Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Վերահսկողությունը շարունակվելու է մինչև 2009-ի սեպտեմբեր»

«Վերահսկողությունը շարունակվելու է մինչև 2009-ի սեպտեմբեր»
19.09.2008 | 00:00

«ՍԱՐԱԼԱՆՋԻՆ» ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ
Ըստ ծրագրի՝ սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին շահագործման պետք է հանձնվի «Սարալանջ» մայրուղին։ Թե ինչ փուլում են աշխատանքները, դրա մասին դեռ կխոսենք։ Սակայն մինչ այդ նկատենք, որ օրերս «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանն ընդհանուր առմամբ գոհ լինելով «Ճանապարհաշինություն» ծրագրի գործընթացից, դժգոհություն էր հայտնել որոշ աշխատանքներից։ Բայց թե կոնկրետ ո՞ր ճանապարհահատվածի մասին է խոսքը, և արդյոք այն վերաբերում է մի քանի տարի առաջ իրականացված, թե այսօրվա աշխատանքներին, չի մանրամասնել։ Համենայն դեպս, առաջին ծրագրից «Լինսի» հիմնադրամը գոհ էր մնացել և բարձր գնահատականի արժանացրել կատարված աշխատանքները։ Բոլոր դեպքերում, նախկին ծրագրով իրականացրած աշխատանքներում այս պահին լուրջ թերություններ կա՞ն։ Այս հարցով էլ սկսեցինք զրույցը «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի ղեկավար ԷԴՎԱՐԴ ԲԵԶՈՅԱՆԻ հետ։
-«Ճանապարհաշինություն» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների մեջ այս տարի հայտնաբերվել է 30-50 քմ թերացում։ Նկատեմ, որ գլխավոր գրասենյակի առաջարկությամբ այդ ծրագրով իրականացված նոր մոտեցումների արդյունքում հնարավոր եղավ տնտեսել որոշակի գումարներ, որոնք ուղղվեցին նոր՝ լրացուցիչ ավտոճանապարհի կառուցմանը։ Մասնավորապես, կառուցվեց Արմավիր-Գյումրի 3-4-կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Անցած շաբաթ պետական հանձնաժողովը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի գլխավորությամբ, բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ «Լինսի» հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ, ուսումնասիրել է նախորդ ծրագրով և լրացուցիչ կատարված աշխատանքները և արժանացրել հանձնաժողովի բարձր գնահատականին։
-Ասում են՝ պարոն Սասունյանի այդ հայտարարությունը պայմանավորված է ներկա աշխատանքների վերաբերյալ ներկայացված ոչ ճիշտ տեղեկությամբ։ Համամի՞տ եք այդ տեսակետին։ Եթե ոչ, ապա ինչո՞վ եք այն պայմանավորում։
-Չեմ բացառում. թերություններ կան, սակայն դրանք այն որակի և այն ծավալի չեն, որ անդրադառնան ընդհանուր ծրագրի արդյունավետության վրա։ Կարծում եմ, պարոն Սասունյանն իր խոսքում նկատի է ունեցել առանձին թերություններ, որոնք մեզ համար ևս նկատելի են եղել, և դրանց շտկման ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվել։ Եթե հիշում եք, անցած տարի շահագործման հանձնվեց Տիգրան Մեծ պողոտան, և թե՛ մասնագիտական ուսումնասիրությունները, որ այս տարի երկու անգամ իրականացրել ենք, թե՛ անզեն աչքը կարող են փաստել, որ պողոտան գտնվում է լավ վիճակում։ Երևի թե խոսակցություններն ավելի շատ առաջ են եկել Կոմիտասի պողոտայի առնչությամբ։
-Ի դեպ, որքան գիտեմ, Կոմիտասի պողոտայում, մինչ «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորումը, աշխատանքները սկսեցին իրականացնել շինարարական կազմակերպություններն իրենց հաշվին, քանի որ հիմնադրամի միջոցները դեռևս ստացված չէին։ Գուցե սրա՞ պատճառով է խնդիր առաջացել։
-Աշխատանքները նշված հատվածում սկսվեցին դեռևս օգոստոս ամսին, իսկ ֆինանսավորումն իրականացվեց դեկտեմբերին։ Սակայն այստեղ խնդիր չկա։ Կոմիտասի պողոտան ամբողջովին վերակառուցվել է՝ նորացվել են եզրաքարերը, ապամոնտաժվել են տրամվայի գծերը, ինչի արդյունքում փողոցի լայնությունը 20 մետրից դարձել է 28։ Բնականաբար, այս փոփոխությունն իր հետ բերեց նաև ինժեներական ենթակառուցվածքների փոփոխություն։ Իսկ ամենակարևորը, որ շատ քիչ է հիշատակվում, այն է, որ ամբողջությամբ վերակառուցել ենք Արաբկիր համայնքը սնուցող ջրատարը, վերանորոգել ենք նաև կոյուղագծերը, պողոտայի ամբողջ հեղեղատար կոյուղին։ Մենք դիմեցինք կառավարությանը, լրացուցիչ հատկացվեց 75 մլն դրամ հողային աշխատանքների համար, և 75 մլն դրամ էլ «Երևանջուր» ընկերությանը՝ խողովակաշարերը փոխելու համար։ Հաջորդ բարդությունն այն էր, որ ջրատարը սնուցող այլ խողովակները միացնելու ժամանակ հին ենթակառուցվածքները նորի հետ համադրելու դժվարություն ունեցանք, ինչը փորձեցինք լուծել։ Քաղաքապետարանի աջակցությամբ ամբողջովին տեղափոխվել են առաջին հարկերին կից կրպակները, որոնք խոչընդոտում էին աշխատանքները։ Այդ հարցերի համալիր լուծումը բարդ խնդիր էր, ինչն առաջացրեց որոշակի դժվարություններ ժամկետային առումով։ Նման մեծածավալ աշխատանքների հետ մեկտեղ, իհարկե, «Դարոժնիկ» կազմակերպության որոշ թերացումներ նույնպես եղել են։ Մասնավորապես որոշ հատվածներում ասֆալտի վրա ալիքներ էին առաջացել։ Դրանց գերակշռող մասը վերացվել է, և այժմ աշխատանքներ են տարվում 200-300 քմ տարածքի թերությունները վերացնելու ուղղությամբ։ Կարծում եմ` հենց սրան է վերաբերում փոխնախագահի վերը նշված արձագանքը։ Մենք իրականացնում ենք ամենօրյա վերահսկողություն, որը շարունակվելու է անգամ շինարարության ավարտից հետո, մինչև 2009-ի սեպտեմբեր։ Եթե այդ ժամանակահատվածում նոր թերություններ ի հայտ գան, ապա շինարարը պարտավոր կլինի վերացնել, հակառակ դեպքում նրան հատկացված ընդհանուր գումարից պահված 10%-ը, որը կազմում է 100 միլիոն դրամ, կհատկացվի այլ շինարարական կազմակերպության, որն էլ կվերացնի թերությունները։
-Ի՞նչ փուլում է «Սարալանջ» մայրուղու շինարարական գործընթացը։
-Մայրուղին բաղկացած է երեք տեղամասից։ Առաջինը սկիզբ է առնում Ավետիսյան-Փափազյան փողոցների խաչմերուկից և ավարտվում է Ազատության պողոտային հարող տրանսպորտային հանգույցում։ Այս ճանապարհը 1100 գծամետր է, որի մեջ ընդգրկված է նաև Ռիգայի փողոցին հարող տրանսպորտային հանգույցը։ Այս հատվածում աշխատանքներն ավարտված են, և այժմ նշագրում ենք իրականացնում։ Երկրորդ տեղամասն ընդգրկում է Ազատության պողոտայի տրանսպորտային հանգույցը, որը բաղկացած է երկու ուղանց կամուրջներից։ Վերանորոգվել է նաև նախկինում կառուցված թունելը։ Երրորդ տեղամասը բաղկացած է երկու հատվածից։ Առաջինը մայրուղին է, որը սկիզբ է առնում Ազատության պողոտայի տրանսպորտային հանգույցի հետնամասից (800 գծամետր), իսկ երկրորդը Մյասնիկյան-Հերացի տրանսպորտային հանգույցն է։ Առաջին հատվածում աշխատանքներն ավարտված են, երկրորդում իրականացվում է ասֆալտապատում և եզրաքարերի տեղադրում։ Նշեմ, որ այս երկրորդ հատվածն իր մեջ ընդգրկում է երկու ուղանց կամուրջներ, մեկ տրանսպորտային թունել, ինչպես նաև հետիոտնային անցում։ Այս պահի դրությամբ իրականացվում են այդ կամուրջների ասֆալտապատման աշխատանքները, որոնք կավարտվեն այս շաբաթվա մեջ։
-Հետաքրքիր է, ինչո՞ւ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ հրաժարվեցիք էստակադայի կառուցումից, ինչպես նաև «Արփա-Սևան» ընկերության աշխատանքներից։
-Գրասենյակը երկար քննարկումներից հետո որոշեց, որ էստակադայի կառուցումը ճիշտ մոտեցում չի լինի։ Արդյունքում որոշվեց ճանապարհը գցել «Բելաջիո» ռեստորանային համալիրից թունելային անցումով։ Ինչ վերաբերում է «Արփա-Սևան» ընկերությանը, ապա նշեմ, որ այս ընկերության հետ մեկտեղ «Պետրոլշին» ընկերությունը ևս հայտ էր ներկայացրել թունելի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար։ Սակայն նրանց ներկայացրած գնային առաջարկը բավական բարձր էր, և, բնականաբար, գրասենյակը հրաժարվեց առաջարկից։ Հետևաբար ընտրվեց «Արթուն» ընկերությունը։ Թունելի աշխատանքները սկսվեցին 2007-ի մայիսից։ Սկզբնական շրջանում աշխատանքները մեծ դժվարությամբ էին առաջ գնում, կազմակերպությունը փոքր-ինչ հապաղում էր։
-Ինչո՞ւ։
-Թունելը գտնվում է բնակելի տարածքին կից, հետևաբար պայթեցման մեծածավալ աշխատանքներ իրականացնելն իրենից բարդություն էր ներկայացնում։ 2008-ի հունվարին գրասենյակը որոշեց աշխատանքներին ներգրավել նաև «Ճանապարհ» ընկերությանը։ Պատկերացրեք, մեկ ամսվա ընթացքում իրականացվեց 45 գծամետր հորատանցման աշխատանք։ Եվ մի աննախադեպ երևույթ ևս. երկու ընկերությունները թունելի տարբեր ծայրերից միացան իրար՝ ուղղաձիգ հարթության մեջ 2-3 սմ շեղումով, ինչը գերազանց ցուցանիշ է։ Այս պահի դրությամբ բետոնապատման ու կահավորման աշխատանքներն ավարտված են, և իրականացվում է ասֆալտապատում։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 6532

Մեկնաբանություններ