Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԲԱՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԼ, ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԷԼ

ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԲԱՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԼ, ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԷԼ
22.04.2011 | 00:00

«СЦЕНА НА ТАБАЧНОЙ ФАБРИКЕ»
Օրերս բավականին հետաքրքիր հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի մոտ, ուր ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների բավականին հետաքրքիր հետագիծ է «ուրվագծվել»: Նույնքան էլ հետաքրքիր մեսիջներ են փոխանակվել, որոնք խիստ հասկանալի են դարձնում ամերիկյան (նաև ռուսական) խաղի ողջ «պոլիտրան» մեզանում, Ադրբեջանում, տարածաշրջանում:
Հայերն ասել են՝ այդ ի՜նչ «հետաքրքիր» զեկույց էր գրել ԱՄՆ-ի պետդեպը՝ «էթնիկ սեպարատիստներ, օկուպացված տարածքներ, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն»: Յովանովիչն ասել է` դե, միջազգային սկզբունքներում չէ՞ որ տարածքային ամբողջականությունը կա: Հայերն էլ թե՝ բա Մոսկո՞կը, Աքվիլան, Աստանան, բա Հիլարի Քլինթոնի ասածնե՞րը՝ «երկու սկզբունքներից որևէ մեկը մյուսի նկատմամբ գերակա չէ»: Յովանովիչն էլ թե` ԱՄՆ-ի պետդեպը հավատարիմ է իր ասածներին:
Հայերը թե՝ Իրանը մեր լավ հարևան երկիրն է, Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԱՄՆ-ի ու Իրանի միջև թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարցերում: Յովանովիչը թե՝ ԱՄՆ-ը առաջնորդվում է սեփական անվտանգության շահերով և ՄԱԿ-ի ընդունած որոշումներով, պատժամիջոցներով:
Հայերը թե՝ ռուսական ռազմաբազաներն էլ մեր անվտանգությունն են «առաջնորդում»: Յովանովիչը թե... լռել է:
Հայերը թե՝ էն «կշռաքարե՞րն» ինչի հետ տարաք: Իմա՝ «Հազարամյակի մարտահրավերնե՞րն» ինչու հետ քաշեցիք: Էդ արդեն, պարզվում է, դեսպան Յովանովիչին չի վերաբերում, այն տվյալ կորպորացիայի՝ Դանիլովիչի գործն է: Յովանովիչը «հազարամյակային» ցուցանիշներն է ցուցանել, հետո էլ ուղարկել է տարբեր հասցեներով:
Հայերը թե՝ «ներքին գործերի» մասով ի՞նչ կասեք, մեզ մոտ հրեն հանրահավաքներ են գնում ահավոր մարդաշատ, խաղաղ, Ազատության հրապարակում, հրեն բանտարկվածներին ենք ազատում, հրեն մարտի մեկն ենք «թարմացնում»:
Յովանովիչն ասել է՝ ես «խառնվողներից» չեմ:
Բաժանվել են բարեկամաբար` մնալով իրենց կարծիքին:
ԱՄԵՐԻԿԱ, Ա՜Խ, ԱՄԵՐԻԿԱ
Այսպիսով, ինչպես տեսնում եք՝ տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությունը յուրօրինակ «վերադասավորություն» է ապրում թե՛ Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի առումով։ Չթվենք քրոնոլոգիայի այն երկար շարքը, որը «դրսևորում» է ԱՄՆ-ը, մասնավորապես։ Հայաստանի մասով:
Ադրբեջանին առնչվող նշենք ԱՄՆ-Ադրբեջան համատեղ զորավարժությունների Բաքվի լուռ բոյկոտումը, ցույցերը Բաքվի կենտրոնում, Սորոս պապի՝ նավթային երկրներին սպասող հեղափոխությունների (որովհետև չեն կիսվել ժողովրդի հետ) լուրջ սպառնալիքը, և դուրս գանք տարածաշրջանից՝ նույն տարածաշրջանը հասկանալու համար:
Ահա և, կարծում ենք, շատ շուտով Լիբիայում կոալիցիան ցամաքային գործողությունների կանցնի: Այդ է պատճառը, որ կոալիցիան օդային հարձակումներն ամբողջ թափով չի իրականացնում, ուզում է ապացուցել, որ տեղ կա ցամաքային գործողությունների համար՝ միաժամանակ տեղ տալով Քադաֆիի զորքերի առաջ շարժմանը:
Իսկ ցամաքային գործողությունը նշանակում է Արևմուտքի, իմա՝ ամերիկյան ռազմական ուժի կենդանի ներկայություն բուֆերային այդ լուրջ գոտում, որպես թիկունքային ամրություն և պլացդարմ:
Այո, գործընթացները խիստ սահուն այնտեղից գնում են դեպ Սիրիա: Քսանհազարանոց միտինգը Սիրիայում արդեն իսկ այցեքարտ է, որ Իրանը չի ուշանա: Սիրիան շուտ կպայթի: Այնտեղ, իսկապես, օբյեկտիվ պատճառն անչափ մեծ է, ի տարբերություն Բահրեյնի, այստեղ փոքրամասնություն կազմող շիաներն են «հսկում» մեծամասնություն կազմող սուննիներին:
ՈՒ թե այսպես գնա՝ Իրանի հերթը կհասնի արդեն աշնանը: Չինաստան հասնելու ամերիկյան երազանքի պատուհանը շատ փոքր է, հսկայի քայլերով առաջ շարժվող «Չայնան» այլևս անվերահսկելի կարող է դառնալ ամերիկյան ամենահաս ձեռքի համար, եթե Նահանգները չշտապի ու կորցնի ոսկե պահը: ՈՒստի ռևերանսների, թիթիզությունների ժամանակ Վաշինգտոնը չունի:
Եվ ահա Ղարաբաղն ու տարածաշրջանն այս խաղում ոսկոր են ԱՄՆ-ի կոկորդում` Իրանը սահուն վերցնելու ճամփին: ՈՒ թե ղարաբաղյան հարցը չլուծվի, լրացուցիչ բարդություններից ԱՄՆ-ը չի խուսափի:
ՊՈՒՏԻՆՆ ԱՅԼԵՎՍ «ՄՈՉԻՏ» ՉԻ ԱՆՈՒՄ. «ՊՈՒՏԻՆ՝ ЧИКАЕТ»
Որպեսզի «տաբաչնի ֆաբրիկայի» այս մի տեսարանը հասկանալի լինի, տեղեկացնենք, որ էն օրը Պուտինն իր հանրագիտարանը հարստացրեց ևս մի ցուցիչով. խոսելով ինտերնետի մասին, հետախույզ (հայերեն՝ չեկիստ) Պուտինն ասաց. գիտե՞ք, որն է ՑեԿայի ու ՉեԿայի տարբերությունը. «ЦК цыкает, а ЧК чикает»:
Հիմա. ինչո՞ւ էր ԱՄՆ-ը ղարաբաղյան հարցի լուծումը մինչև հիմա հանձնարարել «ՉեԿա»-ին: Իմա՝ Ռուսաստանին: Շատ պարզ: ԱՄՆ-ը մշտապես, մանավանդ վերջին շրջանում, մտավախություն ուներ, որ Ռուսաստանն այդ գծում ինչ-որ մի պահի կարող է և պատերազմ սկսել: Ինչպես եղավ վրացական դեպքերի ժամանակ: Բարձրացնելով Ռուսաստանի դերակատարությունը Ղարաբաղի հարցում, ԱՄՆ-ը բարձրացնում էր Ռուսաստանի պատասխանատվությունը պատերազմի հարցում:
Հիմա, երբ արդեն օրակարգում է հայտնվում Իրանը, ԱՄՆ-ը փորձում է Ռուսաստանի ձեռքից վերցնել ղարաբաղյան մանդատը և հարցը տանել լուծման: Լուծման նրա ուղին ճնշումների սերիական դրսևորումն է թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: Առայժմ:
Ինչպես տեսաք վերևում, հակամարտող երկու երկրներն էլ բավարար չափով հակազդում են Բրայզային և Յովանովիչին (տիկին Մարի, մենք՝ հայերս, իսկապես, քրիստոնյա ենք և Ձեզ իրոք սիրում ենք, Դուք մեզ ահավոր հետաքրքիր եք, իսկ, օրինակ, էդ ադրբեջանցիք՝ մեզ համար նույնքան սիրելի, համակրելի Մեթին անվանեցին «թիվ մեկ խառնակիչ»), գլոբալ, ներքաղաքական շարժերին:
Հետաքրքիր է նաև Ռուսաստանի պահվածքը՝ գոնե մեր առումով: Նախ, խիստ ակնհայտ է, Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հետ պայմանավորված (չնայած պերմանենտ կծոցներին) Ռուսաստանն ու ԱՄՆ-ը այս տարածաշրջանի հաշվով կոնսենսուս ու պայմանավորվածություն չունեն:
Եվ, ինչպես պնդում են լավատեղյակները, չեն էլ կարող ունենալ, շահերը չափից դուրս շատ են իրարամերժ:
Ռուսաստանը մտավախություն ունի, որ Ամերիկան այնպիսի մի անսպասելի քայլ կարող է անել, այնպիսի մի ծրագիր ունի իր մտքում, որն ինչ-որ պահի կարող է փաստի առաջ կանգնեցնել Ռուսաստանին: Ակնհայտ է՝ ռուսական կողմից այս մասով խաղին լիարժեքորեն չեն տիրապետում:
Կարծել, որ մայիսին Դովիլում այս հարցով քննարկում, պայմանավորվածություն ձեռք կբերվի Օբամայի ու Մեդվեդևի միջև, փոքր-ինչ թեական է, որովհետև դրանից առաջ և հետո շատ ավելի օրախնդիր հարցեր կան նրանց համար, մանավանդ որ «կաստինգի» ելած լիդերներն ունեն առավել կենսական մեկ հարց՝ երկրորդ անգամ վերընտրվել:
Բոլոր դեպքերում, Ռուսաստանը գոնե արտաքուստ ու ցուցադրաբար, վա-բանկ է գնում Հայաստանում: Նաև վրացական պառլամենտի վերջին որոշման ֆոնին (ռուսական ռազմական տեխնիկայի արգելափակմանն առնչվող) մի ամբողջ դեսանտ է իջեցնում դեպ Հայաստան՝ ոչ անհայտ Նարիշկինի գլխավորությամբ:
Այս խաղն այս պահին երկուստեք (մեզ և Ռուսաստանին) բավականին ձեռնտու է:
Դրանով հասկացվում է, որ որևէ զիջում առայժմ չի լինելու ո՛չ Իրանի, ո՛չ էլ հատկապես Ղարաբաղի հարցով:
Այլ հարց է, որ Ռուսաստանը երբեք իր ներկայությունը, բացի ցուցանքից, չի ամրակայի կոնկրետ գործով, ներդրմամբ, քայլով: Ասել է՝ Ռուսաստանը երբեք ձեռը ջեբը տանողներից չէ: Այն իր ձեռքը մշտապես ուրիշի գրպանը մտցնող, վերջին շապիկը հագից հանողներից է. կյանքում մի անգամ հինգ հարյուր միլիոն դոլար էր տվել Հայաստանին, առավոտ զարթնում, շանթահարված հարցնում էր` փողս ո՞ւր է, ի՞նչ արիք, բոլո՞րը տվիք ինձ պատկանող ձեռնարկություններին, թե՞ ուրիշ բան արիք, ցերեկը զանգում-հարցնում էր՝ «տժվժիկն իշտե սոխո՞վ եփեցիք», երեկոյան վեր կենում-գալիս էր Հայաստան, թե` ո՞ւր է փողս:
Հրեն՝ քո ռազմաբազան ենք պահում, գնա էնտեղ-գտիր փողդ (սա մեր անձնական պատասխանն է Չեմբեռլենին):
Բա ուրիշ՝ ինչ. մինչև հիմա հերօրհնածը չի որոշել՝ ի՞նչ գնով է Հայաստանին գազ մատակարարելու: Դրա համար էլ դժվարներս է գալիս «Հազարամյակների» հետ քաշելու առիթով (խաչը Մարիի ձեռը, Մարին գիտի խաչի զորությունը). ԱՄՆ-ը տալիս է ու տալիս, դրա համար էլ մի քանի տարվա ընթացքում թե՛ տարածաշրջանում, թե՛ հատկապես Հայաստանի նման «ռազմավարական» գործընկերությունում Ռուսիո նկատմամբ ահավոր «լիչնի նեպրիյազն» կա:
Ամփոփենք: Այս պահին ԱՄՆ-ը խաղը պահում է եզրի վրա, որ հարկավոր դեպքում «պոկումը» կարողանա ապահովել:
Ընդ որում, հաշվի առնենք, որ Ղրղզստանից դեպ մեզ եկած Մարի Յովանովիչն իր վերջին ամիսներն է մեզ հետ անցկացնում (ո՜նց ենք կարոտելու Ձեզ, տիկին Մարի). նրա պաշտոնավարման ժամկետն այս տարի ավարտվում է: Ի պատիվ իրեն ասենք, որ նա կարողացավ մեզանում բոլորին շարժել ու բավականին «հարուստ» ժառանգություն թողնել իրենից հետո։
Որքան էլ պարադոքսալ, բայց ճիշտ է` «Մարիաննա-գեյթում» արված շատ բաներ հե՛չ մեր իշխանությունների սրտով չեն: Ընդդիմության՝ նույնպես (հանած-գումարած իրենց Րաֆֆին):
Այնուհանդերձ, թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության, մասամբ էլ` հասարակության համար ահագին հետաքրքիր ու դրական ելակետ է առաջացել:
Փայփայենք այս հույսը. քանի որ պատմականորեն այնպես է ստացվել, որ Հայաստանը, ի տարբերություն մուսուլմանական Ադրբեջանի, քրիստոնյա երկիր է և այն էլ՝ այսպիսի մի տարածաշրջանում:
Եվ այն աչքի լույսի պես պիտ պահեն թե՛ ամերիկացիք, թե՛ ռուսները: Այս մեծ խաղում: ՈՒզեն, թե չուզեն։
Աստված պահի Հայաստանը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ