Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ՆՈՐ ՊԱՏՎԻՐԱՆ ԵՄ ՏԱԼԻՍ ՁԵԶ, ՈՐ ՍԻՐԵՔ ՄԻՄՅԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ԵՍ ՁԵԶ ՍԻՐԵՑԻ»

«ՆՈՐ ՊԱՏՎԻՐԱՆ ԵՄ ՏԱԼԻՍ ՁԵԶ, ՈՐ ՍԻՐԵՔ ՄԻՄՅԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ԵՍ ՁԵԶ ՍԻՐԵՑԻ»
29.03.2011 | 00:00

Եվ վերջապես սիրո չորրորդ բնութագրումն ամենակատարյալն ու գերագույնն է, ամենասուրբը, որ կոչվում է ԱԳԱՊՈՍ։
Այս տեսակի սէրն առանձնանում է մյուսներից նրանով, որ իր մեջ ո՛չ կիրք է պարունակում, ո՛չ զգացմունք, ո՛չ ցանկություն, ո՛չ քնքշություն, ո՛չ ջերմություն։ Զարմանալի է, չէ՞, որովհետև սիրո այդ տեսակը հիմնված է զուտ սիրո օբյեկտի գնահատանքի վրա, երբ ծայրահեղությունների չի տանում, չի գերագնահատում կամ թերագնահատում, այլ սքանչանում է, հիանում է, փառաբանում է, ուրախանում է նման սիրո իրականությունից։ Մեղավոր ու դրախտից արտաքսված մարդը նման սէր չունի, քանի որ այն վերերկրային է ու «վերմարդկային», և այն անվանում են Աստվածային Սէր, որը ոչնչի վրա հիմնված չէ, բացի բուն սիրուց։ Նման Սիրո արժանանալով (ոչ թե հասնելով, կամ վաստակելով, քանզի այն անգին է ու վեհագույն), մարդը երկնքից կարծես օծվելով այդ Սիրո թրթիռներով, մաքրագործվում է, սրբանում է ու մի տեսակ դրախտային զմայլանք է ապրում, և մնացած կյանքի ընթացքում նրա գերագույն նպատակն է դառնում ամեն գնով, թեկուզ և ամենաթանկագինը՝ սեփական կյանքը, զոհաբերելով, հասնել Սիրո աղբյուրին։
Ասացինք, որ այն կախված չէ «սիրվող» առարկայի կամ էակի արժանիքներից, ոչ էլ նրա արտաքին գեղեցկությունից, տածած զգացմունքներից, կատարած գործերից, կամ էլ զոհողություններից։ Նման Սէր երկրային-հորիզոնական մարդկային հարաբերության շերտում չկա, գոյություն չունի, այլ այն երկնաձիգ-ուղղահայաց է, քանզի այն ծնվում է Սիրո ակունքից՝ Աստծո սրտից (եթե կարելի է համեմատության համար օգտագործել նման արտահայտություն)։ Հովհաննեսի ավետարանում այդպես էլ գրված է. «Աստված Սէր է», կամ կարելի է բացատրության կարգով ասել՝ Աստված Ագապոս է։ Նույն առաքյալի ավետարանում, որտեղ պատմվում է Հիսուսի զրույցը Պետրոսի հետ այդ սիրո ամենարտահայտիչ դրվագն է. «Եվ երբ ճաշեցին, Հիսուս Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»: Սա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, և Դու գիտես, որ սիրում եմ Քեզ»: Նրան ասաց՝ արածացրո՛ւ Իմ գառներին: Դարձյալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, և Դու գիտես, որ սիրում եմ Քեզ»: Նրան ասաց՝ արածացրո՛ւ Իմ ոչխարներին: Երրորդ անգամ նրան ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թե՝ սիրո՞ւմ ես ինձ: ՈՒ նրան պատասխանեց. «Տե՛ր, Դու ամեն ինչ գիտես, Դու Ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»: Հիսուս նրան ասաց. «Արածացրո՛ւ Իմ ոչխարներին» (Հովհաննես 21.15-17):
Այս հարց ու պատասխանի մեջ հայերեն, կամ այլ լեզուներով, բացի հունարենից, սիրում ես, սիրում եմ բառերի միջև տարբերություն չի դրվում, մինչդեռ իրականում հին հունարենի բնագրում Հիսուսը Պետրոսին հարցնում է. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես (այսինքն` ագա՞պոս.- Մ.Բ.) Ինձ ավելի, քան դրանք»: Սա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, և Դու գիտես, որ սիրում եմ (այսինքն` ֆիլոս. - Մ.Բ.) Քեզ»: Նրան ասաց՝ արածացրո՛ւ Իմ գառներին: Դարձյալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես (ագա՞պոս.- Մ.Բ.) ինձ»: Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, և Դու գիտես, որ սիրում եմ (ֆիլոս. - Մ.Բ.) Քեզ»: Նրան ասաց՝ արածացրո՛ւ Իմ ոչխարներին: Երրորդ անգամ նրան ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես (ֆիլոս. - Մ.Բ.) Ինձ»: Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թե՝ սիրո՞ւմ ես ինձ: ՈՒ նրան պատասխանեց. «Տե՛ր, Դու ամեն ինչ գիտես. Դու Ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ (ֆիլոս. - Մ.Բ.) Քեզ»: Եթե ուշադիր եղաք, այս հարց ու պատասխանի ժամանակ Հիսուսը երկու անգամ հարցրեց Ագապոս սիրո մասին, Պետրոսն էլ երկու անգամ ազնվորեն ու խոնարհաբար պատասխանեց, որ ինքը Տիրոջը միայն Ֆիլոս սիրով է սիրում։ Իսկ երրորդ անգամ Տերը մեղմացրեց իր հարցի վերերկրային՝ ագապոս սիրո հարցադրումը, փոխարինելով այն ֆիլոս տեսակով, քանի որ Պետրոսը դեռ Սուրբ Հոգին չէր ստացել, որ կարողանար ագապոս սէր ունեալ։ Իսկ հոգեգալստից հետո նույն Պետրոս առաքյալը, ստանալով այդ վերերկրային սէրը, համարձակաբար գրեց իր ուղերձներում. «Ջանք արեք, ձեր հավատով առաքինություն ձեռք բերեք, առաքինությամբ՝ գիտություն, գիտությամբ` ժուժկալություն, ժուժկալությամբ՝ համբերատարություն, համբերատարությամբ՝ աստվածպաշտություն, աստվածպաշտությամբ՝ եղբայրասիրություն, եղբայրասիրությամբ՝ սէր (ագապոս)» (Բ Պետրոս 1.5-7)։ Եվ այդ նույն Պետրոսը, որ հավաստիացնում էր Հիսուսին, թե Նրա հետևից մինչև բանտ էլ կգնա, նույն գիշերն իսկ երեք անգամ ուրացավ իր Վարդապետին, իսկ երբ Սուրբ Հոգուց երկնային սէրը ստացավ, անվախորեն հազարավորների առաջ վկայեց Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ, իսկ իր առաքելության վերջում ուրախությամբ գնաց նահատակության, նույնիսկ իրեն անարժան համարելով Տիրոջ նման խաչվել, խնդրեց, որ իրեն գլխիվայր խաչեն։
Հիսուս Տերն Իր երկրային օրերում նման ագապոս-սիրո մասին այսպես քարոզեց. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես Ես ձեզ սիրեցի» (Հովհ. 13.34)։ Իսկ հետո. «Սիրեցեք ձեր թշնամիներին», և Ինքն էլ ապրեց, կատարեց Իր քարոզածը և Իրեն ծաղրող ու անարգող թշնամիների համար Կյանքը դրեց ու հոժարեց Խաչի մահվան։
Սա՛ էլ իմանանք, որ ագապոս-սէր բառը Աստվածաշնչի մեջ առաջին անգամ օգտագործվեց այն պահից սկսած, երբ Հիսուսի մկրտության ժամանակ երկնքից Հայրը խոսեց, ասելով. «Դո՛ւ ես Իմ Սիրելի Որդին, որ ունես Իմ ամբողջ բարեհաճությունը» (Մարկոս 1.11)։
Նման վերերկրային սիրով Աստծուն ու մարդկանց սիրել են սուրբ Տիրամայրը, սրբերը, նահատակները, մարտիրոսներն ու մինչև վերջ Աստծո հավատարիմները։ Այդ երանելիները, լցված լինելով Աստվածային Սիրով, նույնիսկ սիրելով իրենց տանջողներին ու խոշտանգողներին, աղոթել են նրանց համար, նմանվելով իրենց Տիրոջը` Հիսուս Քրիստոսին, Որը Խաչի վրա գամված ժամանակ աղոթում էր Իրեն խաչողների համար, ասելով. «Հա՛յր, ներիր սրանց, քանի որ չգիտեն ինչ են անում»։ Իսկ մարդկանցից առաջինը, որ նմանվեց Տիրոջը, Ստեփանոս Նախավկա սարկավագն էր, որն աղոթում էր իրեն քարկոծողների համար, որի արդյունքում Պողոս առաքյալը հետագայում դարձի եկավ ու վերածվեց Եկեղեցու ամենաբեղմնավոր ու նախանձախնդիր ծառայի։ Եվ որն էլ, ճաշակելով երկնային այդ անբացատրելի Սիրուց, գրեց Աստվածային Սիրո Հիմնը, որը կներկայացնենք այս հրապարակման վերջում։
Աստվածային Սեր ունեին նաև Հռիփիսիմե կույսը, Գրիգոր Լուսավորիչը, որոնք աղոթում էին իրենց տանջող ու խոշտանգող Տրդատի համար, որի արդյունքը եղավ այն, որ այդ հեթանոս թագավորը առաջին քրիստոնյա արքայի վերածվեց ու մկրտվելով անվանվեց Հովհաննես, սիրո առաքյալի անունով։
Անդրադառնալով վերը գրված վերլուծական բացատրություններին, հայերենով նույնպես փորձ անենք տարանջատել այդ Աստվածային էությունը պարունակող բառի սրբությունը դարերի ու ժամանակի մեջ աղտեղացած մտայնությունից, և էրոսը գրենք որպես սեռ, ինչպես տարանջատված է անգլերենում, և նման հարաբերությունները կոչել են սեքս, այսինքն` լոկ սեռերի միջև եղած մարմնական հարաբերություն: Ֆիլոսը և Ստրոգեն անվանենք սեր (քանզի ուղղվածությամբ նույնն են), իսկ Ագապոսը՝ Սէր կոչենք, որի մեջտեղի տառը Աստծո անունն է նշանակում, ինչպես գրված է Աստվածաշնչում. «Ես եմ որ Է-ն»։ Եվ դարձյալ գրաբարով և Տէր բառն է գրվել «Է»-ով, և ճշմարիտ սէր բառը։ ՈՒրեմն կարող ենք եզրակացնել, որ սերմ բառը սերվել է սեր բառից, ու եթե այդ սերմը պարունակում է սրբություն ու մաքրություն, այսինքն` «Է» Աստծուն, ուրեմն այդ սէրը վերերկրային է ու հավիտենական։ Տէրը այդ սիրո լեցունությունից մեզ բոլորիս արժանացնի։
Եվ վերջապես, ի լրումն ողջ ասվածի, այժմ կարդանք կատարյալ սիրո օրհներգը, որ գրվեց այն մեկի միջոցով, որ քրիստոնյաներին հետապնդելիս անապատում տեսավ Քրիստոսին, ՈՒմ ինքը հալածում էր, զգաց Նրա անսահման սէրը մարդկության հանդեպ, սիրահարվեց Իր Փրկչին ու իր կյանքը դրեց Ավետարանի լույսը դեռևս անգիտության խավարում գտնվող հեթանոսների մեջ տանելու համար։

ՕՐՀՆԵՐԳ ՍԻՐՈ
«Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ ծնծղաների, որ ղողանջում են:
Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն
ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝
մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ:
Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու,
բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա:
Սէրը համբերող է, քաղցրաբարո է. սէրը չի նախանձում, չի ամբարտավանում,
չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում,
բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում,
այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում է։
Սէրը երբեք չի անհետանում. թե մարգարեություններ են, պիտի չքանան.
թե լեզուներ՝ պիտի լռեն. թե գիտություն՝ պիտի անցնի.
քանզի շատից քիչը գիտենք և շատից քիչն ենք մարգարեանում:
Իսկ երբ գա կատարյալը, շատից քիչը կանհետանա:
Բայց արդ, մնում են հավատ, հույս, սէր. սրանք՝ երեքը. և սրանցից մեծագույնը Սէրն է:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2577

Մեկնաբանություններ