Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Առասպե՞լ էր, թե՞ երգչուհի

Առասպե՞լ էր, թե՞ երգչուհի
17.10.2008 | 00:00

«ՀԱՅՈՑ ՍՈԽԱԿԸ»
Առաջին անգամ Գոհարի երգը լսելիս հարցրի նրան. «Այդ Դո՞ւ ես սոխակից երգել սովորել, թե՞ սոխակը քեզանից»: Եվ ամեն անգամ «Հայաստանի սոխակին» լսելիս սիրտս լցվում է խորին հուզմունքով:
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Գոհար Գասպարյանի մասին գրելը որքան հեշտ է, այնքան էլ պատասխանատու: «Հայաստանի սոխակը» ազգը ներկայացնող անհատ է, համաշխարհային մեծության աստղ, հետևաբար, երգչուհին «ստիպում է» հոդվածագրին կամ գրքի հեղինակին լինել զուսպ, մնալ չափի մեջ, ուշադիր լինել բառերի ու արտահայտությունների ընտրությանը, տալ ճիշտ ու տեղին բնութագրումներ, ստեղծագործական գործունեությունը գնահատել ըստ արժանվույն:
Վերջերս լույս տեսավ արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Ռոբերտ Դավթյանի «Հայոց սոխակը» գիրքը, որտեղ հեղինակը հավաքել, մեկտեղել է հայ և օտար մամուլում մեծանուն երգչուհու մասին տպագրված հարուստ նյութերը:
Ռ. Դավթյանը ժամանակին հետևել է Գ. Գասպարյանի ստեղծագործության ընթացքին: Հանրապետության մամուլում տպագրել է հոդվածներ երգչուհու համերգների, հանդիպումների, հյուրախաղերի, ծրագրերի մասին, հարցազրույցներ ունեցել ինչպես մամուլում, այնպես էլ ռադիոյով և հեռուստատեսությամբ:
«Հայոց սոխակը» գիրքը և՛ հոդվածների ժողովածու է, և՛ մենագրություն, և՛ տարեգրություն… Հեղինակի նպատակը մեկն է եղել՝ հնարավորինս լայնածավալ լուսաբանել և ներկայացնել Գ. Գասպարյանին:
Գիրքը սկսվում է երգչուհու համառոտ կենսագրականով, այնուհետև ընթերցողը քայլ առ քայլ «մտնում է» գասպարյանական աշխարհը, ծանոթանում նրա երգարվեստի առաջին քայլերին ու դառնում տասնամյակների բեմական հաջողությունների ականատեսը: Ընթերցողը գրքի հարուստ նյութերից զգում է Գ. Գասպարյանի տեղն ու դերը համաշխարհային, հայ օպերային և ընդհանրապես դասական երգարվեստում:
Գրքի լավագույն արժանիքներից են Գ. Գասպարյանի հիշողությունները հյուրախաղերի և, ընդհանրապես, իր արվեստի ու երաժշտության մասին: «Հյուրախաղեր 52 երկրներում» բաժնում հեղինակն անդրադառնում է երգչուհու արտասահմանյան ելույթներին: Տարակուսանք չկա` ոչ մի հայ արվեստագետ այսքան հյուրախաղեր չի ունեցել:
Գրքում հետաքրքիր ու առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Գոհար Գասպարյանի երգարվեստի գնահատման միջազգային չափանիշները» բաժինը, որտեղ հայ և համաշխարհային մշակույթի մեծություններն իրենց խոսքն են ասել երգչուհու մասին:
Գիրքը սկզբից մինչև վերջ կարդացվում է չթուլացող հետաքրքրությամբ: Մեծ երգչուհու մասին հարուստ նյութերը մեկ անգամ ևս հիշեցնում են «Հայաստանի սոխակի» բարձրարվեստ կատարումների, նրա թողած հարուստ ժառանգության ու եզակի արվեստի մասին: «Հայոց սոխակը» գրքի տարողունակ և բազմաբովանդակ բաժինների հարուստ նյութերն ավելի ընդգրկուն և արժեքավոր են դարձնում Ռ. Դավթյանի կատարած տևական և տքնաջան աշխատանքը:
Վերջում նշենք, որ գիրքը տպագրվել է հեղինակի միջոցներով:
Յաշա ՉԱԽՈՅԱՆ

Դիտվել է՝ 4421

Մեկնաբանություններ