«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մեկի համար` հաջող ընտրություն, մյուսի համար՝ «կարկատան մազութ»

Մեկի համար` հաջող ընտրություն,  մյուսի համար՝  «կարկատան մազութ»
08.05.2012 | 00:00

Նախընտրական կրքերը տեղի տվեցին հետընտրականին: Խորհրդարանական ընտրությունները հետևում են, առջևում քաղաքական նոր վերադասավորություններն են: Մինչ այդ, խորհրդարան անցած ու չանցած կուսակցությունները դեռ բավականին ժամանակ կքննարկեն` արդյոք ստացած քվեներն իրականությո՞ւնն են արտացոլում, թե՞ ոչ: Փորձեցինք ընտրություններին մասնակցած ուժերից գնահատականներ լսել արդեն պատմություն դարձած ընտրության վերաբերյալ:

Նախ այն կուսակցությունների գնահատականը, որոնք չհաղթահարեցին 5 տոկոսի շեմը:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ «ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ»

ՌՈՒԲԵՆ ԱՎԱԳՅԱՆ («Միավորված հայեր»)

-Ես ասել էի, որ մեծամասնականն արդար չի լինելու, իսկ համամասնականը եղավ 60 տոկոսով ազատ, բայց ոչ արդար: Սրանք տարբեր բաներ են, արդար ընտրություններին մենք պատրաստ չենք: Այնպես ստացվեց, որ նյութական արժեքները հաղթեցին գաղափարախոսությանը: Հայ ազգը հինգ տարով իր ապագան վաճառեց: Երրորդ պետականամետ ուժը կփրկի երկիրն այս վիճակից: Եթե ժողովուրդը իշխանական կուսակցություններին ընդհանուր հաշվով 75 տոկոս ձայն է տալիս, ես էլ ի՞նչ ասեմ: Հինգ տարի վերևում լինելու է իշխանության խավարը, ներքևում՝ խավարի իշխանությունը:

ՀԴԿ-ից մեզ փոխանցեցին, որ հայտարարությամբ են հանդես գալու և իրենց դիտարկումները այդ կերպ կարտահայտեն: Իսկ կոմկուսի առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ ընդհանրապես չի ցանկանում խոսել այս ընտրություններից: ՀԿԿ-ի ծանր հրետանին բավականին ընկճված տրամադրություն ուներ:

ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

Անդրադառնալով խորհրդարան անցած ուժերին, նշենք, որ ԲՀԿ-ն երեկ «լռության օր» էր հայտարարել: Առայժմ չեն ցանկանում մեկնաբանություններ հնչեցնել: ՀՅԴ-ն էլ սպասում է Գերագույն մարմնի «ծանրակշիռ» որոշմանը, չնայած մեզ հետ զրույցում դաշնակցական ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ նշեց, որ իր խոհերն արդեն ներկայացրել է սոցցանցում:

-Ընտրություններին նախորդող լռության օրվա հետ դադարեց Հայաստան երկրիս կարկատան ասֆալտապատումը: Բայց առջևում հինգ տարի կա, ու էդ կարկատան մազութը սև, քստմնելի ու խուլ ծանրությամբ այսուհետ կտարածվի ՀՀ ողջ տարածքով՝ իջնելով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ուսերին՝ իբրև ընտրություն, իբրև ճակատագիր, իբրև ապագա, իբրև գոյություն: Բայց թերևս չարժե տրտնջալ. նրանք «ընտրել» են իրենց բաժին «մազութը»:

Երեկ ՕԵԿ-ը ևս «անհասանելի» էր:


ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (ՀՀԿ)

-Ընտրություններն անցան լավ, հաջողված, կազմակերպված, թափանցիկ: Խախտումների մասին կարդացել ու դիտել եմ ԶԼՄ-ներով, դրանք դեռ պիտի ստուգվեն, սակայն, կարծում եմ, դրանք այն չափի չեն, որ ընտրությունների արդյունքի վրա կարող են զգալի փոփոխություն արձանագրել, ազդել: Դիտորդները, անգամ ընդդիմադիրները փաստում են, որ այս ընտրությունները դրական առումով մյուսներից տարբերվում են: Այն, որ մենք խորհրդարանում պիտի մեծամասնություն կազմեինք, չէի կասկածում, բայց ոչ մեկը չէր կարող տոկոսները գուշակել: Պարզապես նախընտրական քարոզչության ընթացքում էլ ակնհայտ դարձավ, թե ովքեր կարող են լինել նոր ձևավորվող խորհրդարանում:


ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ («Ժառանգություն»)

-Մի երկրում, ուր միակ փոփոխությունն այն է, որ կիրակի օրով, առավոտ շուտ, ՀՀԿ-ի ընտրազանգվածը գլխապատառ գա, շրջի ընտրատեղամասերում ու քվեարկի, դրան ի՞նչ ընտրություն ասեմ: Ես արդյունքները, որպես ազատ ընտրություն, չեմ ընդունում: Արդյունքները թող ընդունի կամ չընդունի ժողովուրդը, ինձ համար դա երկրորդական է:

ՀԱԿ-ից էլ մեզ փոխանցեցին, որ բոլոր գնահատականները կտրվեն այսօրվա հանրահավաքում։

Պատրաստեց

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ