Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՍԲ. ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ

ՍԲ. ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ
30.10.2009 | 00:00

Այսօրվա հոգևոր զարթոնքի շրջանում, կարծում ենք, Երևանի բնակիչներից շատերին կհետաքրքրի, թե ինչպիսին է եղել հոգևոր կյանքը հին Երևանում, ի՞նչ եկեղեցիներ են գործել, և արդյոք պահպանվե՞լ են դրանք:
Երևանը` դարերի պատմություն ունեցող այս քաղաքը, քրիստոնեական-եկեղեցական ճարտարապետական օրրաններից է: Երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվում է պետական կրոն, և հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը 301 թ. Վաղարշապատում հիմնադրում է նոր հավատքի առաջնեկ Էջմիածնի Մայր տաճարը, Հայաստանում ծայր է առնում եկեղեցիների շինարարություն, որով սկիզբ է դրվում նաև հայկական եկեղեցական ճարտարապետությանը: Եկեղեցիներ են կառուցվում նաև Երևանում, որոնք, քրիստոնեական հավատքի օջախներ լինելուց բացի, նաև մշակույթի, հոգևոր կրթության և գրչության կենտրոններ էին:
Սակայն մինչ անցնելը Երևանի հնագույն եկեղեցիների պատմությանը և նկարագրությանը, մի փոքր քայլենք հին Երևանի փողոցներով: Նախ` նշենք, որ 1860-ական թթ. Երևանն ուներ 7 թաղ: Ամենամեծը Հին թաղն էր կամ Շհարը, որը զբաղեցնում էր քաղաքի կենտրոնական մասը: Այստեղ էր գտնվում քաղաքի եկեղեցիների մեծ մասը: Մյուսը Շեն թաղն էր, ապա` Ձորագյուղը, Կոնդը, որի արևելակողմում գտնվում էր Նոր Թաղը (այժմյան Թումանյանի տուն-թանգարանի շրջակայքը: Նոր էր կոչվում, որովհետև այստեղի հայ բնակիչները, 1828-ի Թուրքմենչայի պայմանագրից հետո, եկել էին Ատրպատականից): Երևանի հարավային մասում Երկաթաղբյուր թաղն էր: Այն կոչվել է նաև Քարահանքի թաղամաս, քանզի Հին Երևանում հիմնականում արդյունահանվել են այստեղի տուֆն ու բազալտը: Հին Երևանի առանձին թաղեր ունեին կրկնակ անուններ, որովհետև կոչվում էին նաև տվյալ տարածքում գտնվող եկեղեցիների անուններով (օրինակ` Սուրբ Սարգսի թաղ, Զորավորի թաղ և այլն): Ի դեպ, Երկաթաջուր կոչվող քաղաքամասում` Նորքի փեշերից մինչև Գետառի ձախակողմյան սահմանները, եկեղեցիներ չկային, քանզի այնտեղ հիմնականում բնակվում էին այլադավաններ:
Շհարում էր գտնվում քաղաքի կենտրոնական` Աստաֆյան (ներկայիս Աբովյան), փողոցը, որից դեպի արևմուտք, աջ և ձախ, հյուսիսից դեպի հարավ անցնում էր Բժշկական փողոցը (Թումանյան): Ներկա Թումանյան և Աբովյան փողոցների անկյունում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի տեղում գտնվում էր Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին, որը Խորհրդային իշխանության որոշմամբ երեսունական թվականներին քանդվեց, և նրա տեղում կառուցվեց «Մոսկվա» կինոթատրոնը: Աստաֆյանով շարունակելով դեպի արևմուտք` երկրորդ փողոցը աջ կողմից դեպի հյուսիս, Եկեղեցական փողոցն էր (ներկայիս Սայաթ-Նովայի), որն այդպես էր կոչվում, քանի որ փողոցի անկյունում էր գտնվում Կաթողիկե եկեղեցին (ներկայիս Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում): Այն, ի տարբերություն Սբ. Պողոս-Պետրոսի, համեմատաբար փոքր էր, բայց ավելի բարետես էր:
Մինչև 20-րդ դարի 30-ական թթ. Երևանի կենտրոնում պահպանվել էր հնագույն եկեղեցիների մեծ մասը, այդ թվում նաև` Սբ. Պողոս-Պետրոսը:
Ինչպես նկարագրում է Կարո Ղաֆադարյանը, Սուրբ Պողոս-Պետրոս եռանավ տաճարը եղել է Երևանի հնագույն և ամենամեծ եկեղեցին` կառուցված 5-6-րդ դդ.: Այն, սակայն, քաղաքի միակ եկեղեցին չի եղել: Այդ մասին է վկայում հետևյալ իրադարձությունը. 607 թ. նորընտիր Աբրահամ կաթողիկոսի կողմից Հայաստանի` Բյուզանդիային անցած վայրերի հոգևորականների մասնակցությամբ Դվինում հրավիրված ժողովին, որտեղ ժողովականները որոշում ընդունեցին հաստատուն մնալ հայկական դավանանքին, ի թիվս սակավաթիվ հոգևորականների, Երևանից մասնակցել է երկու վաներեց: Սա նշանակում է, որ այդ ժամանակ Երևանն ունեցել է առնվազն երկու մեծ եկեղեցի, որոնցից մեկը Սբ. Պողոս-Պետրոսն է եղել, իսկ մյուսը` հավանաբար այժմ հետադարյան վերակառուցումներով մեզ ծանոթ եկեղեցիներից մեկը, բայց հայտնի չէ, թե որը: 17-րդ դարում Երևան այցելած ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենն իր Հին Երևանի նկարագրության մեջ նույնպես նշում է, որ Երևանում կային շատ եկեղեցիներ: Նա, սակայն, չի հիշատակում Պողոս-Պետրոս անունով եկեղեցի:
Երևանի համար 1679 թ. աղետալի երկրաշարժի ժամանակ մի շարք եկեղեցիների նման ավերվում է նաև Սբ. Պողոս-Պետրոսը: Այդ երկրաշարժից հետո նրա մնացորդների վրա, որոնք պահպանվել էին արևելյան մասում, իր նախկին տեսքով կառուցվում է նույնանուն մի եկեղեցի: Ցավոք, վերաշինության վերաբերյալ ստույգ գրավոր հիշատակություն չի պահպանվել: Ամենայն հավանականությամբ դա կատարվել է 17-րդ դարի վերջին, քանզի եկեղեցու արևելյան և հարավային պատերի մեջ ագուցված խաչքարերից մի երկուսի վրա, Կարո Ղաֆադարյանի կատարած ուսումնասիրությունների ժամանակ, պարզ կարդացվել են 1691 և 1692 թվերը, իսկ վիմական երկու արձանագրությունները վկայել են, որ եկեղեցու վերանորոգումները կատարվել են 1778 և 1820 թթ.: Առաջին արձանագրությունում, որը փորագրված էր հարավային մուտքի ճակատակալ քարի վրա` դրսից, կամարի մեջ, հիշատակված է. «Ի թվ ՌՄԻԷ (1778) Ողորմութեամբն Աստուծոյ նորոգեցավ բոլոր տանիք սրբոյ եկեղեցւոյս հանդերձ այլ ևս խախուտ տեղեօքն, որք յորմանսն և ի սիւնսն էին, արդեամբք և հոգացողութեամբ տեառն Սիմէօնի գերընդիր կաթողիկոսին ամենայն Հայոց և Սրբոյ Էջմիածնի որ ի սոյնոյ քաղաքէ»:
Երկրորդ արձանագրությունը, որ փորագրված էր հարավային պատին, կամարից վերև, հետևյալ բովանդակությունն ուներ.
«Շնորհիւն Աստուծոյ և հրամանաւ տեառն Եփրեմայ սրբազան կաթողիկոսին, նաև հոգեբարձութեամբ Գեղամեան Ստեփաննոս արքեպիսկոպոսին երկրիս առաջնորդին և Յօհան որդի աշխատասէր Մութավելի դաբաղ Մարտիրոսին վերանորոգեցաւ հարաւային կողմ սուրբ տաճարիս արդեամբք սոյն եկեղեցւոյ օրհնեալ ժողովրդոցն: Ի ՌՄԿԹ (1820)»: (Արձանագրությունները տե՛ս` Կարո Ղաֆադարյան, Երևանի միջնադարյան հուշարձանները, վիմական արձանագրությունները, Երևան, 1975, էջ 159-160): Երկրորդ արձանագրությունը հետաքրքիր է նաև նրանով, որ տեղեկություն է հայտնում այն մասին, որ եկեղեցին նորոգվել է «արդեամբք սոյն եկեղեցւոյ օրհնեալ ժողովրդոցն», այսինքն` համայնքի հավաքած միջոցներով: Սա ուշագրավ փաստ է, քանզի հնում եկեղեցիները կառուցվում և նորոգվում էին անհատների տրամադրած միջոցներով, իսկ ժողովրդից հավաքած միջոցներով կառուցումները և վերանորոգումները նոր երևույթ էին:
Այս եկեղեցին, որը սուրբ առաքյալներ Պողոսի և Պետրոսի անուններն էր կրում, իր հատակագծային ծավալատարածական հորինվածքով տիպիկ ուշ միջնադարյան էր, պատկանում էր եռանավ բազիլիկ եկեղեցիների տիպին, անգմբեթ էր:
ՈՒներ ընդարձակ աղոթասրահ, որի արևելյան կողմում տեղավորված էր ավագ խորանը` կողքին զույգ ավանդատներով: Մույթերին ու արտաքին պատերին հենվող աղոթասրահի ծածկի համակարգը առնված էր երկարալանջ տանիքի տակ:
Աղոթասրահը մուտքեր ուներ հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերից: Նրանցից հյուսիսային` Աբովյան փողոցի կողմի մուտքի առաջ ավելի ուշ կառուցվել է կամարակապ մի գավիթ, իսկ արևմտյան մուտքին կից` եռաստիճան, սյունազարդ Կաթողիկեով պսակված զանգաշտարակ, որոնք, սակայն, իրենց կառուցվածքի ոճով ամենևին չէին համապատասխանում եկեղեցու ընդհանուր ճարտարապետական ոճին, որը, ինչպես նշվեց վերևում, բազիլիկ տիպի երկարավուն կառույց էր: Պետք է նշել, որ Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային երկփեղկ դուռը, որն ամբողջապես երկաթից էր, առաջ պատկանել է Հին Բայազետի բերդին, և որը 1835 թ. այնտեղից բերել ու նվիրել են Սբ. Պողոս-Պետրոսին: Կարևորն այն է, որ առանց փոփոխությունների այդ դուռը կարողացել են հարմարեցնել Պողոս-Պետրոսի հարավային մուտքին: Այժմ այդ դուռը պահվում է Երևանի պատմության թանգարանում: Ի դեպ, դուռը բերել է բայազետցի Մուխսի Սաքոն, ումից գնել է երևանցի Տեր-Վարդանը և նվիրել Պողոս-Պետրոս եկեղեցուն:
Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը զուսպ էր, անպաճույճ: ՈՒներ թիթեղյա երկթեք տանիք, որը քարե սալածածկ տանիքի վրա 19-րդ դարի կարկատան էր: Թեև թե՛ ներսից, թե՛ դրսից պատերը շարված էին սրբատաշ քարերով, բայց ճարտարապետական որևէ գեղեցկություն չունեին:
Ներսում ավագ խորանի երկու կողմերի պատերի հարթությունը պատած էր տարբեր ժամանակների որմնանկարների վեց շերտով, որոնցից վերին երկուսը` պաստառի, իսկ ներքին չորսը` կրածեփի վրա: Պաստառների վրայի նկարները պատկանում էին XIX դարին, իսկ տակինները` հին ժամանակներին: Ամենահինը, ինչպես ենթադրում են արվեստի և նկարչության մասնագետները, պատկանում էր VI դարին կամ VII-ի սկզբներին: Մինչ այդ որմնանկարները, եկեղեցու պատերը մերկ են եղել և կրածեփ չեն ունեցել: Ստորին որմնանկարների վրա բուսական զարդեր են, իսկ մյուս շերտերի նկարները Պողոս և Պետրոս առաքյալների դիմանկարներն են:
Եկեղեցին քանդելիս այդ որմնանկարները խնամքով շերտ առ շերտ տեղից հանվել և փոխադրվել են տարբեր թանգարաններ. ստորինը պահվում է Երևանի պետական պատկերասրահում, իսկ մյուսները` Հայաստանի պատմության թանգարանում:
Այս որմնանկարները հայկական սակավաթիվ որմնանկարչության մնացորդների մեջ ունեն իրենց պատվավոր տեղը և Երևան քաղաքի միջնադարյան պատմության համար բացառիկ արժեք են ներկայացնում: Հատկապես ուշագրավ են 5-6-րդ դարերի նախնական շերտի որմնանկարները, որոնք վաղ միջնադարյան որմնանկարչական արվեստի ուշագրավ նմուշներ են:
Ցավոք, երեսունականների սկզբին քաղաքի նոր գլխավոր հատակագծի համաձայն և փողոցների կառուցապատման ընթացքում, խորհրդային անաստված կարգերի պայմաններում, Երևանի կենտրոնում գտնվող հին եկեղեցիներն ավերվեցին նոր շենքեր կառուցելու պատրվակով: Միայն նրանցից մի քանիսը պահպանվեցին` շնորհիվ մեր հայրենասեր ճարտարապետների անձնազոհ ջանքերի, որոնք քողարկվեցին նորակառույց շենքերի հետևում:
Ավերված եկեղեցիների շարքում էր նաև Սբ. Պողոս-Պետրոսը, որը 1931-ին քանդեցին և նրա տեղը կառուցեցին «Մոսկվա» կինոթատրոնը: Այս եկեղեցու մասին շատ քիչ բան է հայտնի, քանզի հնությունների պաշտպանության կոմիտեն եկեղեցին քանդելուց առաջ այն չչափագրեց, որն անհրաժեշտ էր պատմության համար: Նրա գոյության լուռ վկաներից են միայն Մատենադարանում պահպանվող 20 մասունք ձեռագրերը և ճարտարապետ Կարո Ղաֆադարյանի, հնագետ Աշխարհաբեկ Քալանթարի, Երվանդ Շահազիզի և այլոց տարիների կատարած աշխատանքները` հավաքած նյութերը և կատարած ուսումնասիրությունները, որոնք Հին Երևանի հնագույն շինությունների պատմության անգնահատելի նմուշներ են:
Թեև քանդեցին տաճարը` նյութեղենը, բայց անկարող եղան արմատախիլ անել ժողովրդի հոգուց նրա հավատի տաճարը, և այն հարատևում է մինչև մեր օրերը:
Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ