Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ «ԽՌՈՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ» ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՃԱՌԸ

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ «ԽՌՈՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ» ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՃԱՌԸ
31.01.2012 | 00:00

1997-ին «ռուսաստանամետ» քաղաքական ուժերը Հայաստանում մի անիմաստ խաղ սարքեցին, այսպես կոչված, Ռուսաստան-Բելառուս «միութենական» պետությանը Հայաստանի միավորման կարգախոսով և «անցկացրին» մի ամոթալի «հանրաքվե»` ստորագրահավաքով, որի վրա ահագին փող ծախսեցին։ Այդ ընթացքում տողերիս հեղինակին վիճակվեց լինել Մոսկվայում ու Մինսկում, հանդիպումներ ունենալ ոչ միայն նախաձեռնող խմբի հետ, որի մեջ մտնում էին նախընթաց ժամանակների կասկածելի գործիչներ, այլև գործող քաղաքագետների ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։ Բոլոր ենթադրությունները հաստատվեցին, ու պարզվեց, որ ո՛չ Մոսկվայում, ո՛չ էլ Մինսկում Հայաստանին ոչ ոք չի սպասում, իսկ երևանյան նախաձեռնությունը Մոսկվայի կողմից օգտագործվեց սոսկ քարոզչական նպատակով։ Սակայն «միութենական պետության» գլխավոր խոչընդոտն այն էր, որ արդեն այն ժամանակ թե՛ Մոսկվայում, թե՛ Մինսկում ոչ ոք լուրջ չէր ընդունում այդ հեռանկարը։ Ըստ էության, այդ պատրանքային նախագծի քողի ներքո մշակվեց մի հիանալի քաղաքական ծրագիր, որն այն ժամանակ թույլ տվեց ի հայտ բերել Ռուսաստանի շատ գերակայություններ ու մտադրություններ, ոչ հրապարակային պայմանավորվածություններ, որոնք հետագայում կայացան այդ երկրի առաջատար քաղաքական ու ձեռնարկատիրական խմբավորումների միջև։
Այդ ժամանակից ի վեր բավականին ջրեր են հոսել, որոնք ուղեկցվել են զանազան փքուն ու հանդիսավոր միջոցառումներով, զավեշտալի ու աղմկոտ իրադարձություններով, որոնց մասնակցել են այդ երկրների նախագահներն ու պաշտոնատար այլ անձինք։ Հիմա Ա. Լուկաշենկոն դարձել է «նոր» Բելառուսի առաջնորդը, որը, Վրաստանի հետ մեկտեղ, աստիճանաբար վերածվում է Ռուսաստանի հանդեպ թշնամական պետության և ավելի ու ավելի է կլանվում Արևմտյան ընկերակցության կողմից։ Արևմտյան երկրների հետախուզական ծառայությունները ջանում են Բելառուսը ներառել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների հակառուսական պակտի մեջ, ինչն արդեն չեն էլ թաքցնում Եվրոպայի ու ԱՄՆ-ի հեղինակավոր լրատվամիջոցները։ Պետք է ասել, որ, ճակատագրի հեգնանքով, ինքը Մոսկվան ստեղծեց այնպիսի իրավիճակ, որ Բելառուսն սկսեց հետ քաշվել Ռուսաստանից, երբ Մեդվեդևի թիմը վճռեց Արևմուտքին ցույց տալ, որ պատրաստ է կազմաքանդելու Բելառուսի կառավարող վարչակարգը։ Չնայած Պուտինի մարդկանց մի մասը դասալիք է և անցել է Մեդվեդևի թիմ, վարչապետի դիրքերը դեռևս ուժեղ են ու, թերևս, Լուկաշենկոյի նկատմամբ Մոսկվայում շատ թե քիչ լրջմիտ որոշում է ձևավորվել։ Ամեն դեպքում, «պուտինականները» Մեդվեդևին հնարավորություն են ընձեռում «շտկելու թիկունքը» և լիարժեքորեն դրսևորվելու ամերիկացիների ու եվրոպացիների գործընկերոջ դերում, հուսալով, թե գլուխները կորցրած քաղգործիչները խոշոր ձախողում կկրեն այդ «մոդեռնիստական» քաղաքականության մեջ։
Բելառուսի հետ կապված Ռուսաստանի խնդիրները Լուկաշենկոյի անձով չեն պայմանավորված, այլ այն շարունակվող քաղաքական ոճով, որ նախընտրում է Ռուսաստանն ԱՊՀ շրջակա երկրների հարցում։ Այդ ոճը բնավ ոչ համարժեք քաղգործիչներին ցուցաբերվող աջակցությունն է, որոնք նույնիսկ ի վիճակի չեն գործընկերային քաղաքականություն իրականացնելու։ Թեև Ռուսաստանին ամենևին գործընկերությունը չէ, որ հետաքրքրում է, այլ լիակատար ու անվերապահ հնազանդությունը Մոսկվային, ինչը վաղ թե ուշ հանգեցնում է այդ երկրների ազգային շահերի հետ կոշտ հակասության։ Երկար ժամանակ Լուկաշենկոն զերծ էր քննադատությունից և ներկայացվում էր համարյա որպես սլավոնական լայնախոհ քաղաքական գործիչ։ Հիմա Ռուսաստանը չարաշահում է բելառուս ժողովրդի իղձերը, ձգտելով նրան վանել երկրի նախագահից։ Դրա հետ մեկտեղ, աշխարհաքաղաքական շահերն ու օրինաչափությունները ենթադրում են հարաբերությունների որոշակի ձևաչափ, որը ներառում է քաղաքական-գաղափարախոսական նախապատվություններից ու գերակայություններից անկախ ինչ-որ մշտական չափանիշներ։ Ռուսաստանը փորձեց ամերիկյան խաղ խաղալ, քանի որ ռուս քաղգործիչներն ու առհասարակ հանրային վերնախավը շատ են ուզում ապրել ու գործել ամերիկյան հասարակության կանոններով, առհասարակ` ամերիկյան ձևով։ Դրա շնորհիվ, Բելառուսի կառավարող վարչակազմը փոխելու փորձերը հանգեցրել են նրան, որ այժմ այդ երկիրը շահագրգռված է վարելու բազմավեկտոր քաղաքականություն։ Ընդ որում, Լուկաշենկոյի այդ որոշումները, անտարակույս, հետաքրքրել են որոշ քաղաքական խմբերի, գործարար շրջանակների ու, ընդհանուր առմամբ, հանրությանը։ Երևում է, ինքը Լուկաշենկոն է սկսել հասկանալ, որ անհնար է մնալ մեկուսության մեջ, քանի որ դա վնասակար է և սպառնում է, նախ և առաջ, իր անձնական իշխանությանն ու քաղաքական հեռանկարին։ Այսօրվա Բելառուսն սկսել է մեծ հետաքրքրություն ներկայացնել որպես Ռուսաստանի հետ ավանդաբար կապված ավտորիտար վարչակարգի քաղաքականության փորձարկման և ճշգրտման ասպարեզ։
Այդ հետաքրքրությունն է՛լ ավելի է մեծանում այն պայմաններում, երբ ՈՒկրաինան լուրջ խնդիրներ ունի լուծելու և ցնցումները դեռ չեն ավարտվել։ ՈՒկրաինան առաջարկել է արտքաղաքական հարաբերությունների իր սեփական մոդելը, որը հեռու է ՈՒկրաինան լիակատար հսկողության տակ առնելու մոսկովյան երազանքից։ ՈՒկրաինայի առջև հարց է ծառացել` կա՛մ ամրապնդել պետությունն ուժեղ ավտորիտար վարչակարգի պայմաններում, կա՛մ կանգնել ազգային աղետի, այսինքն, երկրի տարածքային-քաղաքական պառակտման սպառնալիքի առջև։ ՈՒստի Արևմտյան ընկերակցությունը, չնայած Արևելյան Եվրոպայի հանդեպ որոշ անտարբերությանը, այսպես թե այնպես, աջակցելու է Վ. Յանուկովիչին, այնպես, ինչպես կաջակցեր Յու. Տիմոշենկոյին, քանի որ Յանուկովիչի ու Տիմոշենկոյի իրատեսությունը հասարակական-քաղաքական նույն բնույթն ունի։ Արևմուտքն «առանց այլևայլության ձեռ քաշեց» անհամարժեք Յուշչենկոյից և շատ գոհ է իրատես նախագահի ներկա հավասարակշիռ քաղաքականությունից։ Ամենայն հավանականությամբ, Լուկաշենկոն լավ է հասկանում ՈՒկրաինայի իրավիճակը և ձգտում է ընթանալ «ուկրաինական ուղիով», ինչը ենթադրում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, տնտեսական իրատեսություն, խելամիտ ու պատասխանատու վերաբերմունք անվտանգության հարցերի նկատմամբ։ Ընդ որում, հարկ է նշել, որ Յանուկովիչն ու Լուկաշենկոն խիստ տարբեր մարդիկ և տարբեր քաղգործիչներ են, միանգամայն տարբեր կերպ են կառուցում իրենց քաղաքական կարիերան, և դա չի կարող չանդրադառնալ պայմանական այդ մոդելի իրականացման արդյունքների վրա։
Ներկայումս, չնայած Մոսկվայի ու Մինսկի աղմկալի փոխհարաբերություններին, Լուկաշենկոն դեռևս ընդգծված բարեհաճ է ռազմական գործակցության հարցում, նախ և առաջ, ՀԱՊԿ-ի գծով։ Ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս Բելառուսը կպահպանի իր պարտականությունները` կապված ռազմական ալյանսի հետ, արհեստականորեն չի խարխլի ՀԱՊԿ-ը և ընդհանուր պաշտպանական համագործակցությունը Ռուսաստանի հետ, քանի դեռ բավարար չափով չի պարզվել, թե ինչ կերպ են կառուցվելու հարաբերությունները ՆԱՏՕ-ի, Եվրամիության և ԱՄՆ-ի, ինչպես նաև հարևան պետությունների` Լեհաստանի ու Լիտվայի հետ, որոնց հետ համագործակցությունից են կախված հարաբերությունները Եվրասիական ընկերակցության հետ։ Լիովին հնարավոր է, որ Բելառուսի և Ռուսաստանի միջև անջրպետ առաջանա շատ ավելի վաղ, քան կարող է ենթադրել պահպանողականորեն տրամադրված դիտորդը։ Հնարավոր է նաև, որ Բելառուսն ընտրի այն ուղին, որով փորձում է ընթանալ Յանուկովիչը պաշտպանության ոլորտում, այսինքն, համագործակցելով ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հետ, մնալ, ըստ էության, չեզոք պետություն։ Եթե Լուկաշենկոն Արևմուտքին, ավելի կոնկրետ` ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին, առաջարկի հարաբերությունների այդպիսի մոդել, ապա կներվեն նրա բոլոր մեղքերը, այդ թվում` չբացահայտված հանցագործությունները։
Այժմ ապրում ենք այնպիսի դարաշրջանում, երբ տիրապետում է «իրական քաղաքականությունը», ժողովրդավարական սկզբունքները կորցրել են նշանակությունը, և գերակա է դարձել անվտանգությունը։ Արևմուտքի կողմից Բելառուսի վերահավաքագրումը կհանգեցնի Ռուսաստանի աշխարհաքաղաքական գերակայությունների ամբողջ համակարգի փլուզմանը, որ նա կառուցում էր այսքան տարի, այդքան մեծ ծախսերի ու ջանքերի գնով։ Ռուսաստանը կկորցնի վերջին դաշնակցին Եվրոպայում, մնալով ասիական պետությունների շրջապատում, այդ ժամանակ էլ, ահա, կհաստատվի այն վաղեմի ենթադրությունը, որ մեծ նեղսրտությամբ վիճարկում էին ռուս եվրասիականները, թե Ռուսաստանը եվրասիական տերությունից կվերածվի ասիականի։ Մոսկվայում շատ լավ են հասկանում դա, ուստի Ռուսաստանի առաջատար քաղաքական ուժերը ձգտում են միավորվել և թույլ չտալ, որ Բելառուսը դուրս պրծնի ռուսական քաղաքականության ուղեծրից։ Ընդ որում, ձախ ուժերը, մասամբ նաև աջերը, գործադիր իշխանությանը մեղադրում են Բելառուսի հետ հարաբերություններում նման աղետալի իրավիճակ թույլ տալու մեջ։ Այժմ ակնհայտ է դարձել, որ Մոսկվան բավականին վաղուց նախապատրաստած է եղել ինչպես Բելառուսի նախագահի պաշտոնի այլընտրանքային հավակնորդի, այնպես էլ Մինսկի պահեստային նոր թիմ։ Լիովին հնարավոր է, որ հենց այդ հանգամանքն էլ եղել է Լուկաշենկոյի «խռովարարության» գլխավոր պատճառը, որը չէր կարող չհասկանալ, որ Ռուսաստանի «նոր քաղաքականությունը», որը ենթադրում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորում և Եվրոպայի առաջատար պետությունների հետ քաղաքական դաշինքի ստեղծում, ներառում է, որպես պարտադիր պայման, Բելառուսի «տիրակալի» պաշտոնանկությունը։
Բելառուսի աշխարհաքաղաքական իրադրությունն ավանդաբար համարվում է անարվեստ, անհետաքրքիր, սակայն այս տեսակետն ավելի շուտ պայմանավորված է եղել Ռուսաստանի հետ նրա հարաբերություններով, ինչը մեկուսացնում էր ու կաշկանդում նրա հնարավորությունները։ Վարելով ավելի բաց ու բազմակողմանի արտաքին քաղաքականություն, Բելառուսն ընդունակ է մասնակցելու բալթյան և, առհասարակ, Բալթիկ ծովի ավազանի քաղաքական գործընթացներին` անմիջականորեն արևմտյան ուղղությամբ, ուր կարող է որպես գործընկեր ձեռք բերել ոչ միայն Լեհաստանը, այլև Կենտրոնական Եվրոպայի այլ պետություններ, այդ թվում` Գերմանիան։ Ռուսաստանի հույսերը, թե Գերմանիան կհամաձայնի փակել Բելառուսի շարժը դեպի Արևմուտք, ի հաճույս Մոսկվայի, միանգամայն անհիմն են։ Գերմանիան, շարունակելով իր խաղը խաղալ Արևելյան Եվրոպայում, շահագրգռված չէ, որ Բելառուսը և ՈՒկրաինան արգելափակոց դառնան Ռուսաստանի հետ իր համագործակցության ճանապարհին, դրանով շահագրգռված չէ նաև Ֆրանսիան, սակայն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի առնչությամբ Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի համագործակցության շրջանակներում որևէ պայմանավորվածության հույս իսկ գոյություն չունի, ավելին, դա անհնար է։
Պետք է ուշադրության առնել այն հանգամանքը, որ Լուկաշենկոյի ցանկացած քայլ Արևմուտքի ուղղությամբ սոսկ խաղ է հօգուտ սեփական անձի ու սեփական շահերի և, այսպես թե այնպես, կհանգեցնի Մինսկում միանգամայն այլ, ավելի բարդ ու թափանցիկ, և, իհարկե, ԱՄՆ-ին ավելի հավատարիմ վարչակազմի ձևավորման։ Բելառուսը զբոսաշրջության երկիր չէ և, առհասարակ, այնքան էլ հայտնի չէ արտաքին աշխարհում։ Նույնիսկ խորհրդային ժամանակներում ո՛չ Մինսկը, ո՛չ երկրի մյուս քաղաքները չէին կարող լիովին արևելասլավոնական համարվել իրենց մշակույթով ու ապրելակերպով։ Բելառուսը որքան արևելաեվրոպական է, այնքան էլ կենտրոնաեվրոպական` բավականին ուժեղ կաթոլիկ ավանդույթներով։ «Լեհականությունը» լրիվ դուրս մղված չէ Բելառուսից, և, ինչպես ասում են այդ կողմերում, «Բելառուսին թափ տաս` լեհ կթափվի»։ Ազգային-կրոնական այդ առանձնահատկությունը հաշվի չառնել` կնշանակեր չհասկանալ այդ բազմադեմ երկրի էությունը։ Միաժամանակ, վելիկոռուսական մշակույթը մեծապես իշխում է բելառուսների ու այն ամենի վրա, ինչը պատկանում է բելառուսական մշակույթին ու ավանդույթներին։ Օրինակ, ռուսական պատմագրության մեջ լրիվ դիմազրկվել են Բելառուսի այնպիսի պետական կազմավորումներ, ինչպիսիք եղել են Պոլոցկի, Վիտեբսկի և Տուրով-Պինսկի իշխանությունները։ Բելառուսի ճահիճներից և կաթոլիկ միստիկայից չի՞, արդյոք, ծնունդ առնում Դոստոևսկու գրական և փիլիսոփայական հանճարը։ Սխալ կլիներ անտեսել բելառուսներին որպես հպարտ ու ինքնատիպ ժողովրդի, որն ընդունակ է իր խոսքն ասելու Եվրոպայում։ Ամբողջ 19-րդ և 20-րդ դարերում բելառուսական ազգայնականությունը չափազանց խոր ընդհատակ չի անցել և սպասել է իր ժամին` բելառուս ազգի ինքնահաստատման համար։
ՀԱՊԿ-ից ու ռուսական քաղաքական ծիրից Բելառուսի դուրս ընկնելը կանդրադառնա ոչ միայն Ռուսաստանի դիրքերի, այլև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակի վրա, էլ չենք խոսում ՈՒկրաինայի ու Բալթիկայի մասին։ Փաստորեն, Հայաստանը մնում է եվրասիական տարածության եվրոպական մասի շատ թե քիչ կանխատեսելի գործընկերը։ Դա վաղ թե ուշ կհանգեցնի ռուսական ամբողջ ռազմավարության վերանայմանը, ու եթե ՈՒկրաինան այդպես էլ հետաքրքրություն չդրսևորի Ռուսաստանի հետ մերձենալու հարցում, ապա կդառնա ավելի մեկուսացած ու պարզապես հարկադրված կլինի հաշտվելու նման վիճակի հետ, առավել ևս, եթե Մեդվեդևի նման քաղգործիչները դառնան ռուսական քաղաքականության «քրոնիկական թյուրիմացությունները»։ Ռուսաստանը կքաշվի Կովկասյան լեռնաշղթայից հյուսիս, սոսկ անվանական ներկայություն ունենալով Հարավային Կովկասում։ Ռուսաստանի դիրքերը կսահմանափակվեն նաև Սև ծովի ավազանում, իսկ Սևաստոպոլը պետք չի լինի նրան։ Ռուսաստանի ներկա վերնախավը կկարողանա գեղեցիկ փաթեթավորմամբ «քաղաքակրթական նոր կերպար» մատուցել ռուս ժողովրդին, նա էլ, թերևս, ընդունի դա մեծ ըմբռնումով և ավելի արագ, քան կարելի է ենթադրել։ Որպես զինամատակարար, Բելառուսն այնքան էլ չի փոխի իր նկարագիրը, քանի որ հիմա էլ է զենք մատակարարում թե՛ ՀԱՊԿ-ի անդամ, թե՛ ոչ անդամ երկրներին։ Բելառուսի դերը հնարավոր եվրասիական ալյանսում, իհարկե, աշխարհաքաղաքական նշանակություն կունենա, երբ նա քայքայիչ դեր խաղա այդ դոկտրինում։
Այսպիսով, ՈՒկրաինայում ազդեցության համար Ռուսաստանի համառ ու բազմամյա պայքարը դեռ արդյունք չտված, սկսվել է պայքարը հանուն Բելառուսի` որպես պատիժ մոսկովյան քաղգործիչների ու քաղնախագծողների անխելքության և սահմանափակ մտածողության, ովքեր ավելի քան հարմարավետ են զգում իրենց և իսկական մրցակիցներ չունեն արտաքին քաղաքականության ոլորտում։ Ահա սրանք են կորպորացիայի գործունեության արդյունքները, որն ստանձնել է ուժի համաշխարհային կենտրոններից մեկի դերին հավակնող վիթխարի պետության կառավարումը։
Հայաստանի առնչությամբ իրականացվում է մի քաղաքականություն, որ Մոսկվան նախընտրում է վարել Բելառուսի առնչությամբ, ուստի արդյունքներն արդեն դարձել են նույնքան զավեշտական։ Առաջինն սկսեցին ծանրութեթև անել ու բողոքել զինվորականները, հիմա քաղաքական գործիչների ժամանակն է։ Այնինչ Ռուսաստանը դեռևս հսկայական քաղաքական հնարավորություններ ունի վերանայելու իր քաղաքականությունը և վերջ դնելու գործընկերների շահերը ոտնահարող, այսպես կոչված, համակարգային քաղաքականությանը։
Եվս մի քանի խոսք, որոնք, թվում է, կապ չունեն Բելառուսի հետ։ Եթե Ռուսաստանը ձգտում է վարել եվրասիական քաղաքականություն, այսինքն` եվրասիականությամբ շահագրգռված պետությունների ու ժողովուրդների միավորում ենթադրող քաղաքականություն, ի՞նչ կապ ունեն սրա հետ այն երկրներն ու ազգերը, որոնք որևէ կերպ չեն առնչվում աշխարհաքաղաքական ու սոցիալ-մշակութային այդ դոկտրինին։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ

/>
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում