Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Եթե հայ-իրանական սահմանը փակվի, մեր վագրացատկ տնտեսությունը մի շաբաթում կսատկի»

«Եթե հայ-իրանական սահմանը փակվի, մեր վագրացատկ տնտեսությունը մի շաբաթում կսատկի»
08.08.2008 | 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԱԶԱՏ ՉԷ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
Հայաստանի ներսում և տարածաշրջանում ծավալվող վերջին կարևոր զարգացումները պարզաբանում է քաղաքագետ, վերլուծաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ։
-Պարոն Շաքարյանց, Ձեր կարծիքով` ո՞րն է այսօր Հայաստանում իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների ամենաբնորոշիչ առանձնահատկությունը։
-Սպասողական վիճակը։ Կողմերից ոչ մեկը չի շտապում դիմել այնպիսի գործողությունների, որոնք կհանգեցնեին իրենց միջև փոխհարաբերությունների և ընդհանուր իրադրության հստակեցմանը։ Սպասման առաջին փուլը պայմանավորված էր ԵԽԽՎ դիրքորոշմամբ։ Բոլորը սպասում էին, թե ինչպիսի բանաձևեր կընդունվեն Հայաստանի վերաբերյալ։ Հիմա սկսվեց երկրորդ փուլը, որը տևելու է առնվազն մինչև սեպտեմբերի 5-ը, որպեսզի հասկանան, թե ինչ որոշումներ կկայացնի ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը։ Այս իրավիճակում հարաբերական հստակություն մտցրեց միայն նախագահի այն հայտարարությունը, թե իրենք մտադիր չեն ընդառաջել ընդդիմության ուլտիմատիվ պահանջներին, և եթե անգամ ԵԽԽՎ բանաձևերի որոշ պահանջներ իշխանությունները չհասցնեն իրագործել մինչև հունվար, առանձնապես մեծ ողբերգություն տեղի չի ունենա։
-Սակայն իշխանությունները, այնուհանդերձ, ազատ արձակեցին ձերբակալված ընդդիմադիրների մի մասին, ինչն ընդդիմության որոշակի պահանջների բավարարում է նշանակում։
-Այնքան էլ այդպես չէ։ Տվյալ պարագայում շատ կարևոր է, թե ով ինչպես է ազատ արձակվել։ Եթե մեկը գտնվում է հիվանդանոցում՝ առողջությունը վերականգնելու համար, իսկ մյուսն այդ նույն նպատակով մեկնում է Մոսկվա, դրանք իրարից շատ տարբեր և բավական խոսուն փաստեր են։ Մոսկվա, Փարիզ կամ Նիցցա բուժվելու նպատակով մեկնումներից կարելի է թեկուզ աննշան, բայց շատ կոնկրետ ենթադրություններ անել։ Դա նշանակում է, որ երկու ճամբարներն էլ սպասողական դրության մեջ են։ Այդ հանգամանքը գործունեության դաշտ է բացում այն ընդդիմադիր ուժերի համար, որոնք Տեր-Պետրոսյանի բևեռում չեն, բայց որոնց գործունեության պահանջը Հայաստանում կա։
-Իսկ ո՞ւմ եք տեսնում այդ «երրորդ ուժի» դերում։ Եթե խոսքը Պարույր Հայրիկյանի, Խոսրով Հարությունյանի և այլ գործիչների մասին է, ապա այս շերտի շուրջ արդեն ստեղծվել է «իշխանության մարդը» լինելու համբավը։
-Կարծում եմ՝ ազգանուններն այդքան նշանակություն չունեն։ Այդպիսի գործառույթ իր վրա կարող է վերցնել, ասենք, Սամվել Բաբայանը։ Համաձայնեք, որ տվյալ պարագայում հազիվ թե որևէ մեկը ծիծաղի, եթե Սամվել Բաբայանը և ՀՌԱԿ-ը երրորդ ուժ լինելու վճռական հայտ ներկայացնեն։
-Դա անմիջապես կորակվի իբրև Ռոբերտ Քոչարյանի մասնակցություն ներքաղաքական գործընթացներին։ Ներքաղաքական դաշտում Բաբայանին միանշանակ նախկին նախագահի հետ են կապում։
-Համամիտ չեմ, որովհետև նույն հաջողությամբ այդ ուժին կարելի է փորձել կապել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Նկատի առեք, որ Սամվել Բաբայանը հայտնի հանցագործության մեջ մեղադրվելով՝ մի քանի տարի բանտում անցկացրեց հենց նախորդ վարչակազմի օրոք։ Նրան չի կարելի համարել ո՛չ ներկա, ո՛չ էլ նախկին նախագահներից որևէ մեկի համախոհը, անկախ այն իրողությունից, որ ժամանակին բոլորը նույն դրոշի տակ էին կռվում։ Ի վերջո, նրա՝ իբրև «երրորդ ուժի» ասպարեզ գալը կարող է լինել նաև ոչ հայկական խաղ։ Ընդհանրապես ես այն կարծիքին եմ, թե ինչ-որ մեկին շատ է անհրաժեշտ, որ այսօր Հայաստանի ներքին դաշտն ավելի բազմակարծություն արտահայտի, քան նախկինում էր։
-Եվ ո՞ւմ է դա անհրաժեշտ։
-Արտաքին և նույնիսկ ոչ տարածաշրջանային ուժերին, այլ աշխարհաքաղաքական գործընթացների ավելի մեծ խաղացողներին։ Որովհետև այդպիսի ներքին դաշտը միշտ էլ հնարավորություն կտա նրանց մանևրելու, նույնիսկ տարածաշրջանային գործընթացներից ցուցադրաբար հետ քաշվելու, եթե դա իրենց անհրաժեշտ է։ Նկատի ունենանք, որ նույն իրավիճակն է Վրաստանում և Ադրբեջանում։ Պատահական չեն այն լուրերը, թե նախագահական ընտրությունների համատեքստում Ադրբեջանում նախապատրաստվում է ինչ-որ բանջարեղենային հեղափոխություն։ Որովհետև արտաքին ուժերին ձեռնտու է Անդրկովկասի երեք հանրապետություններում անկայունության և անորոշ վիճակի ստեղծումը։ Նույնիսկ վրաց-օսեթական հակամարտության գոտում վերջին սրացումն արտաքին ուժերի ներգործության հետևանք էր։ Չպետք է մոռանալ, որ, օրինակ, ֆիլմ նկարելիս նախ իջեցվում է պատվերը, ապա՝ գրվում սցենարը, և հետո միայն որոնում են այդ սցենարն իրագործելու ընդունակ ռեժիսորին, դերասաններին և տեխնիկական անձնակազմին։
-Ո՞րն է Ադրբեջանի պարագայում գրված սցենարը։
-Այդ սցենարը հաստատված է, և հենց դրա համատեքստում է, որ Ադրբեջանի արևմտամետ ընդդիմության մոտ 30 տոկոսն արդեն այսօր, նախընտրական մեկնարկի նախաշեմին, հայտարարում է ընտրությունները բոյկոտելու մասին։ Հասկանալի է, որ ադրբեջանական ԿԸՀ-ն ընտրությունների ցանկացած տարբերակով անցկացումից հետո աներկբա հայտարարելու է Իլհամ Ալիևի հաղթանակի մասին։ Բայց թե ինչ կլինի դրանից հետո, արդեն մեծ հարց է։
-Իսկ ի՞նչ կլինի, երևանյան սցենարի կրկնությո՞ւնը։
-Ո՛չ, ավելի շուտ թբիլիսյան։ Այսինքն, կլինեն արյունահեղ բախումներ, բայց ամեն ինչ ոչ թե կբացահայտվի, այլ ընդհակառակը՝ կկոծկվի։ Ընդդիմությունը կհայտարարի զոհերի և վիրավորների մասին, իսկ արտասահմանում ցույց կտան, թե դրան առանձնապես չեն հավատում։
-Ի՞նչ ազդեցություն կունենան այդ զարգացումները Հայաստանի վրա։
-Այդ ազդեցությունը կարող է լինել երկակի։ Դրա համար էլ ես բոլորովին չեմ բացառում, որ արմատական ընդդիմությունն ու իշխանությունները Երևանում հանգել են ոչ բացահայտ համաձայնության՝ սպասել մինչև ադրբեջանական ընտրությունների ավարտը։ Սկզբունքորեն ընդդիմության վերջին հանրահավաքում հենց դա էլ ասվեց՝ արձակուրդները երկարելու են մինչև սեպտեմբեր, իսկ գուցե դրանից հետո ևս մեկ-երկու ամիս։ Որովհետև Բաքվում ընտրությունները հոկտեմբերին են, իսկ դրանց հանգուցալուծումը կարող է տևել մինչև տարեվերջ։ Այսինքն, սպասման փուլը Հայաստանում այդքան շուտ չի կարող ավարտվել իշխանությունից և ընդդիմությունից անկախ պատճառներով։
-Հայկական էլիտայի այսպիսի պահվածքը Ղարաբաղո՞վ է պայմանավորված։
-Ոչ, ավելի գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացներ կան, որոնք առնչվում են տարածաշրջանի բոլոր երկրներին։ Բոլորս տեսնում ենք, թե ինչ է կատարվում Թուրքիայում. կառավարող կուսակցության գլխին կախվում է գործունեության կասեցման սպառնալիքը, սակայն դատարանը բավարարվում է այդ քաղաքական ուժին միայն պետական ֆինանսավորումից զրկելով։ Հունիս-հուլիս ամիսներն առանձնահատուկ էին հայ-իրանական հարաբերությունների առումով։ Անցած բոլոր տարիներին առաջին անգամ է, որ Իրանը հստակ, կասեի նույնիսկ՝ ընդգծված շահագրգռություն է ցուցաբերում Հայաստանի հետ անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցելու առումով։ Այսինքն, Թեհրանը շահագրգռված է, որ ինչպիսի ներքին զարգացումներ էլ Հայաստանում լինեն, դա որևէ ազդեցություն չունենա ԼՂՀ անվտանգության գոտու սահմանների փոփոխության առումով, ինչի մասին, ի դեպ, ժամանակներ առաջ խոսում էր մեր արմատական ընդդիմությունը, իսկ այսօր ակնարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Իրանը դեռ 1990-ականներից շարունակ հասկացրել է Հայաստանի բոլոր իշխանություններին, որ անվտանգության գոտու տարածքներից հայկական զինված ուժերի հեռացումը ցանկալի չէ, որովհետև այդ դեպքում Իրանը հարկադրված կլինի սեփական զորքերով փոխարինել նրանց։ Այսօր էլ մեր հարևանները բավական բացահայտ ակնարկում են այդ մասին և, կարծում եմ` աշխատել են ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության հետ։ Համենայն դեպս, ամերիկյան կողմնորոշում ունեցող ուժերը Հայաստանում արդեն սկսել են համոզմունք հայտնել, որ ՆԱՏՕ մտնելը Երևանի համար միանշանակ ձեռնտու չէ։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ներքին և արտաքին հարաբերությունների այն բարդ, խճճված հանգույցը, որն այս ընտրություններում փորձում էր քանդել Տեր-Պետրոսյանը, տեղի չունեցավ, որովհետև հենց ինքն էլ կես ճանապարհին արգելակեց։ Այն, ինչ մարտի 1-ին հասկանալի չէր ընդդիմությանը, հետագա ժամանակահատվածում ինչ-որ առումով պարզաբանվեց։
-Տարածաշրջանային զարգացումների առումո՞վ նկատի ունեք։
-Ոչ միայն։ Պարզվեց, օրինակ, թե որքանով է Ռուսաստանի անվտանգության համակարգը միլիտարիզացված հատկապես հարավային ուղղությամբ։ Ինչպես նաև այն, որ Աբդուլլահ Գյուլին ֆուտբոլի խաղին հրավիրելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը կարող է այնքան էլ կապ չունենալ կամ առհասարակ կապ չունենալ հայ-թուրքական հարաբերությունների հետ։ ՈՒղղակի Հայաստանն ու Թուրքիան աշխարհաքաղաքական հզոր կենտրոնների ճնշման ներքո հարկադրված են կատարել որոշակի քայլեր։ Այս ընթացքում շատ հետաքրքիր բաներ պարզվեցին ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Պենտագոնն ԱՄՆ-ի հեռացող ղեկավարությանը, ինչպես նաև նոր ղեկավար դառնալու հավակնորդներին առաջարկում է մնացյալ աշխարհի հետ հարաբերությունների նոր ծրագիր, որը ենթադրում է ոչ միայն հրաժարվել Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ թշնամական կեցվածքից, այլև որոշակի պայմաններով նրանց հետ կիսել աշխարհի ճակատագրի պատասխանատվությունը։ Եվ սա իրավամբ դիտարկվում է իբրև միաբևեռ աշխարհակարգից ԱՄՆ-ի հրաժարում։ Ամերիկյան ծովակալ Մալենը, կարծում եմ, պատահաբար չհայտարարեց, թե իբրև զինվորական պատրաստ է կատարել ցանկացած հրաման, բայց Իրաքում և Աֆղանստանում երկու պատերազմի պայմաններում երրորդը սկսելը բացարձակապես ցանկալի չէ։ Բոլոր այս զարգացումներն իրենց սրբագրումներն են մտցնելու Եվրամիության քաղաքականության մեջ։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ իռլանդացիները վերջին հանրաքվեով, փաստորեն, տապալեցին Եվրամիության ընդլայնման բոլոր հեռանկարները։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները դարձյալ ձգձգվող բնույթ կունենան դեռ երկար տարիներ։
-Ձեր պարզաբանումներից ստացվում է, որ Հայաստանը նույնիսկ շատ լոկալ հարցերում հարկադրված է կողմնորոշվել բացառապես արտաքին ազդեցություններով։
-Ցավոք, այդպես է, և այդ երևույթը նոր չէ, այլ առկա է անկախության հռչակումից ի վեր։ Հայաստանի քաղաքական դաշտում գործող որևէ քաղաքական գործիչ ազատ չէ արտաքին ազդեցություններից, պայմանավորվածություններից և շահերի դրսևորումներից։ Բայց, անշուշտ, կան բաներ, որոնք չի կարելի անտեսել, և ինձ համար հասկանալի չէ Հայաստանի քաղաքական կուսակցությունների, իշխանությունների և ընդդիմության լռությունը Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունների վերաբերյալ, թե Ղարաբաղի կարգավիճակի հարցը կդրվի հանրաքվեի, բայց դրա փոխարեն բոլոր յոթ շրջանները հայկական ուժերը պետք է ազատեն։ Ես նրան ասուլիսում հարցրի, թե ո՞րն է յոթերորդ շրջանը, և պատասխան չստացա։ Միգուցե դա նույնիսկ Շուշի՞ն է։ Չգիտեմ, բայց բոլոր դեպքերում անհնար է չկանգնել դաշնակցության հետ նույն դիրքում և չպահանջել, որ բանակցությունների արդյունքում քննարկման առարկա դառնա Շահումյանի, Գետաշենի ու Մարտունաշենի տարածքների հարցը, որոնք մինչև կոնֆլիկտը հայկական ուժերի վերահսկողության տակ էին։ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը պետք է բարձրաձայնեն այս մասին։ Այն, ինչ անում է Իրանը, որովհետև 2002-ին ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան աշխատում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում չանտեսել Իրանի շահերը։
-ՈՒրեմն հիմա իրավիճակը փոխվել է, և այդ շահերն այլևս հաշվի չե՞ն առնվելու։
-Իրանն ինքը կստիպի դա անել։ Արդեն 1001-րդ անգամ մեր հարևանը, որ Հայաստանի համար առանց պրոբլեմների դեպի արտաքին աշխարհ ելք ապահովող միակ երկիրն է, հրապարակավ հասկացնում է այդ մասին։ 1992-93-ին իրանական զորքերը մտան Ֆիզուլիի շրջանի հարավային հատվածը, ինչպես նաև Նախիջևանի տարածք, և այն ժամանակ ոչ մեկը չհամարձակվեց առարկել՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և նույնիսկ Թուրքիան։ Ո՞վ է ասել, որ մեր սխալ պահվածքի դեպքում այսօր նույնը տեղի ունենալ չի կարող, և տվյալ պարագայում այդ տարածքներն այլևս երբեք հայկական չեն լինի։ Եթե ոմանք չգիտեն, ապա թող հետաքրքրվեն, թե ինչ իրավիճակ է Իրանի հյուսիսային սահմանի երկայնքով։ Առնվազն 15 կմ խորությամբ այդտեղից հեռացված է ողջ թյուրքալեզու բնակչությունը, որպեսզի ղարաբաղյան հակամարտության գոտում ինչ-որ միջազգային ուժերի հայտնվելու դեպքում այդ բնակչությունը չդառնա ապակայունացման գործոն։ Մեր քաղաքական «բոմոնդը» ամենից ավելի հետաքրքրված պիտի լինի այս հանգամանքներով, նկատի ունենա, որ նույնիսկ ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմել Իրանի հետ, ինչը նշանակում է, որ ուշ թե շուտ համակերպվելու է տարածաշրջանում Թեհրանի հետ համագործակցելու հեռանկարին։ Իրանը Իրաք չէ, 15 տարի է՝ խոսում են Իրանի հետ հնարավոր պատերազմի մասին, բայց Իրաքի հնգամյա օկուպացիան ցույց տվեց, որ ամերիկացիները չկարողացան վերահսկել ոչ միայն շիաներին, այլև քրդերին՝ ամբողջությամբ։
Այս ամենի գիտակցումն իշխանության կամ ընդդիմության դաշտում ինչ-որ չափով կա, դրա համար էլ ոչ ոք ներքաղաքական գործընթացների հստակեցում չի նախաձեռնում։ Այդպիսի նախաձեռնությունը կարող է ամբողջությամբ խառնել հզոր ուժերի խաղաքարտերը, և այդ դեպքում դա կհանգեցնի Հայաստանի նկատմամբ որոշակի սանկցիաների։ Խոսքը Եվրախորհրդի «սանկցիաների» մասին չէ, այլ ավելի լուրջ բաների, և այդպիսի սանկցիաներ Հայաստանի նկատմամբ առաջին հերթին կարող են կիրառել ոչ այնքան Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան, որքան, առաջին հերթին, անմիջական հարևան Իրանը։ Պատկերացրեք ինչ տեղի կունենա, եթե հայ-իրանական սահմանը մի շաբաթ ամբողջությամբ փակվի։ Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչներից մեկի պատկերավոր նկարագրմամբ՝ մեր վագրացատկ տնտեսությունը մի շաբաթում կսատկի։ Եվ եթե Թեհրանը կարողացել է բազմամիլիոն ադրբեջանական բնակչության պայմաններում վաղուց արդեն ապահովել իր հյուսիսային սահմանի անվտանգությունն Արաքսի այն ափից, ապա բոլորովին չի բացառվում, որ նույն խնդիրը ոչ պակաս հաջողությամբ կարող է լուծել նաև այս ափից։ Այսօր ամենից ավելի սրա մասին պետք է մտածել։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3092

Մեկնաբանություններ