«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«ԿԱՆԱԴԱՅԻ» ԿԱՄ «ՇՎԵԴԻԱՅԻ» ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ՀՈՒՇ ԿՄՆԱ

«ԿԱՆԱԴԱՅԻ» ԿԱՄ «ՇՎԵԴԻԱՅԻ» ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ՀՈՒՇ ԿՄՆԱ
06.05.2011 | 00:00

Սերգեյ Դովլաթովը, կարծեմ, մի այսպիսի պատկեր ունի. «Աքաղաղի սեմական կիսադեմը նայում էր խոզի հակասեմական դնչին»։ Պատկերը, իհարկե, այնքան էլ ախորժելի չէ, սակայն հնարավորություն է ընձեռում պատկերացնելու խնդրի էությունը, տվյալ պարագայում` ամերիկացիների ու ռուսների դիմակայությունը` բոլոր հավակնություններով և փոխադարձ կապերով։ «Գերբեռնումն» աստիճանաբար իմաստազուրկ ռազմավարությունից վերածվում է կատակերգական կեղծիքի։ Այժմ, երբ իշխանության են ձգտում Ամերիկայի իսկական տերերը` հանրապետական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչները, Ռուսաստանը հայտնվում է ցայտնոտում, հարկադրված լինելով արագացնել մի քանի հին ու նոր խնդիրների լուծումը։ Դմիտրի Մեդվեդևի գործողությունները հիշեցնում են միջազգային ասպարեզում բարդ ժամանակների նախապատրաստություն, երբ ավելի քան անորոշ կդառնան հարաբերություններն ԱՄՆ-ի ու Եվրոպայի, իսկ այժմ նաև Չինաստանի հետ։ Խոշոր տերությունների ակումբում մնալով խոր մենության մեջ, Ռուսաստանը հույսը դնում է եվրոպական գործընկերների վրա, որոնք, սակայն, ավելի բազմաշերտ խաղ են խաղում և հազիվ թե միջնաժամկետ հեռանկարում հարմար գործընկեր դառնան նրա համար։ Ռուսաստանը ներկա դրության մեջ է հայտնվել քաղաքական ու սոցիալական խոր ճգնաժամի պատճառով, լինելով որևէ երկարաժամկետ դոկտրինից զուրկ, երբ ներքին ու արտաքին քաղաքականությունը գտնվում է խղճուկ, որևէ բանի անընդունակ ինքնագոհ իշխանների ձեռքին, որոնք ձգտում են մեկուսացնել, ապա և վերջնականապես ճամփից հեռացնել Վլադիմիր Պուտինին և մի քանի այլ գործիչների, ովքեր պատկերացում ունե՛ն անելիքների ու խնդիրների մասին։ Իրականում Ռուսաստանն այժմ ոչ մի էական բան չի կարող առաջարկել Արևմուտքին արտաքին քաղաքականության ոլորտում, բացի այս կամ այն ռազմական ու քաղաքացիական տեխնիկայից, ինչպես նաև էներգապաշարներ մատակարարելուց։ Բայց դա բավարար չէ մեծ քաղաքականություն ծավալելու համար։ Արևմուտքի գործընկերոջ դերին հավակնելու համար Ռուսաստանը պետք է զիջումներ անի, ընդ որում, ռազմավարական բնույթի։ Այս կապակցությամբ Մոսկվայում ծավալվել է արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում առաջնային խնդիրների որոշմանն ուղղված քարոզչություն։ Այսինքն, տեղի է ունենում «իմաստների» որոնում, ընդ որում, հանրությանը պարտադրվում է ռազմավարության արժեքի ու նշանակության միանգամայն նոր հայեցակարգ, հանրության գիտակցության մեջ ներդրվում են նոր պատկերացումներ Ռուսաստանի ազգային շահերի առնչությամբ։ Ռուս վերնախավի աչքում Ռուսաստանի ապագան մի «Մեծ Կանադա» է, կամ մի «Մեծ Շվեդիա», այսինքն` ենթադրվում է հարուստ, տնտեսապես բարեկեցիկ մի երկրի մոդել, որն ունի հսկայական բնական պաշարներ, խիստ կրճատված բնակչություն և սահմանափակ արտքաղաքական հավակնություններ։ Այդ գաղափարախոսությունը (որն անգամ գաղափարախոսություն չի կարելի անվանել, այլ ավելի շուտ խոշոր և մանր բուրժուազիայի երազանք) պայմանավորված է նրանով, որ ռուս ազգը կորցրել է նախկին կայսերական դիրքերը պահպանելու ընդունակությունն ու ձգտումը։ Աներևակայելիորեն հարստացող ռուսական վերնախավին միանգամայն անհասկանալի են Ռուսաստանի խնդիրներն ու անելիքները տարածաշրջանային քաղաքականության մեջ, ուկրաինական, բալթյան, սևծովյան, կովկասյան և կենտրոնասիական ուղղություններում։ Մոսկվայում հասկանում են, որ դիրքերի պաշտպանությունն անգամ մոտակա տարածաշրջաններում կպահանջի հսկայական ծախսեր, որոնք անհաղթահարելի խոչընդոտներ կստեղծեն երկրի բարեհաջող զարգացման ճանապարհին և ոչինչ չեն տա ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական վերնախավին։ Այդ ունևոր խմբերին ամենևին պետք չեն ո՛չ բազմամիլիոն խավերը (թոշակառուներ, երեխաներ, դեռահասներ), ո՛չ գիտական և ստեղծագործական կադրերը, ո՛չ զինված ուժերը։ Նրանց հետաքրքրում են միայն մարդկանց այն խմբերը, որոնք պետք են բնական պաշարների արդյունահանման, հարմարավետ պայմանների ստեղծման համար, և որոնք որոշակի առումով հլու են իշխանություններին։ Մոսկվայում ավելի ու ավելի մեծ թվով փորձագետներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ են հանգում այն հետևությանը, որ Արևմուտքի հետ հարաբերություններում հաջող քաղաքականության ծավալման գործում կարևորագույն սահմանափակիչներ են այն տարածաշրջանները, ուր Ռուսաստանն այնքան անհաջող փորձում է «ներդրվել» ու միջամտել նրանց գործերին։ Ռուսաստանը, փաստորեն, ներկա չէ Ասիայի ու Եվրոպայի կարևորագույն տարածաշրջաններում, աղետալիորեն թուլացել են նրա դիրքերը Մերձավոր Արևելքում, Հարավային ու Հարավարևելյան Ասիայում, Կենտրոնական Եվրոպան ավելի քան խնդրահարույց է մնում, իսկ Լատինական Ամերիկայում դիրքեր հաստատելու փորձերն ուղղակի ծիծաղելի են։ Ըստ էության, ձախողվեց դաշինքը Չինաստանի հետ, երկիր, որն ուղղակի խուժում է Եվրասիա։
Վրաց-ռուսական զինված հակամարտության հետևանքով Ռուսաստանը հնարավորություն ստացավ նոր դիրքեր գրավելու Սևծովյան-կովկասյան տարածաշրջանում, և առհասարակ հարավային ռազմավարական ուղղությունում, ինչը կարող էր ազդել ՈՒկրաինայում, Բալկաններում և Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակի վրա, և գլխավորը` «ճշգրտել» հարաբերությունները Թուրքիայի և Իրանի հետ։ Միաժամանակ, պարզվեց, որ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք Աբխազիան ու Հարավային Օսիան են, որոնք այնքան բնական ու ներդաշնակ են ռուսական շահերի համար, ուժից վեր դուրս եկան մոսկովյան որոշ քաղաքական գործիչների համար։ Աներևակայելիորեն արագ Մոսկվայում հասկացան, որ այդ խնդիրները Ռուսաստանին պետք չեն, որ դրանք չափազանց մեծ տհաճությունների կհանգեցնեն Արևմուտքի հետ հարաբերություններում և ապագայում մշտական գլխացավանք կդառնան։ Ներկայումս ոչ մի կասկած չկա, որ Մոսկվան հրաժարվել է Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչման սկսված գործընթացի շարունակումից։ Հասկանալի դարձավ, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ուրիշ ոչինչ այնքան բարեպատեհ չէ ամերիկացիների ու եվրոպացիների համար, որքան վրացական հարցը։ Ոչ մի լուրջ պատասխանատվություն չկրելով վրացական հարցի առնչությամբ, արևմտյան ընկերակցությունը զգալի առավելություններ ստացավ Ռուսաստանի հետ երկխոսությունում։ ԱՄՆ-ը և Եվրոպան ամենևին մտադիր չեն Ռուսաստանին որևէ լուրջ պահանջ ներկայացնելու այդ հարցում, բայց շարունակում են լայնորեն շահարկել վրացական հարցը միջազգային ասպարեզում։ Արևմուտքը Սաակաշվիլու անձնական խնդիրներն անգամ ջանում է վերագրել Ռուսաստանին և առհասարակ նրա վզին փաթաթել Վրաստանի ներքին և արտաքին բոլոր դժվարությունները, ինչը մի իսկական կատակերգական ներկայացում է հիշեցնում։ Թվում է, թե հենց այս իրավիճակը կարող էր «գյուտ» դառնալ Ռուսաստանի համար, որը կունենար իրական կայսերապետական հավակնություններ և, ըստ էության, կհավակներ տնօրինելու միջազգային ձևաչափի քաղաքական հզոր լծակների։
Աբխազիայում և Հարավային Օսիայում շատ մոտ են հեռանկարի ըմբռնմանը, սակայն, ցավոք, չունեն բավականաչափ տեղեկություններ Մոսկվայում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Իսկ ի՞նչ է կատարվում Մոսկվայում։ Առայժմ առանձնապես ոչինչ։ Փորձեր են արվում հասկանալու, թե ինչ կերպ կարելի է «թոթափել» Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրը, ըստ էության, խոսակցություններ են պտտվում երկու նոր պետությունների «հանձնման» պահեստային տարբերակների մշակման մասին։ Դա, իհարկե, բարդ գործ է, սակայն ռուսների համար անհնար ոչինչ չկա։ Տեղի է ունենում մի հետաքրքիր երևույթ, երբ առավել ազատական քաղաքական շրջանակները համակարծիք են Աբխազիան ու Հարավային Օսիան նախկին տերերին վերադարձնելու անհրաժեշտության հարցում։ Սա տարօրինակ բան է, բայց և միանգամայն հասկանալի, եթե նկատի առնենք, որ ռուսական քաղաքականության մեջ ավանդաբար գոյություն ունի գործընկերների «հանձնման գաղափարախոսություն»։ Այս իրավիճակում այդ երկու պետությունները պետք է ծանրութեթև անեն իրենց դրությունը և, հնարավոր է, որոշում ընդունեն Աբխազիան շուտափույթ ՌԴ կազմի մեջ մտցնելու, իսկ Հարավային Օսիան Հյուսիսային Օսիային վերամիավորվելու մասին` հրաժարվելով ինքնիշխանությունից։
Մոսկվայում համոզված են, որ հնարավորություն է ստեղծվել ղարաբաղյան հարցը լուծելու Ռուսաստանի, ուրեմն և` Ադրբեջանի շահերին լիովին համապատասխան և դրանով իսկ ԱՄՆ-ին վերջնականապես դուրս մղելու բարդ խնդրի այդ գոտուց։ Ընդ որում, Մոսկվայում հիանալի են հասկանում, որ ղարաբաղյան խնդրի ցանկացած լուծում ռուսական սցենարով, այսպես թե այնպես, կհանգեցնի Ռուսաստանի համար Հարավային Կովկասի լիակատար կորստյան։ Այժմ Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքական ներկայության սահմանափակման խնդիրը սոսկ նախերգանքն է ԱՄՆ-ին լայնածավալ զիջումների, հեռանկարում ամերիկացիների հետ ռուսների առճակատման հիմնական կողմերի վերացման քաղաքականության մեջ։ Ռուսաստանի և Հայաստանի, այսպես կոչված, ռազմավարական հարաբերությունները պարզապես խեղաթյուրված են, էժան ներկայացում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ ԱՄՆ-ը և Եվրոպան Ռուսաստանի այդ «զոհաբերությունը» կընդունեն միայն մեկ դեպքում` եթե հայկական շահերի «հանձնմամբ» Ռուսաստանը ցույց տա Արևմուտքին ծառայություն մատուցելու պատրաստակամությունը, այսինքն` վերանա Հարավային Կովկասում անվտանգությանն սպառնացող գլխավոր խնդիրը, որից հետո, միառժամանակ անց, տարածաշրջանը կընկնի ամերիկացիների լիակատար վերահսկողության ներքո։ Այլ սցենար, այսինքն, տարածաշրջանում ռուսական ազդեցության պահպանում ենթադրող տարբերակ, ամերիկացիներին ձեռնտու չէ, ու հազիվ թե նրանք պատրաստ լինեն այդքան կոշտ ձևով զոհաբերելու Հայաստանը` հանուն անորոշ նպատակների։ Այսպիսով, «հանձնման» ռուսական քաղաքականությունը շատ երկիմաստ է ԱՄՆ-ի տեսակետից։
Հարց է առաջանում. համաշխարհային «ուժի կենտրոններն» ինչպե՞ս են վերաբերվում ղարաբաղյան խնդրին և երկրորդ ղարաբաղյան պատերազմի հնարավորությանը, քանի որ այդ հարցն առնչվում է նաև տարածաշրջանում Ռուսաստանի վարած ներկա քաղաքականությանը։ Ռուսաստանն ու արևմտյան ընկերակցությունը, ասես, համանման մոտեցում են ցուցաբերում այդ հարցին, այսինքն, Ադրբեջանին ամեն կերպ հրահրում են նոր պատերազմի, բայց տարբե՞ր են, արդյոք, նրանց նպատակները։ Եթե Ռուսաստանը ձգտում է բացահայտ շանտաժով Հայաստանին հարկադրել զիջումների, ապա Արևմուտքը հույս ունի, որ այդքան վտանգավոր իրադարձությունների զարգացումը ցույց կտա Ռուսաստանի անընդունակությունը` վերահսկելու իրավիճակը և որևէ արդյունավետ բանակցություններ անցկացնելու հակամարտող կողմերի միջև։ Արևմտյան փորձագետները, որոնք դեռևս հետաքրքրված են Կովկասով, հասկանում են, որ Ռուսաստանը կցանկանար երկակի խաղ խաղալ, այսինքն, ցուցադրել կառուցողական քաղաքականություն վարելու ընդունակություն, և միաժամանակ պահպանել ազդեցությունը տարածաշրջանում։ Ոչ ոք այդ բանը թույլ չի տա Ռուսաստանին, ոչ ոք նրան հնարավորություն չի տա վարելու այդքան կասկածելի քաղաքականություն։
Այսպիսով, քննության առնելով Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում, կարելի է նշել, որ նա անգամ ունակ չէ «հանձնելու» իր «բարեկամներին», քանի որ դա չի տեղավորվում այն երկրների շահերի շրջանակներում, որոնց Ռուսաստանը ձգտում է ստանալ որպես գործընկերներ։ Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունն անմարտունակ է և շատ հակասական ու այս տարածաշրջանում ռուսական ազդեցությանը դիմակայելու մշտական օջախ կստեղծի։ Բացի այդ, միտում կա Հարավային և Հյուսիսային Կովկասի խնդիրների միավորման` Ռուսաստանի համար բացասական իմաստով։
Կենտրոնական Ասիան այժմ ռուսական շահերին ամենից ինտեգրված տարածաշրջանն է, ուր արդեն զարգացման բարձր մակարդակի վրա են Ռուսաստանի հովանու ներքո ստեղծված տարածաշրջանային կառուցվածքները։ Սակայն ԱՄՆ-ը միանգամայն իմաստավորված կերպով Կենտրոնական Ասիան թողել է առանց քաղաքական ու տնտեսական պատշաճ ներկայության, նպատակ ունենալով բախում առաջացնել ռուսական և չինական շահերի միջև։ Ըստ էության, հենց սա էլ հիմա տեղի է ունենում այն պայմաններում, երբ նա ի վիճակի չէ ինչպես հարկն է հետաքրքրելու ոչ միայն ՈՒզբեկստանին ու Թուրքմենստանին, այլև Ղազախստանին ու Ղրղզստանին։ Ռուսաստանը չի համարձակվում ավելի վճռական քայլեր անել Կենտրոնական Ասիան իրենով անելու ուղղությամբ, ինչը թույլ կտար սահմանափակել ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Չինաստանի դիրքերը։ Չինաստանը դառնում է Ռուսաստանի լուրջ մրցակիցը, և գլխավորն այն է, որ Մոսկվան դեռևս չի հասկանում, թե ինչ հեռանկարների է ինքը բախվելու, երբ Կենտրոնական Ասիան հայտնվի Չինաստանի «փափուկ թելադրանքի» տակ` տարածաշրջանի համար ապահովելով կայունություն, անվտանգություն, իսկ այնուհետև լիովին իրեն ենթարկելով այն։
ՈՒկրաինայի հետ բազմամյա առճակատումից հետո Ռուսաստանի համար այդպես էլ անհնար եղավ դաշինք ստեղծել այդ խոշորագույն ուղղափառ և սլավոնական երկրի հետ։ ՈՒկրաինան վարում է դասական, թեև ոչ այնքան հաջող բազմակողմանի քաղաքականություն և Մոսկվային հասկացնում է, որ հարաբերությունների ներկա մակարդակն այն առավելագույնն է, ինչ կարող է ակնկալել Ռուսաստանը։ Մոսկվայում բավականին պարզորոշ հասկացել են, որ ՈՒկրաինայի հետ մտերիմ գործընկերային հարաբերությունների կառուցումը, հատկապես քաղաքակիրթ եղանակով, հսկայական նյութական ծախսեր է պահանջում, ինչն ամենևին ընդունելի չէ ռուսական վերնախավի և ամբողջ հասարակության համար։ Ներկա Ռուսաստանում ոչ ոք մտադիր չէ նյութական կորուստներ կրել հանուն ՈՒկրաինայի հետ հարաբերությունների անորոշ հեռանկարի։ Ըստ էության, նույն իրավիճակն է Բելառուսի հետ հարաբերություններում, սակայն փոքր-ինչ այլ իմաստով։
Այս ամենը շատ է հիշեցնում Ռուսաստանի քաղաքականության նոր դոկտրինը, որը սերտորեն ու տրամաբանորեն շաղկապված է ներքին, սոցիալական քաղաքականության հետ։ Ռուսաստանը ձգտում է առանձնազատվել Եվրասիայում և ամեն գնով ինտեգրվել Արևմտյան ընկերակցությանը։ Անգամ եվրասիական դոկտրինի ջատագովներն են ստիպված համաձայնել, որ Պուտինի` «Ռուսաստանը եվրասիական երկիր է» խոսքերն այդպես էլ անիմաստ ու անբովանդակ են մնացել իրական քաղաքականության մեջ։
Խիստ դժվարին խնդիր է թվում «առանձնազատման» երկրորդ փուլի սահմանումը, առավել ևս, որ չի կարելի պնդել, թե քաղաքական պայքարը Մոսկվայում ավարտվել է։ Սակայն հասկանալի է, որ «առանձնազատումը», անշուշտ, ունի երկրորդ փուլ, և այն ավելի արմատական նշանակություն կունենա ռուսական պետության և ռուս ազգի ճակատագրի համար։ Այդ երկրորդ փուլը կարելի է անվանել մեկուսացում, և դա պատմությունից հոգնած կայսերական նախկին բոլոր ազգերի ճակատագիրն է։ Առաջին երկու փուլերում ռուսական հասարակությունն սպասում է տնտեսական որոշ բարօրության, բայց շատ շուտով «Կանադայի» կամ «Շվեդիայի» տարբերակներից միայն հուշ կմնա, քանի որ ռուս ազգը վերջնականապես կկորցնի իր երկրի պաշարների վերահսկողությունը։ Արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանը, ավելի շուտ, կհասցնի միայն կարգավորել իր հարաբերությունները Չինաստանի, Պակիստանի, Իրանի և Թուրքիայի հետ։
Պետք չէ մոռանալ Ռուսաստանի մի քանի ազգային ու տարածաշրջանային խմբերի մասին, որոնք համառուսաստանյան ծուլության և թափթփվածության պայմաններում, պատմականորեն լինելով Ռուսաստանի հետ ոչ ամենալավ հարաբերությունների մեջ, կնախընտրեն միասնությունն ու կանխատեսելիությունը, քան Եվրասիայում ռուսական տիրապետության աստիճանական վերացումը։ Դրանք բավական ներդաշնակ խմբեր են, և հնարավոր է, որ նրանց գործունեությունը դանդաղեցնի Ռուսաստանի առանձնազատվածության իրականացումը, բայց դե, որքա՞ն կհերիքեն այդ ջանքերը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ