Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ՀԱՆՈՒՆ ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ ԽՑԿՎԵԼՈՒ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԻ ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ»

«ՀԱՆՈՒՆ ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ ԽՑԿՎԵԼՈՒ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԻ ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ»
08.02.2011 | 00:00

Նախընտրական տարվա մեկնարկը բավականին ակտիվ է: Իշխանական ուժերն են սկսում իրար չհասկանալ, նոր կուսակցություններ են ի հայտ գալիս, իրենց մասին հիշեցնում են երկար ժամանակ քաղաքական ասպարեզից բացակայող ուժերը: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որը շարունակում է երազել խորհրդային ժամանակները վերադարձնելու մասին, այս ընտրություններում էլ փորձելու է երազանքն իրականություն դարձնել: Մեզ հետ զրույցում ՀԿԿ-ի «ծանր հրետանի» ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ խոսեց իրենց մարտավարության մասին:
-Կոմունիստներն ինչպե՞ս են սկսել նախընտրական տարին:
-Նախընտրական տարվա մեկնարկը տվել ենք դեռ անցյալ տարեվերջին` նոյեմբերի 29-ի մեր համագումարով, որտեղ պատգամավորներ էին ընտրված հանրապետության 43 շրջանային կուսակցական կազմակերպություններից, այսինքն, նախընտրական ստարտը տրվեց արդեն 43 շրջաններում: Կենտկոմի բյուրոն աշխատում է իր կառույցները պահել մարտական վիճակում, ուստի 2012-ի արտահերթ կամ հերթական ընտրություններին ՀԿԿ-ն լինելու է մշտապես պատրաստ ու իր վճռական խոսքն ասելու է: Անցյալ ընտրություններում էլ հաղթահարել էինք 5 տոկոսի շեմը, բայց, ցավոք, կեղծիքների պատճառով մեր ձայները գողացվեցին:
-Ի՞նչ երաշխիք ունեք, որ կոմկուսին այս անգամ էլ չեն «կողոպտի»:
-Երաշխիքներ միշտ էլ ժողովրդից ենք ստացել, ո՛չ իշխանություններից, որոնք միշտ իրենց ճանապարհով են գնացել: Հիմա էլ երկպալատ պառլամենտ են ուզում ստեղծել: Թե ո՞րն է դրա իմաստը, ո՞ւմ են բերելու-խցկելու, սփյուռքից ո՞ւմ են ջոկելու, ո՞վ ինչքան է խոստանալու… Սրա հետ համատեղ քննարկվում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Ի դեպ, երկու անգամ մենք ԸՕ-ի փոփոխություններ ենք ԱԺ ներկայացրել: ԸՕ-ն երբեք լավը չի կարող լինել, եթե դրա իրագործումն այլ ճանապարհով է ընթանալու:
-Ասել է՝ ճիշտ է այն տեսակետը, թե ԸՕ-ի բարեփոխմամբ նորմալ ընտրություններ հնարավոր չէ կազմակերպել, եթե քաղաքական կամք չլինի:
-Իհարկե, բացի այդ, ընտրողների իրավունքներն այդ ԸՕ-ով անտեսվում են, որովհետև ընտրված պատգամավորին հնարավոր չէ հետ կանչել, կա նաև անձեռնմխելիության խնդիրը: Բազմաթիվ խոսակցություններ կան, թե այ, այս պատգամավորն ինչ-որ հանցանք է կատարել, բայց ժողովուրդն իրավունք չունի իր ընտրյալին գնահատական տալու: Պատգամավորը պիտի զգա, որ ինքը ժողովրդի մարդն է, ոչ թե հակառակը` ով ինչ ուզի անի ժողովրդի հետ:
- Ընկեր Թովմասյան, փաստորեն, Դուք դժգոհ եք ներկայիս խորհրդարանի պատկերից, ի՞նչ եք կարծում, հաջորդ ԱԺ-ում ուժերի ինչպիսի՞ դասավորություն կլինի:
-Հիմա ի հայտ են գալիս մարդիկ, որոնք Նոստրադամուսի, Վանգայի, Կաշպիրովսկու և մյուս գուշակների «պայծառատեսությամբ» փորձում են հասարակությանը վաղօրոք կողմնորոշել, ասելով, թե այս կուսակցությունը կընտրվի, նույնիսկ թվեր, տոկոսներ են նշում, սոցհարցումներ անցկացնում: Իսկ ո՞վ է նրանց իրավունք տվել հասարակությանն ապակողմնորոշելու: Կուսակցություններն են տարօրինակորեն խոշորանում, դրանց անդամների թիվն է ավելանում: Զարմանում ես, ստացվում է, հանրապետությունում այնքան մարդ չկա, որքան կուսակցությունների անդամների թվաքանակն է:
-ՀԿԿ-ի շուրջ խոշորացման գործընթաց չի՞ սպասվում:
-Մենք ոչ մի խոշորացման չենք մասնակցի, որովհետև հանրապետությունում չենք գտնում մի կուսակցություն, որը համամիտ է սոցիալիստական, կոմունիստական գաղափարախոսությանը: Մենք ունենք ուրույն գաղափարախոսություն և, հանուն ինչ-որ տեղ խցկվելու, երբեք չենք հրաժարվի մեր սկզբունքներից: Իսկ այն կուսակցությունների առաջ, որոնք իսկապես կհետևեն մեր գաղափարախոսությանը (ոչ թե նախընտրական շրջանում ժողովրդին խաբելու համար), մենք միշտ բաց ենք: Նախընտրական շրջանում բոլոր բուրժուական կուսակցություններն օգտվում են սոցիալիստական գաղափարախոսությունից: Բայց մենք այն մարդկանցից չենք, որ կեղծ ժպիտով, հովհարային գաղափարներով գնանք կանգնենք նրանց կողքին:
-Այդուհանդերձ, նախընտրական տարում կոմկուսից պոկված «թևերը» կմիավորվե՞ն:
-Եթե մեր շարքերից հեռացված մարդիկ բացեիբաց ընդունեն սեփական սխալը և իրենց ստեղծած կառույցների լուծարման մասին որոշում կայացնեն, մենք պատրաստ ենք բոլորին ընդունելու: Հիմա էլ մեր դռները փակ չեն: Հեռացվածները մեզ դիմում են և, կանոնադրության նորմերին ու ընթացակարգին համապատասխան, վերականգնվում են, իսկ համակուսակցական միավորումը դեռ ընթացքի մեջ է, եռում է:
-Նորից վերադառնանք «նոստրադամուսներին»: Իշխանական ուժերն այսօրվանից տոկոսներ են նշում, թե 50+1 իրենցն է լինելու, մեծամասնություն են կազմելու և այլն: Ի՞նչ հիմքով են նախապես նման եզրակացություններ արվում, ըստ Ձեզ:
-Նման երևույթներ բոլոր ընտրություններից առաջ լինում են, բայց երբեմն ընտրությունների արդյունքները հակառակն են ապացուցում: Նման հայտարարություններ անողների մասին Թումանյանը շատ լավ է ասել. երբ մի մարդ պարծեցել է, թե այսինչ գյուղում այսքան թռել է, ասել են՝ ապի, թռի՝ չափեմ: Կգա պահը, ով «թռավ», կասենք` «հենց ապրես», չթռավ, կասենք` «լոպազություն էիր անում»: Իսկ մենք ասում ենք ոչ թե 50 տոկոս, այլ ամեն ինչ անելու ենք 5 տոկոսի շեմը հաղթահարելու համար:
-Ընդդիմադիր դաշտից ո՞ւմ «թռիչքը» ռեկորդային կլինի:
-Դժվար է ասել: Արդյոք իրենց ընդդիմադիր համարողները մինչև վերջ կմնա՞ն ընդդիմադիր, չգիտեմ նաև, թե ինչ գաղտնի քայլեր ունեն: Բայց մի բանում համոզված եմ. այն ընդդիմադիրները, ովքեր այսօր ընդդիմություն են խաղում, անհաջողության են մատնվելու:
-Ոմանք կարծում են` ընդդիմադիր դաշտում, ի դեմս Տիգրան Կարապետյանի, համալրում է տեղի ունեցել: Այս «ֆրոնտում», Ձեր գնահատմամբ, ի՞նչ է կատարվում:
-Բազմիցս ասել եմ՝ մենք ընդդիմադիր ենք այսօրվա ընդդիմությանը: Թե ինչպիսի ուժ կստեղծեն, իրենց գործն է, սակայն մեր ժողովուրդն այս քսան տարվա ընթացքում բոլորին «ձվի» պես իր ատամին խփեց: Այն ուժերը, որոնք խորհրդարան են մտնում, թող դա չվերագրեն իրենց գաղափարախոսությանը, այլ իրենց գրպանին ու հնարավորությանը: Քսան տարի այդ գաղափարախոսությամբ ինչի՞ են հասել. արտագաղթ, աղքատություն, գնաճ, գործազրկություն: Ի՞նչ է, հայ կնոջ համար հաճելի՞ է, որ հայրենիքը թողած Էմիրաթներ է գնում ու եսիմ ինչով զբաղվում: Մի խմբի էլ զրկում ենք փողոցային առևտուր անելուց, ի՞նչ անեն մարդիկ, աշխատանք տալիս են` չե՞ն աշխատում: Մեր ժամանակ, որ չէիր աշխատում, միլիցիայի տեսուչը դուռդ ծեծում ու հարցնում էր` որ չես աշխատում, ինչո՞վ ես ապրում: Հիմա աշխատողն ավելի վատ է ապրում, քան չաշխատողը: Շուտով աթարն էլ կդառնա դեֆիցիտ, մարդիկ հրաժարվում են գազից, կտրում են անտառը…
-Եթե կոմունիստները խորհրդարանում լինեն, այդ խնդիրները կլուծվե՞ն:
-Այո, որովհետև ոչ միայն բարձրաձայնելու ենք առկա խնդիրները, այլև հասնելու ենք դրանց լուծմանը:
-Չե՞ք կարծում, որ դժվար կլինի վերադառնալ կոմունիստական կարգերին:
-Այդ հարցի պատասխանի համար կարող եք փողոցով շրջել ու քաղաքացիներից հարցնել, կցանկանա՞ն վերադառնալ կոմունիստական հասարակարգին: Համոզված եղեք, պատասխանը դրական է լինելու: Մի՞թե ժողովրդի մտածելակերպն այնքան է փոխվել, որ ուզում է վճարել ուսում ստանալու, բուժվելու համար:
-Շատերը կասեն, որ գերադասում են անկախ Հայաստանում ապրել:
-Ի՞նչ անկախության մասին է խոսքը. Թուրքիայի հետ սահմանը փակ է, Վրաստանի հետ խաղեր ենք տալիս, որ ճանապարհը չփակի, Ղարաբաղի հարցն էլ այսպիսի վիճակում է: Ի՞նչ է տվել մեզ անկախությունը: Կարծում եք` Խորհրդային Հայաստանն անկախ չէ՞ր, երբ արդյունաբերությունը 45-47 տոկոս աճ ուներ: Մի՞թե սա կախյալ երկրի ցուցանիշ էր: Սահյանը հրաշալի է ասել. «Գնանք օտարի դռները բախենք, թերմացքներ մուրանք, որ սովը թաղե՞նք, ավելի լավ չէ՞, որ մեզ ազգովի, այս անկախության պարանով կախենք»։
-Իսկ որ բոլոր որոշումները Մոսկվայո՞ւմ էին կայացվում:
-Արդյոք վա՞տ որոշումներ էին Արփա-Սևանի կառուցումը, Հայաստանի մթնոլորտի մաքրումը, կարբիդի արտադրության փակումը, ատոմակայանը, մետրոպոլիտենը, Մատենադարանը, նոր քաղաքներ կառուցելը, բազմաթիվ գյուղերի անունները պատմական հայրենիքի անուններով փոխելը և այլն:
-Մի խոսքով, «շեն կենան բոլշևիկներ»։
-«Շեն կենա» ժողովուրդը։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ