Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՓԱՂԱՔՇԵՔ ԱՄԵՆ ՄԵԿԻՆ, ՈՎ ԿԳԱ ՁԵԶ ՄՈՏ

ՓԱՂԱՔՇԵՔ ԱՄԵՆ ՄԵԿԻՆ, ՈՎ ԿԳԱ ՁԵԶ ՄՈՏ
10.02.2012 | 00:00

Կոնկորդիա ԱՆՏԱՐՈՎԱ (1886-1959),
ռուս հոգևորական գրող


ՈՒրախությունն անհաղթահարելի զորություն է, մինչդեռ վհատությունն ու մերժումը կործանում են ամեն ինչ։ Իմացությունն աճում է ոչ թե հաղթանակներիդ վրա, որոնք բարձրացնում են քեզ, այլ իմաստության, հանգստության և ուրախության շնորհիվ, որոնք դու ձեռք ես բերել այն ժամանակ, երբ դա ոչ ոք չի տեսել։ Հաղթիր սիրելով, և դու կհաղթես ամեն ինչի։ Փնտրի՛ր ուրախությամբ, և բոլորը կպատասխանեն քեզ։ Կյանքը, տիեզերքի ամբողջ կյանքը միշտ հաստատում է։ Կառուցել կարելի է միայն հաստատելով։
Ինչքան շատ են մարդու մեջ ինքնաբավության բնազդները, այսինքն` ինչքան ուժեղ է նա կենտրոնացնում միտքը սեփական «ես»-ի վրա, այնքան մեծ են և խոր նրա կասկածները, այնքան հաճախակի են արտասվում նա աչքերը, այնքան մոլեգին է նրա պայքարը սեփական մարմնի, սեփական կրքերի, սեփական սանձարձակ մտքերի դեմ։
Ինքն իր հետ պայքարի մեջ դեռ ոչ ոք ու ոչ մի անգամ ձեռք չի բերել փրկություն։ Քանզի առաջ են ընթանում միայն հաստատելով, այլ ոչ թե մերժելով։
Չկա ոչ անդորր, ոչ էլ խաղաղություն այն էակների մեջ, ովքեր փնտրում են հայտնության նորանոր աղբյուրներ։
Հասարակ բառերը, որոնք առաքվում են վեր ուրախությամբ, որոնք արտասանվում են սեփական սրտի խաղաղության մեջ, ավելի մեծ նպատակի են հասնում, քան հարյուրավոր արտագրված ճշմարտությունները, որոնք որսված են տարբեր «աղբյուրներից»։ Մարդը պետք է ապրի այնպես, որ իրենից խաղաղություն և անդորր բխեն յուրաքանչյուր հանդիպած մարդու վրա։ Հասարակ մարդն ամենևին չպետք է չափից դուրս փքվի ու անպայման ձգտի դառնալու սուրբ։ Սակայն ամեն մարդ ունի մի պարտադիր պարտականություն` ապրել սեփական հասարակ, առօրյա այսօրն այնպես, որ սեփական և ուրիշի գոյության մեջ մտցնի խաղաղության և ուրախության մի կաթիլ։
Պարզ ու համեստ է աշխատանքային օրը։ Փաղաքշեք ամեն մեկին, ով կգա ձեզ մոտ։ Եթե գա միայնակը, տվեք նրան ձեր սրտի ամբողջ սերը, որպեսզի հեռանալիս նա հասկանա, որ ունի բարեկամ։ Եթե գա վշտացածը, լուսավորեք նրա կյանքը ձեր ուրախությամբ։ Եթե գա անզորը, օգնեք նրան կյանքի նոր իմաստի իմացությամբ, որը բացվել է ձեզ։ Եվ ձեր կյանքը կդառնա օրհնություն մարդկանց համար։ Կյանքի ոչ մի մռայլ կամ ողբերգական պահի չի կարելի մոռանալ ամենագլխավորը` ուրախությունը, որ դուք դեռ ողջ եք, որ դուք կարող եք օգնել որևէ մեկին։
Երբեք թույլ մի տուր, որ քեզ հաղթի «անհասանելիության» տրտմալի զգացողությունը ուրիշի ոգու վեհության պատճառով։ Միշտ օրհնիր քեզնից ավելի հաջողությունների հասնողին և սփռիր նրա վրա քո ուրախությունը, որ նրան ավելի հեշտ հաջողվի հասնել մեծ բարձունքների։
Կարևոր է հստակ պատկերացնել, թե վերջապես ինչ ես ուզում։ Կարևոր է ներքուստ չլինել դատարկ կամ երերուն, երբ սկսում ես նոր ստեղծագործական օրդ։ Կարևոր է ապրել ամեն մի օրը, աշխատելով այնպես հեշտությամբ և ազնվորեն, կարծես դա լինի կյանքիդ վերջին օրը։
Յուրացրու այն մարդկանց առաջին կանոնը, ովքեր ցանկանում են համընթաց գնալ սեփական ժողովրդի հետ, այժմեական կյանքի հետ: Չկան չնչին գործեր։ Այդ օրենք է` ամեն ինչ հենց քո մեջ է, և ամեն ինչ գոյի բարօրության համար է, քանզի ամեն ինչ սեր է։ Այդ ըմբռնողությունից զրկված մարդու գոյությունը զուտ եսասիրություն է։
Միայն մի՛ մտածիր, որ ազատվածը պետք է միշտ ազատ լինի արտաքին իրարանցումից, նրա թվացյալ կապանքներից, կենցաղի հոգսերից ու պայմանականություններից։ Ամենից լավ ծառայում է իր ժողովրդին նա, ով չի նկատում առօրյա դժվարությունները, որովհետև հասկացել է սեփական կյանքի իմաստը` Լույսի զորությունը տանել դեպի հենց այդ առօրյան։
Գոյություն չունի գորշ օր, կա փայլող տաճար, որը կառուցում է մարդն ինքն իր աշխատանքային օրվա ընթացքում։ Ոչ թե հեռավոր երկինք պիտի թռչի մարդը, որ այնտեղ գեղեցկություն կլանի և հանգստանա երկրի կեղտից, այլ պիտի այդ կեղտոտ, քրտնած և տխուր երկրի վրա թափի իր բարեհաճության գոնե մի կաթիլը։ Եթե մարդիկ զբաղված են միայն հայեցությամբ, եթե նրանց խելքի ու սրտի զորությունը մխրճված է կատարելության միայն անձնական նկրտումների մեջ, մենք գիտենք, որ նրանց համար փակ է հավիտենական շարժման ուղին։ Քանզի Տիեզերքում չկա հնարավորություն ապրելու միայն անձնականով, առանց ներգրավվելու համաշխարհային կյանքի մեջ։
Մտածի՛ր, թե ինչ է վախը։ Դա ամենաբարդն է բոլոր մարդկային զգացումներից։ Նա երբեք չի ապրում մարդու մեջ միայնակ, այլ միշտ շրջապատված է գարշելի սողուններով, որոնք պակաս չեն քայքայում մարդու հոգևոր աշխարհը, քան հենց վախը։ Նա, ով լցված է վախով, ընկճված է որպես ակտիվ, բանական և ազատ մտածող էակ։ Միտքը միայն այն ժամանակ կարող է հորդել, ճիշտ ընկալելով ինտուիցիայի պայծառացումները, երբ մարդու ամբողջ էությունը գործում է ներդաշնակորեն։ Մարդիկ, որոնք երևակայում են իրենց հոգեպես պայծառացած, իսկ իրականում միայն ժամանակ առ ժամանակ են դեն գցում վախի քարե կոշիկները, ամենաթշվառն են բոլոր մոլորվածներից։ Մարդիկ, որոնք առաջ են քշվում երկրի վրա վախով, թերարժեք մարդկային էակներ են։ Նրանք ընդունակ չեն մեծ բաներ կառուցելու, կյանք ստեղծելու։
Միայն արիությունն ու անվախությունն են երևան բերում ամբողջ մարդուն, նրա բոլոր ուժերն ու տաղանդները։ Ձգտեք գտնել ձեր մեջ ազատ, անձնական անհաջողությունների և վշտի աղբով չծանրաբեռնված կյանքի ընկալումը։ Ոչ մի վիշտ չի կարող կաշկանդել այն բացարձակապես անկախ էությունը, որն ապրում է մարդու սրտում։ Իմաստ չունի գիտելիքի տենչանքն առանց ոգու զորության առկայության, որ հնարավոր դարձնի այդ գիտելիքները գործի դնել օրվա խնդիրները լուծելու համար։
Ճշմարտությունը, որն ընթերցվել է լացակումած աչքերով, չի լուսավորի մարդու ճանապարհը նրա գորշ առօրյայում։ Եվ օրը նրա, նրա ընթերցված ճշմարտությամբ, կմնա գորշ, տարակուսանքի և հոգին բզկտող ցանկությունների մի օր։ Իսկ ճշմարտությունը, որն ընթերցվել է աչքերով, որոնք դադարել են արտասվելուց, կլուսավորի ու կպայծառացնի մարդու գորշ օրը։
Գոյություն ունի միայն միակ անհաղթահարելի ուժը կյանքում, և այդ ուժն ուրախությունն է։ Ամեն անգամ, երբ ձեզ ինչ-որ բան չի հաջողվում, երբ դուք ուզում եք հաղթահարել բոլոր արգելքները և հասնել արդյունքի, գործեք սիրով և ուրախությամբ։ Ձեր յուրաքանչյուր ժպիտը կարագացնի ձեր հաղթանակը և կբացահայտի ձեր ուժերը։ Ձեր արցունքն ու վհատության խոսքերը կաղավաղեն ձեր նվաճումները և կհեռացնեն ձեր հաղթանակը ձեզնից շատ հեռու։
ՈՒղին մի շարժում է, որտեղ չի կարող լինել որևէ դադար։ Հենց որ ճանապարհի ընթացքում, այսինքն` հենց մարդու գործողությունների մեջ ներխուժում են զայրույթը կամ գրգռումը, ամբողջ ընթացքը կանգ է առնում։ Դադարում է հնչել նրա ներդաշնակությունը, ու նորից հարկավոր է փնտրել, թե ինչպես ներգրավվել Տիեզերքի սիմֆոնիայում, որն առաջ է գնացել, քանի դեռ մարդը կանգ էր առել տեղում։ Ոչ մեկի համար հնարավորություն չկա շարժվելու Տիեզերքի աստիճաններով, եթե նա ծանր է հանդիպած մարդկանց համար, եթե նրա գրգռված կոպիտ բղավոցը կամ բարոյախոսական, դժգոհ ճառելը դիմացից եկողին չեն օգնում հանդարտվելու, այլ նրա մեջ առաջացնում են միայն բողոք։
Երբեք մի՛ մոռացեք, որ ձեր ամբողջ գործունեությունը, ինչքան էլ բարձր լինի, մեծ մասամբ դժվարամարս պետք է լինի ձեզ հանդիպած մարդկանց համար, եթե դուք ինքներդ խռովքի և աններդաշնակության մեջ եք։ Ամենահանճարեղ աշխատանքը կմնա շատ քչերի սեփականությունը, որովհետև որևէ մեծ կամ փոքր գաղափար ժողովրդի զանգվածների մեջ կարող է առաջ մղել միայն նա, ում ուժերը գտնվում են կայուն հավասարակշռության մեջ։ Չունենալով խաղաղություն սեփական հոգում` հնարավոր չէ այն տալ ուրիշներին։ Տալ կարելի է միայն այն, ինչին տիրում ես ինքդ։ Այլապես մարդուն խաղաղություն և մխիթարանք բերելու բոլոր փորձերը կնմանվեն այն սին բառերին, որոնք եթեր են ուղարկվում առանց իմաստի ու նպատակի, որտեղ առանց այդ էլ աղբը լիքն է։ Եթե նոր գաղափարների քարոզն անարդյունք է, ապա միայն այն պատճառով, որ այն խիստ ձևական է։ Մարդկանց կոչ անելով զոհաբերության և զրկանքների հանուն բարձր նպատակների` քարոզիչները հաճախ բացառություն են անում իրենք իրենց համար։ Իսկ նրանք, ովքեր քարոզում են ոչ թե խոսքով, այլ կենդանի օրինակով, միշտ հասնում են հաջողության։ Փնտրե՛ք իմացություն, որպեսզի հասկանաք, որ դժբախտություն, որպես այդպիսին, գոյություն չունի։ Ամեն ինչ, բոլոր հրաշքներն ու դժբախտությունները կրում է իր մեջ մարդն ինքը։ Երբ մարդուն բացահայտվում է իմացությունը, նա դառնում է հանգիստ, քանզի իմաստությունը վերակենդանանում է Նրա մեջ։ Մի՛ փնտրեք հրաշքներ, նրանք չկան։ Փնտրե՛ք գիտելիքը, այն կա՛։ Եվ այն, ինչը մարդիկ հրաշք են կոչում, միայն իմացության այս կամ այն աստիճանն է։
Զգուշացե՛ք իմաստակելուց այնտեղ, որտեղ անհրաժեշտ է միայն իմաստության պարզությունը։ Սովորե՛ք գոնե մի բան. չունենալով որևէ բանի մասին բավարար գիտելիքներ` մի՛ ժխտեք այն, ինչը ձեզ ասում են։
Ճամփի անհայտ ոլորաններում տառապում են միայն նրանք, ովքեր կրում են իրենց մեջ իրենց սեփական եսը, որը դեռ չի լուծվել սիրո մեջ։ Նա, ով փնտրում է` կորացած կրքերի բեռան տակ, ավելի շատ է մոլորվում։
Մի մոռացեք, որ ամենակարևոր հանդիպումները մարդու համար իր հանդիպումներն են երեխաների հետ։ Ավելի շատ ուշադրություն դարձրեք նրանց վրա. մենք երբեք չենք կարող գուշակել, թե ում կհանդիպենք երեխայի մեջ։ Երեխաները ոչ միայն երկրի ծաղիկներն են։ Նրանք նաև ձեր պարգևներն են ամբողջ Տիեզերքին։ Նրանց միջոցով դուք օգնում եք վեր բարձրանալու մարդկությանը, կամ մնում եք քարացած իներտ զանգված, այն խառնախյուսը, որից, ինչպես փտած անտառից, միայն հազարամյակներ անց կծնվեն ածուխն ու ադամանդը։
Հաստատ իմացեք` մինչև վերջին պահը հարկավոր է հավատալ և հուսալ մարդու մեջ արթնացնելու նրա սրբություն սրբոցը։ Սրտի ամբողջ ուժով հարկավոր է խնդրել կյանքից, որ նա օգնի մոլորվածին կամ սխալվածին, քանզի յուրաքանչյուրի մեջ ապրում է Նա, իսկ Նրա արթնանալու համար մարդկային տրամաբանության և մարդկային ժամանակի որևէ օրենք չկա։
Կարեկցել նշանակում է, նախ և առաջ, արիանալ։
Այնպես արիանալ, որ մաքուր սիրտը կարողանա ազատորեն հեղել իր սերը։ Իսկ սերը, գթությունն ու պաշտպանությունն ամենևին էլ միշտ չեն քնքշալի, ներողամիտ։ Դա նաև նախատինք է և սիրող ձեռքի հարված, եթե նա տեսնում է, թե ինչպես է հուսալքվել մարդը, որպեսզի հնարավոր լինի նոր լիցք տալ մարդու նվազող ոգուն և էներգիային։ Դա նաև պարգև է տվյալ օրվա համար, որն անցել է մաքրության և արարման մեջ։
Ոչ մի էներգիա, որն ուղարկված է մարդու կողմից բարությամբ, չի կարող կորչել աշխարհում։ Այդ ժամանակ նա կարող է բնավորվել մարդու մեջ։ Իսկ բարության էներգիան ոչ մի էակի կողքով չի անցնի ու եթե չազատի էլ, ապա կթեթևացնի հանդիպակաց յուրաքանչյուր տառապյալի վիճակը։
Ինչքան բարձր ու հեռու է գնում մեզնից ամեն մեկը, այնքան ակնհայտ է տեսնում, որ կատարելությանը հասնելու սահման չկա։ Սակայն բանն այն չէ, թե ինչ բարձրության դու կհասնես այսօր, այլ այն, որ շարժվես առաջ Կյանքի հավիտենական շարժման հետ։ Իսկ մտնել այդ շարժման մեջ կարելի է միայն սիրով։ Եթե այսօր դու չես զարդարել որևէ մեկի օրը քո բարությամբ, օրդ կորած է։ Դու չես ներգրավվել հավերժ շարժման մեջ, որի մեջ ապրել է այսօր ամբողջ Տիեզերքը, դու հեռացել ես մարդկանցից, և ուրեմն չես կարողացել բարձրանալ դեպի որևէ կատարելության աստիճանի։ Այստեղ ուղին մեկն է` սիրո միջոցով դեպի մարդը։ Ոչ ոք չի կարող բաժանվել մարդկությունից ոչ մի բանում` ոչ վատ, ոչ լավ։ Յուրաքանչյուրիս մեջ մարմնավորված է ամբողջ մարդկությունը։ Դա հռետորական դարձվածք չէ, ոչ էլ գեղարվեստական կերպար, այլ իրականություն։
Մարդուն ծառայելը բարության պոռթկում չէ, երբ դու պատրաստ ես ամեն ինչ բաժանելու, իսկ հետո մտածելու, թե որտեղից ճարես գոնե մի քիչ քո տվածից սեփական կարիքների համար։ Դա վարքի մի ամբողջ գիծ է, օրվա ամբողջ աշխատանքը, որը տոգորված է ապրելու ուրախությամբ։ Ապրած օրերի արժեքը չափվում է միակ չափով` որտե՞ղ և ինչքա՞ն ես հյուսել սիրո թելեր, որտե՞ղ և ինչպե՞ս ես կարողացել ամրացնել դրանք և ինչո՞վ ես կապել ամրացնող հանգույցները։ Գնահատիր ապրելու ուրախությունը ոչ թե իմաստության հայեցման համար, ոչ թե իմացության և սիրո զմայլանքների համար, այլ որպես հստակ ընկալում` ամեն ինչ կապված է։ Չի կարելի անջատվել ո՛չ առանձին մարդուց, ո՛չ էլ հանգամանքների ամբողջությունից։
Տուր ոչ թե քարոզ, քանզի քարոզը սեփական օրինակով չամրացված իմացություն է։ Լույսի բանբերը պետք է ուժ գտնի ապրելու այնպես, ինչպես հնչում են իր հաղորդած բառերը, նա պետք է հաստատի գործելու մեջ այն, ինչը հանդգնել է ասել։ Միայն այդ ժամանակ ձեր բառերը կծլարձակեն սերմերի պես, ոչ թե որոմների։
(շարունակելի)
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ