«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԲԱՐԳԱՎԱՃ ՃԱԿՆԴԵՂ (Խո՜ր շնչում ենք: Արտաշնչելը` ըստ անհրաժեշտության)

ԲԱՐԳԱՎԱՃ ՃԱԿՆԴԵՂ (Խո՜ր շնչում ենք: Արտաշնչելը` ըստ անհրաժեշտության)
10.02.2012 | 00:00

«Թե մոլագար, թե շիզո
Իշխում են հիմա,
Տեր, քո հոտը դարձել զոհ,
Գնում է ի մահ»:

«Էպիգրամ-1», 1997 թ., Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՈՃԱՆԱԿՆԵՐ
(կարմրախայտում)

Անկախության մեծագույն բարիքը, դե ոնց թաքցնես, քաղաքական կախյալությունն է: ՈՒ որքան մեծ է քաղճոճանակի ճոճքը, այնքան հաստատ է քաղվոժդի գոգում տեղակայվելու «շանսը»:
Լյառն Մասիսը երկնեց հանաքով և մականուններ արտավիժեց: Անկախության արշալույսն էր, լյառն էլ քիչ խմուկ էր: Քաղվոժդի ընտրությունը հարսնացու ընտրել չէ: ՈՒշիմ եղեք, սխալը հղի է ապօրինածին ալիմենտներով: Արտախորհրդարանական ընդդիմադիրն այսօր քաղաքական գործազուրկ է, սոցիալական բողոքավոր, բողոքական մտագար:
Կուսանդամություն: Որպիսի՜ վսեմ մակագրություն կենսագրությանդ խորագրում: Եվ որպիսի՜ խորքային-անհատնում մարդաթողություն:
Եվ այդ ինչո՞ւ կուսանդամության առաջին անդամակցությունը չի նշանավորվում կարմիր խնձորով:

ԴՈԴՈՇԱՊԱՅԹՈՒՄ
Կարմիր-գոլդ խնձորով նշանավորում ենք առաջին անգամ որևէ կուսակցության անդամագրված քաղաքացու նորամուտը:
Թե սույն քաղաքացին կարմիր-գոլդը հանձնում է «ԼԼ» ծովախորշերին և անդամակցում 2-րդ քաղմարմնին, ապա քաղմարմինը նրա կուսակցությունը պարտավոր է վավերացնել կանաչ պոմիդորով:
Եթե 3-րդ կուսակցափոխությունն է հաջողությամբ ավարտվում, քաղաքացին (նաև քաղաքացուհին) իր անդամակցությունն ապահովում է եղինջի և եզան լեզվի մուրաբայով:
Հ. Գ. -Հաշվի առնելով այն նշանակալից հանգամանքը, որ երեք անգամ դավանափոխ լինելն արդեն անհատական անբուժելի սովորություն է և նորմավորված քաղավանդույթ, կուսակցական առնետավազքը հավաստագրելու համար վերադառնալ ելման կետ, այսինքն` արհեստավարժ-դավանափոխի գլխին դնել կարմիր խնձորը, բերանը խոթել կանաչ պոմիդորը, և այսպես շարունակ:
Լյառը խմուկ էր և արտաթորեց բազմակուսակցությունը:

ԽՈՐԱՄԱՆԿ ՀՈՐԹԻ ՑԼԱՐՇԱՎԸ
(կոչեմ տխմարաց, բեկանեմ մանդատ)

«Բարգավաճը» բարեհաճ է:
Ծառուկյանի ծառատունկը մեր գալիքն է հոգնատանջ: Եղեք պատրաստ: Հիշեք ընդմիշտ: Քաղաքական արդի հոգնաները նովոկաին են գալիք «կլիզմաներն» ըմբոշխնելիս:
ՀԱԿ-ը հավերժ հակընդդեմ է, անվրեպ-գիտակ:
«Օրինացը»` քնահարամ հավերժահարս, ազնիվ-շիտակ:
Դե, Հո-Հի-Դա-ն Հայաստանն է` Էրիվանից Դարաչիչակ: Դե, ՀՀԿ-ինն էլ վարուցանքի դաշտն է ու արտը: Դե հետո էլ համահանրապետական, հակահանրային, համամարդկային և ներքաղաքական ցավին-դավին «դոշ տալու» ավանդական առաքելությունը, առաքինի առերեսումը:
Չէ, դուք ոնց կուզեք, բայց «Բարգավաճը» քեֆս բերում է, քունս հարամում: Ազգային-ավանդական արժեհամակարգին ինչպիսի՜ հավատարմություն: (Կարապետ-Հայրապետի պատմությունը քաղմարմնի հավատո հանգանակն է): ՈՒ մինչ «Հանրապետականը» «դոշ է տալիս» ու դիմակայում դավին-ցավին, և մինչ «Օրինացը» հեզի՜կ-նազի՜կ հով է անում ՀՀԿ-ին, «Բարգավաճը» սերուցքն է քաշում, սերմանում բարեգործական փուչիկի, բարեսիրական մաստակի, բարեշնորհ շապիկ-վարտիքի տեսլականը: ՈՒշագրա՜վ է, զարմանահրա՜շ, հրաշապատո՜ւմ:
Կոալիցիոն դաշնագիրը ներդաշն է դաշնակցային պարտավորությունները մեղմանուշ նենգադուլի ենթարկելու հանդեպ:
Ինչպես, օրինակ, խորհրդային կոլխոզում էր: Ռանչպարները, զորօրինակ, թութուն էին շահում, պահում ու քշում չորանոց: Կշեռքավարը կշռում էր, պահեստապետը` պահեստավորում, բրիգադիրն ու նախագահը, հասկանալի է, երանավետ հուզվում:
Իսկ ահա գյուղի կուսակտիվը, թևքերը քշտած, ծամոն էր ծամում ու դառնում աշխատավորի աչքի լույսը, զի բերքը հասունանում ու բարիքը տուն էր հասնում հենց նրանց աչալուրջ հայացքի, քրտնաջան տքնանքի, մեղմանուշ հայհոյանքի ներքո: Բայց թե բան է ու թե բերքը չորանար, նախագահն ու բրիգադիրը պիտի պատասխան տային, թքվեին-մրվեին սապոգից կոստյում:
Հիմա «Բարգավաճինն» է. տեղը` տաք, փորը` կուշտ, գազը մարմանդ հոսում է, հազարը միլիոն է դառնում, միլիոնը` միլիարդ (անշուշտ` դրամով), և օրը մթնում է, ժամն է իրիկնահացի, ու մի երկու աքացի դաշնագրին: Հենց էնպես, ձեռքի հետ: Զի պետք եղածը լիուբոլ տրվել է ու պռնկեպռունկ լիացրել: ՈՒ թե օրական մի միլիոնից երկու հարյուրը նետես շեմից դուրս բարեշինական շինիչ շորշոփներով, բարի է, գեղեցիկ և խելացի:
Նաև` խիստ հեռանկարային։
Քիչ զվարճանանք և թողնենք հոռետես հանգերն ու մելամաղձոտ զանգերը: Առջևում քաղպարապմունքն է: ՈՒշիմ և հուշիկ հագեք հողաթափերը (էս բառը մոգոնողի…):

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄ
(անվճար դասընթաց)

Ծրագրերը` քաղկուսակցական: Եվ զարկում են թմբուկները, բառաչում-շաչում են կուսխոստումները, մայում-մրմնջում են ծրագրերի ծաղրածիծաղ դրույթները:
«Մեզի ընտրեք, միմիայն մեզի: ՈՒ ձեզի կառաջնորդենք դեպի ազգային-պետական ինքնիշխանություն, պետական-հանրային բարեկեցություն, իշխանաբոմժային համակեցություն…»։ Սակայն ո՞նց: Ոչ մի կերպ: Եվ սրանում նախ համոզված են քաղկուսակցական դրույթներ մշակողները:
Էնպես որ, էսպես որ գնա, ձեր ծրագրերի ազդեցությունը զանգվածների քաղգիտակցության վրա համազոր կլինի.
ա) մասնավոր ՀԷԿ-երի ազդեցությանը հոսանքի գնի վրա:
բ) Շաքարի «ափաշքարա» գործարանի վիրտուալ շաքարին մեր թեյի բաժակներում:
գ) Կառավարության հակաճգնաժամային փորկապին ու նախարարաց գործուղումների փոխառնչությանը:
Այո՜… (Շարքերում անհանգիստ խլրտոց է):
Դաս 1- Քաղկուսակցական ծրագրի առաջին դրույթը հետևյալ հուզիչ-համոզիչ տեսքը պիտի ունենա. «ՈՒ քանզի որևէ պատմական վկայագիր ի հայտ չի եկել, որ հաստատի, թե Ալեքսանյան տոհմի պապենական մենաշնորհն էին շաքար-նաբաթի և բազուկի սպիրտի (նաև կարագի ու ձեթի) ներկրումն ու պարտակումը, և թե Ծառուկյանները գազի աղբյուրները չեն հայտնագործել, խողովակները չեն ուրվագծել…
Նրանց զրկում ենք մենաշնորհներից:
Այսուհետև գազը, կարագը, շաքարավազը, սպիրտն ու կաթի փոշին հայտարարվում են պետական մենաշնորհ և դրվում ՀՀ կառավարական տան ենթակայության տակ:
«ԼԼ» վերլուծաբան-տեսաբանների միահամուռ համոզմամբ` Ծառուկյանը մեկ ակնթարթում կկորցնի իր քաղաքական հետաքրքրությունների` 100, մարզական հավակնությունների 95 տոկոսը:
Եվ կզբաղվի բարեխիղճ գործարարությամբ:
Հասկանալի է, «Բարգավաճը» յոթ րոպե անց կինքնալուծարվի: Կուսակցական գույքը կհանձնվի ՀՀ բնության թանգարանին, իսկ կուսակցության երեք ինտելեկտուալները (Սամվելը, Վարդանն ու Արամը) սեփական դիմումի համաձայն կանդամակցեն. Արամը` ՀՀԿ-ին, Վարդանը ՀԺԿ-ին, Սամվելը (հիշեք ճակատի գիրը)` ՕԵԿ-ին։ Կամ ճիշտ հակառակը:
Զուգահեռաբար Ալեքսանյանը քավարանից դուրս կելնի: ՈՒ կվերադառնա ելման կետ, այսինքն` իր հրաձգարանը Մալաթիայի շուկայի հարևանությամբ: Անշուշտ, սույն հրաձգարան-տիրը կհռչակվի 3-րդ հանրապետության տնտեսական ցնծագին ցնցակաթվածի գլխավոր խորհրդանիշը:
Բնականաբար, մամուլը կդադարի տիար Ալեքսանյանի միսը ծամելուց ու հոգին բերանը բերելուց, ստիպելով նրան թերթերին հետևել:
Դաս 2- Քաղկուսակցության ծրագրի երկրորդ դրույթը տնտեսական ռմբահարությամբ:
Նախ` հանրապետությունով մեկ տեղակայվելիք արտաքնոցները (իմա` զուգարանները) արտադրել ՀՀ-ում: Ֆինանսավորումը` «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամից:
Յուրաքանչյուր միավոր արտաքնոցի միավոր այցելության գինը սահմանել 80 դրամ, որ համազոր է պոնչիկի գնին: Օտարերկրյա քաղաքացիների համար` գինն արտարժույթով, մեկ այցելությունը` 5 դոլար: Զեղչերը բացառված են:
Հարկեր սահմանել տեղական մարմնավաճառների վրա: Սրանք պարտավոր են պետտուրք մուծել յուրաքանչյուր այցելության 25%-ի չափով:
Զեղչեր սահմանել միայն հարկային մարմինների վերահսկիչների համար:
Այնուհետև ուշի ուշով տեղազննել և տնտեսական նոր համալրումներ գտնել: Օրինակ, կանոնակարգել (օրինականացնել) ՀՀ քաղաքական գլխավոր ուզվոր «ՀՀՇ-ի Գևորիկի» գործունեությունը: Ամենամոտավոր հաշվարկներով` կոալիցիայի դռները վերահսկող սույն սուբյեկտը յուրաքանչյուր պարեկային-ուզվորական ծառայական օրվա վերջում վաստակում է 100-150 եվրո:
Եվ այսպես անվերջ: Եվ ապահովված է ձեր հաղթանակը:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. -Ժամանակավոր տուրքեր սահմանել ընտրակաշառքի վրա. յուրաքանչյուր հազար դրամից դրա տասանորդը, յուրաքանչյուր կիլոգրամ քուսպից և պարարտանյութից` մեկական հարյուր դրամը, նախընտրական խոստումի ընդհանուր ծավալից` մեկ լիտրը:
Միաժամանակ Սպիտակ քաղաքի մոտակայքում, հանրապետական նշանակության մայրուղու եզրին տեղակայել «Շաքարի անհայտ ճակնդեղի» հուշակոթողը:
Երբ նյութը խմբագրություն էի հասցնում, «Բարգավաճը» միահամուռ լքեց օվալաձևը։ Սույնի վերաբերյալ «ԼԼ»-ում տեսակետ է ձևավորվել. սա կարող է դառնալ սովորույթ, ձևավորել ավանդույթ և այսուհետ քաղվոժդ-օլիգոպոլիկի շուրջն ի մի եկած քաղկառույցները բոյկոտեն դահլիճներն ու ամբիոնները, քաղաքականությունն ու, առհասարակ, հանրապետությունը։

Դիտվել է՝ 1307

Մեկնաբանություններ