Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ «ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆԻ» ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ «ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆԻ» ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
22.06.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում աշխարհում եղան ակնկալված ու անակնկալ փոփոխություններ, այնուհանդերձ, հավասարակշռությունը չխախտվեց, և ամեն ինչ շարունակվեց իր հունով:
Եվրամիության 27 երկիր հաստատել է Թեհրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը ենթադրում է Իրանի նավթի և գազի արտադրության ոլորտում ներդրումների սառեցում, արդյունաբերական տեխնոլոգիաների և սարքավորումների փոխանցման արգելք: Առևտրի ոլորտում արգելվում է այնպիսի ապրանքների արտահանումը Իրան, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով: Բացի այդ, ԵՄ-ն մտադիր է սահմանափակել մուտքի արտոնագրերը և սառեցնել «Իրանի հեղափոխական գվարդիայի» անդամների բանկային հաշիվները: Իրանական բանկերը չեն կարող մասնաճյուղեր ունենալ ԵՄ երկրներում, Իրանի մուտքը փակվում է նաև ԵՄ միասնական ջրային տարածք:
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը եռամյա աշխատանքից հետո հրաժեշտի մամլո ասուլիսում անկեղծացել է. «Ճշգրիտ թիվ չեմ կարող ասել, սակայն տարբեր վերլուծաբաններ հաստատում են, որ Հայաստանում ստվերային տնտեսությունը 35-40 տոկոսի է հասնում: Դա իշխանությանը մեծագույն մարտահրավերներից մեկն է»: Վարուդակիսը նաև խորհուրդներ է տվել. «Ստվերային տնտեսությունը պետք է դուրս բերվի օրինական դաշտ: Դրանով կառավարությունը հարկային եկամուտների մեծացմանը կնպաստի և կարող է հոգ տանել սոցիալական կարևորագույն վճարումների մասին»: Եվ ինչո՞ւ Վարուդակիսը չի բացատրել, թե իր եռամյա գործունեությունն ինչո՞վ է նպաստել ստվերային տնտեսությունն օրինական դաշտ բերելուն: Կամ` ինչո՞վ է խանգարել:
ՀԱԿ-ը` պառակտման շեմին, հրճվեցին ոմանք, ՀԱԿ-ը` ավելի համախմբված, հակադարձեցին այլք: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ու փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը հրաժարական տվեցին: Զուրաբյանը հայտարարեց. «Այն անառողջ մթնոլորտը, որ ստեղծվել էր ՀՀՇ-ի շուրջ մամուլում և հասարակության մի հատվածում, հանգուցալուծման կարիք ուներ, ես կարծում եմ` իմ քայլը լավագույն ձևերից մեկն էր այդ հանգուցալուծումն իրականացնելու»: Հավանաբար զգալով, որ հարցականները ոչ թե նվազեցնում, այլ շատացնում է, Արարատ Զուրաբյանը շտապել է կանխել նոր հարցերը. «ՀՀՇ-ի հետ կապված որևէ պրոբլեմ ակնկալել չի կարելի, ՀՀՇ-ն հաստատուն գտնվում է այնտեղ, որտեղ միշտ գտնվել է` Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին»: Մինչև կուսակցության համագումարը վարչության նախագահի պարտականությունները կկատարի Վահագն Հայոցյանը:
Անցած շաբաթ ընդդիմադիր գործիչների շարքն ակամայից համալրեց Արամ Խաչատրյանը: ՀՀ ոստիկանությունը կրկին փակեց Ազատության հրապարակը, այս անգամ պատճառաբանելով, որ մանկական խմբերի համերգ է լինելու, և ՀԱԿ-ի նախկին քաղբանտարկյալների գլխավորած նստացույցը տեղափոխվեց Արամ Խաչատրյանի հովանու ներքո: Նրանք պահանջում էին` «Ազատություն քաղբանտարկյալներին», «Անկախ Հայաստան», բայց տեղին էր պահանջել նաև ազատություն Ազատության հրապարակին:
Հայաստանում հետևողականորեն շարունակվում են «աբսուրդի թատրոնի» բեմադրությունները թատրոնից դուրս. այս անգամ ներկայացումը կոչվում էր ՀՀ պետական դրոշի տոնին նվիրված քայլերթ: Ինչո՞ւ ոստիկանությունը չի արգելում կառավարության շենքից Նալբանդյան-Սայաթ-Նովա-Ֆրանսիայի հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Հանրապետության հրապարակ երթը, ինչո՞ւ է թույլ տալիս խանգարել տրանսպորտի ընթացքը, զինվորական նվագախմբին էլ` այդ փողոցների բնակիչների հանգստի իրավունքը, հասկանալի չէ: Ավելի ճիշտ, միանգամայն հասկանալի է: Հասկանալի չէ, թե ե՞րբ է ընկալվելու, որ պետական դրոշը պետության կարևորագույն խորհրդանիշներից մեկն է, և պետական դրոշի տոն սահմանելն ու այն զավեշտի վերածելն առնվազն ծաղր է այդ պետականության ու պետական դրոշի նկատմամբ: Կապույտ-կարմիր-ծիրանագույնն արժանի չէ այդ պատժին:
Այնուամենայնիվ, Նուրսուլթան Նազարբաևը դարձավ ազգի առաջնորդ: Նախագահին հատուկ կարգավիճակ շնորհող օրինագիծը խորհրդարանն ընդունեց, թեպետ Նազարբաևը մերժել էր` հիմնավորելով, որ այդ կարգավիճակն օրենքի տեսքով ամրագրելը պարտադիր չէ: Ղազախստանի գործող նախագահը և նրա ընտանիքի անդամները ցմահ անձեռնմխելի են իրենց կյանքով ու կայքով:
Որքան կօգներ այդ նույն կարգավիճակը Կուրմանբեկ Բակիևին ու Ղրղզստանին, եթե ժամանակին ընդունվեր: Իսկ հիմա երկիրը քաոսի է մատնվել, ազգամիջյան բախումներ են սկսվել ղրղզների և ուզբեկների միջև: Ղրղզստանի ժամանակավոր կառավարությունը դիմել էր ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով, բայց ՀԱՊԿ-ը խաղաղապահներ չի ուղարկի: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ քննարկվում է ոչ թե խաղաղապահների, այլ զանգվածային անկարգությունները կանխելու, հրահրիչներին բացահայտելու և չեզոքացնելու հարցերով մասնագետների խումբ ուղարկելու հարցը: Իսկ նախօրեին ՀԱՊԿ-ի անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստից հետո Բորդյուժան հայտարարել էր, թե որոշվել է անհապաղ օգնություն ցուցաբերել Ղրղզստանին, բայց ՀԱՊԿ-ի անդամ պետությունների նախագահները նման ցանկություն չեն ունեցել: Գուցե ժամանակն է ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերի կարգավիճա՞կն էլ որոշակիացնելու։ Իսկ ԱՄՆ-ի կառավարությունը երկրին հատկացրել է 32 միլիոն 267 հազար դոլարի օգնություն: «ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Ղրղզստանում և ՈՒզբեկստանի հետ սահմանակից շրջաններում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը: ԱՄՆ-ն աջակցում է միջազգային խաղաղապահ ջանքերին, մարդասիրական օգնության տրամադրմանը, որը համակարգում են ՄԱԿ-ն ու միջազգային կազմակերպությունները», նշել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը: Հունիսի 27-ին երկրում նախատեսված է սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որով անցումային նախագահ կհաստատվի Ռոզա Օթունբաևան:
Եվրամիության արտգործնախարարները Լյուքսեմբուրգում հաստատել են ԵՄ-ի` հարավկովկասյան երեք պետությունների հետ կապերն ամրապնդելու պատրաստակամությունը: 27 երկրների արտգործնախարարները կարծում են, որ ԵՄ-ն սպասում է ՀԿ երեք երկրների հետ ընկերակցային համաձայնագրերի կնքման բանակցություններին, որոնք մեկնարկելու են հուլիսին: Համաձայնագրերը հնարավորություն կտան ամրապնդելու քաղաքական կապերը, ապահովելու տարածաշրջանի երկրների ինտեգրումը եվրոպական շուկաներ` ստեղծելով համապարփակ ազատ առևտրի գոտիներ: Հարաբերությունների առավել սերտ աստիճանին հասնելու համար ՀԿ երկրները պետք է բարեփոխումներ իրականացնեն ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և կառավարման ոլորտներում: ԵՄ արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանի հակամարտություններին` ընդգծելով, որ դրանք խոչընդոտում են քաղաքական ու տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային համագործակցությանն ու եվրոպական մայրցամաքի կայունությանը: ԵՄ նախարարների խորհուրդը վերահաստատել է հակամարտությունների խաղաղ և երկարատև կարգավորմանն աջակցելու պատրաստակամությունը և կոչ է արել բոլոր կողմերին ամբողջովին հավատարիմ մնալ այդ գործընթացին:
Հունիսի 15-ին Թուրքիայի վարչապետը վերստին հանդիպել է հարազատ կուսակցությանը և առիթը չի կորցրել կուսակիցների առաջ Վաշինգտոնին քննադատելու, ինչը նա անում է պարբերաբար: «Դուք խոսում եք ժողովրդավարությունից, հետո նույն ժողովրդավարությանը հակասող քայլեր եք անում: Երբ պետք է` աջակցում եք բռնապետական վարչախմբերին, իսկ երբ բխում է ձեր շահերից` խոսում եք ժողովրդավարությունից»,- ասել է նա` հեռվից հեռու դիմելով ամերիկացիներին: Երկակի ստանդարտների մեջ մեղադրելով Վաշինգտոնին, Թուրքիայի վարչապետը տեղնուտեղը նաև բարձրացրել է իր երկրի գինը. «ԱՄՆ-ի վարչակազմը պետք է լավ հասկանա ու գնահատի փաստը, որ Թուրքիայի ներկայիս արտաքին քաղաքականությունը կարող է ավելի ակտիվացնել երկու երկրների համագործակցությունը»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերստին Սանկտ Պետերբուրգում էր` մասնակցելու Միջազգային տնտեսական համաժողովին: Պետերբուրգյան այցը շատ բազմաշերտ էր` հանդիպումներ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ, եռակողմ հանդիպում և, այնուամենայնիվ, այցը կարևորվեց ո՛չ թե պետերբուրգյան, այլ ղարաբաղյան իրադարձություններով: Բնականաբար, համանախագահների հետ քննարկվեցին բանակցությունների այս փուլի հարցերը: Իսկ եռակողմ հանդիպումից հետո արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը, որպես ՄԽ համանախագահ երկիր, կարևոր դեր է խաղում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, ինչը, բնականաբար, նորություն չէ: Իսկ արդեն հունիսի 18-ի լույս 19-ի գիշերից հետո Էդվարդ Նալբանդյանը հարկադրված էր ասելու. «Բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ Բաքուն փորձում էր սադրիչ հայտարարությունների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները: Ամենայն հավանականությամբ, տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում` ադրբեջանցիներն այս անգամ, հունիսի 17-ի եռակողմ բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո, գնացին ավելի հեռու` ակնհայտ սադրանքի: Ակնհայտ էր, որ դա նախապես մտածված և ծրագրված գործողություն է: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի իրական դեմքը, որն ամեն ինչ անում է բանակցային գործընթացը ձախողելու համար»:
Ի՞նչ է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգում, որ Ալիև-կրտսերը չի մասնակցել տնտեսական համաժողովին և վերադարձել է տուն, իսկ ադրբեջանական բանակի զինվորները Մարտակերտի Չայլու գյուղի մերձակայքից հարձակվել են շփման գոտու հայ զինվորների վրա: Ի պատասխան Էդվարդ Նալբանդյանի` Ադրբեջանի ԱԳ ներկայացուցիչ Էլխան Պոլուխովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ցանկացած բախում ցույց է տալիս, որ Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացման հետ: Պոլուխովը նաև ասել է. «Կա զինված հակամարտությունից խուսափելու բավականին պարզ տարբերակ. դա բանակցությունների սեղանի շուրջ նստելն ու մադրիդյան սկզբունքների հիման վրա գործընթացը շարունակելն է»։ Այսինքն, պետք է ենթադրել` հայկական կո՞ղմը դա չի ուզում, և ադրբեջանական կողմն իրեն պարտավորված է զգում զինված բախումներով ու զոհերով պարտադրե՞լ նրան: Պոլուխովը ևս մեկ հայտարարություն է արել` հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում նման բախման փաստը ցույց է տալիս, որ հակամարտությունը սառեցված չէ, ինչպես ցանկանում է մտածել հայկական կողմը: Սա էլ, թերևս, պիտի նշանակի, որ Ադրբեջանը ցանկացած պահի պատրաստ է պատերազմի՞: ՈՒրեմն ինչո՞ւ է բանակցությունների սեղանի շուրջ ուզում նստել ու հայկական կողմին էլ «պարտադրել»: Ինչ-որ բան այն չէ: Իսկ ի՞նչ:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հանդիպելով ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մեկնող պատվիրակության անդամների հետ, դժգոհել է նրանց աշխատանքից` համեմատելով թուրք-ադրբեջանական պատվիրակության հաջողությունների հետ: ԱԺ նախագահը կարծում է, որ պատճառը ստրասբուրգյան հաճույքներով հայ պատգամավորների տարվելն է. նա սպառնացել է, որ եթե պատահաբար պատգամավորներից ինչ-որ մեկը հայտնվի Բադեն-Բադենում, իր հետ գործ կունենա: Անձամբ: Իհարկե, թերևս դա որևէ պատգամավորի համար մեծ հաճույք չէ, բայց ավելի արդյունավետ կլիներ, եթե ԱԺ նախագահը կենտրոնանար ոչ թե ստրասբուրգ-բադենյան հաճույքների վրա, այլ երևանյան ու հայկական տհաճությունների, այն ամենի, ինչ կոչվում է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականություն, որը լիուլի հնարավորություն է տալիս ոչ միայն թուրք-ադրբեջանցիների «հաջողությունների», այլև հայկական պատվիրակության անհաջողությունների, նույնիսկ այն պարագայում, երբ ինքը` ԱԺ նախագահը, եղբայրացել է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի հետ:
Հունիսի 20-ին Լեհաստանում նախագահի արտահերթ ընտրությունները կայացան, չնայած տևական տարերային աղետներին ու հեղեղումներին: Նախնական տվյալներով` նախագահի 10 թեկնածուներից առավելագույն ձայներ ստացել են խորհրդարանի ստորին պալատի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին` 40,7 տոկոս, և նախկին վարչապետ, ավիավթարից զոհված նախագահ Լեխ Կաչինսկու երկվորյակ եղբայր Յարոսլավ Կաչինսկին` 35,8 տոկոս: Լեհական օրենսդրությամբ` ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքեր ընտրողների ձայների 50 տոկոսից ոչ պակաս: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 4-ին:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1126

Մեկնաբանություններ