«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Լա՞վ ծրագրեր են, թե՞...

Լա՞վ ծրագրեր են, թե՞...
04.08.2009 | 00:00

ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ԿԳՏՆՎԵ՞Ն
Անցած շաբաթ օրը տնտեսական դաշտում, կարելի է ասել, կարևոր իրադարձություն տեղի ունեցավ` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի 11-րդ նիստում հաստատվեցին և հավանության արժանացան ծրագրեր, որոնք, ըստ էության, կառավարության 2008-ին հաստատված ծրագրի ու դրույթների տրամաբանական շարունակությունն են կազմում։ Մասնավորապես, նոր խոշոր ներդրումային ծրագրեր հաստատվեցին զբոսաշրջության, կրթության, առողջապահության և հեռահաղորդակցման ոլորտներում։
Քանի որ ծրագրերը խոշոր են և մեծ փողեր են պահանջում, մենք փորձեցինք ճշտել, թե ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի պայմաններում հիմնադրամի ղեկավարությունն ինչո՞վ է գայթակղելու ներդրողներին, որպեսզի վերջիններս շահագրգռված լինեն նշված ծրագրերում ներդրումներ իրականացնելու։ «Ճգնաժամը չի խանգարի ծրագրերի իրականացմանը։ Ավելին, ճիշտ ժամանակն է ինչ-որ բան փոխելու։ Իհարկե, միակ խնդիրը փողն է, որը միշտ էլ քիչ է լինում։ Եթե այսօր ուսումնասիրենք պոտենցիալ ներդրողների հնարավորությունները, ապա դրանք փոքր չեն և լուրջ ծրագրերում ներդրումներ կատարելու նրանց ցանկությունը ևս մեծ է։ Վերջիններս չեն ցանկանում իրենց փողերը պահել բանկերում, ինչը շատ տրամաբանական է։ Սրանից ելնելով` շատերը փնտրում են, թե որտեղ ներդրում կատարեն։ Սա ներդրողների համար այսօր հեշտ հարցերից չէ։ Այս ամենը նկատի ունենալով, պետք է ընդգծեմ, որ լավ հնարավորություն է ստեղծված Հայաստանի համար, ու եթե ծրագրերը ճիշտ ներկայացվեն, ապա դրանք կարող են հետաքրքիր լինել ներդրողների համար»,- ի պատասխան մեր հարցի ասաց «Մաքենզի» խորհրդատվական ընկերության մյունխենյան գրասենյակի տնօրեն, հիմնադրամի զբոսաշրջության ծրագրերի հեղինակ Անրի Անտոնյանը։
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանն էլ ասաց. «Այսօր այնպես չէ, թե ներդրողներ չկան` կան։ Եվ մենք փորձում ենք այն ֆինանսական աղբյուրները, որոնք, կարծես թե, չպետք է հասանելի լինեին, բերել Հայաստան` նշված ծրագրերի իրականացման համար։ Վերջապես ներդրողների համար էլ շատ կարևոր երաշխիք է, որ իրենք ծրագրերը ոչ թե մենակ, այլ կառավարության հետ համատեղ իրականացնեն»։ Այլ կերպ ասած, ծրագրի պատասխանատուները միանշանակ հուսով են, որ ներկայացված ծրագրերը իրատեսական են, ներդրումների առումով գրավիչ և կատալիզատորի դեր են կատարելու նշված բնագավառներում բարեփոխումներ իրականացնելիս։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ (որը կայացավ նիստի ընդմիջման ժամին) բանախոս Անրի Անտոնյանը մանրամասնեց, որ զբոսաշրջության ոլորտում որոշվել է Սևանում զարգացնել սպորտային տուրիզմը։ Ծրագրի հեղինակն ընդգծեց. «Քանի որ Սևանը գտնվում է ծովի մակարդակից 1700-2000 մ բարձրության վրա, այն հրաշալի է սպորտով զբաղվելու համար։ Աշխարհում շատ մարզիկներ մեկնում են Քենիա, Բրազիլիա և այլուր, իսկ Սևանը, շատ ավելի մոտ լինելով բնակլիմայական պայմաններով, կարող է ապահովել նույն պահանջները, բայց, ցավոք, շատերը չգիտեն այդ մասին»։ Ինչ խոսք, լավ գաղափար է, սակայն արդյո՞ք եղած ենթակառուցվածքները համապատասխանում են զբոսաշրջության ոլորտը զարգացնելու և միջազգային շուկայում հրապուրիչ լինելուն։ Այս հարցը, բնականաբար, չէր կարող անտեսվել լրագրողների կողմից։ Ինչին ի պատասխան, նշված խնդիրը չբացառելով, բանախոսն ասաց. «Նպատակին հասնելու համար շատ անելիքներ կան։ Կարևորը, որ դաշտն ուսումնասիրվել է, այժմ բանակցություններ են տարվում ներդրումների ուղղությամբ և, բնականաբար, ենթակառուցվածքների խնդիրը պետք է լուծվի»։ Գուցե և ենթակառուցվածքների խնդիրն ապագայում լուծվի, սակայն արդյո՞ք մատուցվող ծառայությունների որակը և դրանց դիմաց սահմանված գները համապատասխանում են իրար` հետաքրքրվեցինք ծրագրի հեղինակից: «Միջազգային գների համեմատ հայաստանյան գները բավականին ցածր են, սակայն մատուցվող ծառայությունների դիմաց` բավականին բարձր»։ Թե ինչպես կկարգավորվի այս խնդիրը, կոնկրետ պատասխան չտրվեց, բայց կարևորվեց Տաթևի վանքի վերակառուցումը և ընդհանուր առմամբ Սյունիքի մարզի ենթակառուցվածքների զարգացումը տուրիզմի գործընթացներում։ Մենք ճշտեցինք, որ Տաթևի վանքի հարակից տարածքում աշնանը կսկսվեն ճոպանուղու կառուցման աշխատանքները, որի համար նախատեսված է ներդնել 8 մլն 900000 եվրո։
Առողջապահության ոլորտում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը որոշել է կենտրոնանալ օնկոլոգիայի և կարդիոլոգիայի ենթաոլորտներում։ Եթե այս երկու բնագավառներում ուսումնասիրությունները նոր պետք է սկսվեն ու ծրագրեր մշակվեն, ապա ճառագայթաբանությանը և միջուկային բժշկությանն ուղղված ծրագիրը սկսված է։ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը տեղեկացրեց, որ ֆիզիկայի ինստիտուտում կտեղադրվի Բելգիայի արտադրության «Ցիկլոտրոն» բարձր տեխնոլոգիական սարքավորում, ինչը կիրականացնեն ֆրանսիացի բժիշկները։ Նրանք պետք է ներդրում կատարեն, հանդիսանալու են «Ցիկլոտրոնի» առաջին գնորդը։ Մասնագետների գնահատմամբ` կարդիոլոգիայի և օնկոլոգիայի ոլորտում ախտորոշման գործում այս ծրագիրը կարևորներից մեկն է։ Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Հայաստանում կայացավ ճառագայթաբանության և միջուկային բժշկության միջազգային համաժողով, որտեղ Հայաստանի ճառագայթաբանության և միջուկային բժշկության ասոցիացիան եվրոպական ընտանիքին անդամակցելու հայտ ներկայացրեց։ Ինչ վերաբերում է կրթության ոլորտում սպասվելիք ծրագրերին, ապա «այն ապահովելու է բարձրագույն կրթության, գիտության և տեխնոլոգիաների կապը։ Ծրագիրը կիրականացվի մասնավորի և պետության համագործակցությամբ։ Ծրագրի արժեքի մասին ճիշտ կլինի խոսել մի քանի շաբաթ հետո»,- մեզ հետ զրույցում ասաց Բեկոր Փափազյանը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2691

Մեկնաբանություններ