Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ՈՐևԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ, ՈՐ ԱՆՎԻՃԱՐԿԵԼԻ ՖԱՎՈՐԻՏ ՀԱՄԱՐՎԻ»

«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ՈՐևԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ, ՈՐ ԱՆՎԻՃԱՐԿԵԼԻ ՖԱՎՈՐԻՏ ՀԱՄԱՐՎԻ»
14.02.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի զրույցը քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ հետ է

-Ձեր կարծիքով` քաղաքական դաշտում պայքարի առանցքը իշխանության և ընդդիմության միջև՞ է, թե՞ իշխանության կամ ընդդիմության ներսում:
-Մինչև մարտ կհստակեցվեն հարաբերությունները թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դաշտերում, որից հետո կսկսվի պայքարը իշխանության և ընդդիմության միջև: ՀՀԿ-ն և ՀԱԿ-ը ընդունեն, թե չէ, դաշտում հայտնվել է երրորդ ազդեցիկ ուժը` ԲՀԿ-ն:
-ԲՀԿ-ն ընդդիմադիր կեցվա՞ծք է փորձարկում, թե՞ «կարկանդակի» իր մասնաբաժինն է մեծացնում:
-Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության մեջ կային բազմաթիվ ճշմարտություններ, բայց եթե ՀԱԿ-ը պայքարի մեխն ուղղի ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների վրա, կնմանվի 2000-ականների կեսերի ընդդիմությանը, որի հույսը Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հակասություններն էին: Թե ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև, գրեթե կապ չունի իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների հետ: ԲՀԿ-ի կառուցվածքը, արժեքային համակարգը, ազդեցիկ անդամներին հաշվի առնելով` միանշանակ կարելի է պնդել, որ այն ընդդիմադիր կուսակցություն երբեք չի դառնա:
-ԲՀԿ-ն, Ձեր կարծիքով, ղեկավարվում է ներսի՞ց, թե՞ դրսից:
-Ներսից. ամեն դեպքում, կա՛ խարիզմատիկ լիդերի գործոնը, այսօր հասարակությունը նման գործիչների կարիքն ունի: Իհարկե, կա նաև Քոչարյանի գործոնը, որը պետք չէ գերագնահատել: Հազիվ թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անհաղթահարելի հակասություններ ունենան: Աստիճանաբար Քոչար-յանի ազդեցությունը զրոյացվելու է, և ԲՀԿ-ն, թերևս այդ պատճառով էլ, փորձում է ինքնուրույն քաղաքական ուժ դառնալ:
-Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը միֆ չէ, որով ոմանց վախեցնում են, ոմանց հույս տալիս:
-Նա ոչ միայն միֆ չէ, այլև անցած փուլ է, եթե ՀԱԿ-ում այդքան շատ չշեշտադրեն նրա գործոնը, իսկ իշխանությունը ՀԱԿ-ին չվախեցնի նրա գործոնով, գրեթե վստահ եմ` հասարակությունն էլ շատ արագ կհամոզվի, որ երկրորդ նախագահն այլևս անցած փուլ է:
-Ի՞նչ պայմաններում է հնարավոր ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի դաշինքը:
-Ո՛չ մի: Ե՛վ ՀԱԿ-ում, և՛ ԲՀԿ-ում ունենալով լավ ընկերներ, տեղյակ լինելով նրանց ծրագրերին և նպատակներին, համոզված եմ, որ միանգամայն տարբեր քաղաքական ուժեր են, տարբեր արժեհամակարգերով, երկրի զարգացման վերաբերյալ տարբեր պատկերացումներով: ՈՒ չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանն անկեղծորեն դաշինքի էր ձգտում ԲՀԿ-ի հետ, ոչ էլ կարծում եմ, որ ԲՀԿ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքն անկեղծ են գնահատել: Հավանաբար, առաջին նախագահն ընտրություններից առաջ փորձում էր մեծացնել մանևրելու դաշտը:
-Ի՞նչ էր տալու 18+1 ձևաչափը Լևոն Տեր-Պետրոսյանին:
-Ոչինչ, եթե Գագիկ Ծառուկյանը մտադիր լիներ հարթակում հայտնվել, առանց այդ ելույթի էլ կհայտնվեր: Գագիկ Ծառուկյանի նպատակը իշխանափոխությունը չէ, այլ որոշակի փոփոխությունները գործող իշխանության ներսում, իսկ ՀԱԿ-ը իշխանափոխության խնդիր է դնում, ուստի համագործակցության եզր չկա: Տեղական ընտրությունների գործոնը լուրջ չէ: Օրինակ, հիմա Սասուն Միքայելյանի թեկնածությունը պաշտպանում են թե՛ ՀՀԿ, թե՛ ՕԵԿ, թե՛ ԲՀԿ շարքային անդամները, բայց դա անձնական հարց է, ոչ թե քաղաքական որոշում:
-ԲՀԿ-ն դուրս կգա՞ կոալիցիայից, թե՞ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն փոխադարձաբար դեռ երկար կհանդուրժեն միմյանց:
-Պարզ է, որ ընտրությունների նախօրեին կոալիցիան կդադարի գոյություն ունենալուց: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ունեն բնական հակասություններ. մեկը ձգտում է բացարձակ մեծամասնության, մյուսը` առնվազն ունեցածը պահպանելուն, այնուամենայնիվ, խորհրդարանական ընտրություններից հետո կձևավորվի նոր կոալիցիա` գրեթե նույն կազմով:
-Ի՞նչ պիտի անեն ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» այդ պարագայում:
-«Ազատ դեմոկրատների» ու «Ժառանգության» դաշինքը չեմ բացառում, հաջող քարոզչության պարագայում նրանք կարող են հայտնվել խորհրդարանում: ՀՅԴ-ն բավարարվելու է իր 7-8-տոկոսանոց ներկայությամբ: Բոլոր քաղաքական ուժերի ճակատագիրը կորոշվի առանցքային երեք խաղացողների փոխհարաբերությունների համատեքստում: Լրջորեն քննարկել, թե «Ազատ դեմոկրատները», «Ժառանգությունը» կամ ՀՅԴ-ն ինչ հեռանկար ունեն, իմաստ չունի, մանավանդ, նրանք չունեն նախագահի սեփական թեկնածու: Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է առաջադրվել, բայց որոշակի ազդեցիկություն կունենա, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն ՀԱԿ-ից առաջադրվի այլ թեկնածու:
-Դա բացառված չէ՞:
-Ես համոզված եմ, որ 2013-ի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի:
-Տարիքի՞ պատճառով:
-Քաղաքական մաշվածության:
-«Ռուսական ձմեռը» Հայաստանում որևէ ներգործություն կարո՞ղ է ունենալ:
-Առանձնապես ոչ, հայկական քաղաքական համակարգը նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձից հետո չկարողացավ հաղթահարել քաղաքական ստրկամտության բարդույթը, բոլոր քաղաքական ուժերը տրված են ռուսական հովերին և տերեր են որոնում Ռուսաստանում: Նման իրավիճակում ռուսական քաղաքական էլիտան Հայաստանի հետ կվարվի այնպես, ինչպես անցած տասնամյակներում. նրան պետք է թույլ, հեշտ կառավարելի իշխանություն, և այնպիսի ընդդիմություն, որի միջոցով վերահսկելի դարձնի իշխանությունը:
-Ռուսաստան-ԱՄՆ փոխհարաբերությունների նոր պարույրը տարածաշրջանային զարգացումների վրա կարո՞ղ է ներգործել:
-Արևմուտքն աշխարհի տարբեր ծայրամասերում զբաղված լինելով շատ լուրջ խնդիրների լուծմամբ` գոնե 2012-2013-ին այնքան ռեսուրսներ չունի, որ զբաղվի հայաստանյան իրադարձություններով. սա մի կողմից: Մյուս կողմից` հնարավոր վտանգները Սերժ Սարգսյանը բավականին հաջողությամբ չեզոքացնում է` արևմտյան էլիտայի հետ խելամիտ քաղաքականություն վարելով: Հայաստանում հիմա չկա նրանից ավելի արևմտամետ քաղաքական ուժ:
-Պուտինի վերընտրության պարագայո՞ւմ էլ այդպես կմնա:
-Ակներևաբար, ճնշումն ավելի կկոշտացվի ՀՀ իշխանության վրա, Հայաստանի ընդդիմությունը մի քիչ ավելի կախված կլինի Ռուսաստանից, սակայն Պուտինի Կրեմլ վերադարձով մեծ փոփոխություններ չեն լինի: Հուսանք, որ նոր «հոկտեմբերի 27» չի լինի:
-Կարծում եք` Պուտինին կհաջողվի՞ լեգիտիմ նախագահ դառնալ:
-Նա բավականին ժամանակ լեգիտիմ չէ, Ռուսաստանի իշխանությունը դասական չեկիստական իշխանություն է, որը պահվում է մահակների, բռնությունների վրա, չկա ընդդիմություն, չկան ժողովրդավարական ազատություններ: Ակնհայտ է, որ մի քանի տարի անց Պուտինին սպասում է Մուբարաքի ճակատագիրը:
-Ռուսական «մեծ արջը» արթնանալո՞ւ է:
-Այն հասարակություններում, որտեղ ճնշումը անշեղորեն մեծանում է, ի վերջո, փոփոխությունները լինում են արմատական ճանապարհով:
-ԼՂ հիմնահարցի լուծման բանակցային ձևաչափում փոփոխություն հնարավո՞ր է:
-Այս հարցում լրիվ համամիտ եմ Լևոն Տեր-Պետրոսյանին` հարցի լուծման ամենաօպտիմալ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Իհարկե, ռուսները, թուրքերը, այլք կփորձեն որոշակի ձևաչափային փոփոխությունների հասնել, բայց դա գործնականում ու քաղաքագիտորեն հնարավոր չէ: Այս համանախագահությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակելու է մնալ այն օպտիմալ կազմը, որի պարագայում լուծման որևէ տարբերակ լեգիտիմ կլինի: Հնարավոր է` որոշակի փուլից հետո ռուսական ազդեցությունը նվազի:
-Դա դրակա՞ն է, թե՞ բացասական մեզ համար:
-Դրական, որովհետև ռուսները դեռ չեն սովորել ռացիոնալ տարբերակներ առաջարկել, նրանց հովանավորյալ թեկնածուն կամ կեղծիքներով է ընտրվում, կամ բռնությամբ, նրանց ազդեցության տակ գտնվող որևէ կոնֆլիկտ չի լուծվում: Ռուսաստանն արդեն սպառում է ակտիվ դերակատարության իր լիմիտը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, բայց չեմ կարծում, որ մինչև 2013-2014-ը մեծ բեկումներ կլինեն:
-Ինչո՞ւ է Ռուսաստանն այդքան ակտիվ պաշտպանում Ասադի իշխանությունը` սպառազինությունների ու, ի վերջո, փողերի՞ հարց է, թե՞ Սիրիան Ռուսիո վերջին բաստիոնն է:
-Ռուսաստանը վախենում է որևէ փոփոխությունից ընդհանրապես: Ռուսաստանը միշտ աշխատել ու աշխատում է պահել ստատուս քվոն` նույնիսկ իռացիոնալ ճանապարհով: Կա նաև կայսերական մտածողությունը. Սիրիան այն երկրներից է, որոնք ավանդաբար ռուսական ներգործության դաշտում էին: Քանի որ Ռուսաստանն այսօր ռեսուրս չունի որևէ երկրում տեղի ունենալիք փոփոխությանը տեր կանգնելու, ձգտում է պահպանել ստատուս քվոն: Նույնը Հայաստանում է: Այն քաղաքական ուժերը, որոնք կարծում են, թե Կրեմլը կարող է Սերժ Սարգսյանին փոխել, չարաչար սխալվում են: Ցանկացած փոփոխություն նրանց համար հղի է անկանխատեսելի հետևանքներով, ուրեմն ցանկալի չէ:
-Հայաստանի քաղաքական մթնոլորտն ինչի՞ է տրամադրում, հնարավո՞ր են ազատ, արդար ընտրություններ, թե՞ հերթական դեժավյուի փուլով ենք անցնելու:
-Կարծում եմ` այս անգամ ընտրությունները որակով մի քիչ ավելի բարձր են լինելու մի քանի պատճառներով. նախ գործող ընդդիմությունն էապես կորցրել է իր վստահության պաշարը և այլևս իշխանությանը լուրջ այլընտրանք չի դիտվում, մյուս կողմից` իշխանության ներսում հակասությունները կարող են կառավարելի դառնալ և նպաստել տարբեր քաղաքական տեխնոլոգիաների կիրառմանը: Իշխանությունը տոտալ կեղծիքների դիմելու անհրաժեշտություն չունի: Այս պահին Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որ անվիճարկելի ֆավորիտ համարվի, ու նրա դեմ տոտալ կեղծիքներն անխուսափելի լինեն:
-Հայաստանը տնտեսական, մարդկային, բարոյական բավարար ռեսուրսներ ունի՞ դիմանալու չփոփոխությունների պերմանենտությանը:
-Մենք քարանձավային Հայաստան դառնալու իրավունք չունենք: «Մենք ենք, մեր սարերը» սկզբունքը, ցավոք, բոլոր իշխանությունների գործելաոճը դարձավ, բայց այլևս ո՛չ մարդկային, ո՛չ ֆինանսական ռեսուրսներ չունենք, ավելին, 20 տարվա քաղաքական անկախության պայմաններում մեր քաղաքական համակարգը դրսևորեց ահավոր մանկամիտ վարքագիծ, մենք մնացել ենք պետականազուրկ քաղաքական մտքի մակարդակին: Մենք ռեսուրս չունենք, և գործող նախագահը պիտի հստակ որոշի` կամ բարեփոխում է համակարգը...
-Կա՞ բավարար ուժ դրա համար:
-Ինչ-որ քայլեր այդ հույսը ներշնչում են, բայց բացակայում է հետևողականությունը: Այնուամենայնիվ, նա արել է քայլեր, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք պատկերացնել հնարավոր չէր: Կարծում եմ` Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման երկրորդ շրջանում (ես գրեթե չեմ կասկածում, որ դա տեղի է ունենալու), ցույց է տալու իր իրական քաղաքական դեմքը` իրո՞ք բարեփոխումների է ձգտում, թե՞ ընդամենը ուզում է ազատվել Ռոբերտ Քոչարյանի ժառանգությունից:
-Դո՞ւք էլ եք կարծում, որ լրագրողին «չի կարելի սպանել»:
-Լրագրողին «չի կարելի սպանել», միանշանա՛կ: Եթե Ձեր խոսքը հայտնի հոդվածի մասին է, որ հաջորդեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցին Վազգեն Սարգսյանի ընտանիքին, հոդվածի հեղինակն առնվազն մասնագիտական, բարոյական, էթիկական մի շարք կանոններ է խախտել: Հանրային հեռուստատեսությունը հարկատուների հաշվին է ֆինանսավորվում և պարտավոր է լուսաբանել հանրային հնչողություն ունեցող իրադարձությունները: Ես չեմ կարծում, որ պաշտպանության գործող նախարարի այցը պաշտպանության առաջին նախարարի տուն կարևոր իրադարձություն չէ, նաև այդպես է ձևավորվում պետության արժեքային համակարգը, այդպես է պահպանվում արժեքների ժառանգականության սկզբունքը, այդպես է Հայաստանի ազգային բանակի զինվորը սովորում ճանաչել ու սիրել իր հրամանատարներին: Հոդվածի հեղինակը ժամանակին մեղադրվել է «հոկտեմբերի 27-ի» գործով: Ի միջի այլոց, նրա նախկին ղեկավարը, ում, հետմահու, չեմ ուզում ծավալուն անդրադառնալ, հասարակական գիտակցության մեջ նույնպես մեղադրվում է «հոկտեմբերի 27-ի» գործով, միայն քաղաքական հանգամանքները կանխեցին մեղադրյալի աթոռին նրա հայտնվելը: Եթե նույնիսկ ընդունենք, որ մեր արդարադատությունը խիստ օրինապաշտ է, և Արմեն Սարգսյանն իսկապես մեղավոր է Տիգրան Նաղդալյանի սպանության գործում, ինչին ես երբեք չեմ հավատա, հանցագործությունը խիստ անհատականացված հասկացություն է, և Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի վաստակը չի կարող նսեմացնել նրա ընտանիքի որևէ անդամի որևէ արարք: Հայաստանի անկախության կայացման, Հայաստանի ազգային բանակի ստեղծման մեջ Վազգենի դերն ու Վազգեն Սարգսյանի ընտանիքի ներդրումը, համոզված եմ, ամբողջությամբ դեռ ընկալված էլ չեն: ՈՒ պատճառը միայն քաղաքական չէ, նաև ժամանակ է պետք: Կարծում եմ` նման հոդվածներ գրվում են, քանի որ իշխանության միջանցքներում դեռ քարշ են գալիս մարդիկ, ովքեր առնվազն նպաստել են «հոկտեմբերի 27-ի» ոճրագործության բացահայտման կանխմանը: Ամբողջ հոդվածը, իմ տպավորությամբ, մեսիջ է «հոկտեմբերի 27-ն» իրականացրած մարդկանց և իրականում ոչ մի կապ չունի Տիգրան Նաղդալյանի հիշատակը հարգելու հետ:
-Ինչո՞ւ եք անդամագրվել «Երկրապահին»:
-1994 թվականից մասնակցել եմ հետպատերազմյան շինարարական աշխատանքներին` ուսանողական ջոկատներ Ղարաբաղ տանելով, ինձ միշտ համարել եմ այդ թիմից: Համոզված եմ` «Երկրապահի» հասցեին ամենատարբեր հարձակումների այս փուլում «Վազգենի տուն» վերադառնալը ճիշտ որոշում էր:
-Վազգեն Սարգսյանից ի՞նչ է մնացել «Երկրապահում»` հավերժ նախագահի անո՞ւնը:
-Բարեբախտաբար կամ դժբախտաբար, մենք չենք կարող որոշել Վազգեն Սարգսյանի ընկերներին, իր ընկերների զգալի մասն այսօր ԵԿՄ-ում է, այդ թվում` իր ամենասիրած հրամանատարներից մեկը` գեներալ Մանվելը: Ես համամիտ չեմ, որ «Երկրապահն» այլևս անելիք չունի և իր ասելիքն ավարտել է: Վազգենի շատ ընկերներ ԵԿՄ-ում հիշում են նրան ու հավատարիմ են նրան: Բայց հասարակական ընկալման մեջ նրանց հիշողությունը բավարար չէ: Վազգենը ԵԿՄ-ն համարում էր իր երեխան:
-Մեր օրերում զավակները հաճախ են հայրերին ուրանում:
-Վստահ եղեք` ո՛չ այս դեպքում:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ