«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ի՜ՆՉ ՀՈՅԱԿԱՊ ԵՆ, Ի՜ՆՉ ՇԼԱՑՈՒՑԻՉ ՆՐԱ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏԵՍԻԼՔՆԵՐԸ

Ի՜ՆՉ ՀՈՅԱԿԱՊ ԵՆ, Ի՜ՆՉ ՇԼԱՑՈՒՑԻՉ ՆՐԱ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏԵՍԻԼՔՆԵՐԸ
25.03.2011 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ

Մարդկանցից հեռու, լեռան ստորոտին է լիճը, որը խորասուզված է խորհրդածությունների մեջ։ Պայծառ հայացքով նա վեր է նայում տիեզերքի անհունի մեջ և ընդունում այն ամենը, ինչը նրան ուղարկում է երկինքը, հնազանդությամբ և պարզությամբ արտացոլելով նրա ընծաները` բարձրագույն իրադարձությունների երկրային հայելին։
Հեշտ չէ նրան հասնելը։ Երկարաձիգ է վերելքը, համբերատար պետք է քայլել, քայլ առ քայլ, անընդհատ վեր ու վեր, հաստատապես հուսալով, որ պետք է տեսնես արտասովոր մի բան։ Ավելի ու ավելի դժվարանում է վերելքը, ավելի ու ավելի խիստ և աղքատ է բնությունը, ավելի ու ավելի զովաշունչ` առույգացնող օդը։ Չորս կողմը քարացած քաոս է։ Ժայռերը պատված են խիտ մամուռով։ Հազիվ լսելի քչփչում են քիչ հանդիպող սոճիները։ Նախնադարյան, սրբազա՜ն լռություն։ ՈՒ միայն երկու երկնագույն թիթեռնիկ, անհոգ տոնելով իրենց երջանկությունը, այս ու այն կողմ են թռչում լուսավոր տարածության մեջ։
Եվ հանկարծ ճանապարհորդը զգում է նրա ներկայությունը։ Նա դեռ չի երևում, բայց հոգին համակում է համոզվածությունը, որ ճանապարհն ավարտված է, և նա հենց հիմա կերևա։ Այդ ավարտված, երկյուղած լռությունը նրա մոտ լինելու ստույգ նշանն է. այդ թեթև, մի քիչ խոնավ, կանչող զովությունը կարող է սկիզբ առնել միայն նրանից, զգացվում է մոտերքն ինչ-որ կենդանի առանցքակետ, որի շուրջը և որի համար գոյություն ունի ամբողջ մերձակայքը։ Եվ ահա նա, վերջապես, իր ամբողջ խաղաղ շքեղության մեջ։
Պարզ և խիստ են նրա ափերը. նրան պետք չէ շրջապատ, նա չի փնտրում զարդարանք։ Նա պառկած է հայտնապես, որպեսզի տեսնի ամեն ինչ և պատասխան տա ամեն ինչին։ Անշարժ է նրա վճիտ ջուրը, անվրդով է նրա հարթությունը։ Քնքշորեն փայլում է նրա խորությունը աննշմարելի, անհամար երկնագույն կամ կանաչ երանգներով և նա ամբողջովին թափանցիկ է մինչև հատակը։ Այնտեղ, խորքում, երևում են ինչ-որ մի ժամանակ ընկած ժայռեր` այնքան խոր, որ աչքը չի հավատում հեռավորությանը. երևում են ծառերի հարյուրամյա բները` սարերի ջրասույզ ընծաները. բարեգթորեն ընդունված և պահպանված հարստությունների մի ամբողջ աշխարհ, երանելի գոյության աշխարհ։ Ամեն ինչ հանգչում է այնպես, ինչպես ջինջ երազում` հավիտյան, պահպանված, անապական հիշողություն, ինչպես ճգնավորի լռակյաց աղոթքները։ Եվ կամաց-կամաց հոգին ըմբռնում է, թե ինչու է այդքան լուռ, և ինչու չի լսվում ոչ մի ձայն, ինչու չեն ծլվլում նույնիսկ թռչունները, և ինչու են նոր եկած ճամփորդները սկսում միմյանց հետ խոսել շշուկով։ Բնությունը կարողանում է ծածուկ պահել իր գաղտնիքները և պահպանել սրբազան լռությունը։ Եվ նույնը պահանջում է մարդկանցից։ ՈՒ որտեղ հանգչում է Աստվածայինը, այնտեղ լսվում է դարերի լռակյաց ընթացքը։
Ճամփորդն ակնածանքով պտտվում է լճի շուրջը և հանկարծ զմայլված կանգ է առնում։ Այն ամենը, ինչը երևում էր նրա խորքում, անհետացել է։ Նրա մեջ հայտնվել է մի նոր և վսեմ տեսարան, մի ամբողջ լեռնաշղթա, ժայռերով, ձյունով և սառույցով, ամպերի ցրված ծվեններով, և այդ ամենն արևի շողերի մեջ, ամբողջը լույս արձակող, զարմանալիորեն շուռ եկած, ասես կախված լինի լճի հարթության մեջ... Մի՞թե ուրվական չէ... Սակայն այդ ուրվականը չի չքանում, նա տևում է, ապրում է ու ճառագում լույս և ուրախություն։ Գուցե դա պարզապես շողերի և ջրի խա՞ղն է։ Գուցե... Սակայն այդ խաղից սիրտը թպրտում է ուրախությունից` նա հավատում է ու չի հավատում սեփական պայծառատեսությանը. նա լսում է Աստծո փառաբանությունը, նա զգում է տիեզերքի բանական լինելը և գեղեցկությունը և հուզումնալից սպասում է լույսի և խորության հետագա տեսիլքներին։ Ցնցված ու երջանիկ` կանգնած է ճամփորդն ափին, տեսնում է ու չի հավատում, ուզում է նորից համոզվել ու հավիտյան հիշել տեսածը։ Իսկ երբ հեռանում է ցերեկային լույսը, և դանդաղ տարածվում է մթնշաղը, երբ հայտնվում են առաջին աստղերը և կիսալուսինը, ինչ ուրախություն է բոլոր այդ տեսարանները լճի մնացած խորքում փնտրել ու գտնել։ Այժմ այդ խորությունն արդեն թափանցիկ չէ. նա ամփոփվել է իր մեջ։ Խորհրդավոր և մռայլ լռել է նրա սևացած ջուրը, և այդ սև հարթության մեջ հմայում է լուսնի լույսը։ Եվ ճամփորդը չի հիշում, թե ինչպես է հասնում օթևան և որտեղ է քնում մինչև առավոտ։ Իսկ առավոտյան ամեն ինչ արթնանում է և ուրախանում Աստծո արշալույսով։
Ի՜նչ հրաշալի են վճիտ լճի այդ առաջին, խորքային հարստությունները, նրա սեփական հավիտենական մտորումները։ Ինչքան պարզ և արժանապատիվ, ինչպիսի հստակությամբ և անկեղծությամբ է ցույց տալիս նա սեփական էության խորքը, հաղորդակից դարձնելով ամեն մարդու իր գաղտնիքներին։ Օ՛հ, սրտի մաքրություն։ Օ՛հ, ջինջ, առատընծա իմաստություն։
Սակայն ի՜նչ հոյակապ են, ի՜նչ շլացուցիչ նրա արտացոլված տեսիլքները։ Ինչ ճշտորեն է ընկալում նրա հարթությունն այդ պարգևները, ինչպիսի հոժարակամությամբ և ուրախությամբ է վերադարձնում դրանք յուրաքանչյուր դիտողին։ Նա ուրախանում է ամեն ինչով, որը բխում է Լույսի Հորից. և՛ երկնագույն երկնքով, և՛ հազիվ նշմարվող աստղերով, և՛ անուրջներով տարված երեկոյան ամպիկով, և՛ յուրաքանչյուր ծառով, և՛ ամեն մի ժայռով, որոնց երջանկություն է տրված իրենց տեսնելու լճի հայելու մեջ։ Եվ նա հաղորդում է այդ ուրախությունն ամեն մի նոր հյուրի, ամեն մի հոգնած նժդեհի, ով կմոտենա և երկյուղածությամբ կնայի նրա խորքը։ Ոչ ոք չի հեռանա առանց պատասխանի, բոլորը կտանեն իրենց հետ մխիթարություն, լույս և կենսական ուրախություն։ Օ՛հ, ոգու հեզություն։ Օ՛հ, անդորրի հայեցողականություն։ Օ՛հ, ծառայության ուրախություն։
Այդպես նա ննջում է իր պարզ և խիստ շրջապատում, աշխարհի այդ աչքը, որն ընկալում է և պահպանում Աստծո ընծաները, այն արդարակյացի պես, ով փնտրում է միայն երկնային տեսիլքներ և հանուն դրանց սրբությամբ պահպանում սեփական սրտի մաքրությունն ու պարզությունը։ Երկու աշխարհներ են հանդիպում նրա մեջ` նվիրական խոհերի ներքին աշխարհը և Աստծուց եկող տեսիլքների արտաքին աշխարհը։ Եվ այդ երկուսը միահյուսվում են իմաստության անբաժանելի, լուսավոր և առատաբեր հարստության մեջ։
Պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ