Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՊԱՏԻ՛Վ ՈՒՆԵՄ

ՊԱՏԻ՛Վ ՈՒՆԵՄ
31.01.2012 | 00:00

Բանակի 20-ամյակն էլ մնաց հետևում: ՈՒ պարզվեց, որ, բոլոր դեպքերում, կա ինչ-որ բան էս երկրում, որ միացնում է տեսակին:
ՈՒ որքան էլ պարադոքսալ` դա բանակն է:

Որովհետև, որքան էլ բարձր հնչի, բոլորիս մասնակցությամբ է այն կայացել: ՈՒ կայանում: Չկա այլ ոլորտ, ուր տեսակի լավագույն ու ամենավսեմ որակներն այդպես մեկտեղված լինեն: Չկա այլ ոլորտ, ուր հայի ափն այդքան անմիջական հպված լինի խորքին. մայրերս-հայրերս ճամփել մեր զինվորներին, սպասել ենք: Նրանց դիրքերում գտնվելու օրերին` տագնապել, մյուս երեխաներին սաստել` «ապերը պոստում է, խելոք պահի քեզ, որ շուտ գա». վազեվազ գնացել ենք իրենց «պրիսյագներին», ուրախացել, որ էլ պատերազմ չկա, մտովի ներողություն խնդրել` Եռաբլուրում հանգչած բոլոր տղերքից, նրանց մայրերից` մեր էգոիզմի համար: Խոնարհվել նրանց առաջ:
-Պատի՛վ ունեմ:
…Տարիներ շարունակ, գրեթե ամեն օր ինձ է վերադառնում Զինվորը` Ղարաբաղից. 93-ին Երևանի հիվանդանոցները վիրավոր զինվորներով լեցուն էին։ Գնացել էի ռեպորտաժի` 8-րդ հիվանդանոց։ Երբ մտա սենյակներից մեկը, մահճակալին «նստած» էր Զինվորը` ոտքերն աճուկներից կտրած` երկու տարեկան երեխայի բոյի. ջահել կինը գդալով ճաշ էր կերցնում: Նոր էին ամուսնացել` երկու ամիս չկար, ռմբակոծության հետևանքով մեկ շաբաթ էր, ինչ ոտքերից զրկվել էր. ջահել հարսը, կենսունակ, առողջ, գնում-գալիս, հոգում էր նրա մասին. տղայի մեջ տագնապ կար. երևում էր` շատ է սիրում, խորունկ նայելով ջահել աղջնակին` փորձում էր հասկանալ` կգնա՞ նա իրենից… Այդ օրվանից ամեն օր աղոթում էի, խնդրում Աստծուն, որ չգնա՜ր, որ երեխաներ պարգևեր ցավից կուչ եկած այդ երիտասարդին, այդքան դաժան փորձության մատնված իրենց ընտանիքին: Մե՛զ: ՈՒ անցնող տարիների բոլոր օրերի մեջ անվերջ ինձ հարցնում էի` տեսնես գնա՞ց, թե՞ մնաց… Այդ օրը, մարզահամալիրի մեծ դահլիճում նստած, մի տեսակ հավատում էի, որ չի՛ գնացել:
-Պատի՛վ ունեմ:
Բայց այսօր` միայն լավից, որովհետև մյուսի մասին այնքան շատ է խոսվում, որ երբ մարզահամալիրի շա՜տ մեծ դահլիճում ակնդրում ու ուկնդրում էի այն, ինչ համարվում էր բանակի զտվածքը, ինձ բռնացրի այն մտքի վրա, որ էս ինչքա՜ն վաղուց էսքան դրական էմոցիաներ չեմ ապրել, հասկացա, որ եթե անգամ չեմ համաձայնել բանակի հասցեին վերջին շրջանում ասված-հնչած-ստեղծված բացասական բաների հետ, այնուհանդերձ, այն այրել է ենթագիտակցությունս, արել իր սև գործը:
Ընդ որում. նկատեցի՞ք, որ, ի տարբերություն Անկախության քսանամյակի, բանակի քսանամյակին բացասական ֆոնը բավականին «քնքույշ» ու խիստ մարդկային էր «արված». Անկախության օրը հականե-հանվանե միտինգի ելած բողոքավոր «մասսան»` հարգարժան Սաքունցի հրամատարությամբ, այս անգամ փոխարինվել էր հիշատակի ու մոմերով երթով:
ՈՒ թե ֆիզիկապես ներկա չենք եղել այդ երթին, հիմա էլ մտովի նրանց ենք միանում` խոնարհվելով այն մայրերի առաջ, որոնց զավակներն այս խաղաղ օրերին զոհվեցին: Շատ դեպքերում` խիստ անիմաստ: ՈՒ մարզահամալիրում, ինչպես պաշտպանության նախարարը, ես ևս (ողջ դահլիճը` նույնպես. այդ օրը մարզահամալիրում մի ընդհանրական ոգի էր թափառում. այդպես մեկ էլ լինում է եկեղեցում` Պատարագի ժամանակ, երբ բոլորին ինչ-որ անտես-սիրելի-բարձր-ընդհանուր բան է միացնում), ներողություն էի խնդրում այդ մայրերից ու հավատում, որ տառապանքի մեծ սահմանագծում հայտնված այդ մայրերին Աստված մխիթարության շնորհի կարժանացնի:
-Պատի՛վ ունեմ:
Հետո էլ, երբ մարզահամալիրի բեմահարթակը գրավեցին «առլեկինները». կողքիս նստած լրագրողը թե` Սաքունցի գեղարվեստական մարմնավորումն է:
Եկեք ազնիվ լինենք: Սաքունցը նույնպես պետք է: Բանակին: Հա, հիպերբոլիկան ու «միջազգային հանրությունը» մի քիչ շատ են նրա «պոխաժդենյաներում», բայց նա և «իրենները» ևս պետք են բանակի ու հասարակության հակակշիռները պահպանելու համար:
-Պատի՛վ ունեմ, պարոն Սաքունց:
Որսորդական հրացանով սկսած այս բանակի ծնունդը «հետաքրքիր» ստացվեց նաև, որովհետև այդ ծնունդը ճիշտ ձեռքեր «ընդունեցին»: Մովսեսին Աստված ասաց` քո նվաճած ամեն ոտնատեղը քոնն է լինելու: Հավերժ: Բանակի «ոտնատեղերից» մեկը մեր Վազգենն էր: Որ էդպես էլ լավ չհասկացանք` գրո՞ղ էր, թե՞ զինվորական, մահապա՞րտ, թե՞ մտածող-էսթետ, բայց դե` ջիգյարի էն չափը, որ նա դրեց բանակի համար, էսօր հաստատ ստանալու էր նաև Սեյրան Օհանյանի պատկեր: Հոգևոր-պարկեշտ` մարդկային:
-Պատի՛վ ունեմ:
Ի դեպ, մի այլ հետաքրքիր բան էլ կար այդ օրը մարզահամալիրում (ով տեղյակ չէ, ասենք, որ այդ օրն այնտեղ «грандиозный» տոնական համերգ էր, շքեղ, հետաքրքիր, «նանո»):
Բանակի 20-ամյակի միջոցառումներում էս մեկն իսկապես տարբերվում էր: Բոլորիս հուշերում դեռ առկա է բանակի 15-ամյակի «հանդեսը»: Սիրելի, հոգով արարված: Էս մեկը մի քիչ ուրիշ էր (Արմեն Մազմանյանն էր ռեժիսորը):
15-ամյակինը «տնական», սա` մի տեսակ «պետական» էր. միջազգային մակարդակով` հայկական նրբագույն պարամետրերով: Այսպիսով, ղարաբաղյան պատերազմի ժամանակ անվերջ ֆրոնտներում «ֆռֆռացած», ոչ «օրդինար» Մազի մասով` նույնպես.
-Պատի՛վ ունեմ:
Հա, մեզ դեպի մեզ վերադարձնող այս տոնակատարությունները` բանակի 15, 20-ամյակները, էական այլ տարբերություններ էլ ունեին:
Չէ՜, չենք հարցնում այն մասին, թե փակ մարդ-փակ խաղացող, այժմ արդեն գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ի՞նչ էր զգում այս անգամ (մեզնից հեռու էր նստած, չտեսանք), բայց բանակի 15-ամյակի միջոցառմանը ժողովուրդը եզակի անգամ տեսավ այս մարդու մեջ ապրող իրական, անկեղծ զինվորին, հրամանատարին, բանակի, երկրի համար մանկական ուրախություն ապրող մեկին, որը նույնքան մեզնից էր, որքան մահճակալին երկտակված զինվորը, որքան մեր նահատակները, որքան զինվորներ կորցրած մեր մայրերը, որքան Սաքունցն ու մնացածները:
-Պատի՛վ ունեմ:
Ներկայացնում ենք այս տոնակատարության ամենաէական «հատկանիշը»: Ի տարբերություն Անկախության 20-ամյակի շքերթի, այս տոնակատարությանը ներկա էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը (նրա դեմքին մի մարդկային ափսոսանք էր անվերջ «առկայծում». նա մի տեսակ խոհուն էր, ու կյանքներիս մեջ եզակի անգամ հարազատության զգացում ունեցանք իր նկատմամբ), ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Կոլյայի Ծառուկյանը` տիկնոջ հետ. Կոլյայիչը «էրեխու» պես հրճվում, ծափ էր տալիս հայոց բանակի հզորությունը ներկայացնող «ֆրագմենտների» ժամանակ:
Չկար Լևոնը: Մերժե՞լ էր, ինչպես միշտ: Կարծես:
Ափսո՜ս: Հազար ափսո՜ս: Եվ այնուհանդերձ, որպես առաջին գերագույն գլխավոր հրամատար:
-Պատի՛վ ունեմ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ