Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՎՈՐԸ ԵՍ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ»

«ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՎՈՐԸ ԵՍ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ»
01.04.2011 | 00:00

Հայաստան ժամանած Շվեյցարիայի տիկին նախագահը երեկ շատ հավեսով «լվացվեց» թե՛ հայ-թուրքական, թե՛ ղարաբաղյան խնդիրներից:
ՇՎԵՅՑԱՐԻԱ, ԲԵՌՆ, ԾԱՂԿԻ ՓՈՂՈՑ
Բա ինչի՞ էր եկել մեծարգո տիկինը։ Երբ թվում էր, թե ապրիլի 24-ի նախօրյակին «բալքի» մի մեսիջ բերած կլինի հայ-թուրքականի մասով:
Հը՛-ը: Եկել էր ասելու՝ ինձ վրա հույս չդնեք, մենք մեր միսիան ավարտել, ձեռներս լվացել ենք, մնացածը դուք գիտեք (հա, բա հո չէ՞ր ասելու` գիտե՞ք, մեր՝ չեզոք երկիրն էր այդ հարցում միսիոներ, որպեսզի գործընթացը տապալվելու դեպքում մնացած երկրները սևերես չմնային, իմիջաթափ չլինեին, շարունակեին իրենց բազարները Թուրքիո հետ): Այսպիսով, տիկին նախագահի այցը Հայաստան նախ՝ պարիտետային էր: Որոշ ժամանակ առաջ նա եղել էր Ադրբեջանում: Եվ հետո, տիկինը եկել էր իրենց դեսպանատունը «մեզանում» անձամբ բացելու: Ինչո՞ւ: Այս փուլում, երբ նրա «նապարնիկները» Եվրոպայում զբաղված են անչափ կարևոր մերձավորարևելյան հարցերով ու որոշում են աշխարհի ճակատագիրը, մեկը պիտի՞ նույնքան կարևոր էս տարածաշրջանում գլուխ քաշի, տեսնի՝ ի՞նչ կա-չկա: Եվ դարձյալ՝ Շվեյցարիայի պես չեզոք մեկը: Որ ստացվի «պատկեր», թե Արևմուտքը ոչ մի բանի չի խառնվում, տարածաշրջանը «տվել» է Ռուսաստանի ողորմածությանը, որպեսզի ինքն էլ իր ձեռքերին ազատություն տա Լիբիայի ու Սիրիայի կողմերում: Համ էլ հասկացնի` իրենք էնքան «չեն տվել» տարածաշրջանը Ռուսաստանին, որ Շվեյցարիայի մակարդակով էլ չգան-չգնան, իմանան՝ ինչ է այստեղ կատարվում, ումով, ինչպես:
Բանն այն է, որ արաբական դեպքերը մոտենում են Սիրիային, այնտեղից էլ՝ «կմոտենան» Իրանին, իսկ այդ ժամանակ պետք կլինի ոչ միայն ողջ Եվրոպայի, այլև աշխարհի գեներացիան։
ՈՒ մինչ Հյուսիսատլանտյան դաշինքը ոտի տեղ է անում Լիբիայում ցամաքային գործողությունների համար (երեկ մեկ էլ ու կոալիցիան «հայտնագործեց», թե բա չեք ասի՝ «Հըզբոլլահն» ու «Ալ Քաիդան» լիդերներ ունեն լիբիական ընդդիմության շարքերում: Սա՝ մեկ: Հետո էլ, Քադաֆիի զորքերն սկսեցին հետ մղել ընդդիմադիրներին, ուրեմն, ճիշտ ժամն է ՆԱՏՕ-ի ցամաքային գործողությունների, ինչը մինչև վերջին վայրկյանն ալյանսը «մերժում» է, ուստի մինչ այդ, մինչ Իրան «հասնելը» մեկն էս կողմերում պե՞տք է Արևմուտքի հանգիստ, անշառ դեմքն ու մունդիրի պատիվը պահի, ցուցանի:
Եվ, ի դեմս տիկին Միշլինի, դա արվում էր:
Տիկինը բավականին համակրելի էր` նույն ինքնատիպ սանրվածքով: Արձանագրությունների ստորագրման ժամանակ թվում էր շատ բարձրահասակ ու սառը: Էդպիսին չէր: Նույնիսկ մեկ անգամ ժպտաց, երբ Սերժ Սարգսյանը, նման հանդիպմանն առաջին հայացքից «անհարիր», անչափ կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ:
Այսպիսով՝
ՇՎԵՅՑԱՐԻԱ, ՑՅՈՒՐԻԽ, ԱՆԾԱՂԻԿ
Նախ` ասուլիսն ահագին ճանաչողական էր: Իմացանք՝ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մայիսին մեկնելու է Շվեյցարիա (հա, էլի՛, անշառ երկիր է, էս խառը փուլում նախաձեռնողականությունը պետք է տեղափոխել հենց այդպիսի բուֆերային գոտիներ. բայց կներեք. մայիսին՝ ե՞րբ. կարծում ենք՝ մայիսի 9-ից հետո, երբ բացված կլինի Ստեփանակերտի օդանավակայանը և… հերթով):
Հետո էլ իմացանք, որ «նմանն զնմանին գտանե». իմա՝ Շվեյցարիան մեր Տաթևի, Ջերմուկի ու Ծաղկաձորի նկատմամբ ուժեղ հետաքրքրություն ունի, տուրիստական ծրագրեր է իրականացնում էդ կողմերում:
Հաջորդ «իմացումն» է՛լ ավելի էկզոտիկ էր. Շվեյցարիան համագործակցում է ՀՀ տեղական ինքնակառավարման նախարարության հետ (լավ չհասկացանք՝ դա եվրոպաներում սատարումներ ունեցող Արմեն Գևորգյանի «զասլուգա՞ն» էր, թե՞ նախկին նախարար Հովհաննես Ա-ի. չմոռանանք, որ մեր Հովհաննես Ա-ն, որպես ՀՀ խորհրդարանի նախագահ, աշնանը Շվեյցարիայում` Ծաղկի փողոցում էր ու քիչ էր մնացել «Ցյուրիխ-2» գործընթացն սկսեր, մի կերպ կանգնեցրին):
Ի դեպ, ցիվիլ, մարդասեր Շվեյցարիան ոչ միայն աչքի է ընկել 1894, 1915 թվերին հայոց ցեղասպանությունների ժամանակ հայ ժողովրդի սատարմամբ, 2003-ին էլ այդ ոճրագործության պետական ճանաչմամբ, որպես շարունակականություն՝ 2009-ին Ցյուրիխը դարձնելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պատմական վայր, այլև Գյումրու երկրաշարժից հետո «հաստատվել» է Գյումրիում ու առայսօր ծրագրեր է իրականացնում այնտեղ (այսօր տիկին Միշլինը կլինի Գյումրիում):
ՇՎԵՅՑԱՐԻԱ, ԲԵՌՆ. ՏԻԿԻՆ ՄԻՇԼԻՆԸ «ՍԱՄԱԼՅՈՏ» ՉԻ ՆՍՏՈՒՄ
Չնայած Սերժ Սարգսյանն ասաց, որ ողջ մարդասեր Շվեյցարիան կլինի «Դինք», իմա՝ «ամբողջությամբ կպաշտպանի» Հայաստանին, եթե պաշտոնական Բաքուն փորձի պայթեցնել դեպ Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռը, որի մեջ, որպես առաջին ուղևոր, կլինի հենց ինքը՝ ՀՀ նախագահը, այդուհանդերձ, Միշլին Կալմի Ռեյի համար հարցադրումը խիստ անսպասելի էր, և նա շվեյցարացուց է՛լ ավելի շվեյցարացի պատասխանեց իրեն ուղղված հարցին` ինչպե՞ս է ինքը վերաբերվում Ստեփանակերտ մեկնող ինքնաթիռները ռմբակոծելու Ադրբեջանի հայտարարությանը, որը Սերժ Սարգսյանն իրավամբ, հենց նույն եվրոպացի տիկնոջ կենդանի ներկայությամբ, համարեց ահաբեկչական, «մառազմատիկ, հիվանդ երևակայության արդյունք», արձանագրումով, որ նման ահաբեկչական հայտարարություն երբևէ և որևէ պետության կողմից երբեք չի հնչել:
Տիկինն անդրդվելի էր: Շվեյցարական Ալպերի իր բարձունքներից նա չցանկացավ «խառնվել» հարավկովկասյան գործերին ու տվեց առավել քան դիվանագիտական-կոնյունկտուրային պատասխան, որը բացարձակապես կապ չուներ իրեն ուղղված հարցի հետ. Ղարաբաղի խնդրով զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ-ն:
Նույնիսկ չասաց, որ իրենք աջակցում են ԵԱՀԿ ՄԽ-ին՝ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար (դեռ շնորհակալություն, որ Աժբուլիսի նման չպահանջեց՝ կլինի՞, մի հատ ձեր դիպուկահարներին հետ քաշեք Ադրբեջանի կողմերից, թող հանգիստ-նորմալ նրանք ռմբակոծեն ձեր ինքնաթիռները, որովհետև նրանց սիրտը «սամալյոտի միս է ուզում»):
Այդքանով էլ Շվեյցարիան Շվեյցարիա է, յան քաշած, իր համար` անպատերազմ, ինքնաթիռավոր:
Դառնալով Սերժ Սարգսյանի՝ այդ առնչությամբ արած հայտարարությանն ու ձևակերպումներին, պետք է արձանագրել, որ վերջին շրջանում կոշտությամբ ու կտրուկությամբ աչքի ընկնող նրա հայտարարությունների մեջ այս մեկն իր «ադեկվատությամբ», եթե չասենք՝ «բարձր դոզայնությամբ», խիստ առանձնանում էր` հաշվի առնելով ասելիքի պահն ու տեղը:
Ընդ որում, այլ կերպ, քան նման պատասխանով, հնարավոր չէր, որովհետև նախ՝ «ռմբակոծության» հայտարարությունն այս անգամ արել էր ոչ թե բանակի ներկայացուցիչը, ոչ թե Ալիև-պուճուրը, այլ Ադրբեջանի քաղավիացիայի շեֆը: Իսկ սա նշանակում է ողջ Ադրբեջանն այլևս վերածվել է խունտայի:
Եվ հետո` շվեյցարական փխրուն տիկնոջ հետ ասուլիսում, իմա՝ այդպիսի բարձր ամբիոնից էր պետք ուշադրություն հրավիրել այդ իսկապես «մառազմատիկ» դրսևորման վրա:
«Կատարումն» էլ հետաքրքիր էր: Զուգահեռ ասոցիացիա էր առաջանում՝ «Մենք բոլորս առաջին ուղևորներն ենք այդ թռիչքում» ռեֆրենով:
Ասուլիսում հնչած հաջորդ հարցը նույնպես հետաքրքիր էր. ի՞նչ է կարծում Սերժ Սարգսյանը` ի՞նչ կասի Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում:
Սերժ Սարգսյանն ասաց` մեր ցանկությունը եղել և մնում է նույնը, որ Միացյալ Նահանգների նախագահն իր ուղերձում շատ հստակ գնահատական տա և, իհարկե, արտաբերի «ցեղասպանություն» բառը: ՈՒշադիր. «Ժամանակին անձամբ եմ խնդրել Միացյալ Նահանգների նախագահին, որպեսզի այդ բառն արտասանի»:
Առաջին հայացքից մի քիչ տարօրինակ է, որ մենք այդ մասին խնդրում ենք մեկ ուրիշին, երբ դա բացառապես այդ մարդու և իր Աստծո խնդիրն է (չմոռանանք՝ Օբաման ամեն վայրկյան աղոթում է Աստծուն՝ իրեն ճշմարիտ առաջնորդելու, ուղղորդելու համար):
Հաջորդ տարակուսանքն էլ այդ առնչությամբ այն է, որ այդ մասին ասվում է հիմա, երբ այդ խնդրանքն առնվազն պետք է հնչած լիներ վաղուց և, ըստ ամենայնի, Վաշինգտոնում տեղի ունեցած Օբամա-Սարգսյան հանդիպման ժամանակ:
Ի դեպ, պրոֆիլակտիկայի համար մեկ անգամ ևս հիշենք, որ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ տարածաշրջանային առաջին լիդերն էր, որին հանդիպել էր Օբաման: Մեր ունեցած տեղեկություններով, ի շարս այլ հարցերի, քննարկվել են ոչ միայն ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների, այլև այլ հարցեր (ասենք՝ ամերիկյան նոր կուրսին, գլոբալ խաղի նոր չափորոշիչներին, մոդեռնիզացիոն նոր տենդենցներին Հայաստանի համապատասխանության, մասնակցության հարցը, որի դեպքում էլ ԱՄՆ-ն իր հերթին կաջակցի Հայաստանին ու պրոգրեսը նախընտրող նրա իշխանությանը. մի մոռացեք՝ Բժեզինսկին հայկական արմատներ ունի և կարծում է, որ Հայաստանը կարող է եզակի խաղընկեր լինել Նահանգների համար):
Այսպիսով, ցեղասպանության ճանաչման խնդրանքի բարձրաձայնումը ևս մեկ անգամ մեսիջ էր Հայաստանից դեպ ԱՄՆ:
Բայց` ոչ միայն: Ենթատեքստում Սերժ Սարգսյանը նրբագեղ ժեստով նաև մեսիջ ղրկեց Ջո Բայդենին, որը, ինչպես հիշում եք, ասել էր, թե Սերժ Սարգսյանն է իրենց խնդրել, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունների «պատճառով» ապրիլի 24-ին Օբաման «չարտաբերի» ցեղասպանություն բառը:
Դե, հիմա ևս մեկ անգամ Հայաստանը «խնդրեց», տեսնենք այս անգա՞մ էլ են Բայդենն ու Օբաման մեր «ուզելով» շարժվելու, թե՞….
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1165

Մեկնաբանություններ