Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԵՐԿՐԻ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁԸ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԵՐԿՐԻ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁԸ
14.10.2011 | 00:00

Ո՞Ւմ է ձեռնտու միասնական տնտեսական տարածքի ձևավորումը: Եթե համեմատության համար վերհիշենք պատմության դասերը, ապա, օրինակ, Եվրամիության ձևավորումն առաջին հերթին ձեռնտու էր Գերմանիային և Ֆրանսիային (իրենց մերձավոր դաշնակիցների հետ): Բավական է հիշել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից շատ չանցած հենց այս երկրները ձևավորեցին ածխի և պողպատի միությունը, հետո նաև նախաձեռնեցին Հռոմի դաշնագիրը` նախ կանխելու երրորդ համաշխարհային պատերազմը և ապա` իրենց շահերին համահունչ կառուցելու ամբողջ տարածաշրջանի զարգացման մոդելը: ՈՒստի բոլորովին էլ պատահական չէ, որ մինչ օրս Եվրամիության ինտեգրացիոն գործընթացներից ամենախոշոր շահառուները մնում են հենց նույն երկրները, իսկ ֆրանկո-գերմանական ալյանսը լուրջ դերակատարություն է ստանձնել անգամ գլոբալ գործընթացներում:
Վերադառնալով մեր հարցադրմանը, բնականաբար, առաջին շահառուներն են հենց նախաձեռնողները` Ռուսաստանն ու Ղազախստանը, որոնք ամեն կերպ պետք է իրացնեն իրենց ոչ միայն տնտեսական առավելությունները, այլև փորձեն առավելագույն քաղաքական դիվիդենդներ քաղել առաջարկվող ծրագրի իրականացումից:
Միաժամանակ, հարկ է ուսումնասիրել հիմնական խաղացողներից Ռուսաստանի տնտեսության ներկա դիրքերը արտաքին աշխարհի հետ ձևավորված հարաբերություններում, որոնց ճշգրիտ վիճակագրական պատկերն արտացոլված է երկրի վճարային հաշվեկշռում: Եթե քննարկենք մի տարբերակ, երբ մի տարի բացասական է վճարային հաշվեկշիռը, իսկ հաջորդ տարի` առևտրային հաշվեկշիռը, ապա կնվազեն արտահանման ծավալն ու արժեքը: Վերլուծությունները վկայում են, որ ներկայումս ձևավորվում են ռուբլու փոխարժեքի վրա ազդող բացասական գործոններ: Անկախ համաշխարհային բորսաներում հումքի գների տատանումներից, կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, երբ արտարժույթի հաշվեկշիռը դառնա բացասական, որը կկրճատի արժութային եկամուտների ծավալները: Պարադոքսն այն է, որ որքան երկար տևի շուկայական բարենպաստ միջավայրը ՌԴ-ից արտահանման առումով, այնքան ավելի լուրջ խնդիրների կարող է դիմագրավել տնտեսությունը հետագայում: Ակնհայտորեն ընթացիկ գործառնությունների 10 մլրդ ԱՄՆ դոլար կազմող բացասական մնացորդի կարգավորումը և 150 մլրդ ԱՄՆ դոլարի արտաքին պարտքի կառավարումն անհամեմատելի են, օրինակ, կես տրիլիոն ԱՄՆ դոլար կազմող արտաքին պարտքի և 100 մլրդ ԱՄՆ դոլարը գերազանցող ընթացիկ հաշվի բացասական մնացորդի հետ: Իսկ եթե հաշվի առնենք, որ ապրանքների և ծառայությունների զգալի մասի գները Ռուսաստանում մոտ են համաշխարհային շուկայի գներին, ապա ազգային արժույթի փոխարժեքի անկումը միանգամից կարող է հանգեցնել նաև կենսամակարդակի որոշակի նվազման: Այս իմաստով կարևոր է նկատել, որ արժութային ռիսկերի կտրուկ աճի շրջան կարելի է համարել այն ժամանակը, երբ ընթացիկ հաշիվը կդառնա բացասական: Ստեղծված իրավիճակը, մասնագետների գնահատմամբ, արդյունք է մինչև վերջ չմշակված տնտեսական քաղաքականության, երբ կարճաժամկետ նպատակները գերակա են երկարաժամկետ թիրախների համեմատ, և վճարային հաշվեկշռի կարգավորումը դեռևս չի դիտարկվում որպես տնտեսական քաղաքականության կարևորագույն բաղադրիչ: Սակայն իրականում վերջին տարիներին Ռուսաստանի ընթացիկ հաշվի մնացորդը դրական է և շարունակում է աճել: Միայն 2010 թվականի ընթացքում վճարային հաշվեկշռի հավելուրդը կրկնապատկվել է` հասնելով մինչև 60,9 մլրդ ԱՄՆ դոլարի: Միաժամանակ մեկ և կես անգամ աճել է նույն ժամանակահատվածի առևտրային հաշվեկշռի դրական սալդոն` հասնելով 114,5 մլրդ ԱՄՆ դոլարի: Ըստ այդմ, ՌԴ ռեզիդենտների կողմից արտարժույթով գործարքները կրճատվել են 13 մլրդ ԱՄՆ դոլարով:
Վճարային հաշվեկշռի արդյունավետ կարգավորման վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում և իրատեսական սպասումներ ունենալու համար կարևոր է ուսումնասիրել նաև այլ երկրների օրինակը: Նախկին սոցիալիստական երկրներից ներկայումս Եվրամիության կազմում առավել տպավորիչ ձեռքբերումներ է արձանագրել Լեհաստանը, որի հետ վերջին շրջանում ավելի սերտանում են առևտրատնտեսական և արտաքին քաղաքական հարաբերությունները:
Լեհաստանի վճարային հաշվեկշռի կարգավորման առանձնահատկություններն առավել ամբողջական պատկերացնելու համար հարկ է նկատել, որ երկրի տնտեսական զարգացման պատասխանատվությունը կառավարության հետ կիսում են արտերկրի լեհ խորհրդականները, Հարվարդի համալսարանի, ԱՄՀ, ՀԲ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության, Եվրամիության տարբեր կառույցների կողմից վարձատրվող և այլ տեխնիկական փորձագետներ ու խորհրդատուներ: Եվրամիությանը նոր անդամակցած երկրներից Լեհաստանը թերևս միակն է, որ տնտեսական զարգացման ոլորտի որոշումների կայացման նման բազմակողմանի և թափանցիկ մեխանիզմ է որդեգրել: Անցումային շրջանի սկզբում Լեհաստանի պետությունը երկակի խնդիր էր ձևակերպել. այն է` բարեփոխումներն ուղղել տնտեսության կառավարման մեջ պետական ազդեցության առավելագույն նվազեցմանը և մասնավոր հատվածի բարգավաճման համար առավել բարենպաստ միջավայրի ձևավորմանը:
Այս երկու գերխնդիրները կանխորոշեցին նաև այլ նպատակների հստակ ձևակերպումները` որոշումներ կայացնող գլխավոր կառույցների համար: Դրանք ներառում էին հիպերինֆլյացիայի տեմպերի կրճատումը, գների վերահսկողության վերացումը, ապրանքների դեֆիցիտի վերացումն ու ներքին պահանջարկի լիարժեք բավարարումը, առևտրի մեջ ազատ և արդար մրցակցության ծավալմանն աջակցությունը, լեհական արժույթի` զլոտիի ազատ փոխարկելիության անհրաժեշտ մակարդակի ձեռքբերումը, ինչպես նաև հանրային սեփականության մաս կազմող ձեռնարկությունների և այլ կառույցների սուբսիդավորման կրճատումը: Նման խնդիրների լուծման հետ մեկտեղ, ինչպես հետսոցիալիստական մի շարք այլ երկրներում, Լեհաստանի պետությունը պարտավորություններ էր ստանձնել նաև միջազգային կառույցների առջև` ավարտին հասցնելու տնտեսության ազատականացումը, մասնավորեցնելու նախկին հանրային սեփականության մաս կազմող ձեռնարկությունները, հողը և արտադրության միջոցները, ինչպես նաև ձևավորելու ազատ շուկայական տնտեսությանը հարիր ինստիտուտներ և համարժեք միջավայր` բարեփոխումներն ավարտելու և տնտեսության զարգացման անցնցում, կայուն միջավայր ստեղծելու ուղղությամբ: Մասնավորապես, Լեհաստանը մեծ օգնություն ստացավ ԱՄՀ-ից, որի գլխավոր նպատակը երկրում կարճաժամկետ և միջնաժամկետ մակրոտնտեսական կայունության ապահովումն էր: ԱՄՀ-ի և ՀԲ-ի ինչպես լեհ, այնպես էլ օտարերկրյա խորհրդատուներն իրենց ուշադրությունը բևեռել էին գերազանցապես կայուն զարգացման և ժողովրդի բարեկեցության բարձրացման խնդիրների վրա:
Ապրանքների առևտրաշրջանառության առումով հետպատերազմյան գրեթե ողջ շրջանում Լեհաստանի տնտեսությանը բնորոշ էր առևտրային հաշվեկշռի բացասական մնացորդը: 1991-ին արձանագրված արտահանման այն մասի դադարեցումը, որը հատկապես բաժին էր ընկնում Խորհրդային Միությանը, հանգեցրեց ողջ արտահանման կարողության կտրուկ անկմանը և տնտեսական զգալի ցնցումների: Լեհաստանն առաջ քաշեց արտահանվող ապրանքների դիմաց ազատ փոխարկելի արտարժույթով վճարումներ և ոչ` հումքի և էլեկտրաէներգիայի հետ ապրանքափոխանակություն, ինչը բնորոշ էր նախորդող տարիներին: Այս ամենը սկզբնական փուլում լուրջ խնդիրներ առաջացրեց ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական առումներով, և ստիպեց Լեհաստանի նոր իշխանություններին ամուր կապեր հաստատել զարգացած արդյունաբերական երկրների և միջազգային ֆինանսական կառույցների հետ: Միայն 1990 թվականից մինչև 2000 թվականն ընկած ժամանակահատվածում Լեհաստանն ի վիճակի եղավ ներգրավելու մոտ 50 մլրդ ԱՄՆ դոլարի հասնող օտարերկրյա ներդրումներ։ Պաշտոնական զուտ պահուստների ծավալներն անցնող տարիներին զգալիորեն ավելացան շնորհիվ օտարերկրյա ուղղակի և պորտֆելային ներդրումների տեսքով ստացվող կապիտալի հավելուրդի:
Փորձագետների և խորհրդատուների շրջանում գերիշխում էր տնտեսության արագ վերակառուցման, վերականգնման և զարգացման ակնկալիքը, մասնավորապես, ենթադրելով, որ ապապետականացված ձեռնարկությունների հիմքի վրա վեր կխոյանան մրցունակ մասնավոր ընկերություններ, որոնք կփոխհատուցեն առաջին շրջանի տնտեսական կորուստներն ու գործազրկության աննախադեպ աճը: Բացի այդ, ակնկալվում էր, որ նոր ձևավորվող մասնավոր ընկերությունների արդյունավետ աշխատանքից ստացվող հարկերի հաշվին կհամալրվի պետական գանձարանը, որը կփոխհատուցի տնտեսության պետական հատվածի եկամուտների անկումն ու ճգնաժամային երևույթները: Այս ենթադրությունն առավել նշանակալի էր կապված այն գաղափարի հետ, որ մասնավորեցումը պետք է արագ ընթանա և որոշակի փուլերով, աստիճանաբար, ներառելով վաուչերային սեփականաշնորհումը, ուղղակի վաճառքն օտարերկրյա ներդրողներին, աճուրդներով, մասնավորեցման մրցույթից առաջ վերակառուցելով կամ փոխելով ձեռնարկության մասնագիտացումը կամ ձեռնարկության աշխատողներին հնարավորություն ընձեռելով դառնալու սեփականատերեր: Իշխանությունների շրջանում այն համոզմունքը կար, որ նախկին սոցիալիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչները կփորձեն օգտվել առիթից և իրենց ձեռքը վերցնել մասնավորեցվող օբյեկտների որոշակի զանգվածը: Այս ենթադրության հետ կար նաև հայեցակարգային համոզմունք առ այն, որ միայն արագ և արմատական բարեփոխումների շնորհիվ կարելի է կենսունակություն և մրցունակության բարձր մակարդակ ապահովել նախկին պետական ձեռնարկությունների համար: Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի և Լատինական Ամերիկայի պետական սեփականություն հանդիսացող մի շարք ձեռնարկությունների (ինչպես, օրինակ, Բրազիլիայի հանքարդյունաբերության հսկաներից Companhia Vale do Rio Doce կոնգլոմերատը կամ Վենեսուելայի Petroleos de Venezuela-ն) շահութաբերությունը գնահատելու և ուսանելի փորձը վերլուծելու փոխարեն, գերիշխում էր այն հոռետեսական կարծիքը, որ պետական ունեցվածք համարվող արդյունաբերական ձեռնարկությունները երբևէ չեն կարող համեմատվել մասնավոր սեփականություն հանդիսացող, շահույթ հետապնդող մրցունակ ընկերությունների հետ անգամ այն դեպքում, եթե դրանք որոշակի բարեփոխումների ենթարկվեն: Նման պայմաններում քաղաքական և տնտեսական որոշումներ կայացնողները Լեհաստանում համոզված էին, որ երկրի տնտեսության վերակառուցումն ու բարեփոխումը պայմանավորված են մակրոտնտեսական կայունության ձեռքբերման, պլանային համակարգին բնորոշ արժեքների վերացման և խաղի նոր կանոնների հաստատման, ինչպես նաև շատ կառույցների վարքագծում ոչ բյուջետային և ոչ տեխնիկական արգելքների վերացման հետ:
Երբ Լեհաստանն սկսեց իրականացնել տնտեսական բարեփոխումների ծրագիրը, ԱՄՀ օգնությունն անհրաժեշտ էր ոչ միայն լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ ստանալու, այլև միջազգային հանրության շրջանում Լեհաստանի իշխանությունների վստահության որոշակի աստիճանի ձեռքբերմանը նպաստելու առումով։ Միաժամանակ, ԱՄՀ և ՀԲ առաջատար մասնագետներից և պաշտոնյաներից ստացվող հավաստիացումներն անհրաժեշտ էին Լեհաստանի իշխանություններին` սեփական ժողովրդի վստահությունը շահելու և կարևորագույն տնտեսական հիմնահարցերին համարժեք լուծումներ գտնելու նպատակով:
Հատկանշական է, որ, ի պատասխան բարեփոխումներին աջակցելու Լեհաստանի հրավերի, ԱՄՀ-ը ներկայացրեց իր ավանդական ծրագիրը` միմյանց փոխկապակցված բաղադրիչ-պահանջներով. ա) խստացված ֆիսկալ և դրամավարկային քաղաքականություն, բ) արտաքին վճարային բարենպաստ հաշվեկշիռ և Լեհաստանի սահմանների բացում` արտաքին առևտրի համար, ինչպես նաև ազգային արժույթի` զլոտիի կայուն փոխարժեք և ազատ փոխարկելիություն, գ) եկամուտների համարժեք քաղաքականություն, որով հնարավոր կլինի նաև պայքարել գնաճի դեմ, դ) կառուցվածքային և ինստիտուցիոնալ փոփոխություններ: Հստակեցվեցին նպատակները և դրանց հասնելու քաղաքականության հիմնադրույթները: Բարեփոխումների երկու տասնամյակների ընթացքում Լեհաստանն սկսեց արագ զարգանալ: Երկիրն արտահանում է ամենաբազմազան ապրանքներ աշխարհի տարբեր երկրներ, իսկ ներմուծման ասպարեզում հիմնական առևտրային գործընկերներն են Գերմանիան, Իտալիան, Հունգարիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Թուրքիան, Ավստրիան, Ղազախստանը և Չինաստանը:
ԱՄՀ հրապարակած տվյալների համաձայն` արդեն 2001-ին ապրանքների արտահանումը Լեհաստանից կազմել է 41,7 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ապրանքների ներմուծումը նույն տարում կազմել է 49,3 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերում է ծառայությունների արտահանմանը, այն կազմել է 9,75 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ծառայությունների ներմուծումը` 8,95 մլրդ ԱՄՆ դոլար: Ներկայացվող աղյուսակում արտացոլված է Լեհաստանի վճարային հաշվեկշիռը 2000-2010 թթ.:
Պաշտոնական վիճակագրությունը փաստում է այն առաջընթացը, որը գրանցել է Լեհաստանը անկախացումից ի վեր, հատկապես վերջին տասնամյակում: Հատկանշական է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Լեհաստանն այն բացառիկ երկրներից մեկն էր, որը ոչ միայն մեծ տնտեսական ցնցումների չենթարկվեց, այլև որոշակի օգուտներ քաղեց, մասնավորապես, նաև շնորհիվ իր ազգային արժույթի, որի փոխարժեքը վերջին տարիներին խիստ նպաստավոր է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տնտեսական քաղաքականության իրականացման առումով:
Վերը նշված փաստերն ու իրողություններն օգնում են հասկանալու, թե ինչու և ինչպես հենց Լեհաստանը նախաձեռնեց Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, ՈՒկրաինայի, Բելառուսի Մոլդովայի համար կենսական նշանակություն ձեռք բերող Արևելյան գործընկերության ծրագիրը, որը կոչված է նպաստելու Եվրամիությանն այդ երկրների անդամակցությանը: Գուցե այս դեպքում և՞ս կարիք կլինի մշակելու և իրականացնելու մեր օրերի Մարշալի պլանը։
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2818

Մեկնաբանություններ