Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այսօրվա մաուզերիստին, խմբապետին չեն տեսնում, չեն դատապարտում, դատապարտումի թիրախը դաշնակցականն է»

«Այսօրվա մաուզերիստին, խմբապետին չեն տեսնում, չեն դատապարտում, դատապարտումի թիրախը դաշնակցականն է»
20.02.2009 | 00:00

Գրող, ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ զրույցն առնչվում է ՀԳՄ անդամների միջև առկա անհամաձայնություններին, համաշխարհային տնտեսական ճգնաժամին, Արցախի ճակատագրի չարչրկված հանգուցալուծմանը և մի շարք այլ հարցերի:


«ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿՈՐՈՒՍՏԸ ՑԱՎԱԼԻ, ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՓԱՍՏ Է, ԵՎ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՄՏՆՈՒՄ Է ԱՅԴ ՄԵՂՔԻ ՏԱԿ»


-Պարոն Հովսեփյան, ինչո՞ւ է մթնոլորտն այսքան անհանգիստ գրողների միությունում, ո՞րն է գրողների պառակտման բուն պատճառը:
-Իսկ որտե՞ղ է հիմա հանգիստ:
-Այո, շատ տեղերում է անհանգիստ: Բայց 1988-ին էլ էր շատ տեղերում, հատկապես մեր երկրում անհանգիստ, ու գրողների միությունը դարձավ այն փարոսը, որի շուրջ համախմբվեց ժողովուրդը, մարդիկ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները, իրենց փրկության հույսն այստեղ էին փնտրում: Հիմա էլ քիչ չեն խնդիրները` մարտի 1-ի ձգձգվող դատավարություն, տնտեսական ճգնաժամ, գործազրկություն, ղարաբաղյան չհանգուցալուծվող հիմնախնդիր և այլն, և այլն: Ինչո՞ւ գրողները, միմյանց հետ հակամարտելու և հարաբերություններ պարզելու փոխարեն, չեն համախմբվում ու չեն կանգնում ժողովրդի կողքին:
-Հարցը շատ ճշգրիտ է, բայց և` տարողունակ: Դա միայն գրողների միության խնդիրը չէ: 1988-ի մասին խոսելիս պիտի անպայման ասենք, որ այն ժամանակ գրողների միությունը նախկին հասարակարգի կայացած կազմակերպություն էր: Երբ հասարակարգը փոխվեց, բնականաբար, նախկին կայացած կառույցները քարուքանդ եղան: Ցավալին այն է, որ անկախության այս տարիներին որևէ կառույց դեռ այնպես չի կայացել, ինչպես կայացած էին մեր չհավանած ռեժիմի տարիներին գործող կառույցները: Ներքին խնդիրները, որ կան հիմա ՀԳՄ-ում, կային նաև այն ժամանակ: Եթե գրողների միության նախագահի փոփոխություն էր սպասվում, այն ժամանակ էլ կային թեկնածուներ, գրական խմբավորումներ, որոնք իրենց մոտեցումներն էին առաջ քաշում, գրական տարբեր հարցեր էին քննարկում, լավի ու վատի սեփական մեկնաբանություններն էին ներկայացնում: Բայց սրանք այնքան չէին նկատվում, որովհետև կար հիմնական կառույցի դերը, նշանակությունը (լավ, թե վատ` առանձին հարց է, պատմության խնդիրն է): Այն, ինչ կատարվում է հիմա գրողների միության ներսում, միշտ էլ կատարվել է: Ամբողջ խնդիրն այն է, որ այսօր մամուլն ավելի շատ սկանդալային հարցերի վրա է ուշադրությունը սևեռում, և գրողների միության ներքին խնդիրներն այսպիսի հնչողություն են ստանում: Ի՞նչ է պատահել: Սպասվում է նախագահի ընտրություն, և կան մարդիկ, ովքեր ցանկանում են, որ լինի նոր նախագահ՝ նոր ծրագրով: Սա շատ բնական բան է: Սրանում սկանդալային ոչինչ չկա: Կա Լևոն Անանյան՝ ՀԳՄ նախագահ, և Ռազմիկ Դավոյան, որն ուզում է դառնալ ՀԳՄ նախագահ: Միանգամայն նորմալ երևույթ է: ՈՒրիշ բան, որ իշխանափոխության միջոցները թույլատրելի սահմաններից դուրս են գալիս, որ կատարվում են անարդարություններ ընտրության ժամանակ: Հո որևէ մեկը չի՞ մեղադրում Տիգրան Կարապետյանին՝ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու համար: Մեղադրանքներ հնչում են այն դեպքում, երբ կատարվում են անարդար ընտրություններ:
-Որքան էլ պնդեն, թե գրողների միությունը միջոցներ չունի, թե գրողներն ապահովված մարդիկ չեն (թեև այս ստանդարտը չի կարելի տարածել բոլոր գրողների վրա. ոմանք բարեհաջող կերպով թանկարժեք գրքեր են տպագրում, արտասահմանի բարերար-բարեկամներից օժանդակություն են ստանում), այնուամենայնիվ, դժվար է հավատալ, որ անհնար էր հայթայթել 25 հազար ԱՄՆ դոլար և Վրաստանի կառավարությունից գնել Թումանյանի՝ Թիֆլիսի բնակարանը: Համամիտ չե՞ք:
-Անկեղծ ասած՝ այդ խնդրի մասին առաջին անգամ մի քանի օր առաջ եմ լսել՝ Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի հեռուստատեսային ելույթից: Ինքս էլ եմ զարմացած, որ այդ մասին չգիտեի. ես էլ հո օտար մա՞րդ չեմ, պիտի որ տեղյակ լինեի: Ամեն օր թերթ եմ կարդում, հեռուստատեսությանն եմ հետևում, ինչո՞ւ առաջներում ոչ մի տեղ չեմ հանդիպել այդ պատմությանը: Մամուլում այդ սկանդալն այնպես պիտի պայթեր, որ բացառվեր այսպիսի հետևանքը: Թումանյանի բնակարանի կորուստը ցավալի, ողբերգական փաստ է, և հայ գրողներից յուրաքանչյուրը մտնում է այդ մեղքի տակ: Լա՛վ, ընդունենք, որ այնքան ենք օտարացել վրացիներից, որ հնարավոր չէր փաստաթղթերով, բանակցելով, իրար հասկանալով լուծում տալ այս հարցին: Կարելի էր, չէ՞, գոնե առևտուր անել, տալ այդ 25 հազարն ու գնել Թումանյանի բնակարանը: 25 հազարի եղածն ի՞նչ է, դա ի՞նչ փող է այսօր Հայաստանի համար: Ես այս հարցում մեղադրում եմ նրան, ով ի սկզբանե տեղյակ է եղել և չի բարձրաձայնել խնդրի մասին:


«ԲՈԼՈՐԻՍ, ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՆ Է ԳՏՆԵԼ ԱՅՆ ՁԵՎԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿՄԵՂՄԱՑՆԵՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ»


-Ի՞նչ եք կարծում, համաշխարհային տնտեսական ճգնաժամը կարո՞ղ է պատրվակ դառնալ՝ մեր ժողովրդի վզին փաթաթվող սոցիալական դժվարություններն արդարացնելու և վիճակը սուբյեկտիվորեն ավելի ծանրացնելու համար, մի բան, որ ժամանակին արվում էր ղարաբաղյան պատերազմի պատճառաբանությամբ:
-Պատրվակ դարձնողներ միշտ էլ կարող են լինել: Բայց բանն այն է, որ, իրոք, պատերազմ է եղել, և, իրոք, համաշխարհային ճգնաժամի հեղեղը գալիս է Հայաստան: Թե ով որքանով դա կօգտագործի` որպես իր շահերից բխող պատրվակ, այլ հարց է: Բոլորիս, առաջին հերթին, իշխանությունների գործն է գտնել այն ձևերը, որոնք կմեղմացնեն ճգնաժամի ազդեցությունը: Իսկ թե իշխանություններն ինչքանով են արդյունավետ մտածում, կտեսնենք ապագայում: Բայց և ամեն մարդ, ամեն ընտանիք պիտի մտածի իր միջոցները խելացի տնօրինելու, ճիշտ ծախսելու մասին: Ես հայի կենսական ուժին հավատացող եմ: Անհատապես մարդիկ կարծես թե ավելի ուժեղ են, քան միասին: Որովհետև հավաքող մեծ ուժը չկա, որի շուրջ պիտի համախմբվեն, գումարեն իրենց կարողությունները և արդյունք ստանան: Առայժմ անհատի կենսական ուժը շատ ավելին է, և մենք պիտի դրան վստահենք:


«ՄԱՐԴԸ ՊԻՏԻ ԴՈՒՐՍ ԳԱ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ, ՈՐ ՀԵՏՈ ՎԵՐԱԴԱՌՆԱ ԴԵՊԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ»


-Թույլ տվեք հետաքրքրվել՝ Ձեր մեջ գրո՞ղը, թե՞ դաշնակցականն է ավելի գերակա: Ասենք՝ Չարենցի «Երկիր Նաիրին» կամ Մահարու «Այրվող այգեստանները» առավելապես ընկալում եք որպես բարձրարժեք գրական ստեղծագործություննե՞ր, թե՞ դաշնակցականներին դատապարտող վավերագրեր:
-Դուք կարծում եք՝ մարդու մեջ սահմաններ են գծված, որոնք նրան բաժանում են առանձին մասերի՞: Չէ՛, այդպես չէ: Ես որպես գրող եմ դաշնակցական: Նույնիսկ եթե ժամանակագրական առումով նայենք, նախ` գրող եմ եղել, հետո եմ դարձել դաշնակցական: Մեր ժողովրդի վիճակն այնպիսին է եղել, որ դաշնակցության գոյությունից առաջ էլ շատ շատերը դաշնակցական են եղել՝ իրենց գաղափարախոսությամբ, իրենց ուխտով, իրենց մտածողությամբ: Դաշնակցության պատմության ընթացքում, հատկապես մինչև խորհրդային կարգերի հաստատումը, ես չգիտեմ որևէ խելքը գլխին մտավորականի, որ դաշնակցության համակիր կամ անդամ չլիներ: Դա հո պատահական չի՞ եղել: Հայ մտավորականը չէր կարող այլ գաղափարախոսության հետևից գնալ: Բոլորը դաշնակցական էին՝ կա՛մ կազմակերպորեն, կա՛մ գաղափարաբանորեն: Այդպես էլ խորհրդային ռեժիմի պայմաններում էր. թաքուն բոլորն էլ, ի վերջո, դաշնակցական էին կամ դաշնակցության գաղափարախոսության համակիր: Գոնե անձնապես ինձ համար շատ սահուն է եղել այդ անցումը: Իմ մեջ չկա այդ բաժանումը` թե աջ մասս դաշնակցական է, ձախս՝ գրող:
-Շատերի համար, մեղմ ասած, անհասկանալի էր դաշնակցության՝ կոալիցիայի կազմում ընդգրկվելու հանգամանքը: Դա բուռն քննարկումների թեմա էր և է մինչ օրս: Ինչ վերաբերում է կոմունիստական գաղափարախոսության կրողներին, ապա այստեղ դաշնակցականների հետ հակամարտությունը վաղեմության ժամկետ չի ճանաչում: Վերջերս էլ ձեր կուսակցության դեմ կտրուկ հայտարարություններով հանդես է գալիս Սարգիս Հացպանյանը: ՀՅԴ-ն ունի՞ իր բոլոր ընդդիմախոսներին տրվելիք պատասխանը:
-Անկեղծ ասած՝ ես կողմ չեմ ամեն ընդդիմախոսության պատասխանելուն: Շատ հաճախ, այս կամ այն ռեպլիկին արձագանքելով, ընկնում ես ճահճանման մի տեղ, որտեղից դժվար է դուրս գալ: Խոսքս, իհարկե, սկզբունքային հարցերի մասին չէ, որոնց մենք անդրադառնում ենք «Դրօշակում»: Ի վերջո, մեր դեմ տարածվող լուրերի մեծ մասը բամբասանքների և հետփաստի մտայնության արդյունք են, որ, չգիտես ինչու, այսօր շատ կենսունակ են: Դա գուցե 70 տարի շարունակ տարված քարոզչության հետևանք է: Բայց եթե նույնիսկ մեր դեմ հնչող մեղադրանքների մեջ ճշմարտություն կա, դա մեր պատմությունն է: Պատմաբաններն այսօր գնում-հասնում են հազարամյակներ առաջ ու քննադատում այն ժամանակվա գործիչներին, մեղադրում Վարդանին, արդարացնում Վասակին: Պատմության հետ այդպես չի կարելի խաղալ: Սխալն անցյալ չունի, սխալը ներկայի մեջ է սխալ: Ենթադրենք, թե Վասակը ճիշտ էր, Վարդանը՝ սխալ: Բայց ես չգիտեմ Վասակի ճշմարտության հետևից գնալու հետևանքները, իսկ Վարդանինը գիտեմ, տեսնում եմ: Վարդանի «սխալի» հետևանքներն ակնհայտ են. այս ազգը պահպանվել է, կա այսօր, և հիմա մենք, միասին այստեղ նստած, զրուցում ենք: Մարդիկ պիտի հասկանան, որ չի կարելի պատմության հետ այդպես վարվել: Պատմությունը շարունակական երևույթ է: Եվ եթե նույնիսկ սխալներ են եղել, դրանք կա՛մ ուղղվել են, կա՛մ նոր ճանապարհ են բացել: Դաշնակցության մասին կոմունիստները մի բան գիտեն. «Փողերն առան-փախան»: Ո՞վ առավ-փախավ, ո՞ւր փախավ: Այստեղ նաև մեր կուսակցության մեղքը կա, որ չի բացահայտվում ամեն ինչ, չեն մասսայականացվում շատ փաստեր: Թե չէ դաշնակցականի մի կարծրատիպ կա՝ խմբապետ-մաուզերիստ՝ սև ժապավենն աչքին: Այո՛, այդպիսիք էլ են եղել: Բայց դաշնակցությունն ինքն է դրանց պատժել: Այսօրվա մաուզերիստին, խմբապետին չեն տեսնում, չեն դատապարտում, դատապարտումի թիրախը դաշնակցականն է:
-Սփյուռքում ծնված հայի յուրաքանչյուր նոր սերունդ ավելի ու ավելի է օտարվում իր ազգային ինքնությունից: Սրա դեմ պայքարի ի՞նչ ծրագիր կառաջարկեիք:
-Սփյուռքի նախարարությունը, որ դաշնակցականների պնդմամբ ստեղծվեց, շատ բարդ խնդիր պիտի լուծի: Երբ նոր էր գոյացել հայկական սփյուռքը, ընդամենը գոյատևման խնդիր ուներ: Գոյատևման միակ ճանապարհն էլ այն էր, որ համայնքներով համախմբվեին, մեջք մեջքի տային ու կարողանային ապրել: Բայց ժամանակի հետ բաներ փոխվեցին, աշխարհը փոխվեց, և համայնքային գործունեությունն սկսեց վնաս տալ հենց համայնքին, սկսվեց լճացում: Շարժման տարիներին զգացի, թե ինչքան ուշ ենք մենք այդ մասին մտածել՝ որպես ազգ: Եթե մարդիկ համայնքից դուրս եկած լինեին ժամանակին, մեկը գնացած լիներ «Նյու Յուրք թայմս», մյուսը՝ Սպիտակ տուն, երրորդը՝ մեկ այլ կարևոր կառույց, ինչպես արել են հրեաները, ապա մենք հիմա շատ ավելի մեծ շանսեր կունենայինք մեր խնդիրները լուծելու հարցում: Եթե հայերը ինտեգրացվեին այդ մեծ երկրներին, ոչ թե ապրեին փակ, համայնքային կյանքով, ավելի ճիշտ կլիներ: Բարեբախտաբար, հիմա արդեն այս բանը կատարվում է՝ թեկուզ մի քիչ ուշացած: Միակ փրկությունը սա է՝ հենց հայությունը պահպանելու համար: Գուցե հակասական բան եմ ասում, բայց մարդը պիտի դուրս գա հայությունից, որ հետո վերադառնա դեպի հայություն: Չես կարող նստել քո գաղութում ու միայն քո գաղութի խնդիրներով զբաղվել: Դա ջլատում է ազգը: Անշուշտ, օտարներին ինտեգրացվելու ճանապարհին կորուստներ կունենանք, բայց ձեռքբերումն ավելի մեծ կլինի:


«ԱՄԵՆ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՊԻՏԻ ԾԱՅՐԵԾԱՅՐ ՅՈՒՐԱՑՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐԸ»


-Ղարաբաղյան հիմնահարցի միջազգային քննարկումներում մենք՝ հայերս, շեշտադրում ենք ազգերի ինքնորոշման իրավունքը, ադրբեջանցիները՝ տարածքային ամբողջականությունը: Երկու կողմին էլ լսում ու չեն առարկում այդ ատյաններում: Իսկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում չեն դադարում զինված ընդհարումները: Ըստ Ձեզ, ո՞րն է ղարաբաղյան հիմնախնդրի ռադիկալ լուծումը:
-Էն գլխից եմ ասել՝ մենք լուծել ենք այդ հարցը: Մնացած բոլոր բաները ձևականություններն են, փաստաթղթերն են, որ պիտի ձևակերպվեն: Իհարկե, սա չի նշանակում, թե պիտի ձեռքներս ծալած նստենք ու ոչինչ չանենք: Բայց որ հարցը լուծված է, փաստ է: Ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմի մեջ մտնելը: Ղարաբաղցին այդ հարցը լուծել է: Կընդունի դա աշխարհը, չի ընդունի, երեքշաբթի կընդունի, հինգ տարի հետո կընդունի, դրանից բան չի փոխվի: Ի վերջո, պիտի ընդունի, որովհետև ուրիշ հնար չկա: Չեմ բացառում, որ կլինեն նաև ռազմական գործողություններ, բայց և չեմ կարծում, որ դրանից բան կփոխվի: Ի՞նչ, պիտի ադրբեջանցիները գան բոլորին կոտորեն ու դատարկ հո՞ղը վերցնեն: Ինչքան էլ նրանք քարոզչություն տանեն, թե նավթ ունեն, տանկեր են գնել, մենք չպիտի հուսալքվենք, պիտի հասկանանք, որ արդար գործի վրա ենք: Մենք չպետք է մեր մտքում տանուլ տանք: Իսկ վերջին շրջանում մեր մեջ նկատվում է մտքում տանուլ տալու բացիլը: Սա չպետք է լինի: Ինձ, օրինակ, շատ դուր եկավ մեր նախագահի կտրուկ ելույթը Մյունխենում: Մենք նոր ենք մտնում պետությունների հետ հարաբերվելու աշխարհը և պիտի կարողանանք ճիշտ հարաբերվել: Միայն հո տանկերի մե՞ջ չէ ուժը: Ի վերջո, այդ տանկերը, զենքերը ոչ թե պատերազմելու, աշխարհը կործանելու համար են, այլ թշնամու աչքը վախեցնելու: Հնարավոր է, որ նաև պատերազմ լինի մեր դեմ, բայց ամենից կարևորը դրան հոգեբանորեն պատրաստ լինելն է: Մենք հաղթել ենք պատերազմում ու մի տեսակ թուլացել, հանգստացել: Այնինչ ադրբեջանցիները հետևողական քարոզչություն են տանում: Մենք սկզբից արհամարհեցինք այդ քարոզչության թափը, բայց այն արդեն տարածվել է ամբողջ աշխարհում: Մարդիկ մոռացել են, թե ինչ է եղել Սումգայիթում, Բաքվում ու հիշում են միայն այն, ինչ անընդհատ քարոզում են ադրբեջանցիները: Ամեն նոր սերունդ, առավել ևս` քաղաքական նոր սերունդ, որն ավելի հաճախ է փոխվում, պիտի ծայրեծայր յուրացնի ղարաբաղյան պատերազմի դասերը:
-Պատմե՛ք, խնդրեմ, Ձեր ստեղծագործական ծրագրերի մասին:
-Գրում եմ, էլի: Գրում եմ վեպ, որի անունը դեռ չգիտեմ: Մի պիես եմ ավարտել. շուտով կտպագրվի «Նորքում»: ՈՒնեմ անավարտ մի քանի պիես, որոնց վրա աշխատում եմ: Հանկարծ նկատեցի, որ գիրք կարդալը բավական դժվարացել է, ու մտածեցի, որ գոնե ներկայացումները կնայեն:


Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ