Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ո՞Վ ԵՄ ԵՍ

Ո՞Վ ԵՄ ԵՍ
06.05.2011 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ
Ես միշտ ձգտում եմ տարբերել, թե ով եմ ես իրականում, և ինչպիսին են տեսնում ինձ ուրիշները։ Ախր ուրիշներն անորոշ քանակությամբ են, և յուրաքանչյուրն ինձ տեսնում է յուրովի։ Ինչպես կհաշտվեմ դրա հետ, երկրորդական հարց է, սակայն ես ընդմիշտ կմնամ այնպիսին, ինչպիսին կամ իրականում։ Մեկն ինձ գերագնահատում է, դրանից ավելի լավ չեմ դառնա, մյուսը թերագնահատում է, դրանից ես ավելի վատ կամ ավելի չնչին չեմ դառնա։ Նա, ով ունի գոնե մի փոքր կենսափորձ, գիտի, թե ինչպես կարելի է մարդու բարի համբավն արատավորել բամբասանքներով, չարախոսությամբ կամ զրպարտանքով։ Մի պահ երևակայեք, թե ինչեր են խոսում մեր մասին։ Եթե դա լսում է պատանին, զայրանում է ու կայծկլտում, հասուն տղամարդը կարհամարհի սուտ զրպարտանքները, տարեցն ավելի շատ կամփոփվի ինքն իր մեջ։ Հիմար կամ չար մարդիկ հիմարություններ են դուրս տալիս, ինչը հաճախ հեշտ չէ տանել, սակայն բոլոր հանգամանքներում ամեն մարդ պետք է խորապես զգա, որ ինքը մնում է այնպիսին, ինչպիսին կա իրականում։
Բոլորին դուր գալու հույսը միամիտ է և անհեռանկար, ինչպես և այն ցանկությունը, որ քեզ դիտեն ճիշտ կողմից և գնահատեն արդարացիորեն։ Դա հատկապես վերաբերում է մեր փոթորկալից ժամանակաշրջանին։ Ինչքան բարդ, նուրբ և խոր է մարդու ներքին էությունը, և ինչքան տպավորիչ նրա արտաքինը, այնքան հաճախ են նրան ոչ ճիշտ ընկալում, ավելի անարդարացիորեն գնահատում։ Մեզ` հասարակ մարդկանց համար, իհարկե, ավելի հեշտ է. ո՞վ է հետաքրքրվում մեզանով։ Ո՞վ կնախանձի մեզ չափից դուրս։ Չէ՞ որ նույնիսկ ճնճղուկները մեր կողքով թռչում-անցնում են անտարբեր։ Եվ այնուամենայնիվ, մենք էլ գործ ունենք հասարակական կարծիքի «ծուռ հայելու» հետ, հաստատվում ենք նրա կողմից ու պաշտպանվում նրանից։
Մեզ հարկավոր է մեկընդմիշտ հաշտվել այն բանի հետ, որ մեզնից յուրաքանչյուրն ունի իր «արտացոլումը», և այդ «արտացոլումը» «նմանությունը» չէ։ Մենք չպետք է ընկնենք ուրիշների հոգիներում մեր սեփական արտացոլումների հետևից` դրանք շտկելու կամ գեղեցկացնելու համար։ Ավելի նպատակահարմար է մեծահոգաբար և ազնվորեն բոլոր մարդկանց տալ «սխալվելու իրավունք» և չվերցնել մեզ վրա ճշմարիտ «ռետուշման» պարտականությունը։ Արժե պատկերացնել, թե ինչ գժանոց կլիներ, եթե բոլորն ընկնեին այն բանի հետևից, որ կարկատեն կամ գեղեցկացնեն իրենց կերպարն ուրիշների հոգիներում. դա կլիներ մի անարժան զբաղմունք թերարժեքությամբ տառապող մարդկանց։
Ճիշտ չեն սեփական գոյությունն օտար մարդկանցից լիակատար կախման մեջ դնելը, սեփական արժանապատվությունն օտարի կարճատեսությանը կամ թշնամանքին վստահելը, անձնական կյանքի կենտրոնի անհայտացումը թույլ տալը։ Գոյությունն ավելի առաջնային է, քան երևութական, խաբուսիկ բաները։ Ես այն չեմ, ինչի մասին խոսում են, քչփչում կամ գոռում ուրիշները։ Ես շատ ավելի մեծ եմ, քան նրանց անհասկացող, չար, ցածր հերյուրանքների փոխհատումը։ Բայց և այնպես, ո՞վ եմ ես։ Ես այն եմ, ինչը իսկապես կամ։ Ես այն եմ, ինչի մասին բաց սրտով, առանց տատանվելու արտահայտվում եմ։ Ես այն եմ, ինչի վրա իմ էությունը կենտրոնանում է սիրով, և վեր է բարձրանում աղոթքը։ Ինձ հարկավոր է փնտրել այնտեղ, որտեղ իմ մեջ վերանում են ահն ու սարսափը։ Ինձ կարելի է գտնել այնտեղ, որտեղ իմ մեջ հասունանում են ճակատագրական որոշումները, որտեղ սկսվում են իմ կյանքի վճռական և վերջնական արարքները։ Ես այնտեղ եմ, որտեղ գործում եմ, ես այն եմ, ինչը կատարում եմ։ Այնտեղ եմ ես «իսկապես», և դա է իմ «իրողությունը»։ Ես իմ «աչքն» եմ, իմ «սիրտը»։ Ես եմ իմ «խոսքը», որը ծնվում է սրտի «ընկալումից»։ Ես իմ «արարքն եմ», որը հետևում է իմ աչքին, սրտին, խոսքին։ ՈՒ եթե այդ ամենը ես եմ, ուրեմն ինձ չի հերիքում միայն վերջնական համոզվածությունը, որ դա իրոք ես եմ։ Իսկ եթե իմ մեջ կա այդ համոզվածությունը, այդ ժամանակ ես կրում եմ սեփական արժանապատվության իսկական աղբյուրը, և ինձ հավասարակշռությունից չեն հանի ուրիշների ասեկոսեներն ու փնթփնթոցը։
ՈՒ եթե խաբուսիկ արտաքինը շփոթեցնում է և կառավարում աշխարհը, ինձ նա չի կարող ո՛չ հրապուրել, ո՛չ անակնկալի բերել։ Եվ ինչպես կասեր Մարտին Լյութերը. «Կանգնած եմ անսասան և չեմ կարող այլ կերպ։ Եվ Աստված է ինձ օգնական։ Ամեն»։ Աշխարհը կարելի է բժշկել միայն հոգեկան արժանապատվությամբ և նվիրվածությամբ, միայն այնպիսին լինելու քաջությամբ, ինչպիսին կաս։

Պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 12232

Մեկնաբանություններ