Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դիալեկտիկակիբեռնետիկական մեթոդաբանություն(արձագանք «Հանուն հայրենիքի» ՀԿ-ի նախագահ ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ «Հայ ազգային սոցիալիզմ» հոդվածին)

Դիալեկտիկակիբեռնետիկական մեթոդաբանություն(արձագանք «Հանուն հայրենիքի» ՀԿ-ի նախագահ ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ «Հայ ազգային սոցիալիզմ» հոդվածին)
27.03.2009 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ
Փակ թեմաներ չկան
Խրախուսելի է, որ «Իրավունքը de facto» թերթի էջերում տեղ են գտնում հետաքրքիր ու բանավեճի հող ստեղծող հոդվածներ, որոնցից մեկն էլ Ներսես Ներսիսյանի` սոցիալիզմի մասին հոդվածն էր։ Չգիտես ինչու, մեր հոդվածագիրներից շատերը, ծնված, սնված ու մեծացած լինելով խորհրդային հասարակարգում, որը, իր բազմաթիվ սխալներով, սայթաքումներով, ողբերգական էջերով հանդերձ Հայաստանը հասցրեց երբևէ չտեսնված զարգացման մակարդակի, այդ մասին բոլորովին չեն խոսում` թեման համարելով անդառնալիորեն փակված: Մի՞թե վերջին 15-20 տարիների իրականությունը մեզ չի հուշում, որ թվացյալ ազատության պայմաններում ամեն ինչ դոլարի խիստ վերահսկողության տակ է:
Չէ՞ որ դեռևս 1997-ին «Հայ դատ» ՀԿ-ի նախագահ և համանուն ամսագրի խմբագիր Հ. Վասիլյանը «Դոլարը գրեթե հասել է» հոդվածը եզրափակել է հետևյալ մտքով. «Նպատակին, որ չհասան պատմությունից մեզ հայտնի բոլոր նվաճողները, այսինքն` համաշխարհային տիրապետության, դոլարը գրեթե հասել է...»:
Մտածենք և խոսենք այս մասին։
Հ. ԳՈՒՐՅԱՆ
Դիալեկտիկա գիտության կազմավորումը թույլ տվեց բացահայտել բնության, հասարակության և մտածողության մեջ շարժման ու զարգացման իրական պատճառներն ու կապերը: Զարգացումը չի կարող ընթանալ դիալեկտիկայի համընդհանուր բնույթ ունեցող օրենքներին և օրինաչափություններին հակառակ:
Մյուս կողմից, 20-րդ դարի կեսերին կազմավորվեց մեկ այլ գիտություն՝ կառավարման տեսությունը կամ կիբեռնետիկան, որը գիտություն է բարդ համակարգերի կառավարման մասին: Այն ցույց է տալիս, որ բարդ համակարգում կառավարման օրենքները նույնպես ընդհանուր են` անկախ համակարգի տեսակից: Զարգացումը և կառավարումը, ըստ էության, հոմանիշներ են, ինչից հետևում է, որ դիալեկտիկան և կիբեռնետիկան, անկախ իրենց կազմավորման ժամանակներից, նույն բովանդակության երկու տարբեր դրսևորումներն են:
Այս հանգամանքն էլ թույլ է տալիս ներմուծել «դիալեկտիկակիբեռնետիկական մեթոդաբանություն» արտահայտությունը, դրա տակ հասկանալով մտածողության այնպիսի մի եղանակ, որն իր հիմքում ունենալով լայն ընդհանրացումների պայմաններ և հնարավորություններ, կարողանում է դրանք օգտագործել բազմաբնույթ կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Այսինքն, դիալեկտիկակիբեռնետիկական մեթոդաբանությունը ներկայանում է որպես առաջընթաց ապահովող ճշմարիտ ուղեցույց, որի մի բաղադրիչ մասը ժողովրդավարության շինարարությունն է:
Անշուշտ, կարելի է ընդդիմախոսել: Մի՞թե այսօրվա զարգացած երկրների վարչական ու տնտեսական ղեկավարները (կամ էլ նրանց նախորդները) դիալեկտիկայի կամ կիբեռնետիկայի գիտակներ են: Իհարկե, ոչ: Նրանցից շատերը, թերևս, միայն այդ անունները լսած լինեն: Բայց բանն էլ այն է, որ նրանց գործողությունները գործնականում դիալեկտիկակիբեռնետիկական են: Այստեղ զարմանալի ոչինչ չկա: Այո՛, դարեր առաջ չեն եղել ո՛չ դիալեկտիկան, ո՛չ էլ կիբեռնետիկան, բայց նրանց օրենքներն ու սկզբունքները գործել են: Ծիծաղելի կլիներ մտածել, որ մինչև Նյուտոնի հայտնագործությունը ծառից պոկված խնձորը վայր չէր ընկնում: Այդ օրենքները գործել են նաև հասարակական հարաբերություններում: Եթե չգործեին, չէին էլ հայտնագործվի: Փոխանցվելով սերնդեսերունդ՝ դրանք ընկալվել են ավելի ու ավելի խոր և ժամանակի հարահոսում աստիճանաբար դարձել կենսափորձ, ժառանգական հիշողություն-հարստություն:
Կարելի է ասել, որ հայ ժողովուրդն էլ նախկին վարչակարգից այդպիսի մտածողություն ժառանգություն ստացավ: Սրանով կարելի է բացատրել, բայց ոչ երբեք արդարացնել նոր ղեկավարների, մեղմ ասած, անկարողությունը ժողովրդավարական բարեփոխությունների գործում, ղեկավարներ, ովքեր աճապարեցին և աճապարում են պետական շինարարության հսկայամասշտաբ խնդիրներ լուծել` առանց գնահատելու կառավարման հարցում իրենց կարողության և իմացության աստիճանը: Այնուհետև իր սև գործը կատարեց ինքնարդարացման բնազդը, այստեղից բխող բացասական բոլոր հետևանքներով: Իհարկե, մի օր մեզ էլ կհաջողվի հայտնագործել վաղուց հայտնի հեծանիվը, սակայն որքա՜ն ժամանակ և միջոցներ կխնայեինք, որքա՜ն տառապանքներից կխուսափեինք, եթե կարողանայինք օգտվել այդ հզոր մտավոր զենքից, որի օգտակարությունն ու անհրաժեշտությունը հաստատող երկու օրինակ բերեմ:
Առաջին: Կառուցվածքային առումով հասարակական համակարգի սկզբունքային տարբերությունն այլ համակարգերից այն է, որ նրանում համակարգի օղակ է հանդիսանում ՄԱՐԴԸ, իսկ ավելի ճիշտ` մարդ-ղեկավարը, այսինքն` բնական բանականությունը (ԲԲ): Արհեստական բանականության մոդելները դեռևս հեռու են ԲԲ-ին այն աստիճան փոխարինելուց, որպեսզի արդյունավետ կիրառվեն հասարակական համակարգի մոդելում: Տեխնիկական համակարգ նախագծողները, ելնելով համակարգի առջև դրված նպատակներից, նրա բոլոր օղակների համար հաշվարկում և որոշում են նրա աշխատանքային բնութագծերը, որից հետո կառուցում դրանք: Նույն կերպ հնարավոր չէ վարվել մարդ-օղակի հետ, որի վրա հանրությունը (համակարգը) դնում է որոշակի պարտականություններ: Անհնար է «կառուցել» այնպիսի մարդ-օղակ, որի բնութագծերը ճշտորեն համապատասխանեն ներկայացվող պահանջներին: Այստեղից էլ ծնվում է կադրային քաղաքականության խնդիրը: Դիալեկտիկայի և կառավարման տեսության դիրքերից ցանկացած ղեկավարի գործունեությունը պետք է խարսխվի երկու հակադրությունների՝ իշխանության և հետադարձ կապի միասնության վրա: Հետադարձ կապի ակտիվության աստիճանն էլ պայմանավորում է ղեկավարի պաշտոնավարման մեջ ժողովրդավարության աստիճանը: Այն ղեկավարը, որն անտեսում է հետադարձ կապը կամ գաղափար չունի դրա մասին, ղեկավար կարող է լինել այնքանով, որքանով որ գործող մեթոդաբանությունն է թույլ տալիս:
Կիբեռնետիկայի լեզվից «թարգմանաբար» անցնելով սովորականի, կադրերի ճիշտ ընտրության և գնահատման հարցի վերաբերյալ դեռևս 20-րդ դարի 70-ականների կեսերին դիպուկ առաջարկություն էր արել կառավարման պրոբլեմների համամիութենական ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Վ. Տրապեզնիկովը: Նա առաջ էր քաշել, այսպես կոչված, «բայական կառավարման» սկզբունքը, համաձայն որի ղեկավարը պետք է բավարարի հետևյալ չորս բայերին՝ ԻՄԱՆԱԼ, ՀԱՍԿԱՆԱԼ, ՑԱՆԿԱՆԱԼ, ԿԱՐՈՂԱՆԱԼ: Եթե ղեկավարը չունի այս հատկանիշներից թեկուզ մեկը, նա չի համապատասխանում իր պաշտոնին: Բայական կառավարումը կարող է չափանիշ ծառայել կառավարման որակը բնութագրելու համար, անկախ նրանից՝ խոսքն առանձին անհատի մասի՞ն է, թե՞ ողջ օղակի: Մեր առաջին նախագահը գիտեր, հասկանում էր և կարող էր, բայց չցանկացավ, ինչի դառը պտուղները ճաշակում ենք լիուլի: Երկրորդ նախագահը նույնպես գիտեր, լավ էլ հասկանում էր, գուցեև ցանկանում, բայց չէ՞ր կարողանում. դժվար է ասել: Իսկ ներկա նախագահի անձնական կարողություննե՞րն են պակաս, թե՞ ձեռքերը կապված…
Փորձենք գնահատել մեր ԱԺ-ն: Երկրի համար մի քանի բախտորոշ հարցերի քննարկումների արդյունքները ցույց են տալիս, որ ԱԺ-ն չորս բայերից ոչ մեկին չի բավարարել և չի բավարարում: Մի՞թե կարելի է տխրահռչակ սեփականաշնորհման անվան տակ օտարին հանձնել այնպիսի ռազմավարական միջոցներ, ինչպիսիք են երկրի կապը, էներգետիկան և տրանսպորտը: ԱԺ-ն ոչ կիբեռնետիկական գլուխ է մեր տառապյալ ազգի ուսերին: Թույլ տանք մեզ գնահատել և օտար ղեկավարներին, օրինակ` ՌԴ-ի նախագահներին: Բազմաթիվ օրինակներով կարելի է ցույց տալ, որ նրանք տիրապետում են բոլոր չորս բայերին, ինչը չենք կարող ասել մեր նախագահների մասին:
Օրինակ երկրորդ: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ «դիալեկտիկակիբեռնետիկական մեթոդաբանություն» բառակապակցությունը ոչ որպես արտահայտություն, այլ որպես բովանդակություն կամ գաղափար դեռևս 20-րդ դարի սկզբներին կիրառել է ժամանակի հեռատես կոմունիստ-մարքսիստ Ալեքսանդր Բոգդանովը: Դեռ 1908-ին նա զգուշացնում էր բոլշևիկներին և հատկապես Լենինին` դասական ակունքների և սկզբունքների հնարավոր աղավաղումների մասին առաջին սոցիալիստական պետությունում: Նա գրում է. «Անգամ այնտեղ, որտեղ սոցիալիզմը կդիմանա և կհաղթի, նրա բնույթը խորապես և երկարատև կաղավաղվի շատ տարիներ տևող շրջափակումով, անհրաժեշտ տեռորով և ագրեսիվ զինվորականությամբ, որոնց անխուսափելիորեն կհետևի բարբարոսական հայրենասիրությունը: Դա բոլորովին էլ մեր սոցիալիզմը չի լինի: Դարեր տևած ազգային գժտությունը, փոխադարձ անըմբռնողությունը, կոպիտ ու արյունալի պայքարը հոգեբանության վրա, և մենք չգիտենք էլ, թե որքա՜ն բարբարոսություն և նեղմտություն կբերեն աշխարհի սոցիալիստներն իրենց նոր հասարակարգում»: Այս խոսքերն ասվել են խորհրդային պետության ստեղծումից մոտ 10 տարի և փլուզումից ավելի քան 80 տարի առաջ, բայց դրանցում պարզորոշ տեսնում ենք քաղաքացիական կռիվների, փոխադարձ ատելության և ռազմական կոմունիզմի այրող, մոխրացնող շունչը, երեսնականների տեռորը, մատնությունների բարոյահոգեբանորեն շնչահեղձ անող լուծը և մարդկային անհատականությունների ստեղծագործ կարողություններն ու ազգային առանձնահատկություններն աղավաղված գաղափարախոսությամբ կաղապարող, հաճախ նաև կոպտորեն ճնշող միակուսակցականության բուլդոզերիզմը:
Բոգդանովի խոսքերն աստղագուշակություն չեն, այլ դիալեկտիկակիբեռնետիկական մեթոդաբանության իմացության և արդյունավետ կիրառման ուսանելի օրինակ: Ավելորդ չեմ համարում նկատել, որ Բոգդանովը 1910-ին արդեն հեռացվել էր ՌՍԴ(բ)Կ կենտկոմի կազմից` որպես մատերիալիզմից երես թեքած անհետևողական մարքսիստ: Բոգդանովը 1909-ին սկսում է գրել իր մեծարժեք, սակայն, ցավոք, ոչ իր ժամանակին (որովհետև չէր հասկացվում, ժամանակից շատ էր առաջ անցել), ոչ էլ հետագայում (որովհետև մոռացության էր մատնվել. գործել էր «նորին մեծություն» նախանձը) արժանի գնահատական չստացած «Տեկտոլոգիա» գիրքը (հունարեն «տեկտոն»՝ շինարար բառից): Բոգդանովն առաջինն է պատմության մեջ գիտականորեն ուշադրության արժանացնում այսօր արդեն ամբողջովին ձևավորված կառավարման տեսության հիմնարար հասկացությունը` «հետադարձ կապը», անվանելով այն «կրկնակի փոխադարձ կարգավորման մեխանիզմ»: Ով գիտե, թե ինչ ասել է հետադարձ կապ, կհասկանա, թե ինչու՝ կրկնակի և այն էլ՝ փոխադարձ, և ճիշտ կգնահատի Բոգդանովի մտածողության եղանակի օգտակարությունն ու անհրաժեշտությունը: Հետաքրքիր է և այն, որ Բոգդանովը սկզբում փորձել է իր գիրքը վերնագրել «Համընդհանուր կազմակերպողական գիտություն»:
Բնականաբար, մի կարևոր հարց է առաջ գալիս. ինչպե՞ս գտնել (ընտրել) բայական կառավարման սկզբունքին բավարարող, նրա մեթոդաբանությամբ զինված անհատին կամ անհատներին: Այստեղ մենք հայտնվում ենք, այսպես ասած, սատանայական փակ շրջանի մեջ: Բավարար ժողովրդավարությունը թույլ է տալիս կատարել կադրերի ճիշտ ընտրություն, իսկ ճիշտ ընտրված կադրն էլ ժողովրդավարության ապահովման երաշխիք է: Ստացվում է, որ եթե չկա մեկը, չի լինի մյուսը: Սակայն բավական է գոնե մեկ անգամ կարողանալ կատարել կադրերի ճիշտ ընտրություն, և համակարգն աստիճանաբար ու աննահանջ կգնա ինքնակարգավորման: Այդ մեկ անգամին հասնելու հավանականությունը մեր իրականությունում բավարար է, քանի որ կան այդ սկզբունքին բավարարող անհրաժեշտ քանակությամբ մտավորական կադրեր: Ցավոք, նրանց մեծամասնությունը չգիտի իր ով լինելը և որտեղ լինելու անհրաժեշտությունը, ինչից մշտապես օգտվել են, Ջիվանու խոսքերով ասած, համբակներն ու գրավել վարչատնտեսական ու քաղաքական ասպարեզներ: Կարճ՝ սա կոչվում է գիտականորեն քաղաքական պայքարի կազմակերպում, որը բոլոր տեսակի պայքարներից ամենադժվարն է, ամենավտանգավորը և ամենաանհրաժեշտը, քանզի այն պայքար է հանուն հայրենիքի, բայց նախ և առաջ ներքին ճակատում, մի բան, որը մեր պատմության վերջին հազարամյակում աննախադեպ է:
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Տեխնիկական գիտ. թեկնածու

Դիտվել է՝ 3548

Մեկնաբանություններ