Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Վերջակետից հետո է սկսվում բուն միտքը

Վերջակետից հետո է  սկսվում բուն միտքը
15.05.2012 | 00:00

Հետընտրական դադար: Այլ կերպ չես անվանի այս ժամանակամիջոցը, երբ քաղաքական ուժերը փորձում են ամփոփել իրենց ձեռքբերումներն ու կորուստները, առավելագույնը` ստեղծել շահեկան հաշվեկշիռ, իսկ նվազագույնը` դեմքը պահպանել: Այս ընթացքում համարյա ինքնին, առանց ճիգ ու ջանքի ի հայտ է գալիս առանցքային խնդիրը` որքա՞ն են այդ գործընթացներն առնչվում իրենց նեղկուսակցական ու նեղանձնական շահերին, որքա՞ն են առնչվում ժողովրդին, ում անունից պաշտպանվում ու բարձրաձայնվում են այդ շահերը: Այս հարցը ստվերված է ու անտեսված ի սկզբանե, մինչդեռ պիտի լիներ հիմնականը: Այդ իրողության հետևանքն է այլևս աներկբա փաստը, որ ժողովրդի համար ընտրությունը կորցրել է իր բուն բովանդակությունը և ունի ընդամենը ինչ-որ շահ ստանալու նշանակություն: Որովհետև այդ հայացքով են ընտրությանը նայում բոլորը, որովհետև այդ արդյունքն են ընտրությունից ակնկալում բոլորը, որովհետև այդպես է ձեռնտու բոլորին:

Այստեղ կարելի էր վերջակետել: Նվազագույնը` թեման: Առավելագույնը` քննարկումը: Ընդհանրապես` եզրակացությունը: Եվ սպասել: Հայտնի չէ` ինչին, ինչքան, ինչպես: Համենայն դեպս, այլ ելք չլինելու պատճառով:

Իսկ ելքեր կան:

ՈՒ քանի դեռ ընտրություններում հաղթած ուժերը ձգում են հետընտրական դադարը, հասկանանք` ինչ են անում չհաղթած ուժերը:

ՈՒ նորից կարելի էր վերջակետել: Որովհետև այս ընտրությունների առանձնահատկությունն է երևի, որ բոլորն իրենց համարում են հաղթած, համենայն դեպս, ներկայանում են այդպես ու տեղնուտեղն էլ ճշտում են, որ իրենց հաղթանակն ամբողջական չէ, որովհետև իրական գետնի վրա իրենք ավելին ունեն ու կունենային, եթե չլինեին ընտրախախտումները: Տարատեսակ: Այս պարագայում` եռատեսակ. նախ` գոյություն չունեցող ընտրողներ, որոնք հայտնվում են այս ու այն ընտրատեղամասում մի քանի հարյուր հազարով, ապա` գոյություն ունեցող կնիքներ, որոնք մի քանի րոպեում դադարում են գոյություն ունենալուց, երրորդ` «նախ»-ի ու «ապա»-ի համադրումը` անհետացող կնիքներով անձնագրերով գոյություն չունեցող ընտրողներն առավոտից մինչև կեսօր արդեն ավարտեցին ընտրությունները: Մեղադրանքները և ապացույցներն ապրիորի են, որովհետև այս ամենի շարժիչն ընտրակաշառքն է, որը տալու ու վերցնելու փաստերը ևս ապրիորի են: Այսինքն` ևս մի վերջակետ: Համարյա` անբեկանելի: Որովհետև մարդկանց ոչինչ այնպես ամուր չի շաղկապում, ինչքան մեղքի զգացումը: Բայց նաև հասկանանք, որ վերջակետից հետո է սկսվում բուն միտքը: Պարզապես` հաջորդն է դառնում:

Իբրև այս բոլոր վերջակետերի ամրագրում ունենք Ազատության ԹԱՓՈՒՐ հրապարակ, և այս է հիմնական եզրակացությունը, որ նաև ելակետ է:

Ընտրություններից հետո հինգերորդ օրը քաղաքական երեք ուժերի` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի միասնական շտաբը հիշեց ինքն իր գոյությունը և համատեղ հայտարարություն արեց, որ մայիսի 6-ի ԱԺ ընտրություններն անցան համատարած խախտումներով. «ԿԸՀ-ն, խախտելով օրենքի պահանջները, չի ապահովել բազմակի քվեարկության բացառմանն ուղղված ամենակարևոր գործիքի` անձնագրերի դրոշմակնքման պատշաճ կիրառումը: Խիստ անարժանահավատ են նաև ընտրությունների ընթացքում օգտագործված ընտրացուցակը և ընտրություններին մասնակցած ընտրողների պաշտոնապես հրապարակված թիվը»: ՈՒստի ընտրված խորհրդարանը «չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը»: ՈՒղերձահայտարարախառն մայիսի 8-ից հետո մայիսի 11-ին արված այս հայտարարությունն ընդդիմադիր ճամբարից հնչած միակ գնահատականն է, որ, այնուհանդերձ, ոչինչ չի ասում հետագա քայլերի մասին:

Մայիսի 13-ին ԿԸՀ-ն հրապարակեց ԱԺ ընտրությունների արդյունքները: Այլևս վերջնական ու պաշտոնական: 2501597 ընտրողներից ընտրել են 1573053-ը: Անվավեր քվեաթերթիկները` 53831: Անճշտությունները` 3355: Համամասնական ընտրակարգով ԲՀԿ-ն ստացել է 454673 ձայն (30,12 %), «Ժառանգությունը»` 86996 ձայն (5,76 %), ՀԱԿ-ը` 106903 ձայն (7,8 %), ՀՅԴ-ն` 85550 ձայն (5,67 %), ՀԴԿ-ն` 5577 ձայն (0,37 %), ՀԿԿ-ն` 15895 ձայն` (1,5 %), ՀՀԿ-ն` 664640 ձայն (44,02 %), «ՄՀ»-ն` 2946 ձայն (0,2 %), ՕԵԿ-ը` 83123 ձայն (5,51 %): Մեծամասնական 41 ձայներից 28-ը ՀՀԿ-ինն է, 9-ը` ԲՀԿ-ինը, 1-ը` ՕԵԿ-ինը, 1-ը` ՀՅԴ-ինը, 2-ը` անկուսակցականներինը: Այսինքն` վերջակետ: Հինգերորդ գումարման Ազգային ժողովը հինգ տարի այս շրջանակներում է պտտվելու:

Եթե փորձենք գծել նաև իշխանություն-ընդդիմություն սահմանը, ստիպված ենք լինելու ամեն քաղաքական ուժի մոտ մի հարցական դնել: Բացի ՀՀԿ-ից: Իշխանական թևում ՀՀԿ-ին ակամայից միանալու է ՕԵԿ-ը: ՈՒ` համարյա վերջ:

Ընդդիմության շարքերը շատ են «խիտ»` ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն»:

Իշխանություն-ընդդիմություն գծի վրա` ԲՀԿ:

ՀՅԴ-ն հիմնավորապես հասկացավ, որ ինքն այնքան էլ «Մեր ընկերը» չէ, ու ինքն իրեն հանգստացրեց` համոզելով, որ մենք փողով ենք ընկերություն անում, իսկ ինքը չի կարող իր ժողովրդին դատի տալ: Եվ վեհանձնորեն տեղավորվեց իր վերցրած դադարի մեջ` նրանք կշարունակեն զգոն ուշադրությամբ հետևել իշխանության աջ ու ահյակին` կլինեն պատմական, կառուցողական, անմիջական: Իրենց կհամարեն ընդդիմադիր, բայց ազգային շահի պահանջով հաճախ կջնջեն իշխանություն-ընդդիմություն ջրբաժանը, ինչը և ճկուն քաղաքականություն է վկայում:

«Ժառանգությունը» եկավ, բայց ոչ իր ցանկացածի պես, իր գալը չէր: ՈՒ հիմա խնդիր ունի ինքն իր առաջ` ևս հինգ տարի մնալ հայոց քաղաքական դաշտի իրավապաշտպա՞նը, թե՞ քայլ անել դեպի հրապարակ, մանավանդ որ 2013-ի նախագահական ընտրություններն արդեն փետրվարին են: «Ազատ դեմոկրատները» հատկապես հակված պիտի լինի այդ քայլին, որովհետև նրան, թերևս, ամենաքիչը պետք են մանդատները, ամենաշատը` գաղափարները, որ բաժանեցին ՀԱԿ-ից, որոնց կենսագործումը բացահայտորեն չի անցնում խորհրդարանի միջով: Բայց ի՞նչ կտա հրապարակը «Ժառանգությանը»: Թեպետ ՀԱԿ-ը կամաց-կամաց հրաժեշտ է տալիս Ազատության հրապարակին, «Ժառանգությունը» բացահայտորեն այնտեղ տեր չի լինելու, որքան էլ հարցապնդի` «Տե՞ր ես», ու խրոխտանա` «Տեր եմ»: Որոշակիորեն ծրագրերի վերաձևակերպում է պետք «Ժառանգությանը» հրապարակում մնալու համար, ինչը նա չի անի ու կվերադառնա Ազգային ժողով` իբրև ԵԺԿ-ի «սուրբ երրորդության» մի մաս:

ՀԱԿ-ը, իհարկե, հակված է ընդդիմության առանցք դառնալու խորհրդարանում և ունի բոլոր հնարավորությունները այն սահմաններում, որում նրան «տեղավորել է» ԿԸՀ-ն: Այս առումով խորհրդարանում ՀԱԿ-ը պրոբլեմներ չունի. միշտ էլ կգտնվեն կանոնակարգային-օրակարգային հարցեր, որոնց շուրջ կարելի է աղմկել: Խմբակցության 20 րոպեն վերցնել: Իհարկե, կլինեն և սկզբունքային-գաղափարական ելույթներ, բայց քվեարկության արդյունքը անփոփոխ նույնն է լինելու: ՀԱԿ-ի խնդիրները, այնուամենայնիվ, իր ներսում են: «Հանրապետություն» կուսակցությունը ձգում է առագաստները ՀԱԿ-ից առանձին նավարկելու: Եվ գուցե վերջին հեռացողը չլինի կոնգրեսից: Որքան էլ արտառոց` ՀԱԿ-ը պատմականորեն ու գուցե անխուսափելիորեն կրկնեց ՀՀՇ-ի նույն սխալը` շարժումից կուսակցություն դառնալով` «մոռացավ» իր ժողովրդին: Իբրև կուսակցություն ՀՀՇ-ն շատ արագ կաստայացավ, ՀԱԿ-ը նույնքան արագ անցավ այդ ճանապարհը և իբրև հետևանք` նույնչափ կաստայանում է ու նույնչափ հեռանում ժողովրդից` հեռվից լուծելու ժողովրդի խնդիրները: Չի բացառվում, որ Ազատության դեռ թափուր հրապարակում հայտնվի հենց «Հանրապետությունը»` դառնալով այն առանցքը, ինչն այդքան պակասում է ընդդիմադիր դաշտին` իսկապես ու իրապես ընդդիմություն լինելու և մնալու համար` անկախ հանգամանքներից ու հարաբերությունների համադրումից:

ԲՀԿ-ն կմիանա՞ ընդդիմությանը: Ոչ: ԲՀԿ-ն ի սկզբանե եղել է և լինելու է իշխանական կուսակցություն: Որքան էլ ԲՀԿ-ին փորձեն հագցնել տարբեր նպատակներով ձևված-կարված հանդերձներ, ԲՀԿ-ն չի կարող բաց աչքերով ինքնասպանության գնալ, որ նույնն է` ընդդիմադիր դաշտ: Որովհետև արդեն հասցրել է բավականաչափ այրել այդ հարթություն տանող կամուրջները, որովհետև ընդդիմադիր կամ ժողովրդական, կամ ժողովրդավար օլիգարխ չի լինում, որովհետև պարզապես նման խնդիր չունի: ԲՀԿ-ի ընդդիմադիրոտ քայլերն ընդամենը իշխանության մասնաբաժնի հայտ են` մեկ, և երկու` չի կարող Ռոբերտ Քոչարյանը լինել ընդդիմություն Սերժ Սարգսյանին, եթե չի ուզում այլևս ոչինչ չլինել: Փաստը գուցե դաժան է, բայց այդպիսին է կյանքը` նույնիսկ նրանց նկատմամբ, ովքեր ծրագրեր ունեն:

Ե՞րբ է ավարտվելու հետընտրական դադարը: Երբ ՀՀԿ-ն ավարտի ինքնաորոնման իր ուղին և առանձնացնի իր շարքերից հինգերորդ գումարման Ազգային ժողովի 1 նախագահի, 2 փոխնախագահների, 12 հանձնաժողովների նախագահների, Հայաստանի վարչապետին ու նախարարներին: ՀՀԿ-ն վաստակել է այդ ամենը միայնակ անելու իրավունքը: Իսկ եթե գնա տրորված ճանապարհով ու պետական կառավարման համակարգում ընդգրկի այլ կուսակցությունների, դա ոչինչ էլ չի նշանակելու` ըստ էության: Կոալիցիաները գալիս-գնում են, ՀՀԿ-ն մնում է: Սա ևս մի վերջակետ է: Վերջակետ, որից հետո է սկսվում բուն միտքը: Սովորաբար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ