երկրում, իսկ երբ ուղարկվում են Աստծո կողմից, նրանք չեն մնում երկնքում, բայց նրանք չեն խոչընդոտվում պատերով ու դռներով և դրանց փականներով, քանի որ նրանք չեն սահմանափակվում։ Նրանց անսահմանափակ են անվանում, որովհետև նրանք երևում են արժանավորներին, ում Աստված կամենում է, որ երևան, ոչ այնպիսին, ինչպիսին իրենք կան, այլ այլափոխված տեսքով, նայած ինչպես կարող են տեսնել դիտողները»։ Այս վերջին միտքը Կյուրեղ Երուսաղեմացին բացատրում է այսպես. «Հրեշտակները երևում են իրենց մարմնի տեսքով, ինչպես երևում է Հին ուխտում նկարագրված դեպքերում։ Օրինակ, Ռաֆայել հրեշտակապետը մի քանի շաբաթ եղել է Տոբիթի ուղեկիցը, ու ոչ մի անգամ ոչ ոք չկասկածեց, որ նա մարդ չէ։ Բայց երբ հրեշտակապետը վերջում բացահայտեց իրեն, նա ասաց. «Այն բոլոր օրերում ես երևում էի ձեզ, ո՛չ կերա, ո՛չ խմեցի, միայն ձեր աչքերին էր դա երևում» (Տոբիթ 12.19)։
Երեք հրեշտակները, որ երևացին Աբրահամին, նույնպես երևում էին` իբր ուտում են, ու նրանց մասին մտածում էին, որ նրանք մարդ են (Ծննդոց 18, 19)։ Նմանապես, երբ Դանիել մարգարեին երևաց Գաբրիել հրեշտակապետը, նրա տեսքից Դանիելը դողաց ու երեսնիվայր ընկավ, չնայած նա մարգարե էր, չհամարձակվեց պատասխանել հրեշտակապետին, մինչև նա մարդու որդու տեսք չընդունեց»։
Չնայած հրեշտակների տեսքը մարդանման է, բայց և «մարմին»-ները` աննյութական, այդ պատճառով նրանց տեսքը կարող է ապշեցնել յուրաքանչյուր մարդու, որը դեռ մարմնի մեջ է գտնվում։
Իսկ ըստ Հովհաննես Որոտնեցի վարդապետի բնորոշման` «Հրեշտակները պարզ էություն են, անձնիշխան կարողությամբ: Մշտաշարժ, անձնիշխան կամքով, անմարմին, Աստծո սպասավոր, բանական, մտավոր, փոփոխելի, անմահ: Արագաշարժ են բարու մեջ, դժվարաշարժ կամ անշարժ ի չարի»:
Հրեշտակները մարդկանց նման բանական էակներ են, բայց փառքով ու զորությամբ խիստ գերազանց։ Նրանք մարդկանց նման ազատ կամք ունեն, ինչն ամբողջովին գործադրում են Աստծուն ծառայելու մեջ, ի տարբերություն սատանայի, որը սկզբում Արուսյակ էր կոչվում, բայց իր գերազանցությունից հպարտացավ ու ինքնակամ Բարձրյալ Աստծո դեմ ապստամբեց մի խումբ հրեշտակների հետ, և այդ պատճառով վտարվեցին Աստծո ներկայությունից ու այս «կոսմոս» կոչվող վայրը գցվեցին։
Անխտիր բոլոր հրեշտակները անսեռ են, այսինքն` չեն բազմանում իրենց նմաններին ծնելով, ու անմահ են։ Նրանց թիվը ո՛չ պակասում, ո՛չ էլ ավելանում է։
Ըստ եկեղեցու սուրբ հայրերին տրված հայտնությունների, ունենք հրեշտակների ինը դաս.
ԱՆԵՂ ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱԹՈՌՆԵՐ - Աթոռ Քո Աստված հավիտյանս հավիտենից է։
ԲԱԶՄԱՉՅԱ ՔԵՐՈՎԲԵՆԵՐ- Տիրոջ օրհնյալ փառքը իր տեղում։
ՍՐԲԱՍԱՑ ՎԵՑԹԵՎԱՆԻ ՍԵՐՈՎԲԵՆԵՐ - սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ Տեր զորության։
ԱՆՓՈՓՈԽ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - արքայությունը Քո արքայություն է հավիտենից. տերությունը Քո ազգից մինչ ազգ է։
ԱՆՀԱՂԹԵԼԻ ՍՈՒՐԲ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Տեր կարող զորության, Տեր հզոր պատերազմում։
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ - տրվեցին քեզ հեթանոսները ժառանգություն և իշխանություն։
ԱՆՄԱՐՄԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Դու ես Քահանա հավիտյանս հավիտենից` ըստ Մելքիսեդեկի կարգի։
ԲԱՐՁՐՅԱԼԻ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԵՐ – ողորմյա Տեր Քո արարածներին։
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԶԻՆՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - փա՜ռք ի բարձրունս Աստծո:
Նաև գիտենք հրեշտակապետերի ինն անունները և դրանց թարգմանությունները: Իսկ այդ անունների վերջնամասում միտումնավոր ենք գրել «էլ»` «ել»-ի փոխարեն, որովհետև գրաբարյան տարբերակով վերջում գրված է «էլ»-ով, այլ ոչ թե «ել»-ով, քանի որ «էլ»-ը Էլոհիմ՝ Աստծո անվանումներից մեկի կարճ տարբերակն է, ինչպես, օրինակ, Էմանուէլ, որ թարգմանվում է Աստված մեր մեջ:
Միքաէլ- որպես Աստված կամ հզոր,
Գաբրիէլ – պատկեր Աստծո,
Ռաֆաէլ - բժշկություն Աստծո,
Անեաէլ – լրումն Աստծո,
ՈՒրիէլ – տեսումն Աստծո,
Դակուէլ- ինքն Աստվածային,
Բարուքիէլ – սկիզբն Աստծով,
Ադոնիէլ – Տերն իմ Աստծո,
Փանուէլ – հայտնություն Աստծո:
Մատթեոսի Ավետարանում երեխաների հրեշտակների մասին այսպես է գրված. «Զգույշ եղե՛ք, որ չգայթակղեք այս փոքրիկներից ոչ մեկին, որովհետև ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները տեսնում են Իմ Հոր երեսը» (Մատթ. 18.10)։
Իսկ այս մասին եկեղեցին հավելում է, որ մկրտությունից հետո յուրաքանչյուր մարդու, արդեն որպես Եկեղեցու մի անդամի, տրվում է երկու հրեշտակ, որոնցից մեկը նրա պահապան հրեշտակն է դառնում, իսկ երկրորդ հրեշտակի մասին չի մանրամասնում, սակայն կան տեղեկություններ, որ մահանալուց հետո հոգիներին դեպի երկինք ուղեկցում է երկու հրեշտակ:
Մակարիոս Մեծ Ալեքսանդրացու աշակերտը պատմում է. «Երբ մենք քայլում էինք անապատով, տեսա երկու հրեշտակների, որոնք ուղեկցում էին սուրբ Մակարիոսին, մեկը` աջից, մյուսը՝ ձախից»։ Իսկ սուրբ Գրիգոր Տուրսկացին պատմում էր VI դարի Սալվիա անունով եպիսկոպոսի կյանքից մի դեպք. «Մի անգամ նա սաստիկ հիվանդությունից հյուծված, տաքության մեջ ծանր շնչելով պառկած էր թախտին, հանկարծ խրճիթը վառ լուսավորվեց և ցնցվեց, որից եպիսկոպոսը դժվարությամբ ձեռքը վեր բարձրացնելով փառք տվեց Աստծուն և հոգին ավանդեց։ Վանականները նրա մոր հետ սուգ անելով հանում են հանգուցյալի շորերը, մարմինը լվանում ջրով, փաթաթում սավանի մեջ ու դնում դագաղը, և ամբողջ գիշեր անցկացնում սաղմոսներ աղոթելով։ Երբ լույսը բացվում է, ու պատրաստվում էին հուղարկավորել, հանկարծ մեռածը սկսում է շարժվել, ու քիչ անց նրա այտերին կարմրություն է երևում, և եպիսկոպոսը, կարծես խոր քնից արթնանալով, բացում է աչքերը, բարձրացնում մի ձեռքը և ասում. «Ա՛խ, Տեր ամենակարող, ինչո՞ւ ինձ հետ ուղարկեցիր երկրային այս տխուր բնակավայրը։ Ինձ համար ավելի նախընտրելի կլիներ Քո ողորմածությունը երկնքում, քան այս անիմաստ կյանքը»։ Եղբայրները ապշահար եղած, մտածում էին, թե ինչ կարող էր նշանակել այսպիսի հրաշքը։ Ապա նա դագաղից վեր է կենում, և հիվանդության ցավերը չզգալով, երեք օր անցկացնում առանց ուտելու և խմելու։ Չորրորդ օրը կանչում է վանականներին և իր մորն ու ասում. «ՈՒշադիր լսեք խոսքերս, սիրելիներս, որովհետև ինչ-որ տեսնում եք այս աշխարհում` ոչինչ է, և ինչպես ասել է Սողոմոնը՝ ամեն ինչ ունայնություն է։ Երանի նրան, ով այս աշխարհում այնպես կապրի, որ արժանի կլինի տեսնելու Տիրոջ փառքը երկնքում»։ Մինչդեռ խոսում էր, սկսեց դանդաղել խոսքի մեջ, կարծես մտածում էր՝ շարունակել խոսքը, թե լռել։ Եվ նա լռեց, բայց եղբայրները սկսեցին ոտքերն ընկած աղաչել, որ պատմի իրենց, թե ինչ էր տեսել, և ընդառաջելով Աստծու սիրուն, պատմեց. «Չորս օր առաջ, երբ խրճիթը լուսավորվեց ու շարժվեց և դուք ինձ անշնչացած տեսաք, ինձ բռնեցին երկու հրեշտակներ ու վեր՝ երկինք բարձրացրին, այնքան բարձր, որ ինձ թվաց, թե ոչ միայն երկիրը, այլև արեգակն ու աստղերը հայտնվեցին մեր ներքևում։ Հետո ինձ դարպասների միջով տարան մի բնակավայր, որտեղ գետինը պսպղում էր ոսկու նման, իսկ այնտեղի լույսը չեմ կարող բառերով նկարագրել, ոչ էլ տարածությունը, որը լցված էր տղամարդկանց ու կանանց այնպիսի բազմությամբ, որ մարդու հայացքով անհնար էր չափել երկարությունն ու լայնությունը։ Երբ մեզ համար հրեշտակները ճանապարհ բացեցին, մենք անցնելով հասանք այն տեղին, որն արդեն հեռվից նկատել էինք։ Այնտեղ՝ վերևում, գտնվում էր մի ամպ, որը ցանկացած լույսից ավելի լուսավոր էր, որտեղ չէին երևում ո՛չ արև, ո՛չ էլ այլ լուսատուներ։ Այդ ամպից մի ձայն էր դուրս գալիս` «շատ ջրերի ձայնի նման»։ Այնտեղ նույնիսկ ինձ նման մեղավորին դիմավորում էին մարդիկ՝ հոգևորական և աշխարհական հագուստներով։ Եվ ինչպես ինձ բացատրեցին իմ ուղեկիցները, դիմավորողները Տիրոջ սուրբ անունը խոստովանած նահատակներն էին, որոնց մենք այստեղ՝ երկրի վրա մեծապես հարգում ենք։ Եվ երբ կանգնեցի այնտեղ, որտեղ հրամայված էր, ինձ պաշարեց մի այնպիսի անուշ բուրմունք, և այնպես պատեց այդ քաղցրությունը, որ մինչև հիմա չեմ ուզում ո՛չ ուտել, ո՛չ խմել։ Եվ ես լսեցի մի ձայն, որն ասում էր. «Թո՛ղ վերադառնա սա աշխարհ, քանզի նա պետք է մեր Եկեղեցուն»։ Ձայնը ես լսում էի, բայց տեսնել այդպես էլ չկարողացա ոչ մեկին» (Սբ. Գրիգոր Տուսկացի, «Ֆրանկների պատմություն»)։
Այս ամենին զուգահեռաբար նույն սուրբ հայրերը զգուշացնում են, որ պետք չէ մանկամտաբար տեսածդ հրեշտակին Տիրոջից ուղարկածի տեղ ընդունել, որովհետև դևերն էլ են կարողանում լուսո հրեշտակի կերպարանք ընդունել և միամիտներին մոլորեցնել։ Պողոս առաքյալն այդ մասին գրել է. «Դա զարմանալի բան չէ. քանզի ինքը՝ սատանան էլ է կերպարանավորվում որպես լուսո հրեշտակ: Եվ տարօրինակ չէ, որ նրա պաշտոնեաներն էլ կերպարանավորվեն որպես արդարության պաշտոնեաներ, որոնց վախճանը կլինի ըստ իրենց գործերի» (Բ. Կորնթ. 11.14)։ Սրանով Տիրոջ առաքյալը մեզ՝ քրիստոնյաներիս զգուշության է խրախուսում, որ մտքով ու Աստծո խոսքով քննենք ամեն բան ու ճշմարիտն ընդունենք։ Անտոն Անապատականը, որը մեծ փորձ ուներ դևերի վերաբերյալ, քանի որ նրանք մի քանի անգամ հայտնապես են հարձակվել նրա վրա, հետևյալն է գրում իր փորձառությունից. «Եվ այս է պետք իմանալ ձեր անվտանգության համար. երբ ձեզ կերևա որևէ (հրեշտականման), տեսիլք, արիաբար հարցրու սկզբում. «Ո՞վ ես դու և որտեղի՞ց»։ Եթե երևումը սրբերինն է, նրանք քեզ կհանգստացնեն ու քո վախը կփոխեն ուրախության։ Եթե այդ երևումը սատանայական է, ապա նրանք քո հոգում պնդության հանդիպելով, իսկույն կսասանվեն, որովհետև այն հարցը, թե ո՞վ ես ու որտեղից, մարդու հոգու ներքին արիության նշան է։ Այդպես անելով Հեսու Նավեն համոզվեց ճշմարտության մեջ» (Հեսու 5.13)։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2141

Մեկնաբանություններ