Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՄՈՍԿՎԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՍՑՆԵ՞Լ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՔԹԻՆ

ՄՈՍԿՎԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՍՑՆԵ՞Լ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՔԹԻՆ
27.11.2009 | 00:00

Եթե ոչ շատ վաղուց բազմաթիվ ռուս փորձագետներ հանդիմանում էին Կրեմլին, որ ռուսական իշխանությունները, որպես կանոն, գործում են միայն պատասխան արձագանքման ռեժիմում և չունեն Հարավային Կովկասի վերաբերյալ հստակ քաղաքականություն, ապա այժմ Ռուսաստանի նախագահի նոր, պրագմատիկների վարչակազմը, թերևս, որոշել է «շտկել դրությունը»։ Ընդ որում, իրական քաղաքականություն վարելու շատ ինքնատիպ տրամաբանությամբ և գերարժեքության բարդույթի ակնհայտ դրսևորումներով, որի արդյունքում, փաստորեն, փոխվում է քաղաքականությունը «ֆորպոստ» Հայաստանի նկատմամբ։
Նախագահ Մեդվեդևն իշխանության գալուց անմիջապես հետո նախանշեց Ադրբեջանի հետ նոր «ռազմավարական հարաբերությունների» հաստատման կուրսը և կարծես հետ չնայելով սլանում է Մոսկվա-Բաքու նոր բացված ճանապարհով։ Պարզվում է, որ ռուս-ադրբեջանական «բարիդրացիական ու բարեկամական» հարաբերություններն արդեն օրինակելի են համարվում ամբողջ հետխորհրդային տարածքի համար, և Ռուսաստանի ղեկավարը չի երկնչում ամրագրելուց, որ «եթե բոլոր հարևանների միջև լինեին այսպիսի հարաբերություններ, ապա աշխարհում պրոբլեմներ չէին լինի»։ Այս ամենը, անշուշտ, ընդամենը սահմանափակ բնորոշումն է այն շքեղ ընդունելության, որին արժանացավ Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի ՈՒլյանովսկ քաղաք կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում։ Ալիևին օդանավակայանում դիմավորեց ինքը` Մեդվեդևը, ինչն առհասարակ նոնսենս է Ռուսաստանում հաստատված պետական արարողակարգի շրջանակներում։ Հազիվ թե հնարավոր լինի մտաբերել մեկ այլ դեպք, երբ Ռուսաստանի ղեկավարն անձամբ է գնացել դիմավորելու մեկ այլ երկրի թեկուզ առաջին դեմքին։ Հազվադեպ են պարագաները, երբ այդպիսի դրսևորում ունեցել է երկրի վարչապետը, այն էլ` ոչ երբեք Պուտինը։
Օդանավակայանից նախագահները բանակցությունների են մեկնել նույն ավտոմեքենայով, միասին ներկա գտնվել Վոլգան հատող նոր կամրջի բացմանը, որը, պարզվում է, «ինքնատիպ հուշարձան է Հեյդար Ալիևին», որովհետև վերջինս ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ եղած ժամանակ քվեարկել է այդ կամրջի կառուցման օգտին, թերևս մոռանալով շինարարության ֆինանսավորման մասին։ Եվ կամուրջը դարձավ ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած ամենաերկարատև կիսակառույցներից մեկը. շինարարությունը սկսվեց 1980-ականներին և ավարտվեց միայն 20 և ավելի տարի անց։ Սենսացիոն էր նաև ռուսական կողմի նոր «դիվանագիտական» մոտեցումը` Ալիևի արձանի տեղադրումն ՈՒլյանովսկում։ Ընդհանրապես, հանգուցյալ նախագահի արձանադրումը Բաքվում վերածվել է արտաքին քաղաքականության ուղղության, և այն երկրները, որոնք բարեկամության այդպիսի ապացույցներ են ներկայացնում, ինքնաբերաբար դառնում են Ադրբեջանի բարեկամները։ Մի խոսքով, դժվար է մտաբերել, որ Ռուսաստանում վերջին տարիներին որևէ մեկին այս ձևով դիմավորած լինեին։
Անշուշտ, այս այցելությանը կարելի էր և առհասարակ նշանակություն չտալ, եթե այն չհաջորդեր Սարգսյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը։ ՈՒլյանովսկում բանակցությունների լուսաբանման գործընթացից պարզվեց նաև, որ Ադրբեջանի նախագահը «մանրամասն տեղեկություններ հաղորդեց Ռուսաստանի նախագահին ղարաբաղյան բանակցությունների հերթական փուլի մասին», թեպետ դա կարծես մտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանը ներկայացնող համանախագահի պարտականությունների մեջ։ Իր հերթին Մեդվեդևը ողջունել էր «դրական առաջընթացը» և հավաստիացրել գործընկերոջը, որ «Մոսկվան հետագայում էլ կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ»։ Մինչդեռ մոսկովյան այցի նախօրեին Ադրբեջանի նախագահը փորձեց ցնցում առաջացնել միջազգային հանրության մեջ, հայտարարելով, թե «մեր հողերը ռազմական ճանապարհով ազատագրելու տարբերակը չի բացառվում»։ Այս համատեքստում ռուսական փորձագետները կանխատեսում են, թե Ալիևին հրավիրելու Մեդվեդևի նպատակը նրան «հանգստացնելն էր»։ Իսկ որպես հանգստացնելու հիմնարար միջոց Մոսկվայում համարում են «այն բարիդրացիական ու գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, որոնք Հարավային Կովկասում կայունության պահպանման կարևորագույն գործոններից մեկն են»։ Հընթացս արձանագրվել է, որ կողմերը միասին են լուծելու տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Այսպիսի մոտեցումների դրսևորումը Հայաստանի համար ոչ միայն անցանկալի, այլև խիստ մտահոգիչ է։ Անգամ ռուսների անհիմն ինքնավստահության պարագայում, թե, միևնույն է, «հայերը փախչելու տեղ չունեն», այսպիսի դիվանագիտական տատանումը, տարրական տրամաբանության համաձայն, չի կարող չազդել «ֆորպոստ» Հայաստանի բնակչության և քաղաքական ուժերի տրամադրությունների վրա։ Բնականաբար, հարց է առաջանում, թե որոնք են այն պատճառները, որոնցից ելնելով Կրեմլը, հանուն հիպոթետիկ շահերի, կարծես պատրաստ է զոհելու հայ-ռուսական տարիներով մշակված և կառուցված հարաբերությունները։ Եվ ինչու է Մոսկվան այդքան ակտիվացրել դիվանագիտական գործունեությունը հայ-ադրբեջանական հաշտեցման հասնելու համար։ Արդյոք սա միայն Վաշինգտոնի «քթին հասցնելու» ցանկությո՞ւն է, թե՞ Ռուսաստանը դրանով փորձում է նոր կարգավիճակով ամրապնդվել տարածաշրջանում։
Այս հարցերի պատասխանները, անշուշտ, միանշանակ չեն։ Սակայն, մասնավորապես, փաստ է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Ռուսաստանի և Ադրբեջանի փորձագիտական շրջանակները էներգետիկ բնագավառում երկու կողմերի համագործակցությունը, չգիտես ինչու, պայմանավորում են Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումով։ Ընդ որում, ադրբեջանական դիվանագետների կողմից հազվադեպ չեն պնդումները, թե ադրբեջանական գազը Կրեմլին կտրվի Ղարաբաղի դիմաց, իսկ նավթն արդեն յուրօրինակ սպեղանի կդառնա ռուսական տնտեսության համար։ Կան պնդումներ, թե Բաքուն գազի հարցում պատրաստ է ցանկացած զիջումների ղարաբաղյան խնդիրն իր օգտին լուծելու համար։ Ռուսաստանում էլ կան համոզվածներ, որ եթե Բաքուն ավելի լուրջ հակում ցուցաբերի Մոսկվայի հետ համագործակցելու, ապա նոր գազամուղների անցկացման գաղափարը Հարավային Կովկասում պարզապես կմեռնի։ Այս տարվա ամռանը Ռուսաստանի նախագահի Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ կողմերը ստորագրեցին պայմանագիր, որ «Գազպրոմը» Ադրբեջանից կգնի 500 մլն խմ գազ։ Այժմ Մոսկվան փորձում է վերանայել այդ համաձայնությունները և պատրաստ է անգամ ավելի շատ վճարել, քան այլ հավանական գնորդներ, որպեսզի դրանով տապալի «Նաբուկո» ծրագիրը։
Սակայն հազիվ թե կարելի է պնդել, թե այս մարտավարությամբ կարելի է տապալել Արևմուտքի էներգետիկ ծրագրերը։ Վերջերս Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հերթական անգամ հայտարարեց. «Մենք հուսով ենք ու սպասում ենք, որ Թուրքմենստանը կդառնա գազի գլխավոր մատակարարներից մեկը տարբեր շուկաներում»։ Թուրքիան իր հերթին ցանկանում է դառնալ իրանական գազի գլխավոր տարանցիկ երկիրը դեպի Եվրոպա։ Ավելին, կան կանխատեսումներ, որ թուրքմենական գազի պաշարներն այնպիսին են, որ հնարավոր է դրանց մատակարարման ծավալները հասցնել տարեկան 100 մլրդ խմ-ի, և այս կապակցությամբ դժվար է չհամաձայնել ադրբեջանցի փորձագետ Աղաևի հետևյալ մտքին. «Հիմա մեզ վրա կախված է մեկ այլ վտանգ, որ «Նաբուկո» ծրագիրը կիրականացվի Իրանի միջոցով, ու այդ դեպքում Ադրբեջանը կմնա մայրուղու մայթեզրին»։ Եվ այս համատեքստում բավականին տարօրինակ է, որ Ռուսաստանն ինքն է դադարեցնում Աշգաբադին «գնելու» բոլոր փորձերը։ Ռուսական մամուլում եղել են հղումներ, որ «Գազպրոմը» պատրաստվում է նվազեցնել Թուրքմենստանից գազի ձեռքբերումը մինչև չորս անգամ, թեպետ նախկինում Մոսկվան հայտարարում էր, որ միջոցներ չի խնայի իր շահերը պաշտպանելու համար։
Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ գազի հարցը, իր ողջ կարևորությամբ հանդերձ, վճռորոշ չէ ռուս-ադրբեջանական ներկա ջերմ հարաբերություններում։ Այս կապակցությամբ արժե ընդգծել նաև, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում, շատ փորձագետների կանխատեսմամբ, հիմք դրեց նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների Հարավային Կովկասում։ Այս խորապատկերի վրա Կրեմլի համար թերևս ավելի կարևոր է դառնում իր ռազմաքաղաքական ներկայության ընդլայնումը տարածաշրջանում։ Եթե նկատի ունենանք, որ Հայաստանում տեղակայված ռազմաբազան մեկուսացած է և մանևրայնություն չի ապահովում, ապա չի բացառվում, որ Ադրբեջանում հաշվարկել են, որ Ռուսաստանը կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա և զիջումների դրդել վերջինիս։ Միաժամանակ, Բաքվում զգում են իրենց տրամադրության տակ եղած քաղաքական-դիվանագիտական, ինչպես նաև ժամանակային ռեսուրսների սահմանափակությունը, ուստի աշխատում են արագացնել գործընթացը, և դա կարող էր լինել Ալիևի` հրատապ Ռուսաստան մեկնելու հիմնական շարժառիթը։ Չի բացառվում, որ Բաքուն փորձում է Ռուսաստանին մղել ղարաբաղյան կարգավորման գործընթացում սեփական դիրքորոշման մշակման, համարելով, որ ինքը դրանից շահելու ավելի լայն հնարավորություններ ունի, քան եթե բանակցությունները շարունակվեն եռանախագահության ձևաչափում։ Մանավանդ որ Ռուսաստանը չեղյալ չի համարել իր հայտարարություններն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու վերաբերյալ։ Եվ այստեղ ուշագրավ է ռուսական փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքը, որը, թերևս, լույս է սփռում վերջին գործընթացների վրա. «Միակ ռեսուրսը, որ առկա է իրադարձությունների վրա ազդելու առումով, այն է, որ արվի ղարաբաղյան կարգավորման սկզբունքները մոդեռնացնելու փորձ։ Բայց դա կնշանակի ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզում։ Մոսկվան այդպիսի ռիսկի կարող է դիմել միայն այն դեպքում, եթե իր ձեռքին ունի հակամարտության կարգավորման սեփական «ճանապարհային քարտեզը», և միաժամանակ կան երաշխիքներ, որ այն ընդունելու են հակամարտության մասնակիցները»։ Մեկ այլ փորձագետ, ոչ անհայտ Մոդեստ Կոլերովն իր հերթին հայտարարում է պատասխանատու ռուսական փորձագետների գոյության մասին, «ովքեր պատրաստ են նրան, որ նոր հակամարտությունը վերջնականապես կկտրի կարգավորման գորդյան հանգույցը։ Հնարավոր է, որ գոյություն ունի իրադարձություններն այդ սցենարով ուղղորդելու ցանկություն և դրանով իսկ զերծ մնալու պատմական պատասխանատվությունից։ Միգուցե այստեղ պետք է որոնել ռազմատենչ հայտարարությունների պատճառները»։
Ռուսական քաղաքական շրջանակներում արդեն վաղուց տեսակետ է շրջանառվում, որ կարգավորման առաջին փուլը կարող էր դառնալ Հայաստանի համաձայնությունը` «ազատել ադրբեջանական մի քանի շրջաններ առանց Ղարաբաղի ապագա կարգավիճակի հստակեցման»։ Ընդ որում, Մոսկվայում որևէ մեկին քիչ է հետաքրքրում այն, որ Հայաստանը կարող է այդպիսի քայլի դիմել առնվազն միջազգային շատ լուրջ երաշխիքների պայմաններում, ԼՂՀ-ի հայ բնակչության համաձայնությամբ միայն։ Ըստ այդմ, հարց է, թե ինչո՞ւ Ռուսաստանի նախագահի մեջ հանկարծ ցանկություն առաջացավ ՈՒլյանովսկում «հանգստացնել» Ալիևին։ Թերևս իր նշանակությունն է ունեցել այն կարևոր հանգամանքը, որ, համաձայն մադրիդյան սկզբունքների, Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման պարագայում, հնարավոր է համարվում խաղաղապահ ուժերի տեղակայումը։ Մոսկվայի և Բաքվի միջև նոր հարաբերությունների այս գործնական դրսևորումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը հուսով է ղարաբաղյան հակամարտության գոտում տեսնել իր խաղաղապահ զորակազմը կամ էլ գոնե ԱՊՀ ՀԱՊԿ-ի մեջ մտնող պետությունների միասնական ստորաբաժանումը։ Անշուշտ, այս ամենում երկրորդական է, թե պատերազմի վերսկսման դեպքում որքան զոհ կտան կողմերը, կցանկանա՞ն արդյոք հանուն «բարձրագույն» նպատակների ու հավակնությունների իրենց զավակներին ղարաբաղյան ճակատում զոհել թալիշներն ու լեզգիները, որոնցից էլ հիմնականում կազմված են հակամարտության գոտում տեղակայված ադրբեջանական զորամասերը։ Դատելով ամենից, դեռևս «մետրոպոլիայի» կարծրատիպով ապրող Մոսկվայում հավանական չեն համարում, թե իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, որ Երևանն արմատապես կփոխի իր կողմնորոշումները` դրանով իսկ կտրուկ սահմանափակելով ռուսական մանիպուլյացիաների հնարավորությունը և արդյունքում Ռուսաստանին Հարավային Կովկասում թողնելով առանց որևէ «ֆորպոստի»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1355

Մեկնաբանություններ