«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԱՇԽԱՐՀԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ԾԱՆՐՈՐԴԸ ԳԵՐԾԱՆՐՔԱՇԱՅԻՆ ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆՆ Է

ԱՇԽԱՐՀԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ԾԱՆՐՈՐԴԸ ԳԵՐԾԱՆՐՔԱՇԱՅԻՆ ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆՆ Է
17.05.2011 | 00:00

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտվեց ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ընտրանին (ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Էդիկ Կիզողյան), ունենալով յոթ մասնակից, նվաճեց տասը մեդալ` չորսական ոսկե ու արծաթե և երկու բրոնզե: Յոթից երեքը հաղթել են նաև երկամարտի արդյունքով: Իսկ եթե հիշենք նաև, որ Ռուսաստանի հավաքականի կազմում ևս մեկ հայազգի պատանի է ունեցել մեդալային ելույթ, հաճելի պարտադրանքով պիտի խոստովանենք, որ պատանիների աշխարհի երկրորդ առաջնությունից, երկամարտի արդյունքով, մենք, որպես հայկական աշխարհ, վերադարձել ենք աշխարհի երկու չեմպիոնով, մեկ փոխչեմպիոնով, մեկ երրորդ մրցանակակրով: Չգիտեմ ում մոտ ինչպես, սակայն իմ մեջ այս պահին հնչում են «Լցնենք, ընկերներ, բաժակները լի, խմենք կենացը հայոց քաջերի» երգի բառերը:
Մինչև 62 կգ քաշային կարգը ներկայացրած Անդրանիկ Կարապետյանի մասին արդեն գրել ենք` տեղեկացնելով, որ նա երրորդն էր երկամարտի 255 կգ արդյունքով և առաջինը` պոկում վարժությունում (120 կգ):
Չափազանց ուշագրավ պայքար ծավալվեց մինչև 69 կգ ներքաշային կարգում, որտեղ մեր ընտրանին ներկայացված էր գյումրեցի ծանրորդ Վարդան Միլիտոսյան-Ռազմիկ Օլթեցյան տանդեմով: Նախնական պատվերները հուշում էին, որ այստեղ առնվազն չորս-հինգ հոգի մեդալների ռեալ թեկնածու է, և մեր տղաների համար հեշտ չի լինելու: Պոկում վարժությունում Վ. Միլիտոսյանի գործերը հաջող չընթացան: Վերջնահաշվում նա բավարարվեց լոկ 122 կգ բարձրացնելով: Այդ պահից մեր միակ հույսը մնաց Ռազմիկ Օլթեցյանը, ով հաջորդաբար սանձահարեց 120, 124, 127 կգ կշռող ծանրաձողը: Սակայն այստեղ էլ առանձնակի լավատեսության հիմքեր չկային երկամարտի կտրվածքով, որովհետև մրցակիցները շատ ավելի «ծանրակշիռ» էին իրենց պատվերներում: Պոկում վարժությունում փայլուն հանդես եկավ չին Յան Տանգը, ում առաջին իսկ մոտեցումը եղավ ոսկե` 130 կիլոգրամ: Հաջորդ մոտեցմամբ 136-կիլոգրամանոց ծանրաձողն իր կամքին ենթարկելով` նա գրոհեց 143-ի վրա` փորձելով գերազանցել մեր Տիգրան Գևորգի Մարտիրոսյանին պատկանող աշխարհի ռեկորդը: Եթե մոտեցումը հաջողությամբ պսակվեր, ստիպված կլինեինք վաղօրոք արձանագրելու, որ չինական «մեքենան» ակնհայտորեն մրցակցությունից դուրս է: Այստեղ երկրորդը ղազախ Ադիբեկ Բալխաևն էր` 130 կգ, երրորդը` ռումին Ալեքսանդրու Պինտեան` 127 կգ:
Երկրորդ վարժությունում իրադարձությունները բացառիկ դրամատիկ ընթացք ունեցան` ամբողջովին վեր հանելով ուժեղների այս մարզաձևի ողջ հմայքը: Վ. Միլիտոսյանը բավարարվեց 145 կգ բարձրացնելով, ինչն այս տաղանդավոր մարզիկի ակտիվում ոչ մի կերպ չես գրանցի: Հանուն ճշմարտության ասենք, որ նա մասնակցում էր` ունենալով ընդամենը 67 կգ անձնական քաշ, իսկ յուրաքանչյուր կիլոգրամը ենթադրում է բարձրացվող անհամեմատ մեծ ծանրություն: Ինչևէ: Փաստը մնում է փաստ, որ Վարդանը մեկ տարով հետաձգեց իրենից ունեցած սպասելիքները: Փոխարենը հաճելիորեն ուրախացրեց Ռ. Օլթեցյանը, ով սկսեց 145 կիլոգրամից ու ավարտեց 154-ով:
Այս 154-ի մասին փոքր-ինչ հետո, որովհետև մարզահարթակն այդ օրը «տրամադիր» էր մինչև վերջին ակնթարթը հանդիսատեսին շունչը «բռնած» վիճակում պահելու:
Նախնական պատվերները վայրկյանը մեկ փոխելու արդյունքում այնպես ստացվեց, որ մեդալների համար ռեալ հավակնորդներից առաջինը ծանրաձողին մոտեցավ չինացին ու միայն երրորդ մոտեցումից կարողացավ գլխավերևում պահել 151 կիլոգրամը: Ինչ խոսք, երկամարտի նրա 287 կգ արդյունքը տպավորիչ էր, սակայն դա բնավ չէր նշանակում ոսկու համար պայքարի ավարտ: Բալխաևի բարձրացրած 155 կիլոգրամը լուրջ հայտ էր ոսկու համար. նա չինացուց մնաց ընդամենը երկու կիլոգրամ հեռավորության վրա: ՈՒ հենց այստեղ է, որ Պինտեան ամեն ինչ խառնեց իրար: 153-ից հետո նա պատվիրեց 160` աչք տնկելով երկամարտում չինացու ունեցած ցուցանիշին: Հաջողության դեպքում քաշը նրան ոսկե մեդալ էր խոստանում: Ռումինացու «ըմբոստությունը» չկարողացավ հանդուրժել ղազախ ծանրորդը, թեպետ անհասկանալի է մնում ոսկի խոստացող 257 կիլոգրամը բաց թողնելն ու նույնպես 160 կիլոգրամ պատվիրելն այն դեպքում, երբ պահեստում ուներ ևս երկու մոտեցման հնարավորություն: Արդյունքում երկուսն էլ ձախողվեցին, և Ռ. Օլթեցյանը հնարավորություն ստացավ տվյալ պահին իր համար փոքր արծաթին գումարելու երկամարտի մեծ բրոնզը: Սակայն առաջին մոտեցմամբ 153 կգ սանձահարած մեր հայրենակից Ռազմիկ Հունանյանը, ով ներկայացնում էր Ռուսաստանը, հետնաբեմում հենց այնպես նստած չէր: Իր աստեղային ժամին տեր կանգնելու համար նրան պետք էր սանձահարել 162 կգ կշռող ծանրաձողը, ինչն էլ ոսկե տղան արեց: ՈՒ թեև դրանից մեր հավաքականը զրկվեց երկամարտի բրոնզից, իսկ պոկում վարժության հնարավոր արծաթը վերածվեց բրոնզի, անկեղծ ասած, վատ նստվածք չմնաց: Կարևորն այն էր, որ մինչև 69 կգ քաշային կարգում հաղթած պատանին հայ էր, մեր ազգակիցը: Ըստ էության, Ռազմիկ Հունանյանը Ռուսաստանի համար ոսկեբեր եղավ նաև շարունակության մեջ: Մինչև 77, 85 և 94 կգ քաշայիններ Վիկտոր Գեթսը, Արտյոմ Օկուլովն ու Ալեքսեյ Կոսովը, երկամարտի 311, 347 և 353 կիլոգրամներով, դարձան առաջնության հաղթողներ: Ինչ վերաբերում է մեր տղաներին, շատ լավ մրցելույթ ունեցավ մինչև 85 կգ քաշային կարգը ներկայացնող գյումրեցի Միքայել Միքայելյանը, ով երկու վարժությունների ժամանակ էլ մրցահարթակ էր դուրս գալիս, երբ մնացած մրցակիցներն ավարտած էին լինում մոտեցումները, իհարկե, բացառությամբ ռուս պատանու: Երկամարտի նրա 310 (140+170) կիլոգրամը ծանրակշիռ արծաթ էր` մեկ մեծ և երկու փոքր:
Մինչև 94 կգ քաշային կարգում մեր ընտրանին ներկայացնում էր Մհեր Պողոսյանը: Սպասվում էր, որ հանգամանքների հաջող դասավորության դեպքում Հայաստանի պատանիների այս տարվա փոխչեմպիոնը կարող էր խառնվել մեդալների համար պայքարին: Ցավոք, պոկում վարժությունում նա չկարողացավ սանձահարել նախնական պատվերը ու շատ արագ վերածվեց հանդիսականի: Փոխարենը հաջորդ` գերծանրքաշային կարգում բոլորին հիացրեց Գոռ Մինասյանը` մրցակիցներին թույլ տալով պայքարել միայն արծաթե և բրոնզե մեդալների համար: Ապշեցուցիչ էր մարզիչ Հակոբ Փիլոսյանի սանի (ի դեպ, տաղանդավոր այս մարզչի սաներն են նաև Ռազմիկ Օլթեցյանն ու Միքայել Միքայելյանը) օլիմպիական սառնասրտությունը: Նրա յուրաքանչյուր երկրորդ մոտեցումը ոսկյա էր, իսկ պոկում վարժության երրորդ մոտեցումը ոչ այլ ինչ էր, եթե ոչ մրցակիցներին անհաղթահարելի հեռավորության վրա թողնելու քայլ: Երկամարտում Գոռ Մինասյանը ցույց տվեց 379 (174+205) կգ արդյունք` դառնալով ծանրամարտում առանձնակի հարգ ունեցող քաշային այս կարգի հաղթող, հողագնդի ուժեղագույն պատանի ծանրորդ: Ի դեպ, այստեղ երկրորդը իրանցի Ալիռեզա Ղազեմինեջադն էր (367=166+201 կգ), ով անցած տարի պատանիների օլիմպիական խաղերում մեր տղային հաղթել էր մեկ կիլոգրամի առավելությամբ: Հետաքրքրության համար հիշատակենք այդ խաղերում երկու ծանրորդների արդյունքը` ցույց տալու համար նրանց աճը. Ա. Ղազեմինեջադ` 351=155+196 կգ, Գ. Մինասյան` 350=160+190 կգ:
Եթե ընթերցողին հիշեցնենք, որ երիտասարդների անցած տարվա աշխարհի առաջնության չեմպիոնը մեր Ռուբեն Ալեքսանյանն է (նա, ի դեպ, 2010-ի Եվրոպայի փոխչեմպիոնն է), իսկ մինչև քսան տարեկանների մեջ աշխարհամասի չեմպիոնը` Հայկ Հակոբյանը, ապա, ռազմական տերմինաբանությամբ, գերծանր քաշային կարգում մեր արածը պարզապես «օկուպացիա» է: Փաստորեն, վերջին տասնամյակում մեզ, որպես «օկուպանտ», պիտակավորելու աշխարհի փորձերը, պարզվում է, լուրջ հիմքեր ունեն: Եթե ուզածները սա էր, խոստովանում ենք` օկուպանտ ենք, բա ինչ ենք: Սակայն մեր խոստովանությունը շատ ավելի լիահունչ կլինի, եթե աշխարհը մի քիչ էլ համբերի, մինչև աղջիկների մեր դեսանտն էլ իջեցնենք ասպարեզ: Իսկ այդ ժամանակն այնքան էլ հեռու չէ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1798

Մեկնաբանություններ