Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«ՑՈՒՑԱԿԸ ՊԻՏԻ ԳԼԽԱՎՈՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ»

«ՑՈՒՑԱԿԸ ՊԻՏԻ ԳԼԽԱՎՈՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ»
31.01.2012 | 00:00

Երեկ ողջ օրը ՀՀԿ-ԲՀԿ տանդեմում փոխհրաձգություն էր՝ ով է ավելի շատ «խոսքի ու գործի» հարթությունում: «Հարվածները» երբեմն թիկունքից էին, երբեմն՝ ճակատային: Այդուհանդերձ, օրվա վերջում, ասում են, թեժ կրակի վրա ջուր են լցրել: Մեզ հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, անդրադառնալով կոալիցիոն գործընկերոջ որակումներին, ասաց. «Նախ փաստենք, որ մենք ստորագրել ենք կոալիցիոն հուշագիր, որը պետք է պահպանել, ինչն էլ մենք անում ենք: Այն միտումները, որ որոշ մարդկանց մտքում կան, դեռևս չեն նշանակում, թե հուշագիրն իրեն սպառել է: Այն, որ մամուլով ներկայացվում է, թե 41 մեծամասնական տեղերում 2-3 թեկնածու են առաջադրելու, չի կարելի համարել վերջնական որոշում, քանի որ ԲՀԿ-ի ղեկավարն այդ մասին դեռ պաշտոնապես չի արտահայտվել»:
-Երեկվա ողջ աղմուկը, ուրեմն, ի՞նչ էր:
-Նախընտրական գործընթացներ են, որոնք իսկապես անհրաժեշտ են: Բնականաբար, բոլոր կողմերից ակտիվանում են: Ընդդիմությունն էլ 100 տոկոս համամասնականին անցնելու խայծ գցեց:
-Ձեր կոալիցիոն գործընկերն էլ «խայծը» կո՞ւլ տվեց:
-Եթե խոսքը լսումների մասին է, դրանում վատ բան չեմ տեսնում: Այդ լսումներին կարող են անգամ ՀՀԿ-ականներ մասնակցել, տեսնել, թե ինչ կարծիքներ, ցանկություններ կան: Պարզապես հարցն այսօր ժամանակավրեպ է, քանի որ ԸՕ-ն ընդունվեց, ու եթե կային այլ առաջարկություններ, այն ժամանակ պետք է առաջ քաշվեին: Այնինչ ընդդիմությունը չմասնակցեց այդ քննարկմանը, ու հիմա, երբ ԸՕ-ն պատրաստ է, հանձնաժողովները՝ ձևավորված, հանկարծ սկսեցին այս հարցն առաջ քաշել: Սա խոսում է այն մասին, որ ընդդիմությունն ընտրություններից առաջ համախմբվելու մի գաղափար պիտի գտներ ու գտավ: Բայց քանի որ սա ռեալ չէ, ու տեխնիկապես անհնար էլ է այն իրագործել, մեկ ամիս անց դա կմոռանան, գաղափարն էլ փուչիկի նման կպայթի:
-Լիովին հասկանալի է, որ ընդդիմությունը համախմբվելու գաղափարներ է փնտրում, բայց ՀՀԿ-ի համար ընդունելի՞ է, որ իր գործընկերը, անջատվելով իշխանությունից, ընդդիմության հետ համագործակցության է գնում:
-Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն իշխանությունից անջատվել է, իրենց պաշտոններն էլ, պոստերն էլ տեղում են: Իրենք միաժամանակ հայտարարում են, որ մեծամասնականով առաջադրվելու են, այսինքն` չեն հրաժարվում դրանից: Այսօր ես միայն տեսնում եմ, որ ԲՀԿ-ն միացել է լսումներ անցկացնելու հարցին, ԲՀԿ-ընդդիմություն այլ համագործակցություն չեմ տեսնում:
-Մինչդեռ, ՀՀԿ-ն ԲՀԿ-ին մեղադրում է խոսքի ու գործի անհամապատասխանության մեջ, ԲՀԿ-ն էլ իր հերթին «կատարյալ անգործության, գործունեության վնասակարության» հատորյակներ տպելու սպառնալիքներ է տեղում:
-Քաղաքականության մեջ, ինչպես ընտանիքում, մշտապես բանավեճեր, խոսակցություններ լինում են, բայց երբ հերթը հասնում է ապահարզանին, դատարանը հստակ ասում է՝ ով ով է: Սակայն սրանք ընդամենը խոսակցություններ են, ռեալ գործողություններ դեռևս չկան, երբ լինեն, կխոսենք արդեն այդ դիրքերից: Այս ամենը հանգեցնում է նրան, որ հասարակությունը տեսնում է` իշխանությունը մոնոլիտ չէ: Միասնական ցուցակ չկազմեցինք, ընտրություններին գնում ենք առանձին, իսկ այդ պարագայում կուսակցությունները միշտ էլ ասելիք ունենում են:
-Մինչև ընտրություններ կոալիցիան կշարունակի՞ գործել, թե՞ ճաքերը կհանգեցնեն վերջնական տրոհման:
-Դիտարկելով այսօրվա քաղաքական զարգացումները, կարծում եմ, կոալիցիոն այսօրվա հուշագրով մինչև վերջ կգնանք: Խորդուբորդեր, ճաքեր չկան, ընդամենը մակերեսային խոսակցություններ են, որոնք կարող են լինել: ՀԱԿ-ն էլ իր խաղի կանոններն ունի ու փորձում է կոալիցիայի մեջ անվստահություն սերմանել, բայց չի ստացվում: 2012-ի և 2013-ի առնչությամբ կոալիցիոն հուշագրում ամրագրվածը, կարծում եմ, կպահպանվի:
-ՀՀԿ-ԲՀԿ «անհաշտ» պայքարի հաջորդ թիրախը մեծամասնական տեղերն են: ԲՀԿ-ն շատ տեղեր է ուզում, ՀՀԿ-ն չի տալիս: Ինչպե՞ս եք անելու, որ ԲՀԿ-ն «ողջ» մնա, ՀՀԿ-ն էլ` «կուշտ»:
-Կնքված հուշագրի համաձայն` չպետք է խախտվի համամասնությունը: Բնականաբար, մի քիչ ավելի, մի քիչ պակաս հնարավոր է: Կուսակցական դեմքերի հայտարարությունները դեռևս փաստ չեն: Երբ ԲՀԿ-ի ղեկավարն այդ մասին հայտարարի, այն ժամանակ էլ նոր խոսակցություններ կառաջանան: Անշուշտ, ամեն կուսակցություն ցանկանում է առաջատար լինել, բայց ձգտումը մի բան է, իրականությունը` այլ բան: ՀՀԿ-ն իր ուժերը գնահատում է նախորդ ընտրություններից ոչ պակաս, եթե ոչ ավելի: Քաղաքականության մեջ կա բարոյականություն, դա հենց պայմանավորվածության չխախտումն է, ասել է՝ բարոյական կատեգորիան պահպանվում է: Երբ համաձայնում ես, բայց գնում, խախտում ես այն, այ, այդ ժամանակ էլ բարոյականությունը վերանում է:
-Հետաքրքիր է՝ ՀՀԿ-ի համասնական ցուցակում, որոշակի հստակություն արդեն կա՞: Մամուլում առաջին եռյակում տեղ գտած անուններ են արդեն շրջանառվում:
-Գործադիր մարմնում այդպիսի քննարկումներ դեռ չեն եղել, բայց, իմ կարծիքով, ցուցակը պիտի գլխավորի կուսակցության, հանրապետության նախագահը: Երկրորդ, երրորդ տեղերի հարցը դեռ չի քննարկվել, չեմ կարող ասել:
-Գործարարների մասով ի՞նչ «խաբար» կա:
-Ժամանակին էլ ասվել է, որ գործարարների թիվը ցուցակում նվազագույնի կհասցվի, քանի որ բոլորն էլ, Սահմանադրության համաձայն, իրավունք ունեն ընտրվելու, գործարարները մեծամասնականով կարող են առաջադրվել:
-Խոսակցություններ կան նաև այլ կուսակցությունների ղեկավարներին (Խոսրով Հարությունյան, Վազգեն Մանուկյան, Արտաշես Գեղամյան) ձեր ցուցակով խորհրդարան բերելու մասին։
-Կան կուսակցություններ, ովքեր ժամանակին հինգ տոկոսը չեն հաղթահարել, ու եթե իրենք պետությանն օգտակար են, հասարակությանն ասելիք ունեն, կընդգրկվեն մեր ցուցակներում: Մենք ներկայացնում են ողջ Հայաստանի Հանրապետությունը ու հաշվի ենք առնում շատ թե քիչ կշիռ ունեցող կուսակցությունների ղեկավարներին: Նրանցից մի քանիսը կարող են լինել, բայց, բնականաբար, ոչ ընդդիմությունից: Կլինեն պետականամետ գործիչներ:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ