«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մտավորականություն և իշխանություն

Մտավորականություն և իշխանություն
22.05.2009 | 00:00

ՈՒՐԲԱԹԱԽՈՍՔ
(սկիզբը` թիվ 34-ում)
Մի առիթով պարոն Նախագահ Երրորդը, հավանաբար պատեհապաշտ, աներես պաշտոնաղերսներին նկատի առնելով, համարժեք արհամարհանքով ասաց` ես իմ հաճախորդներին լավ եմ ճանաչում: Մի՞թե բարոյապես ծայրեծայր մաշված, կարկատվելու, վերափոխվելու, վերաիմաստավորվելու անընդունակ, իրենց թերարժեքությունն իբրև գերարժեքություն սաղացնողներին նորից պաշտոնի դնելը, հատուկ ուշադրության արժանացնելը դեռևս իշխանապահական ռազմավարության մաս են կազմում: Եթե այո, ապա` միայն նրան թուլացնող: Անկասելի այս ուտիճները, անկիզելի բորբոսները, անսուզելի տաշեղները, անսմքելի բշտիկներն իրենց հետ բարոյականության կշեռքին են դնում պահիս իշխանություններին և շտապեցնում նրանց նժարի անկումը: Այսպիսիներին սխալ չէր լինի խարանել հասարակական պախարակման խարանով` առնվազն տասը տարի պահպանվող դաջվածքով, որը նրանց նշմարելի մասում, լավ կլիներ` ճակատին, դաջվեր մակագրությամբ. «Սույն անձը հակացուցված է հանրային ոլորտին` ծախվող է»: Կատակ չէ սա, այլ առաջարկ հանրապետության արդարադատության նախարարությանը` հանդես գալ նախաձեռնությամբ և ստեղծել, թերևս, Բարոյական դատարան, որին անվճար դիմելու իրավունք ունենային թե՛ անհատ քաղաքացիները, թե՛ խմբերն ու հասարակական կազմակերպությունները, հետամուտ ազնիվ նպատակի` օգնել իշխանություններին երկիրը մաքրելու փողկապավոր, դիպլոմավոր, տիտղոսավոր տականքներից:
Սրանց ինչ-որ տեղ արյունակից ինկուբատորային երգիչ-երգչուհիների խմբերն այնպես են բազմացել, այնպես փթթել ու սաղարթակալել, այնքան հնարամիտ ու դյուրաթեք դարձել, որ ձայնում են ամեն անկյունից, ու երբեմն մղձավանջ ես ապրում` թե երգողը թեյնիկդ չէ, այլ դրանում եռ եկող ինչ-որ աստղիկ: Հեռուստառադիոեթերն իրենց պապենական կալվածքն է` նրան կտիրեն երբ և որքան կամենան: Պրծում-ազատում չկա: Մշակույթի մյուս ճյուղերին տեղ ու ժամ չկա: Հանրային մատուցման կարոտ գրողները, արդեն հուսահատ, որ գիրքն ու գրավոր ստեղծագործությունը կարող են երբևէ արժանանալ հեռուստատեսության ուշադրությանը, իրենք էլ գնացին թույլ դիմադրության ճանապարհով. ոմանք երգելու հայտ ներկայացրին ու որոշեցին գոնե երգելով դուրս գալ ասպարեզ: Զուր թեթևացրին իրենց ծանր տեղը. գյուտարարությամբ ու ամենաթափանցությամբ աստղիկների հետ մրցելն անհնար է: Մեկը, որ ամուսնացել, գնացել է արտասահման, անմիջապես գլխի ընկնելով, որ ինքն ու իր «արվեստը» նոր երկրում ոչ մի կիրառում գտնել չեն կարող, ամբաղ-զամբաղ հնչյուններ արձակողներ տեղում էլ ինչքան ասես կան, շտապ բերման է ենթարկում հայաստանյան հեռուստաալիքի մշտաբնակին, բացարձակապես ազատ նորահարսին ու նորաբնակին վայել համեստությունից ու ամաչկոտությունից, գերաշխուժությամբ ու շատախոսությամբ ի տես է անում ուրիշի քրտինք տան մարագանման ընդարձակ սենյակների ամայի պատերը, վերջում սպառնալով. «Է՛յ, դուք, այդտեղ, Հայաստանում, չկարծեք, թե կորել եմ, հեսա գալու եմ, ականջներդ լեն պահեք»:
Եվ հաղորդում կոչեցյալ այս երկարաշունչ անհեթեթությունը սփռում են մի քանի անգամ, տարբեր ժամերի: Առհասարակ ժամանակը չէ՞ վերջ տալու ցուցադրումներին, որոնց «հերոս» անձինք ու նրանց բնակարանները մի առանձին արժեք չեն ներկայացնում: Պարզվում է` ոչ: Որովհետև սրանք են իշխանավորների և նրանց փողավոր մրցակիցների շռայլ վարձատրվող, կոչումներ, մրցանակներ փախցնող «դամքյաշները» անվերջ կեղծվող ընտրություններում, սրանք են փառաբանական «լոլոներ» կարդում բնակչության գլխին: Սրանք, այլ ոչ այն մտավորականը, որը տքնում է տանը, ստեղծում ինչ-որ բան ու դռնեդուռ ընկնում հասկացնելու պատկան պաշտոնավորին, թե` տեր կանգնեք, իմ արածը համ ձեզ է օգուտ, հա՛մ երկրին, հա՛մ մարդկությանը` ընդսմին լռության մատնելով իրեն, իր փառքը, իր շահը: Այսպիսի մի մտավորականի երբևէ թիկունք կանգնե՞լ են վերը հիշատակված ներկայացուցչուհին ու նրա բազմաթիվ կրկնօրինակները: Չէ, զահլա չկա, ավելի լավ է երամով վրա ընկնեն հասարակությանը ծայրաստիճան ձանձրացրած, նորություն բարբառելու անընդունակ քաղաքական էքսգործիչների ասուլիսներին, քան գլուխ ցավացնեն ու նյարդ մաշեն` մի արժանավորի գործն ու նրա առաջ պատ կապողին հասարակության դատին հանձնելու համար:
Մշակույթի այս տարրն արժանի է կշտամբանքի թեկուզ նրա համար, որ կեղծում և եղծում է հայ ազգային միտքը, գեղարվեստը, մանավանդ` երգարվեստը: Ասպարեզ է իջել օտարից, մանավանդ թուրքա-արաբականից թռցնող մի ողջ բազմություն: Մատաղ սերնդի ականջին խորթանում է բուն ազգայինը: Նրա հենց այս ավերիչ կողմն է, որ մշակույթի և քարոզչամիջոցների մեր չինովնիկները տեսնում են, բայց չտեսնելու են տալիս: Որովհետև քաղաքական այսրոպեական շահը նրանց համար վեր է ամեն ինչից: Աստղափոշաբույլերը նույնքան դեմագոգ են, որքան իրենց կարգադրիչները: Մեզ մի դատապարտեք, ասում են նրանք: Մենք գործում ենք լիովին համահունչ ժողովրդավարության տարրական նորմին, թե ամեն ոք ունի ազատ կողմնորոշվելու, գաղափարախոսություն դավանելու, անարգել կամարտահայտելու իրավունք: Ճչում են` դատապարտելի չեն նրանք, ովքեր իշխանությունների կողքին են: Ավելի ցածրաձայն, գրեթե անլսելի հավելում են` դատապարտելի չեն նաև նրանք, ովքեր, համաձայն նույն սկզբունքների, ընդդիմության հետ են: Շարունակենք դար քսանմեկի «ժողովրդավարական» այս եսաշահ ոգով, և կպարզվի, որ առավել անդատապարտելի պետք է համարվեն նրանք, ովքեր հրաժարվում են քաշել ոչ սրա, ոչ նրա, ոչ էլ անհամար երրորդների լուծը: Հասարակության հիվանդագին քաղաքականացումը նրանց սրտովը չէ: Սուսուփուս իրենց գործն են անում` նախապատրաստում են վաղվա հանճարների մուտքը ազգային մշակույթ, գիտություն, տեխնիկա: Նրանց քաղաքականությունը նրանց արարումն է, սակայն սա ամենևին չի նշանակում, թե նրանք անմասն, անտեղյակ են իրենց շուրջը կատարվածից: Նրանց քաջ հայտնի է, որ մտավորականին իրենց ստվեր են ուզում պահել հակընդդեմ բոլոր կողմերը, հնար ունենան` նրան երկու և տասներկու կես կանեն` աջը` ինձ, ձախը` քեզ, վերևը` երրորդին, ներքևը` չորրորդին… Մտավորականն ընդվզում է սրա դեմ` անպայման տալով կորուստներ: Մեծագույն նվաճող Ալեքսանդր Մակեդոնացին անհատապաշտության իր հայացքների թարգման դարձրեց Պլատոնին, մինչդեռ աշխարհում երբևէ ծնված հզորներից այս ամենահզորը չկարողացավ կոտրել Արիստոտելի կամքը, և նա հավատարիմ մնաց դրույթին, թե գեղարվեստը սոսկ մեկին, թեկուզ ամենաարժանավորին փառաբանելու համար չէ, ինչպես կարծում էր Պլատոնը, այլ առհասարակ կոչված է արտացոլելու մարդուն, նրա հարաբերությունները, հասարակության բոլոր շերտերում ընթացող երևույթները: Այս հակասական պայքարը չի մարել ու չի մարելու երբեք: «Սովետն» իր կոմկուսով տեսականորեն մատերիալիստ Արիստոտելի կողմն էր և թունաշատ քննադատում էր իդեալիստ Պլատոնին, բայց գործնականում դավանեց պլատոնյան ուղին` հանուն քաղբյուրոյական միահեծանների փառաբանության իր կամքի ստրուկը դարձնելով ողջ մշակույթը: Այնուամենայնիվ, չնայած ամեն կարգի արգելքներին և բռնություններին, գտնվեցին արվեստի պատիվն անաղարտ պահող Արիստոտելի հետևորդներ ու վեր պարզեցին ճշմարտության դրոշը: ՀՀՇ-ական մոլի մի պարագլուխ, որը հիմա առ ոչինչ է, գրողների տան տանիքի ներքո պարզապես պահանջում էր արտաքնապես ահաբեկված ներկաներից` վեպերով ու պոեմներով փառաբանել իրենց և իրենց արած գործը, այնպես հրամցնելով, թե անկախությունն իրենց ձեռքով ու քրտինքով է կերտվել: Մինչդեռ ամենքին քաջ հայտնի էր, որ ԽՍՀՄ-ը փլուզվեց վերևից` օտարերկրյա լրտեսական ջանքերի և կոմկուսի կաշառառու առաջնորդների դավաճանության հետևանքով, ու նրա նախկին տարածքում գոյացան անկախ հանրապետություններ: Գրողները, չնչին բացառություններով, չարձագանքեցին դրան, և ինչպես ցույց տվեց կյանքը, իմաստուն գտնվեցին: Լիազորված չեմ այլոց մոտեցումները բարձրաձայնելու, սոսկ իմ կարծիքն եմ հայտնում, և ինձ թվում է, թե հիմա էլ չեն արձագանքելու, որովհետև համոզված են` այսուայնական երկու նախորդ նախագահները չեն կատարել իրենց տարրական պարտքը ընտրողի հանդեպ, երրորդը ևս դեռ արդյունավետ միջոցներ չի գործադրում` խոստմնազանց չլինելու համար:
Ռաֆայել ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1564

Մեկնաբանություններ