Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Որոշ ժամանակ անց ոստիկանական զորքերը համալրված կլինեն միայն պրոֆեսիոնալներով»

«Որոշ ժամանակ անց ոստիկանական զորքերը համալրված կլինեն միայն պրոֆեսիոնալներով»
31.03.2009 | 00:00

«ՕՐԵՆՔԻ ԱՅՍ ՓԱԹԵԹԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ՀԵՏ»
Ազգային ժողովի նախորդ քառօրյայում ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը պատգամավորներին ներկայացրեց «Ոստիկանության զորքերի մասին», «Ոստիկանության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը, որի շուրջ հակասական կարծիքներ հնչեցին։ Այս նախագծի շուրջ զրուցեցինք հարակից զեկուցող, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ հետ։
-Օրենսդրական այս փաթեթը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց։ Իրականում ի՞նչ փոփոխություններ է այն ենթադրում։ Նման հրատապությունն ինչո՞վ էր պայմանավորված:
-Այս փոփոխությունն ունի հիմնական մի քանի ուղղություններ։ Նախ` կարծում եմ, որ ոստիկանությունն առանձին օրենքով պետք է այն ներկայացներ խորհրդարան, ինչպես պաշտպանության նախարարությունը «Պաշտպանության մասին» օրենքի պարագայում, քանի որ այստեղ էլ զգալիորեն շատ են առաջարկվող փոփոխությունները։ Զինված ուժերի կիրառման ոլորտում կա հետևյալ մոտեցումը` զինված և այլ զորքեր, այսինքն` ոստիկանության զորքեր, որոնք ունեն նաև զինծառայողի պարտականություններ։ Նախորդ օրենքում այնքան էլ հստակ չէր այս դրույթը։ Ոստիկանության զորքերին առնչվող նմանատիպ հարցերը կանոնակարգվում էին նախագահի, նախարարների կամ կառավարության որոշումներով։ Ստացվում էր, որ ոստիկանության ծառայողն իր կարգավիճակով, իրավունքներով, պարտականություններով չէր համարվում զինծառայող։ Իսկ նոր օրենքում այս հստակեցումն արդեն արձանագրված է «Ոստիկանական զորքերի զինծառայողների իրավունքները» հոդվածում։ Ասել է` եթե կրում են զինվորական հագուստ, ապա նաև զինծառայողներ են։ Չնայած մեկ այլ կետով էլ նշված է, որ ոստիկանական զորքերն ունեն զինծառայողներ, քաղաքացիական և տեխնիկական աշխատողներ։ Հաջորդ փոփոխությունը. ոստիկանական զորքերի կազմավորման առաջին փուլում մենք ունեինք միայն Խորհրդային Միության չափորոշիչը, որն էլ ենթադրում էր պարտադիր զինծառայություն։ Համապատասխան հաստատությունում սովորող սպայական կազմի ներկայացուցիչների դեպքում էլ էր այդպես, այսինքն, մի կողմից` 20 տարով պայմանագիր էին կնքում, մյուս կողմից էլ, այն համարվում էր պարտադիր ծառայություն։ Այս փոփոխությամբ ոստիկանական զորքերը հնարավորություն կունենան աստիճանական անցում կատարելու դեպի պրոֆեսիոնալ կազմի ամբողջական համալրում։
-Այսինքն, ոստիկանական զորքերում պրոֆեսիոնալ կադրերի պակա՞ս կա։
-Պարզապես, որոշ ժամանակ անց այլևս պարտադիր ծառայություն չի լինի, իսկ ոստիկանական զորքերը համալրված կլինեն միայն պրոֆեսիոնալներով, այդ թվում և՛ սպաները, և՛ ենթասպաները, և՛ շարքայինները։ Չնայած չպետք է գործն այսքանով ավարտված համարել: Կարծում եմ` հրամանատարությունը գիտակցում է, որ պայմանագրային անձնակազմով համալրման ողջ գործընթացը հասարակության կողմից չպետք է ընկալվի որպես աշխատաշուկա, որտեղ կփորձեն աշխատանք գտնել։ Սա ոչ միայն աշխատատեղ է, այլև մասնագիտացված աշխատանք, որը պահանջում է ամենօրյա պատրաստություն` հստակ պարտականությունների կատարմամբ։ Աստիճանական անցման ընթացքում հարկավոր է այնպիսի միջոցներ ձեռնարկել, որ ընտրված կազմը համալրվի պրոֆեսիոնալ զինծառայողներով, որոնք կգիտակցեն, թե ինչ մասնագիտություն են ընտրել, ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն։ Սրանով ամենաքիչը երկու կարևոր հարց է լուծվում. ճիշտ չէ, որ 18 տարին լրացած քաղաքացին ծառայության մտնի ոստիկանական զորքերում։ Հիմքում ունենալով հանուն հայրենիքի սկզբունքը` ոստիկանական զորքերի ընտրված թիրախն արտաքին թշնամին չէ։ Հենց այստեղ է, որ 18 տարեկանը չի կարող կատարել այն խնդիրը, որը դրված է իր առջև։ Չի կարող այն աստիճանի գիտակցել իր առաքելությունը, որպեսզի ի սպաս հայրենիքի իր գործողություններում չներառի այնպիսի տարրեր, որոնց մենք ականատես եղանք նախորդ տարվա մարտի 1-ին։ Իսկ այն անձինք, ովքեր արդեն անցած կլինեն երկու տարվա պարտադիր զինծառայությունը, կունենան փորձ, կյանքի հանդեպ ձևավորված մոտեցումներ, ինչն էլ թույլ կտա, որ նրանց գործողությունները լինեն միմիայն օրենքի շրջանակներում։
-Փաստորեն, այն պնդումները, թե ներկայացված օրենսդրական փաթեթը կապ ունի մարտի 1-ի իրադարձությունների հետ, այնքան էլ անհիմն չե՞ն։
-Այս նախագիծը ոչ մի կապ չունի մարտի 1-ի իրադարձությունների հետ։ Ավելին, այս փոփոխությունների մասին ես տեղյակ եմ եղել, երբ դեռ նոր էի ղեկավարում ԱԺ-ի այս հանձնաժողովը։ Վերոհիշյալ երկու հիմնավորումները, կարծում եմ, ոչ մի կապ չունեն մարտի 1-ի հետ։ Ավելին ասեմ, այս մոտեցումը պետք է որդեգրեինք դեռևս 6-7 տարի առաջ, երբ ձևավորվում էին ոստիկանական զորքերը, և ունեինք բավարար քանակությամբ պահեստազորում հաշվառված անձնակազմ։ Այդ ժամանակ կարող էինք հեշտ անցում ապահովել` ավելի թեթևացնելով զինկոմիսարիատների բեռը։ Սա ճիշտ մոտեցում է, բայց դժվար խնդիր ունեն և՛ ոստիկանական զորքերի ղեկավարությունը, և՛ ոստիկանապետը, քանի որ այսօր այլևս աշխատաշուկայում չկա այն մեծ ռեսուրսը, որի օգնությամբ կկարողանանք համալրել պրոֆեսիոնալ անձնակազմ։ Ինչպես նաև այն սոցիալական խնդիրները, որոնք ոստիկանությունը կարող էր լուծել տարիներ առաջ, այսօր դժվարությամբ կիրականացնի։
-Ստացվում է` օրենքի ընդունումն ուշացա՞ծ է։
-Պետք է խոստովանել` այո։ Այլապես անցումն ավելի սահուն կլիներ։
-Առաջարկված փոփոխություններից բուռն քննարկման արժանացավ հատկապես այն հոդվածը, որն առնչվում էր հատուկ միջոցների կիրառմանը։ Այս առումով արդյոք օրենքում տարըմբռնում չկա՞։
-Հանձնաժողովն այդ առումով ևս ուներ առարկություններ, բայց փաթեթը հրատապության ռեժիմով էր ներկայացվել, ու մեր մասնագետները, փորձագետները բավարար ժամանակ չունեցան իրենց խոսքն ասելու` օրենքին հնարավորինս կատարյալ տեսք տալու համար։ Սակայն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ նշված խնդիրներին կանդրադառնանք։ Մենք, օրինակ, առարկություն ունենք այն դրույթի հետ կապված, որը հատուկ և ջրցան տեխնիկայի կիրառումը դիտարկում է միևնույն հարթությունում, որովհետև ջրցան մեքենան այն հնարավորությունն է, որի կիրառմամբ հնարավոր է կատարել խնդիրը` գործը չհասցնելով հատուկ տեխնիկայի գործադրմանը։ Ջրցան մեքենաների կիրառմամբ ոստիկանական զորքերի համար սահմանափակումներ ավելի քիչ կլինեն, քան հատուկ տեխնիկայի կամ հրազենի դեպքում։
-Ասել է` համամի՞տ եք այն պատգամավորների հետ, որոնք առաջարկում էին խստացնել հրազենի կիրառումն արգելող դրույթը, և, ընդհանրապես, հստակեցնել հատուկ միջոցների կիրառման դեպքերը։
-Այո՛։ Կան նաև կետեր, որոնք հին տարբերակից են մնացել և հստակեցման կարիք ունեն։ Այդպիսին է 14-րդ հոդվածի 3-րդ կետը. «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող խաղաղ, առանց զենքի ժողովները, հանրահավաքները, երթերը, ցույցերը կանխելու նպատակով ոստիկանական զորքերի միջամտությունն արգելվում է»։ Որտե՞ղ է սկսվում միջամտությունը և որտե՞ղ ավարտվում։ Ոստիկանական զորքերը պետք է լինեն բավարար պատրաստ ինչ-որ պահի, անհրաժեշտության դեպքում միջամտություն իրականացնելու համար։ Իսկ միջամտությունը սկսվում է անձնակազմն առաջին աստիճանի պատրաստության բերելուց մինչև նրա ի ցույց դնելն ու միտինգավորների, երթ իրականացնողների, հանրահավաքի մասնակիցների հետ շփումները։ Ահա այս կետի շուրջ պետք է լուրջ քննարկումներ ծավալել, իսկ եթե գրել են «միջամտություն» բառը, ապա պետք է հստակ նշվի` ո՞ր միջամտության մասին է խոսքը։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1589

Մեկնաբանություններ