Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ՄՐՑԱՎԱՐՆ ԷԼ ՄԱՐԴ Է և ԿԱՐՈՂ Է ՍԽԱԼՎԵԼ»

«ՄՐՑԱՎԱՐՆ ԷԼ ՄԱՐԴ Է և ԿԱՐՈՂ Է ՍԽԱԼՎԵԼ»
29.10.2010 | 00:00

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը կազմակերպվել էր 15-րդ անգամ:
Սկզբում այն անցկացվում էր Երևանում, սակայն վերջին տարիներին մրցաշարի մասնակիցներին հյուրընկալում է անվանի ըմբիշի հայրենի քաղաք Վանաձորը: Տեղի մարզապալատում էլ ընթացան գոտեմարտերը: Ընդ որում, այս մրցաշարի հեղինակությունն աստիճանաբար մեծանում է: Թերևս, դրանով կարելի է բացատրել, որ պատվիրակներ էին գործուղել ազատ ոճի ըմբշամարտի լավ ավանդույթներ ունեցող երկրները: Հայաստանի ըմբիշներից բացի, մրցագորգ էին դուրս եկել Վրաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ՈՒկրաինայի հավաքականները` 110 մարզիկներով, որոնցից 50-ը մեր երկրից էին: Մրցումների բոլոր օրերին Վանաձորի մարզապալատում ասեղ գցելու տեղ չկար: Թերևս, պատճառն այն էր, որ մրցումներին մասնակցում էին անվանի մարզիկներ տարբեր աշխարհամասերից, աշխարհի առաջնությունների, օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ: Ամենատիտղոսավորը Ռուսաստանի հավաքականի պատիվը պաշտպանող աշխարհի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի մրցանակակիր Կետոևն էր: ՈՒշադրության կենտրոնում էր նաև մեր հայրենակից, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Մարտին Բերբերյանը: Ինչպես հայտնի է, նա վերջին տարիներին տեղափոխվել է ԱՄՆ և այնտեղ է մարզվում: 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական վերջին խաղերից հետո այս մարզիկի մասին ոչ մի տեղեկություն չկար, և այն տպավորությունն էր, թե նա թողել է մեծ սպորտը: ՈՒստի անակնկալ էր ըմբիշի մասնակցությունը միջազգային այս ստուգատեսին: Բերբերյանը տպավորիչ մրցելույթներ ունեցավ 60 կգ քաշային կարգում և, ի վերջո, եզրափակիչում հավասար պայքարում զիջեց Վրաստանը ներկայացնող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնին: Մարտինը 30 տարեկան է, և եթե նրան վստահել են Հայաստանի դրոշի ներքո մասնակցել այս ստուգատեսին, կարելի է ենթադրել, որ լուրջ սպասելիքներ ունեն: Ի դեպ, եզրափակիչում անհաջողության մատնվեց նաև Հայաստանը ներկայացնող գերծանրքաշային Ռուսլան Բասիևը: Վերջինս մեր թիմում նորեկ չէ, դարձել է աշխարհի առաջնության մրցանակակիր, սակայն վերջին շրջանում գրեթե ոչնչով չի ուրախացնում այս մարզաձևի հայ երկրպագուներին: Թվում էր, թե խանգարում է ուսի վնասվածքը, սակայն ապաքինվելուց հետո էլ մարզիկը բարձր արդյունքներ ցույց չի տալիս: Այս ստուգատեսում Ռուսլանից սպասելիքները մեծ էին, բայց նա եզրափակիչում գրեթե ակտիվություն չդրսևորեց և բավարարվեց երկրորդ տեղով: Ինչևէ, միջազգային մրցաշարի չորս քաշային կարգերում ուժեղագույն ճանաչվեցին մեր երկրի ներկայացուցիչները: Բոլոր գոտեմարտերը հաղթանակով ավարտելով, պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեցին Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Մուսա Մուրթազալիևը (74 կգ), Հաջիմուրադ Նորմուհամեդովը (84 կգ): Բոլորն էլ երիտասարդ ըմբիշներ են, հեռանկարային, և նրանց այս հաջողությունը չի կարող չուրախացնել: Ջաբուրյանը երկու անգամ մոտ է եղել Եվրոպայի առաջնությունում մրցանակակիր դառնալուն, սակայն բավարարվել է 5-րդ տեղով:
Հայաստանի վաստակավոր մարզիչ ԼՅՈՎԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ կարծում է, որ նա պետք է շատ աշխատի, որ կարողանա ավելի ծանրակշիռ ստուգատեսներում հաջողության հասնել: «Եզրափակիչում Միհրանը մրցեց Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Մնացականյանի հետ: Վերջինս երիտասարդ մարզիկ է և իր այս ցուցանիշով ուշադրության կենտրոնում հայտնվեց, ընդգրկվեց Հայաստանի հավաքականի թեկնածուների ցուցակում: Այդպիսի պատվի արժանացավ նաև 60 կգ քաշային կարգում մրցանակակիր դարձած Աշոտ Տերտերյանը, որը բնակվում է Սոչիում: Բերբերյանը լավ տպավորություն թողեց։ Եթե նա իր պատրաստականության մակարդակը փոքր-ինչ բարելավի, ապա ավելի մեծ արդյունքների կարող է հասնել և հաղթել ցանկացած ըմբիշի: Սաֆարյանը Կրասնոդարից է, նրա հայրը` Հովիկը, նախկինում ըմբիշ է եղել, այժմ Ռուսաստանի հարավային տարածաշրջանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահն է: Մուրթազալիևը հաղթեց, սակայն հավաքականի մեր առաջատար ըմբիշը` 74 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը, վատ մասնակցեց մրցաշարին: Նորմուհամեդովն էլ լավ տպավորություն թողեց»,- ասաց Լյովա Վարդանյանը:
Մրցաշարում կատարվեց մի բան, ինչը չի կարելի անուշադրության մատնել: Մուրթազալիևը, երբ եզրափակիչում մրցում էր Վրաստանի ներկայացուցչի հետ, առաջին մրցափուլն անարդյունավետ ավարտեց, և մեր մարզիկը մասնակցեց վիճակահանությանը: Ցավոք, նա պարկից այն խաղաքարը դուրս բերեց, որի գույնն ունեցող մարզազգեստով հանդես էր գալիս մրցակիցը: Եվ հակառակորդը փայլուն հնարավորություն ստացավ բռնելու մեր մարզիկի ոտքը, հնարք կատարելու և խաղափուլը գրանցելու իր օգտին: Մուրթազալիևը հասցրեց հակահնարք կատարել, այդուհանդերձ, մրցագորգի մրցավարը` մոսկվացի Նորվարդ Առուստամյանը, միավորը բաշխեց վրացի ըմբիշին: Այդուհանդերձ, նրա այդ որոշումը միանշանակ չընդունվեց: Հայաստանի ներկայացուցիչները բողոքարկեցին այն: Այսպիսի բաներ ըմբշամարտում շատ են պատահում, և կնճռոտ խնդիրները պարզում են վիճահարույց դրվագների տեսագրությունը դիտելու միջոցով: ՈՒ եթե բողոքն անհիմն է լինում, ապա այն ներկայացրած կողմի հակառակորդին ևս մեկ միավոր է ավելացվում: Սակայն տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո էլ պարզ չէր, թե ինչ է տեղի ունեցել: Շուրջ տասը րոպե հանդիպումը դադարեցվել էր, վիճահարույց դրվագն ուսումնասիրողների խմբում էր նաև Լյովա Վարդանյանը: Վերջինս այսպես բացատրեց կատարվածը. «Ազատ ոճի ըմբշամարտի մրցումների կանոններում փոփոխություններ են կատարվել: Թերևս, դա է պատճառը, որ մրցագորգի մրցավարը փոքր-ինչ շփոթվել էր և սխալվել: Մուրթազալիևը հնարք էր կատարել, և որպեսզի ավելի արդար լիներ որոշումը, վերջնական տեսակետ հայտնելու իրավունքը վերապահվեց ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցչին: Նա էլ ճշտեց իրավիճակը և հայտարարեց, որ այդ մրցափուլում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը: Իսկ այդ ամենը երկարեց միայն այն պատճառով, որ կասկածելի կադրը մի քանի անգամ դիտվեց: Իսկ որ մրցագորգի մրցավարը սխալվել էր, դրանում դատապարտելի ոչ մի բան չկա: Մրցավարն էլ մարդ է և, առավոտից մինչ ուշ գիշեր աշխատելով, հնարավոր է, որ սխալվի: Ի դեպ, մրցումները նորմալ անցան, և այլևս վիճահարույց ոչ մի բան չեղավ: Ընդ որում, ոչ մի դժգոհություն չի արձանագրվել, որ կապված լինի մրցավարների աշխատանքի հետ»:
Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին 96 կգ քաշային կարգում խաղարկված պարգևներից: Ինչպես սպասվում էր, հաղթեց Կետոևը: Այս քաշային կարգում է հանդես գալիս Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Էդգար Ենոքյանը, սակայն, վնասվածք ունենալով, նա բաց թողեց այս ստուգատեսը: Նույն պատճառով խաղից դուրս էր մնացել նաև 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը: Ի դեպ, երկուսն էլ իրենց քաշային կարգերում Հայաստանի հավաքականի առաջատարներ են համարվում: Վարդանյանի կարծիքով` չնայած Բասիևը երկրորդ մրցանակակիր դարձավ, սակայն պատրաստականության մակարդակով չգոհացրեց: Եզրափակիչում նրա մրցակիցն ԱՄՆ-ի ներկայացուցիչ էր: «Այն տպավորությունն էր, որ Բասիևը, մինչև վճռական գոտեմարտն սկսելը, արդեն համակերպվել էր պարտվելու մտքի հետ: Նա հնարքներ չէր փորձում կատարել, շարունակ պաշտպանվում էր, իսկ այդպիսի մարտավարությամբ հնարավոր չէ հաջողության հասնել»,- պարզաբանեց Լյովա Վարդանյանը: Նրա համոզմամբ` այս ստուգատեսը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականը լիարժեք կազմ չունի, բոլոր քաշային կարգերում չէ, որ կայուն մրցելույթներ ունեցող ըմբիշներ կան, ուստի պետք է փորձել ուժեղացնել հավաքականը, իսկ դա կարելի է անել երիտասարդ ըմբիշներին իրենց կարողությունները դրսևորելու հնարավորություն տալու ճանապարհով:
Հավելենք, որ առաջին, երկրորդ, երրորդ տեղերը գրավողները որպես պարգև ստացան 3 հազար, 2 հազար և հազար դոլար, իսկ հաղթած ըմբիշի մարզիչներին հանձնվեց 500-ական դոլար:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի համար մրցաշրջանը չի ավարտվում: Այս մրցաձևի մեր ներկայացուցիչները նոյեմբերին Կրասնոդարում կմասնակցեն միջազգային մրցաշարի:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1796

Մեկնաբանություններ